Հոներ
Հոներ (հուն․՝ Hunnoi, լատին․՝ Chunni, Hunni), քոչվոր ժողովուրդ, ձևավորվել է 2-4-րդ դարերում մերձուրալյան տարածքներում ուգրական ու սարմատական ցեղերից, որոնց միացել էին Մոնղոլիայի տափաստաններից գաղթած թուրքալեզու հուննու ցեղերը (չինարեն՝ 匈奴)։
IV դ. 70-ական թթ. հոները զանգվածաբար գաղթել են Հյուսիսային Կովկաս, ապա՝ Դոնի ավազան և հյուսիս մերձսևծովյան շրջաններ՝ խթանելով ժողովուրդների մեծ գաղթը։ 394-395-ին Կովկասով անցել են Ասորիք և Կապադովկիա, սպառնացել Արևելյան Հռոմեական կայսրությանը։ Ռազմական դեմոկրատիայի պայմաններում ապրող հոների ցեղամիավորումը իր հզորության գագաթնակետին է հասել ռազմառաջնորդ Աթթիլայի օրոք (434-453)։ 451-ին նրանք ներխուժել են Գալլիա, բայց Կատալաունյան դաշտերում ջախջախվել են հռոմեացիների, վեստգոթերի և ֆրանկների միացյալ ուժերից։ Աթթիլայի մահից հետո հոները ցրվել են տարբեր երկրներ (Պաննոնիա, Դակիա, Իրան և այլուր)։ V դարից նրանց անունով Դերբենդի անցքը կոչվել է «Հոնաց պահակ»։ Փավստոս Բուզանդի վկայությամբ, մոտ 335-ին հոները մասնակցել են մազքութների՝ Հայաստան կատարած արշավանքին։ Սասանյան Իրանի դեմ 450-451-ին մղած ազատագրական պատերազմում հայերը օգնություն են խնդրել հոներից։ 450-ին՝ Խաղխաղի ճակատամարտից հետո կնքվել է հայ-հոնական պայմանագիր (տես Հայ-հոնական դաշինք 450), որով հոները պարտավորվել են օգնել հայերին՝ ընդդեմ Իրանի։ Սակայն հոները միայն Ավարայրի ճակատամարտից (451) հետո են հարձակումներ գործել Իրանի վրա, իսկ հետագայում նույնիսկ վարձվել են նրանից՝ Աղվանքում ապստամբությունը ճնշելու համար։ VI դ. սկզբին հոների առանձին ցեղերի Մժեժ Գնունին վտարել է Հայաստանից, որի համար Սասանյաններից ստացել է Հայոց մարզպանի պաշտոնը։ 530-ական թթ. հայ հոգևորականները քրիստոնեություն են տարածել հոների որոշ մասի մեջ։ 680-ական թթ. հոների առաջնորդ Ալփ-Իլիթվերը դիմել է հայ եկեղեցու առաջնորդներին՝ քրիստոնեություն ընդունելու խնդրանքով։ Իսրայել եպիսկոպոսը մեկնել է հոների մոտ և քրիստոնյա դարձրել իշխաններին։ Պատմական գրականության մեջ սպիտակ հոներ անվանել են հեփթաղներին։ VIII դարից հոների մասին հիշատակությունը դադարել է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 544)։ |