Խաղխաղի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաղխաղի ճակատամարտ
Թվական450 թվական
Մասն էՎարդանանց պատերազմ
ՎայրԽաղխաղ
ԱրդյունքՀայոց կողմի հաղթանակ
Հակառակորդներ
Մարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան Սասանյան Պարսկաստան
Հրամանատարներ
Վարդան ՄամիկոնյանՍեբուխտ Նիխորական
Կողմերի ուժեր
անհայտանհայտ
Ռազմական կորուստներ

Խաղխաղի ճակատամարտ, ռազմական բախում Մարզպանական Հայաստանի և Սասանյան Պարսկաստանի միջև, որը տեղի է ունեցել 450 թվականին։ Պարսից զորքերը ներխուժել էին Աղվանք և Վիրք, որի հետևանքով աղվանից իշխանները քաշվում են դեպի լեռներ և օգնություն խնդրում հայերից։ Ստեղծված իրավիճակում Վարդան Մամիկոնյանը որոշում է օգնության հասնել աղվանցիներին։ Նա զորքը բաժանում է երեք մասի և, վերցնելով գնդերից մեկը, շարժվում է դրացի Աղվանքին օգնության։ Ճակատամարտը տեղի է ունեցել Խաղխաղի մոտ, որը հայ արքաների հինավուրց ամառանոցն էր։ Պարսից զորքը պարտություն է կրում և նահանջում[1]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատասխան Հազկերտին (նկարիչ՝ Էդուարդ Իսաբեկյան)

449 թվականին պարսից արքա Հազկերտ Բ-ն հրովարտակով պահանջում է իր իշխանության տակ գտնվող Հայաստանին, Վիրքին և Աղվանքին ընդունել մազդեզականություն, հայտարարելով, որ «նա շատ է սիրում իր հպատակներին և չի կարող անուշադրության մատնել նրանց հոգիների փրկությունը»։ Հայերը մերժում են Հազկերտի առաջարկը և նրա պահանջով 450 թվականի ապրիլին մեկնում Տիզբոն, որպեսզի բացատրություն տան իրենց պատասխանի համար։ Հազկերտը նրանց արգելափակում է իր արքունիքում և թույլ չի տալիս վերադառնալ Հայաստան։ Որպեսզի կարողանան վերադառնալ և կազմակերպել ապստամբությունը, հայ իշխանները առերես ընդունում են զրադաշտականություն և վերադառնում Հայաստան, որտեղ, սակայն, պարզվում է, որ հայերի կրոնափոխությունը խաբեություն էր։

Հայաստանում ապստամբություն է սկսվում, որը ղեկավարվում էր սպարապետ Վարդան Մամիկոնյանի և հայոց մարզպան Վասակ Սյունու կողմից։ Նույն ժամանակ հայ-վրաց-աղվանական միություն թույլ չտալու համար Միհրներսեհը՝ պարսից հազարապետը, Աղվանք է ուղարկում Սեբուխտին, որը 450 թվականին ներխուժում և հաջողություններ է ունենում այնտեղի իշխանների նկատմամբ, որոնք օգնություն են խնդրում հայերից։ Վարդան Մամիկոնյանը, վերցնելով զորքի մի մասը, շարժվում է դեպի Աղվանք[1]։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեբուխտը իմացել էր, որ հայոց զորքը շարժվում է Աղվանք՝ տեղացիներին օգնելու համար։ Այդ պատճառով նա ռազմական դիրք է ընդունում Խաղխաղի դաշտում։ Նրա բանակի աջ և կենտրոնական մասերում գտնվում էին պարսկական, իսկ ձախում՝ Լփնաց և Բաղասական զորքերը։ Չնայած պարսկական զորքը ընդունել էր ռազմական դիրք, սակայն վերջապահ զորքերը դեռևս չէին հասցրել գետանցում կատարել, որի հետևանքով էլ պարսից զորքը նախահարձակ չէր լինում։

Վարդան Մամիկոնյանը զորքը բաժանում է երեք մասի՝

Ավարտելով գետանցումը՝ պարսիկները հարձակվում են դեռևս նախամարտական դիրքում գտնվող հայերի վրա։ Տեղանքն ավելի բարենպաստ էր պարսիկների համար, քանի որ հայոց կարևորագույն ուժը՝ այրուձին, չէր կարող ճահճային վայրում ազատորեն գործել։ Ճակատամարտի սկզբում նախաձեռնությունը գտնվում էր պարսիկների ձեռքում, սակայն կատարելով մի քանի կտրող գրոհներ, Վարդան Մամիկոնյանը այն վերցնում է իր ձեռքը[1]։

Առաջին փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատամարտի սկզբում Վարդան Մամիկոնյանը ժամանակ չէր ունեցել լուրջ հետախուզական աշխատանքներ տանել, կարողանում է ճիշտ գնահատել իրավիճակը։ Նա, ցանկանալով ապահովել հայոց այրուձիու ազատ բացազատում, նետաձիգների միջոցով զսպող-պաշտպանողական կրակ է բացում հակառակորդի դեմ, որի շնորհիվ կարողանում է իրականացնել իր պլանը։

Իսկ քաջ Վարդանը և նրա հետ գտնվող ամμողջ զորքը, երբ տեսան հեթանոսների գնդի մեծ պատրաստությունը, նայեցին նաև իրենց սակավությանը. թեև թվով նրանցից շատ ավելի քիչ էին, բայց ամենևին չվախեցան նրանց մեծ բազմությունից...:
- Եղիշե, Վարդանի և Հայոց պատերազմի մասին, Գ, էջ 153

Ճակատամարտի սկզբին հաջող էր գործում Արշավիր Կամսարականի հրամանատարության տակ գործող թևը, որի հարվածների տակ պարսիկների ձախ թևը սկսում է նահանջել։ Սակայն Արշավիրը, հայտնվելով ճահճուտում, անհաջողություններ է կրում, որի հետևանքով պարսիկները կրկին ուժեղացնում են ճնշումը։

Երկրորդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբ կազմեցին ու հարձակվեցին, և (պարսկական զորքի) աջ թևը ճեղքելով՝ ձախ կողմը գցեցին, բոլորին սրի ճարակ արին ամբողջ դաշտի վրա և փախցրին մինչև անտառի ամուր տեղերը՝ Լոփնաս գետի խոր ձորերի մոտ... Այստեղ աչքը վեր բարձրացրեց Արշավիր Արշարունին, մռնչաց առյուծի պես և հարձակվեց վարազի նման, խփեց սատկեցրեց Լփնաց թագավորի եղբայր քաջ Վուրկին և նրա բազմաթիվ համհարզներին էլ նրա հետ սպանեց։
- Եղիշե, Վարդանի և Հայոց պատերազմի մասին, Գ, էջ 153-15

Արշավիրը կարողանում է վերադասավորել իր՝ ճահիճներում հայտնված գնդերը և, կատարելով մի թևանցում, հայտնվում է Կուրի ափին։ Այս խոր թևանցման հետևանքով իրարանցում է առաջանում պարսիկների զորքում, որն էլ վճռում է ճակատամարտի ելքը։ Պատրաստ չլինելով մարտ վարել և՛ թևերում, և՛ թիկունքում՝ պարսկական բանակը սկսում է նահանջել և լողալով անցնել Կուր գետը, սակայն պարսիկների մեծ մասը հենց այս ժամանակ խեղդվում և մահանում են։

Գետը թափածների թիվն ավելի շատ էր, քան թե ցամաքի վրա սրի անցրածներինը։ Եվ ընկած դիակների բազմությունից գետի հստակ ջրերն արյուն դարձան, և նրանցից ոչ ոք չկարողացավ փրկվել և թաք կենալ դաշտերի խիտ անտառներում։ Բայց թշնամիների զորականներից մեկը իր զենքերով միասին բարձրանալով ձիու մեջքին՝ անցավ մեծ գետը, մազապուրծ պրծավ պատերազմից՝ գույժ տարավ մնացած բուն բանակին, որոնք փախան գնացին։
- Եղիշե, Վարդանի և Հայոց պատերազմի մասին, Գ, էջ 155
Ճորա պահակի մնացորդներ (ներկայումս՝ Դերբենդ)

Մարտի վերջին փուլում Վարդան Մամիկոնյանն առաջ է բերում նետաձիգներին, որոնք սկսում են նետահարել հակառակորդին գետանցման ժամանակ։

Հետագա դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակ տանելով պարսիների հանդեպ՝ Վարդան Մամիկոնյանը շարժվում է առաջ և ազատագրում Աղվանքը, հասնում է մինչև Ճորա պահակ, որտեղից բանակցութոյւններ է սկսում հոների հետ։ Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվում, որ հոները պետք է արշավեն դեպի Պարսկաստան և ասպատակեն հյուսիսային նահանգները, սակայն հայերին ռազմական օգնություն չէին ցուցաբերելու։

Իմանալով, որ Վասակ Սյունին հետ է կանգնել ապստամբական գործից՝ Վարդան Մամիկոնյանը շտապ վերադառնում է Հայաստան, և իր ձեռքը վերցնում երկրի կառավարումը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Մեր հաղթանակները», հատոր Բ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2009. էջեր 50–57.