Մարատհական կայսրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Մարատհական կայսրություն
मराठा साम्राज्य
 Մեծ Մողոլների կայսրություն Բրիտանական Հնդկաստան 
Flag of the Maratha Empire.svg
Քարտեզ

Maratha Empire 1674 - 1818 ad (hy).png

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Պունա
Ազգություն Հնդիկներ
Կրոն Հինդուիզմ
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն

Մարատհական կայսրություն, Մարատհական համադաշնություն (հինդի՝ मराठा साम्राज्य), կամ պարզապես Մարատհ, միջնադարյան հինդուիստական թագավորություն, որը ստեղծվել է 1674 թվականին՝ մարատհական ազգային հերոս և ավատատեր Շիվազիի կողմից՝ ժամանակակից Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի տարածքում:

Սկզբնական շրջանում պետության մայրաքաղաքը եղել է Ռայգադ գյուղաքաղաքը, իսկ հետագայում այն տեղափոխվում է Պունա[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1526 թվականի ապրիլի 21-ին Հինդուստան թերակղզու տարածքում (ժամանակակից Հնդկաստանի, Պակիստանի և Աֆղանստանի տեղում) ստեղծվեց մուսուլմանական Մեծ Մողոլների կայսրությունը: Պետության ստեղծողը Զահիրեդդին Մուհամմեդ Բաբուրն էր: Նրա ժառանգորդները կառավարում են Հնդկաստանում մինչև 19-րդ դարը՝ 1858 թվականը[1]:

Դեռևս 1674 թվականին մարատհական ծագում ունեցող խոշոր ավատատեր Շիվազին հրաժարվեց Բաջապուրի սուլթանության գերիշխանությունից և ընդունեց արքայի տիտղոսը: Դարավոր դադարից հետո Հինդուստան թերակղզում իսլամադավան մողոլների պետությունների կողքին ստեղծվեց հինդուիստական երկիր[1]:

Շիվազիի պետությունը ստեղծվել էր տարբեր իշխանությունների դեմ հաջող պայքարի հետևանքով: Այն իր մեջ ընդգրկում էր Միջին Հնդկաստանի արևմտյան մասի զգալի տարածությունները։ 1674 թվականին Շիվազին թագադրվել է իբրև Մահարաշտրայի (մարատհների երկիրը) գերագույն կառավարիչ։ Նրա մի շարք միջոցառումները (հողագրանցում, ֆեոդալական հիերարխիայի միջանկյալ օղակների վերացում, կառավարման կենտրոնացում) զգալիորեն թեթևացրել են ֆեոդալների շահագործման լուծը մարատհների համար։ Միևնույն ժամանակ Շիվազին դաժանորեն կողոպտել է նվաճած տարածքների բնակչությանը։

Մարատհական կայսրությունն իր ստեղծումով կարևոր դեր է խաղացել Մեծ Մոնղոլների կայսրության թուլացման գործում։ Շիվազին մեծարվում է իբրև մարատհների ազգային հերոս։ Սակայն նա չի կարողացել երկար կառավարել իր ստեղծած երկրում: 1680 թվականին նա մահացել է և հոր մահից հետո երկրում սկսվել են գահակալական կռիվներ:

Շիվազիի որդիներից Սամբհաջին հաղթելով իր եղբայր Ռաջարամին իրեն հռչակեց երկրի առաջնորդ: Նա որդեգրեց իր հոր վարած զավթողական քաղաքականությունը: Նրա կառավարման տարիներին Մեծ Մողոլները ռազմախուժեցին Մարատհական պետության տարածք: Նրանց դեմ ելան քոչվոր մարահական ցեղերը, որոնք կռվում էին հանուն իրենց հայրենիքի: Հնդկաստանում սկսվեց մողոլա-մարատհական պատերազմը, որը պատմության մեջ հայտնի է նաև Դեկանյան պատերազմ անվանումով[2]:

Իսլամադավան մողոլների դեմ մարտերում Մարատհական պետության կողքին կռվում էին նաև Բուջապուրի և Հոլկոնդայի սուլթանությունները: 1689 թվականին Սամբհաջին գահընկեց է արվել, իսկ 1700 թվականին՝ վախճանվել: Սամբհաջիին փոխարինեց վերջինիս եղբայրը՝ Ռաջարամը: Նրա կառավարման տարիներին ևս շարունակվել է իր նախորդի օրոք բռնկված պատերազմը: 1707 թվականի մայիսին վերջապես պատերազմն ավարտվեց: Պատերազմի արդյունքներ կարելի է նշել մաղոլների իշխանության թուլացումն ու մարատհների ամրապնդումը: Նույն թվականին Ռաջարամի այրի կինը՝ Թարաբայը, գահընկեց եղավ և նրան փոխարինեց Շահուջին, ով Սամբհաջի որդին էր[3]:

Նա սկսեց վարել կենտրոնախույս քաղաքականություն, որը և շարունակվեց կայսրության մյուս առաջնորդների կողմից: Երբեմնի հզոր Մարատհական պետությունը լճացման ուղին էր բռնել: Դրան նպաստեցին 1775 թվականից սկսված անգլիական արշավանքները[4]: Անգլո-մարատհական պատերազմներն ավարտվեցին 1818 թվականին: Հաջորդ տարում՝ 1819 թվականին գահընկեց է արվում մարատհների վերջին թագավորը՝ Փրատապ սինգը, իսկ 1820 թվականի սեպտեմբերի 21-ին Մարատհական կայսրությունը վերջնականապես կործանվեց՝ բռնակցվելով Բրիտանական Հնդկաստանին:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Միջնադարյան Հնդկաստանի պատմությունը, Միջնադարյան հնդկական հարստություն, Մարատհական կայսրության ստեղծումն ու անկումը
  2. Պատերազմներ ընդդեմ Հնդկաստանի մուսուլմանական տիրապետության
  3. Ժամանակակից Հնդկաստանի առաջադեմ պատմությունը, Մարատհական կայսրությունը Հնդկաստանի տարածքում, պատմություն և տեղագրություն
  4. Մ. Ռ. Քանտակ (1993). Անգլո-մարատհական պատերազմ, 1774–1783, Խոշոր ճակատամարտերի ռազմական ուսումնասիրություններ ISBN 978-81-7154-696-1