Մալիի կայսրություն
| ||||
Քարտեզ | ||||
(Մալիի կայսրության տարածքը ծաղկման դարաշրջանում (մոտ 1350)) | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Նիանի (Գվինեա) հետագայում Կանգաբա | |||
Լեզու | մանինկա, մանդինկա, ֆուլա, բոզո | |||
Կրոն | աֆրիկյան ավանդական կրոններ, իսլամ | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | կայսրություն | |||
Կառավարիչ | մանսա (տիտղոս) | |||
Օրենսդրություն | գբարա (անգլ.՝ Gbara) |
Մալիի կայսրություն (Մանդեն Կուրուֆաբա, մանդեն` Nyeni), պատմական պետություն հյուսիս-արևմտյան Աֆրիկայում (Արևմտյան Սուդանի տարածաշրջանում)՝ Սահարա անապատից հարավ։ Գոյություն է ունեցել 13-15-րդ դարերում։ Ձևավորված ավանդույթի համաձայն՝ կայսրություն է կոչվում (ինչպես և աֆրիկյան այլ կայսրությունները)։ Ձևավորվել է մանդինկա էթնոսի ներքո, որն ավելի վաղ գտնվել է Գանայի կայսրության կախվածության տակ և մուսուլմանական կրոն է ընդունել (առնվազն վերնախավի մակարդակով)։
Գերագույն տիրակալը եղել է մանսան։ Մանսայի անձնական զորքը բաղկացած է եղել նախկին ստրուկներից։
Կայսրության հիմնադիրը համարվում է Սունդիաթա Կեյթա մանսան, որը 1240 թվականին գրավել է Գանայի մայրաքաղաք Կումբի Սալեն։ Նրա իշխանության տակ գտնվող տարածքը ձգվում էր Ատլանտյան օվկիանոսից արևմուտք մինչև Չադ լճի արևելյան մասը։ Առավել մեծ ծաղկում է ապրել Մուսա մանսայի և նրա եղբոր` Սուլեյմանի օրոք։ Այս ժամանակահատվածում Տեկրուր, Սոնգայ պետությունները և Սահարայի քոչվոր ցեղերից շատերը գտնվում էին Մալիի տիրակալի վասսալային կախվածության տակ։
Կայսրության բնակչությունը հիմնականում կազմված էր ազատ համայնքային գյուղացիներից և քոչվոր հովիվներից։ Մալիի բնակչության ընդհանուր թիվը 15-րդ դարում հաշվվում էր 40-50 միլիոն մարդ[1]։
Բամբուկ և Բուրե հանքավայրերի շնորհիվ միջերկրածովյան շուկայում ոսկու հիմնական զանգվածը Մալին էր մատակարարում։ Տնտեսության համար էական կարևորություն էր ներկայացնում քարավանային առևտուրը, որն անցնում էր Տոմբուկտու, Ջեննե և Գաո քաղաքներով։
Մշտական երկպառակտչական պատերազմները թուլացրեցին կայսրությունը, ինչի արդյունքում 15-րդ դարում այն հայտնվեց Սոնգայ կայսրության կախվածության տակ, 17-րդ դարում կորցրեց գրեթե բոլոր տարածքները և 1885 թվականին միացվեց ֆրանսիական տարածքներին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակունքներ. Սուդիաթա Կեյթա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե Մալին փոքր իշխանություն էր Նիգերի վերին մասում, Կանիագայի հարևանությամբ, որը սուսու ժողովրդի խոշոր պետությունն էր։ Ամենայն հավանականությամբ, Մալի պետությունը Գանա կայսրության վասսալային կախվածության տակ էր։ Մալիի տիրակալներից մեկի` Մուսե Կոյտեին (մոտ. 1200-1218) է վերագրվում Նիգերի վրա գտնվող Կանգաբա քաղաքի հիմնադրումը, որը հոսանքով փոքր-ինչ ավելի բարձր էր գտնվում Բամակո քաղաքից, որը ժամանակակից Մալիի Հանրապետության մայրաքաղաքն է։
Սուսու էթնոսը, որը ղեկավարում էին ծնունդով Կանտեի դարբին-քրմերը, շրջանցեցին սոնինկե էթնոսի փոքր պետությունները` անցնելով Ալ Մորավիների կողմից Գանայի ջախջախումից հետո մնացած իշխանության գլուխ։ 13-րդ դարում Կեյթայի գլխավորությամբ Մանդե կլանների կողմից սուսուի պարտությունն էլ հենց հանդիսանում է Մալիի` որպես կայսրության սկիզբը։
Մալիի առաջացման մասին պատմում է կեղծ-պատմական «Սունդիաթայի մասին էպոսը», որոշ տեղեկություններ հայտնի են նաև երեք արաբ աշխարհագրագետների աշխատություններից. Ալ Ումարին, Բատուտան և Խալդունը։ Համարվում է, որ Մալիի հիմնադիր Սունդիաթան, ով նաև հայտնի է որպես Սոգոլոն Ջարա և Մարի Դիաթա, կառավարել է 1230 - 1255 թվականներին, բայց երբեմն նշվում են նաև այլ ժամկետներ։ Այս տիրակալի արժեքավոր նվաճումներից մեկն է հանդիսանում Բամբուկի ոսկեբեր շրջանները, որն էլ պետության ֆինանսական բարեկեցության ամուր հիմք է հանդիսացել։ Նոր մայրաքաղաքը Նիգերի ափին Դելիբա բնակավայրում հիմնելու փոխարեն նա ընտրել է Սանկարանի գետի ափերին իր հիմնադրած Նիանի քաղաքը, որը Մալիի մայրաքաղաքն է եղել մինչև 1545 թվականին Սոնգայի տիրակալ Ասկիյա Դաուդի կողմից նվաճվելը։
Սունդիաթան մտցրեց արդար հարկեր և հրամայեց մաքրել անտառները գյուղատնտեսական հողատարածքների համար, որտեղ սկսեցին աճեցնել նոր մշակաբույսեր, այդ թվում` բամբակ։ Նա նաև հովանավորվել է գրիոտներին` պրոֆեսիոնալ երգիչների, երաժիշտների և հեքիաթասացների կաստային։ Իր պալատական գրիոտ և խորհրդական Բալլա Ֆասեկեն համարվում է ժամանակակից ամենահեղինակավոր գրիոտական ընտանիքի հիմնադիրներից մեկը։ Ի դեպ, շնորհիվ բանավոր ժողովրդական ավանդույթների այդ կրողների էլ պահպանվել է «Սունդիաթայի մասին էպոսը»։
Մալին առաջին տիրակալների օրոք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սունդիաթի Կեյթայից հետո իշխել են նրա երեք որդիները, որոնք ժառանգել էին ուժեղ բանակով և առևտրային ուղիների ճյուղավորված ցանցով բարգավաճ և հարաշարժուն (դինամիկ) կայսրություն։ Նրա անմիջական հետնորդը` Ուալի Կեյթան, հիշատակվել է որպես հզոր տիրակալ, որը հաջ է կատարել Արաբական թերակղզում գտնվող Մեքքա` այդ ժամանակ Եգիպտոսի մամլուքների սուլթան Բեյբարս I-ի տիրապետության ներքո գտնվող մուսուլմանական սրբազան քաղաք։ Սակայն Ուալի Կեյթայի կառավարումից հետո աճեց անկայունությունը։ Երրորդ Մանսու Ուաթիին գահընկեց արեց նրա հոգեկան հիվանդ եղբայրը` Խալիֆա Կեյթան, որը զվարճանում էր` իր ժողովրդին նետահարելով։ Սակայն նա գոնե մեկ տարի չհասցրեց կառավարել, քանզի սպանվեց Կեյթայի կլանի ստրուկների ընտրազորի կողմից։ Գահ բարձրացավ Աբուբաքար I-ը (Աբու Բաքր կամ Մանդե Բորի), ով Սունդիաթիի դստեր որդին էր, ինչը վկայում է մայրական գծով ժառանգության հնարավորության մասին։
Տասնամյակ անց` 1285 թվականին, գահն արդեն զավթեց ուղղակիորեն ստրկական գվարդիայի ներկայացուցիչը` ազատ արձակված ստրուկ Սակուրան (Սաբկարա)։ Ըստ ամենայնի, նրան աջակցել են ժողովրդական զանգվածները, որոնք դժգոհ էին Կեյթա դինաստիայի իշխող անդամներից։ Ըստ Իբն Խալդունի վկայության, այդ ժամանակ Մաղրիբից Մալի ինտենսիվ կերպով սկսեցին ժամանել վաճառականներ, և առևտուրը ծաղկեց։ Հենց Սակուրան էր, որ արևելքում վերջնականապես նվաճեց Եգիպտոսի հետ տրանսսահարյան առևտտրի առանցքային հանգույցը` Գաո քաղաքը, Սոնգայի հզոր թագավորության ապագա մայրաքաղաքը։ Մալիի կայսրությունն առաջին անգամ վերահսկողություն սահմանեց Գաոյի վրա դեռևս Ուալիի օրոք, սակայն Նիանիում ներքին երկպառակտչության պատճառով այնտեղ որպես պատանդ գտնվող արքայազներ Ալի Կոլենին և Սլիման Նարուին հաջողվեց փախչել և վերականգնել Սոնգոյի անկախությունը։ 15 տարի անց Սակուրան Գաո վերադարձավ բանակի հետ, Սոնգայը դարձնելով վասալային պետություն, որը ընդհուպ մինչև 1430-ական թվականները տուրք էր վճարում մալիացի տիրակալներին։
Սակուրան իր վիճակը համարում էր բավականին ապահով դեպի Մեքքա ուխտագնացության մեկնելու համար, սակայն հետդարձի ճանապարհին սպանվեց, և գահը կրկին անցավ Կեյթա դինաստիային։
Բարգավաճում Մանսե Մունսայի օրոք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալիի կայսրության իններորդ տիրակալ Մալիի Աբուբաքար II-ը հրաժարվեց գահից Ատլանտյան օվկիանոսային տարածքների հետազոտության համար։ Նրա հետնորդը ՝ Մանսա Մուսան պատմում էր, որ 1310 թվականին Աբուբաքարը ֆինանսավորել է 200 նավերի շինարարությունը, ուղարկելով արշավախումբը Ատլանտյան օվկիանոսի «արևմտյան սահմանն» ուսումնասիրելու համար։ Առաքելությունը անարդյունք էր, և 1311 թվականին սուլթանն ինքը կանգնեց հաջորդ արշավախմբի գլուխ և բաց օվկիանոս դուրս եկավ մարդկանցով և մեծաքանակ պարենով բեռնված հազարավոր նավերով։
Այն վարկածը, որ Աբուբաքարի արշավախումբը կարողացել է իրականացնել տրանսատլանտյան այցելություն Նոր Աշխարհ, համարվում է ծայրահեղություն, իսկ նավերի թիվն ակնհայտորեն ուռճացված է, սակայն դա վկայում է Մալիի զգալի նյութական բազայի մասին։ Նախկին տիրակալի չվերադառնալուց հետո նրա վեզիր Մանսա Մուսան ինքը կայսր դարձավ։
Կայսրությունն առավել ազդեցիկության հասավ գերագույն կառավարիչ (մանսա) Մուսայի օրոք, ով ըստ մոր (1312-1337) անվան հայտնի է նաև որպես Կանկու Մուսա։ Նա լայնորեն հայտնի է ինչպես ժողովրդական լեգենդներից, այնպես էլ Մալիից դուրս պատմական աղբյուրներից, քանի որ մեծ ազդեցություն է ունեցել Մերձավոր Արևելքի և Եվրոպայի վրա, երբ՝ 1324 թվականին մեծ շքախմբով հաջ է իրականացրել, ճանապարհին նվիրատվություններ անելով մուսուլման տիրակալներին։ Ձիուն հեծած տիրակալին ուղեկցում էին, տարբեր տվյալներով, 60 հազարից (ըստ «Տարիխ աս Սուդանի» ժամանակագրության) մինչև 80 հազար (ըստ «Տարիխ ալ Ֆատաշի ժամանակագրության) մարդ։ Նրանց թվում էին ուղտերի քարավաններ, որոնք բեռնավորված էին ոսկով, ապրանքներով, նվերներով, պարենով, զենքով, և ստրուկների շարասյուններով, ընդ որում, հինգ հարյուր ստրուկներից յուրաքանչյուրը, որը գլխավորում էր շարասյունը, հենվում էր ոսկե ցուպի վրա։
Ժամանելով Եգիպտոս, Մանսա Մուսան հրաժարվեց համբուրել Ան Նասիր Մուհամմադ սուլթանի ոտքերի տակի հողը և ընդհանրապես, Ալլահից բացի որևէ մեկին խոնարհվել, սակայն, բարեկամական ընդունելություն ստացավ եգիպտական տիրակալի կողմից և առատաձեռնորեն պարգևատրվեց։ Կանկու Մուսան պարտքի տակ չմնաց, ուղարկելով 40 հազար ոսկե դինար սուլթանին, ևս 10 հազար նրա վեզիրին և նման շռայլ նվերներ բազմաթիվ պալատական և այլ պաշտոնյաներին։ Մուսայի երթը Կահիրեի միջով, թագավորի շռայլությունը և նրան շրջապատող շքեղությունը հայտնի դարձրեցին միապետին։ Սակայն ի վերջո պարզվեց, որ դեռևս Մեքքա չհասած, կայսրը վատնեց ոսկու իր բոլոր պաշարները և նույնիսկ ստիպված եղավ հսկայական տոկոսներով գումար պարտք վերցնել եգիպտական վաշխառուներից։ Բացի այդ, Արաբիա և ետ ճանապարհի վրա բազմաթիվ դժբախտություններ եղան, որոնց արդյունքում, ըստ եգիպտական պատմաբան Թակի ալ-Դին ալ-Մարքիզի հաշվարկների, քարավանը կորցրեց մարդկանց և ուղտերի մեկ երրորդը։ Վերջապես, Մալիի հյուրերից նվեր ստացած ոսկին հեղեղեց Եգիպտոսի և ամբողջ միջերկրածովյան թանկարժեք մետաղների շուկաները` ոսկին, առնվազն 12 տարի, արժեզրկելով։
Ըստ ժամանակակից հաշվարկների, իր ուխտագնացության համար Մալիի տիրակալը վերցրել էր առնվազն 12 750 տոննա ոսկի, ճանապարհին բոլորը բաժանելով։ Сelebrity Net Worth պարբերականի փորձագետները, բոլոր ժամանակների ամենահարուստ մարդկանց ունեցվածքը 2012 թվականի պայմաններին համապատասխանեցնելով, Մուսային կարողությունը 400 միլիարդ ԱՄՆ դոլար են գնահատել։ 2012 թվականի հոկտեմբերի 13-ին հրապարակված աշխարհի ամենահարուստ 25 մարդկանց վարկանիշում նա զբաղեցրել է 1-ին տեղը` առաջ անցնելով Ռոտշիլներ եվրոպական դինաստիային ու ամերիկյան գործարար Ռոքֆելլերին[2]։
Բոլոր ֆինանսական կորուստներով հանդերձ, Մուսայի հաջը Մալիի համար ամենևին էլ աղետալի հետևանքներ չունեցավ. ոչ վերջին կարևորություն ուներ այն, որ կայսեր բացակայության ընթացքում մալիացի զորավար Սագամաջին 1325 թվականին զորքով մտավ Սոնգայի մայրաքաղաք Գաո, ձեռքը վերցնելով հյուսիսային առևտրի առանցքային տարածքը, որը մինչ այդ գտնվում էր Սոնգայի ձեռքում։ Երբ Կանկու Մուսան տուն վերադարձավ Գաոյով, որտեղ ընդունեց սոնգայական թագավորի և ազնվականության ցուցաբերած հնազանդության նշանները, և վերադարձավ Թիմբուկտու, նրան ուղեկցում էին նաև հեռավոր արշավի գլխավոր ձեռքբերումները` բազմաթիվ տաղանդավոր բանաստեղծներ, աստվածաբաններ և շինարարներ (ներառյալ իսպանական ծագմամբ Աբու Իսհակա Իբրահիմ ալ-Սահիլ ճարտարապետը, որը կառուցել է գմբեթով թագավորական պալատը և Սանկորե կենտրոնական մզկիթը Թիմբուկտուում), իսկ նրանց հետ նաև մեծ գրադարան։ Ժամանածների թվում էին նաև չորս շերիֆ (Մուհամեդ Մարգարեի ժառանգները) ընտանիքների հետ, որոնց Մանսա Մուսան առաջարկել է հազար միտքալ (միսքալ, մըսխալ) ոսկի` Մալի վերաբնակվելու համար։
Մայրամուտ Մուսայի հետնորդների օրոք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանսե Մուսեին հաջորդեց նրա որդին Մագան I-ը, որը կառավարել է չորս տարի (1337-1341), որի ընթացքում մոսի ժողովրդի բանակը առաջնորդ Նասեգի գլխավորությամբ ավերեց և հրդեհեց Թիմբուկտուն։ Հաջորդն աթոռը զբաղեցրեց Մուսայի եղբայրը` Սուլեյման Քեյթան (1341-1360), որը վերակառուցեց ավերված Թիմբուկտուն։ Հենց վերջինիս տիրապետության օրոք Մարոկկոյի մերինիդական սուլթան Աբու Ինանի կողմից դիվանագիտական առաքելությամբ Մալի է այցելել հայտնի ճանապարհորդ Իբն Բատուտան (1352-1353 թվականներին), որը տվել է այդ երկրի նկարագրությունը։ Ի թիվս այլ բաների, նա զարմացած է մնացել տեղական ազնվականության վատնողական վարքից և կանանց անպարկեշտությունից։ Նա պատմել է մալիական արքունիքի շքեղության և ընդդեմ Սուլեյմանի` ցարի գլխավոր կնոջ (Կասա) դավադրության մասին։
Թեև այն բացահայտվեց հետագայում, բայց գահի հավակնորդ Դիաթան (սովորաբար հիշատակվում է որպես Մարի Դիաթա II. Մարի Դիաթա I-ը հենց ինքը Սունդիաթան է) կարողացավ զբաղեցնել գահը մի կարճատև քաղաքացիական պատերազմի արդյունքում, երբ Սուլեյմանի անմիջական ժառանգորդ Կամբա Կեյթան (Կասա) իր կառավարման իններորդ ամսում զոհվեց ճակատամարտում (1360)։ Մարի Դիաթա II-ի գրեթե մեկուկես տասնամյակ տևած իշխանությունն առանձնացել է ավելի մեծ բռնակալությամբ, քան Սուլեյմանի օրոք էր։ Խալդունը հայտնում է ականատեսների ծայրահեղ կոշտ գնահատականները Դիաթայի մասին` որպես հրեշի և բռնակալի, «կայսրությունը կործանող, գանձարանը դատարկող, իրենից առաջ ստեղծված ամեն ինչը քանդողի»։
Այդ մանսայի մահից հետո նրա որդին ու հաջորդը ՝ Մուսա II-ը փաստացիորեն հեռացվեց իշխանությունից, մեկուսացվեց և կալանավորվեց իր խորհրդականի և ռազմական հրամանատարի կողմից, որի անունը նույնպես Մարի Դիաթա էր։ Նա փորձեց վերականգնել Մալիի հզորությունը, ամրապնդելով արևելյան սահմանը և զորքերն ուղարկելով Սահարա քոչվոր սանհաջիների հետ կռվելու համար։ Դրա շնորհիվ XIV դարի երկրորդ կեսին Մալիի կայսրությանը միացվեց Տակեդդա մարզը աղի հանքերի և պղնձե հանքավայրերի հետ միասին, բայց հետո նա կրկին զրկվեց դրանցից։ Հաջորդ մանսային` Մագանա II-ին, սպանեցին գահ բարձրանալուց անմիջապես հետո, որը չհասցրեց դառնալ Սանդիգի տիտղոսով կայսերական խորհրդի անդամ (Իբն Խալդունը նրան անվանում է վեզիր)։ Զավթիչը փորձեց լեգիտիմացնել իր կառավարումը` տապալված մանսայի մոր հետ ամուսնությամբ, բայց շուտով ինքն էլ տապալվեց «Մարի Դիաթայի հարազատներից» մի մարդասպանի ձեռքով։
Անկում
[խմբագրել | խմբագրել կոդը]1390 թվականին գահ բարձրացած Կեյթա դինաստիայի ներկայացուցիչ Մագան III -ը (Մահմուդ I) մալիական վերջին մանսան է եղել, որին հիշատակում են արաբական պատմիչ-աշխարհագրագետները։ Այսպիսով, արդեն մինչև այդ դարի ավարտը Մալին սկսեց կորցնել իր ազդեցությունը ներքին երկպառակտչության և հարևան ցեղերի արշավանքների պատճառով (այսպես, հարավից Մալիին նեղում էր մոսի ազգությունը, որը 1400 թվականին ավերիչ ասպատակություն կատարեց Դեբո լճի շրջանում)։ Կայսրությունից դուրս եկավ Գաոն, որը դարձավ Արևմտյան Սուդանում ծագած մեկ այլ մեծ պետության` Սոնգայ պետության կենտրոն։
XV դարի սկզբից Սոնգայը սկսեց դուրս մղել Մալիին, և կեսերին այն դարձավ գերիշխող պետություն տարածաշրջանում։ 1433 թվականին Մալին կորցրեց վերահսկողությունը խոշոր քաղաքներ Տիմբուկթուի, Արավանի և Ուալատուի նկատմամբ, որոնք գրավել էին տուարեգները, իսկ մոտ 1460 թվականին սոնգայական տիրակալ (շի) Սուլեյման Դաման գրավեց Մեմու քաղաքի արևմտյան մասը, որը երկար ժամանակ Մալի կայսրության մասն էր կազմում։ Նրա հաջորդի` Սոննի Ալի Բեր (շի)-ի օրոք Սոնգայը վերջնականապես գերազանցեց Մալիին։ 1545 թվականին սոնգայական տիրակալ ասկիյա Դաուդը նույնիսկ գրավեց Մալիի մայրաքաղաքը, իսկ 1558 թվականին ամուսնացավ մալիական թագավորի դստեր հետ։
Ի դեպ, դեռևս շուրջ 1510 թվականին աշխարհագրագետ Լեո Աֆրիկացին այցելելով Սոնդային և Մալիին պատկանող տարածքները, վերջինիս մայրաքաղաքը համարել է բարգավաճ, հացահատիկով, անասունններով և արհեստագործական արտադրանքով ապահովված։ Այնուամենայնիվ, նոր սպառնալիք առաջացավ. Թեկրուր սենեգալյան երկրի Մալիին նախկին տուրք վճարողները 1530-1535 թվականներին ամայացրին Սենեգալից հարավ գտնվող հողերը։
Մալի պետությունը նույնիսկ չկարողացավ օգտվել մարոկկացի սուլթան Ահմադ ալ Մանսուրի կողմից Սոնգայի ջախջախումից։ Մանսա Մամադու III-ը փորձեց պայքարի մեջ մտնել սոնգայական ժառանգության համար և կարճատև գրավեց Ջեննեն, բայց մարոկկոյական զորքերը նրան ստիպեցին լքել քաղաքը։ 1598 թվականին Մալին և Մասինան փորձեցին ամրապնդվել Տիմբուկտուի շրջանում, բայց հաջորդ տարի արդեն վերջնականապես ջախջախվեցին Մարոկկոյի ուժերի կողմից։ Մահմուդ IV-ի մահից հետո մոտ 1610 թվականին Մալիի կայսրությունը տապալվեց։։
1630 թվականին Բամբարա թագավորությունը Ջեննե կենտրոնով ջիհադ հայտարարեց Մալիի տարածքի մուսուլմանական մյուս պետություններին, և 1645 թվականի արշավանքից հետո մանդինկա ժողովրդի միակ ուժը մնաց Կանգաբա քաղաքը։ 1667 թվականին կանգաբական մանսա Մամա Մագան IV-ը նույնիսկ գրոհեց Բամանի մայրաքաղաք Սեգու Կորոյի վրա, բայց ստիպված եղավ նահանջել եռամյա պաշարումից հետո։ ֆուլբե և բամբարա ժողովուրդների զորքերը հակագրոհի անցան, պաշարեցին մալիական մայրաքաղաք Նիանը և հրդեհեցին այն։ Մանսա Մագան, ով մինչև Կանգաբան հետապնդվում էր բամբարաների կողմից, ստիպված եղավ թողնել մայրաքաղաքը։
Երբեմնի հզոր կայսրությունից մնաց ընդամենը մի փոքրիկ պետություն, որը ներառում էր Նիգերի ներքին դելտայի արևմուտքը և Ատլանտյան օվկիանոսի առափնյա ծայրամասերը։ XVII դարում Կեյտա դինաստիայի տիրակալների ձեռքում մնացել էին միայն Սանկարանի գետի ափին գտնվող Կանգաբա բնակավայրի մոտակայքը։ XIX դարի երկրորդ կեսին այդ հողերը գրավեց Ֆրանսիան, և 1895 թվականին միացվեց Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկային[3]։
Աշխարհագրություն և տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր պատմական աղբյուրը, որի մասին կարող ենք դատել միջնադարյան Մալի պետության աշխարհագրության և տնտեսության մասին, արաբ ճանապարհորդ Բատուտայի արձանագրված հիշողություններն են, ով Մալի է այցելել 1352 թվականին, Սուլեյման մանսայի օրոք[4]։
Կայսրությունը գտնվում էր այնպիսի ժամանակակից պետությունների տարածքում, ինչպիսիք են` Մալին, Գվինեան, Սենեգալը, Բուրկինա ֆասոն, Մավրիտանիան։ Երկրի հիմնական տրանսպորտային ուղին Նիգեր գետն էր, գլխավոր բարեբեր շրջանները գտնվում էին նրա ներքին դելտայում։
Մալիի հարստությունը հենվում էր Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ տրանսսահարյան ուղիների առևտրի վրա, այդ թվում` ոսկու և աղի արդյունահանման և արտահանման վրա։ Շնորհիվ Բամբուկ և Բուրե հանքավայրերի միջերկրածովյան շուկայում ոսկու հիմնական զանգվածը բերվում էր Մալիից։ Վաճառականներն անապատի միջով Մալիից բերում էին նաև փղոսկր, ռնգեղջյուրի և աֆրիկյան այլ կենդանիների կաշի։
Մալիի խոշորագույն քաղաքներն էին Թիմբուկտուն, Գաոն, Ջեննեն։ Կայսրերը (մանսա), իշխող վերնախավը և առևտրական դասը դավանում էին իսլամ, մնացած բնակչությունը հակված էր ավանդական շամանական հավատալիքներին։
Մալի կայսրության մանսաները Կեյթա դինաստիայից
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանսա առաջին տիտղոսակիրը (մանիերեն` Mansa — բառացի՝ «թագավորների թագավոր») եղել է Մալիի կայսրության լեգենդար հիմնադիր Սունդիաթա Կեյթան։ Նրա հիմնադրած Կեյթա դինաստիան սկիզբ է առնում Բիլալի Բունամայից, որին նույնացրել են Մարգարե Մուհամեդի ուղեկից Բիլալ իբն Ռաբահի հետ։
Այնուամենայնիվ, այս տվյալները բացարձակ չեն, և ակադեմիական գիտության մեջ գերակշռում են տարբեր տեսանկյուններ։ Տիրակալության ժամկետները, որոնք նշված են ստորև բերված ցանկում, վերցված են Մորիս Դելաֆոսսի հետազոտություններից և հաշվարկվել են շուրջ հարյուր տարի առաջ, խիստ պայմանական են։ Դելաֆոսսի հաշվարկները, որոնք հիմնված են այն տեղեկատվության վրա, որը արձանագրել է թունիսցի պատմաբան Իբն Խալդունը, ժամանակակից պատմաբանների կողմից քննադատության են ենթարկվում, և հիմնականում փոփոխված են[5].
- (1235-1255) Մարի Դիաթա I[6] (Սունդիաթա Կեյթա — բառացիորեն` «Թագավոր - առյուծ»[7], Սունդիաթա Կոնատե (?), Սոնգոլոն Դիաթա), Ֆա Մագանի որդին, 1235 թվականին ջախջախեց Սուսու պետության զորքը, միավորեց Նիգեր և Սենեգալ գետերի վերին հոսանքների տարածքները, հիմնեց նոր մայրաքաղաք ՝ Նիանի քաղաքը
- (1255-1270) Ուլի I Կեյթա (Ուալի Կեյտան, Ուլե), ՝ Մարի Դիաթա I-ի որդին
- (1270-1274) Ուատի Կեյտա, Մարի Դիաթա I-ի որդին
- (1274) Խալիֆա Կեյտա, Մարի Դիաթա I-ի որդին
- (1274-1285) Աբուբաքար I (Մանդե Բորի), Մարի Դիաթա I-ի դստեր որդին
- (1285-1300) Սակուրա (Մալիի մանսա) (Սաբկարա), Կեյտա դինաստիայից չէ, ազատ արձակված ստրուկ
- (1300-1305) Կու Կեյտա (Գաո), Ուլի կամ Մարի Դիաթա I-ի որդին
- (1305-1310) Մուհամմադ I Կեյթա (Նիանի Մամադու), Կուի որդին
- (1310-1312) Աբուբաքար II Ուլիի կամ Մարի Դիաթա I-ի որդի
- (1312-1337) Մուսա I (Կանկու Մուսա), Ֆա Մագանայի ծոռը, առաջինն է ընդունել է «մանսա» տիտղոսը
- (1337-1341) Մագան I, Մուսա I-ի որդի
- (1341-1360) Սուլայման Կեյթա, Մուսա I-ի եղբայր
- (1360) Կամբա Կեյթա (Կասա), Սուլայմանի որդի
- (1360-1374) Մարի Դիաթա II, Մագան I-ի որդի
- (1374-1387) Մուսա II, Մարի Դիաթա II-ի որդի
- (1387-1388) Մագան II, Մարի Դիաթա II-ի որդի
- (1388-1390) Սանտիկի (Սանտիգի, Սանտակի), այրի Մարի Դիաթա II-ի ամուսինը, զավթիչ
- (1390) Մագան III (Մահմուդ I), Կուի թոռը կամ ծոռը
- (1404 - մոտ. 1440) Մուսա III
- (1460-1480/1481) Ուլի II (Բուլե)
- (1480/1481-1496) Մահմուդ II Կեյթա (Մամադու I)
- (1496-1559) Մահմուդ III (Մամադու II)
- (1559 - ի մոտ 1590) անհայտ մանս կամ թափուր
- (մոտ 1590 - մոտ 1610) Մահմուդ IV (Մամադու III)
Կայսրությունը փլուզվեց Մահմուդ IV-ի մահից հետո։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Walker, Sheila S., African roots/American cultures: Africa in the creation of the Americas, Published by Rowman & Littlefield, p. 127. (2001)
- ↑ «25 самых богатых людей в истории». Рейтинг. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Мали(չաշխատող հղում) / Г. О. Витухина // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
- ↑ «Цивилизации долины Нигера: легенды и золото. Часть II — Мали». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Levtzion N. The Thirteenth and Fourteenth-Century Kings of Mali Արխիվացված 2019-04-07 Wayback Machine : [англ.] // Journal of African History. — 1963. — Vol. IV, no. 3. — P. 341—353.
- ↑ Մալիի հիմնադիրն ըստ Իբն Խալդունի վկայությանИбн Хальдуна
- ↑ Sammis K. Focus On World History: The Era Of Expanding Global Connections — 1000—1500 C.E. : [англ.]. — Portland, ME : J. Weston Walch Publishing, 2002. — P. 66. — 146 p. — ISBN 0-8251-4369-1, ISBN 978-0-8251-4369-4.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Blanchard, Ian (2001). Mining, Metallurgy and Minting in the Middle Ages Vol. 3. Continuing Afro-European Supremacy, 1250–1450. Stuttgart: Franz Steiner Verlag. ISBN 3-515-08704-4.
- Cooley, William Desborough (1966) [1841]. The Negroland of the Arabs Examined and Explained. London: Routledge. ISBN 0-7146-1799-7.
- Delafosse, Maurice (1972) [1912]. Haut-Sénégal Niger l'histoire (French). Paris: Maisonneuve & Larose. ISBN 2-7068-0535-8.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Goodwin, A. J. H. (1957), «The Medieval Empire of Ghana», South African Archaeological Bulletin, 12: 108–112, JSTOR 3886971
- Hempstone, Smith (2007). Africa, Angry Young Giant. Whitefish: Kessinger Publishing, LLC. ISBN 0-548-44300-9.
- Insoll, Timothy (2003). The Archaeology of Islam in Sub-Saharan Africa. Cambridge: Cambridge University Press. ISBN 0-521-65702-4.
- Ki-Zerbo, Joseph (1978). Histoire de l'Afrique noire: D'hier à demain. Paris: Hatier. ISBN 2-218-04176-6.
- Ki-Zerbo, Joseph (1997). UNESCO General History of Africa, Vol. IV, Abridged Edition: Africa from the Twelfth to the Sixteenth Century. Berkeley: University of California Press. ISBN 0-520-06699-5.
- Levtzion, N. (1963). «The thirteenth- and fourteenth-century kings of Mali». Journal of African History. 4 (3): 341–353. doi:10.1017/S002185370000428X. JSTOR 180027.
- Levtzion, Nehemia; Hopkins, John F.P., eds. (2000). Corpus of Early Arabic Sources for West Africa. New York: Marcus Weiner Press. ISBN 1-55876-241-8. First published in 1981 by Cambridge University Press, 0-521-22422-5.
- Piga, Adriana (2003). Islam et villes en Afrique au sud du Sahara: Entre soufisme et fondamentalisme. Paris: KARTHALA Editions. էջեր 417 pages. ISBN 2-84586-395-0.
- Niane, D. T. (1994). Sundiata: An Epic of Old Mali. Harlow: Longman African Writers. ISBN 0-582-26475-8.
- Niane, D. T. (1975). Recherches sur l’Empire du Mali au Moyen Âge. Paris: Présence Africaine.
- Stiansen, Endre; Jane I. Guyer (1999). Credit, Currencies and Culture: African Financial Institutions in Historical Perspective. Stockholm: Nordiska Afrikainstitutet. ISBN 91-7106-442-7.
{{cite book}}
: Invalid|name-list-style=yes
(օգնություն) - Stride, G. T.; C. Ifeka (1971). Peoples and Empires of West Africa: West Africa in History 1000–1800. Edinburgh: Nelson. ISBN 0-17-511448-X.
{{cite book}}
: Invalid|name-list-style=yes
(օգնություն) - Taagepera, Rein (1979). «Size and Duration of Empires: Growth-Decline Curves, 600 B.C. to 600 A.D.». Social Science History. 3 (3/4).
- Thornton, John K. (1999). Warfare in Atlantic Africa 1500–1800. London and New York: Routledge. էջեր 194 Pages. ISBN 1-85728-393-7.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- African Kingdoms Mali
- Metropolitan Museum – Empires of the Western Sudan: Mali Empire
- The Story of Africa: Mali — BBC World Service
- Ibn Battuta: Travels in Asia and Africa 1325–1354 Արխիվացված 2011-05-13 Wayback Machine — excerpts from H. A. R. Gibb's translation
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Conrad, David C. (1994). «A town called Dakajalan: the Sunjata tradition and the question of Ancient Mali's capital». Journal of African History. 35 (3): 355–377. doi:10.1017/s002185370002675x. JSTOR 182640.
- Hunwick, John O. (1973). «The mid-fourteenth century capital of Mali». Journal of African History. 14 (2): 195–206. doi:10.1017/s0021853700012512. JSTOR 180444.
- Levtzion, Nehemia (1973). Ancient Ghana and Mali. London: Methuen. ISBN 0-8419-0431-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալիի կայսրություն» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2018 թվականի 30-րդ շաբաթվա հոդված։ |