Ռնգեղջյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Rhino 2 (4506423770).jpg
Ալբրեխտ Դյուրերի Ռնգեղջյուր նկարը, 1515թ.


Ռնգեղջյուրի տեսքով գինու բրոնզե անոթ, Չինաստան, Ք.ա.202-մ.թ.9թթ.
Սեն Մեմ համայնքի զինանշանը, Ֆրանսիա:

Ռնգեղջյուրներ (լատիներեն՝ Rhinocerotidae), կենտսմբակավորների կարգի կաթնասունների ընտանիք։

Հայտնի է ռնգեղջյուրների 3 սեռի 5 տեսակ։

Այժմ պահպանվել են ընդամենը մի քանի հազար հատ՝ միայն Աֆրիկայի և Ասիայի առանձին շրջաններում։ Բնակվում են արևադարձային անտառներում, սավաննաներում, ափամերձ մացառուտներում, ճահիճներում։

Նկարագրությունը[խմբագրել]

Խոշոր կենդանիներ են։ Մարմնի երկարությունը 2,5–4 մ է, մնդավի բարձրությունը՝ 1–2 մ, կենդանի զանգվածը՝ մինչև 3 տ և ավելի։
Մաշկը հաստ է, մազազուրկ։ Ասիական տեսակների կաշին վզի և ոտքերի մոտ ծալքերով է և ունի զրահի տպավորություն։
Քթի և քթարմատի վրա ունեն 1–2 եղջյուր, որոնց երկարությունը մինչև 1 մ է։ Համարվում է որ եղջյուրներն ունեն բուժիչ հատկություններ, ինչը և դարձել է ռնգեղջյուրների ոչնչացման պատճառ։ Հայտնի ամենամեծ եղջյուրն ունեցել է 158սմ երկարություն։ Ժանիքները հետզարգացած են։ Պարանոցը կարճ է, մեջքը՝ կորացած։ Ոտքերը կարճ են, ունեն երեքական մատներ։ Մատների ծայրերին կան կճղակներ։ Գունավորումը մուգ մոխրագույն է։
Լսողությունը և հոտառությունը լավ են զարգացած, տեսողությունը՝ թույլ։
Չնայած մարմնի զգալի ծանրությանը՝ կարող են վազել մինչև 40–45 կմ/ժ արագությամբ։
Կատաղած ռնգեղջյուրը սլանում է վիթխարի եղջյուրն առաջ ցցած և կարող է ոչնչացնել դեմը ելնողին։ Բայց բավական է, որ մոտեցող ռնգեղջյուրի ճանապարհից մի կողմ քաշվես, և վատ տեսողության պատճառով կենդանին կսլանա-կանցնի կողքովդ։

Կենսակերպը[խմբագրել]

Ցերեկը ռնգեղջյուրները քնում են մացառուտներում՝ կողքի պառկած ու ոտքերը խաչած, ահեղ խռմփոցով, իսկ գիշերը դուրս են գալիս սնվելու։ Սնվում են խոտաբույսերով, ընձյուղներով, թփերի տերևներով։ Հաճախ շրջում են զույգերով, հազվադեպ՝ փոքր խմբերով։ Ռնգեղջյուրն ահռելի ստամոքս ունի (երկարությունը 1,5 մ է, լայնությունը՝ 75 սմ), և այն լցնելու համար նա արածում է ողջ գիշերը։ Հղիությունը տևում է 17–18 ամիս, ունենում է 1 ձագ՝ մոտ 25 կգ քաշով։ Ռնգեղջյուրի միսն օգտագործում են սննդի մեջ, մաշկը՝ տարբեր իրեր պատրաստելու համար։ Եղջյուրների բուժիչ հատկությունների համար ռնգեղջյուրներին որսում են։ Անխնա ոչնչացման հետևանքով նրանց քանակը խիստ կրճատվել է, և այժմ նրանք գտնվում են պահպանության ներքո։ Խոշոր կենդանիները չեն համարձակվում հարձակվել այդ հսկայի վրա, սակայն պիծակներն ու մլակները նրան հանգիստ չեն տալիս։

Պահպանված տեսակները[խմբագրել]

Սպիտակ ռնգեղջյուր[խմբագրել]

Սպիտակ ռնգեղջյուրներն, իրենց հերթին, երկու ենթատեսակի են՝ հարավային (Ceratotherium simum simum) և հյուսիսային (Ceratotherium simum cottoni)։ 2007թ. դրությամբ, վայրի բնության մեջ կար հարավային ենթատեսակի 17 480 հատ, որոնցից 16 266-ը՝ Հարավային Աֆրիկայում, հանդիսանալով ամենամեծաքանակ ենթատեսակը։
Ունի վիթխարի մարմին և խոշոր գլուխ։ Քաշը կարող է հասնել 3500 կգ, երկարությունը՝ 3.5-4.6 մ, հասակը ուսերի մասում 1.8-2 մ է։ Մռութի վրա ունի երկու եղջյուր։ Առջևի եղջյուրը ետևինից երկար է և հասնում է 90-150սմ-ի։ Այս կենդանու գույնը փոխվում է դեղնավուն դարչնագույնից միչև մոխրագույն։

Սեւ ռնգեղջյուր[խմբագրել]

Սև ռնգեղջյուր անունն (Diceros bicornis) ընտրվել է այս տեսակը սպիտակից տարբերելու համար։
Սև ռնգեղջյուրների ամենատարածված ենթատեսակն է հարավային-կենտրոնականը (Diceros bicornis minor), որոնք մի ժամանակ տարածվում էին կենտրոնական Թանզանիայից Զամբիայի, Զիմբաբվեի և Մոզամբիկի տարածքներով մինչև Հարավային Աֆրիկայի հյուսիս և արևելք։ Սև ռնգեղջյուրը սպիտակից բավականին փոքր է։ 20-րդ դարի երկրորդ կեսում նրանց քանակը կտրուկ պակասել է՝ 1960-ականների 70 հազարից 1995թ-ին հասնելով 2 410-ի։

Հնդկական ռնգեղջյուր[խմբագրել]

Հնդկական, կամ մեծ միաեղջյուր ռնգեղջյուրն (Rhinoceros unicornis) ունի 20-ից 100սմ երկարության մի հատ եղջյուր։ Չափահաս արույի քաշը 2 500-ից 3 200 կգ է, ուսերի մասում հասակը՝ 1.75-2.0մ։

Ռնգեղջյուրների պահպանված տեսակների համեմատական չափսերը:

Հնդկական ռնգեղջյուրները մի ժամանակ տարածված են եղել Պակիստանից մինչև Բիրմա և հնարավոր է, նույնիսկ՝ Չինաստանի որոշ մասերում։ Ներկայումս, սակայն, մարդու ազդեցության պատճառով, պահպանվել են միայն Հնդկաստանի և Նեպալի որոշ շրջաններում։ Ներկայիս աշխարհի հնդկական ռնգեղջյուրների երկու երրորդը կենտրոնացված է Հնդկաստանի Կազիրանգա ազգային զբոսայգում։

Ջավայի ռնգեղջյուր[խմբագրել]

Ջավայի ռնգեղջյուրն (Rhinoceros sondaicus) ամենավտանգված խոշոր կաթնասուններից մեկն է։ 2002թ. գնահատականներով, մնացել են ընդամենը 60 հատ՝ Ինդոնեզիայի Ջավա կղզում և Վիետնամում։
Երկարությունը գլխի հետ միասին հասնում է 3.1-3.2մ, բարձրությունը՝ 1.5-1.7մ, քաշը՝ 900-1400կգ։ Արուի եղջյուրի երկարությունը հասնում է 26սմ երկարության։
Նախընտրում է խիտ խոնավ անտառները, մացառներն ու եղեգնուտները։

Սումատրայի ռնգեղջյուր[խմբագրել]

Սումատրայի ռնգեղջյուրն (Dicerorhinus sumatrensis) ամենափոքր տեսակն է։ Պահպանված մնացել է 275 հատ։
Ունի շուրջ 1.3մ բարձրություն, 2.4-3.2մ երկարություն և շուրջ 700 կգ քաշ։ Աֆրիկական տեսակների նման ունի երկու եղջյուր՝ առջևում մեծն է և 10 սմ-ով կարճը՝ ետևում։ Գունավորումը կարմրին խփող դարչնագույն է։

Հնդկական ռնգեղջյուրները Կազիրանգայի ազգային զբոսայգում:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Դպրոցական մեծ հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png