Սև ռնգեղջյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազո
Սև ռնգեղջյուրը Էտոշա ազգային պարկում
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Միասմբակավորներ
Ընտանիք Ռնգեղջյուրներ
Տեսակ Սև ռնգեղջյուր
Լատիներեն անվանում
Diceros bicornis
Հոմանիշներ
  • Rhinoceros bicornis Linnaeus, 1758
  • D. b. bicornis (Linnaeus, 1758)
  • D. b. brucii
  • D. b. chobiensis
  • D. b. longipes Zukowsky, 1949
  • D. b. michaeli Zukowsky, 1964
  • D. b. minor (Drummond, 1876)
Հատուկ պահպանություն
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Սև ռնգեղջյուր կամ Կրկնեղջյուր ռնգեղջյուր (լատին․՝ Diceros bicornis), ռնգեղջյուրների ընտանիքի կաթնասուն, որը տարածված է բացառապես Աֆրիկա մայրցամաքում՝ Բոտսվանա, Քենիա, Մալավի, Մոզամբիկ, Նամիբիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Սվազիլենդ, Տանզանիա, Զամբիա և Զիմբաբվե պետությունների տարածքում[1] Ռազոն անողնաշարավորների դասին պատկանող պարզագույն կենդանի է բնակվում է Հայաստանում սնվում է տարբեր աստիճանի հայհոյանքներով սիրում է հաչալ և մկկալ կատաղությամբ վարակվելու դեպքում կարող է և հարվածել գլխով Բացառությամբ սև ռնգեղջյուրների՝ կենտսմբակավորների կարգի մեջ մտնող աֆրիկյան ռնգեղջյուրների մյուս ներկայացուցիչները միավորվում են սպիտակ ռնգեղջյուրների ընդարձակ տեսակի մեջ։ Պայմանականորեն կարելի է եզրահանգել, որ սև ռնգեղջյուրի անվանումը Կառլ Լիննեյը ընտրվել է այս տեսակը սպիտակից տարբերակելու համար։ Սև ռնգեղջյուրը ֆիզիոլոգիապես և որոշ դեպքերում նաև մորֆոլոգիապես բավականին տարբերվում է սպիտակ ռնգեղջյուրից։ Ժամանակի ընթացքում միևնույն տաքսոնի մեջ միավորվող այս երկու տեսակներն ընտելացել են բնական տարբեր պայմանների՝ ձեռք բերելով նոր տարբերակիչ հատկանիշներ։ Աֆրիկյան երկու ռնգեղջյուրների տարբերություններն ընդգծելու համար կարելի է նշել վերջիններիս չափերի անհամեմատելի տարբերությունը։ 20-րդ դարի երկրորդ կեսին սև ռնգեղջյուրների քանակը կտրուկ նվազել է՝ 1960-ական թվականներից մինչև 1995 թվականը 70 հազարից հասնելով ընդամենը 2 410-ի։ Կենդանիների ոչնչացման վրա ներազդող գլխավոր պայմանը եղել է որսագողությունը, չնայած զգալի է նաև գաղութարարների ազդեցությունը։

Բնության պահպանության միջազգային միության կողմից սև ռնգեղջյուրները դասակարգվում է որպես վտանգված, կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։ Այնուամենայնիվ, վերջինիս ենթատեսակներից հարավարևմտյան սև ռնգեղջյուրը դասակարգվում է որպես խոցելի առանձնյակ, իսկ երեք այլ ենթատեսակները, որոնք տարածված են Աֆրիկայի արևմուտքում, իսպառ վերացել են[2]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև ռնգեղջյուրների նախկին տարածվածությունն Աֆրիկա մայրցամաքում (1700 թվականի տվյալներ)։ Եզրագծերով նշված են Արևմտյան Աֆրիկայում ամենայն հավանականությամն բնակվող պոպուլյացիաները։

Ռնգեղջյուրների այս տեսակի Rhinoceros bicornis անվանումը տվել է ազգությամբ շվեդ կենդանաբան Կառլ Լիննեյը, ով սև ռնգեղջյուրների մասին հիշատակել է իր հեղինակավոր «Բնության համակարգ» աշխատության 10-րդ հրատարակչության մեջ, որը թողարկվել է 1758 թվականին[3]։ Լատիներեն անվանումը թարգմանաբար նշանակում է «կրկնակի եղջրավոր ռնգեղջյուր»։

Կենդանաբանների շրջանում մինչ օրս էլ շփոթություն է առաջացնում այն հարցը, թե Rhinoceros bicornis տեսակն առանձնացնելիս Կառլ Լիննեյը այդ անվան տակ քանի ենթատեսակ է ընդգրկել։ Ներկայումս մեզ հայտնի են սև ռնգեղջյուրների ութ ենթատեսակներ[4][5], որոնք ըստ Բնության պահպանության միջազգային միության դասակարգման ունեն տարբեր հատուկ պահպանության կարգավիճակներ և առանձնացվել են ըստ տարածվածության արեալի[6]։ Ստորև ներկայացված են մեզ հայտնի ութ ենթատեսակները՝ համառոտ նկարագրությամբ[7][8]

Սև ռնգեղջյուրի (Diceros bicornis) ենթատեսակներ

Միջազգային պրակտիկայում առավել հաճախ կիրառվող տաքսոնոմիական դասակարգման այլընտրանքային սխեման որպես սև ռնգեղջյուրի անկախ ենթատեսակներ ճանաչում է միայն հինգ «էկո տիպերի»՝ հարավային սև ռնգեղջյուր (կապյան ռնգեղջյուր), հյուսիսարևելյան սև ռնգեղջյուր, արևմտյան սև ռնգեղջյուր, արևելյան սև ռնգեղջյուր և հարավկենտրոնական սև ռնգեղջյուր։ Կենդանիների դասակարգման վերաբերյալ նման դիրքորոշում ունի նաև Երկիր մոլորակի կենսաբազմազանության պահպանման խնդիրների լուսաբանմամբ զբաղվող բնության պահպանության միջազգային միությունը։

Հարկ է նշել նաև, որ վերջիններս հյուսիսարևելյան սև ռնգեղջյուրին և արևմտյան սև ռնգեղջյուրին դասակարգում են որպես սև ռնգեղջյուրների վերնատեսակի նախկին ենթատեսակներ, քանի որ վերջիններս ի սպառ վերացել են[11]։ Վերոնշյալ սխեմայի ամենակարևոր տարբերությունն այն է, որ հարավարևմտյան սև ռնգեղջյուրները, որպես առանձին ենթատեսակ, տարանջատված չեն։ Վերջիններս միավորվելով 1850-ական թվականներից ի վեր անհետացած հարավային սև ռնգեղջյուրների հետ կազմում են առանձին ենթատեսակ՝ անվանականորեն ստանալով կրիտիկական վիճակում գտնվող տեսակի դասակարգային կարգավիճակ։

Էվոլյուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև և սպիտակ ռնգեղջյուրների տեսական համեմատություն

Ինչպես մյուս կենդանի օրգանիզմների, այնպես էլ ռնգեղջյուրների դեպքում, էվոլյուցիան տեղի է ունեցել օրգանիզմի ժառանգական հատկանիշների փոփոխությունների շնորհիվ։ Ըստ Չարլզ Դարվինի էվոլյուցիոն ուսմունքի՝ ռնգեղջյուրները, համանման մի շարք այլ կաթնասունների հետ զուգահեռ, առաջացել են մոտավորապես հիսուն միլիոն տարի առաջ[12]։ Սև և սպիտակ ռնգեղջյուրների նախնիններն Աֆրիկա մայրցամաքում բնակվել են դեռևս տաս միլիոն տարի առաջ՝ նեոգենյան ժամանակաշրջանի առաջին դարաշրջանում՝ միոցենում։ Վերջիններիս ադապտացիան (հարմարվողականություն, հարմարեցում շրջակա միջավայրի բնական ոչ անթրոպոգեն պայմաններին) տեղի է ունեցել նեոգենյան համակարգի վերին բաժնում՝ պլիոցենում։ Մեզ հայտնի աֆրիկյան երկու ռնգեղջյուրների ծագման հիմքում ընկած է միևնույն նախնին՝ Ceratotherium neumayri-ը։

Բելգիացի, ֆրանսիացի և թուրք գիտնականները հրաբխային ապարների ուսումնասիրության ժամանակ 2012 թվականին Գամիրքում հայտնաբերել են կենդանու գանգի մի հատվածը[13]։ Մեզանից 4-5 միլիոն տարի առաջ տեղի է ունեցել սև և սպիտակ ռնգեղջյուրների հատկանիշների տարանջատման գործընթացը։ Այդ պառակտումից հետո սև ռնգեղջյուրները սկսել են ժառանգել Պլիոցենյան դարաշրջանում ներկայիս Եթովպիայի, Քենիայի և Տանզանիայի տարածքում բնակված Diceros praecox-ի ֆիզիոլոգիա-մորֆոլոգիական հատկանիշները[14]՝ ձևավորվելով որպես միջավայրի պայմաններին հարմարվելու նման համակարգով և ժառանգական հիմնական հատկությունների առկայությամբ ազատ խաչասերվող և բեղուն սերունդ տվող առանձին տեսակ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև ռնգեղջյուրը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքի կենդանաբանական այգում՝ անձրևի ժամանակ
Ծեր հարավկենտրոնական սև ռնգեղջյուրի երկու եղջյուրները

Չափահաս սև ռնգեղջյուրի հասակը կազմում է 140-180 սմ, իսկ մարմնի ընդհանուր երկարությունը՝ 3-3,75 մ։ Նորմայի սահմաններում գտնվող սեռահասուն ռնգեղջյուրը կշռում է 800-ից մինչև 1400 կգ, սակայն կան անհամեմատ ավելի մեծ չափեր ունեցող արուներ, որոնք կշռում են 2199-2896 կգ։ Սև ռնգեղջյուրի էգերը չափերով ավելի փոքր են, քան արուները։ Գանգի սկզբնադիր հատվածում սերտաճած երկու կերատինե եղջյուրները այս ընտանիքի կաթնասունների (ռնգեղջյուրների ընտանիք) պատկերավորման և նկարագրության կարևորագույն մասն են կազմում։ Որպես կանոն, առաջին եղջյուրն ավելի մեծ է (միջինում՝ 140 սմ), քան երկրորդը (միջինում՝ 50 սմ)։ Կան առանձնյակներ, որոնց մոտ երկրորդ փոքր եղջյուրը բացակայում է։ Որոշ ենթատեսակների մոտ այդ երևույթը դիտարկվում է բնականոն՝ գեների տիպաբանությամբ պայմանավորված, իսկ որոշների մոտ էլ՝ մուտացիայի դրսևորում։ Ազատ բնության մեջ հանդիպող ամենամեծ եղջյուր ունեցող ռնգեղջյուրի սերտաճած ոսկրի երկարությունը կազմել է 1,5 մետր։ Նման երևույթներ տասնյակ դարեր շարունակ չեն գրանցվում։ Ի տարբերություն մյուս ռնգեղջյուրների՝ սև ռնգեղջյուրների որոշ ենթատեսակների (հիմնականում հյուսիսարևելյան Աֆրիկայում հանդիպող առանձնյակների) մոտ ի հայտ են գալիս երրորդ թերզարգացած փոքր եղջյուրի նախանշաններ, որոնք շատ դեպքերում արտաքինից նկատելի են։ Սև ռնգեղջյուրներն իրենց երկարավուն եղջյուրներն օգտագործում են բնական միջավայրի հակառակորդներից պաշտպանելու և որոշներին էլ վախեցնելու, ինչպես նաև կեր հայթայթման ժամանակ բույսի արմատները կոտրելու համար։ Սև ռնգեղջյուրները երկիր մոլորակի խոշորագույն ցամաքային կաթնասուններից են։ Նրանք ռնգեղջյուրների ընտանիքի երրորդ խոշորագույն ներկայացուցիչն են՝ իրենց չափերով զիջելով միայն սպիտակ ռնգեղջյուրին և Ինդոնեզիայում բնակվող ճավայան ռնգեղջյուրին։

Սև ռնգեղջյուրների սլաքաձև, շոշափող վերին շուրթն օգտագործվում է պտղի տերևներն ու խոտը բռնելու և ուտելու համար։ Սև ռնգեղջյուրներն իրենց ցեղակից սպիտակ ռնգեղջյուրներից տարբերվում են չափերի տարբերության, համեմատաբար ավելի փոքր գանգով և ականջներով։ Բացի այդ, սպիտակ ռնգեղջյուրի «քառակուսի» շուրթը օգնում է արածելու գործընթացի ժամանակ, իսկ սև ռնգեղջյուրների «կախված» շրթունքը՝ սնունդը բռնելիս։ Սպիտակ ռնգեղջյուրների հաստ շերտավորված մաշկը կենդանիներին զերծ է պահում փշերի և սուր խոտերի սպառնալիքից։ Արտաքինից այս կաթնասունների մաշկը ծածկված է այնպիսի մակաբույծներով, ինչպիսիք են տիզն ու մազագլուխը, որոնցով սնվում են եգիպտական ձկնկուլներն ու աֆրիկյան սարյակները։ Ենթադրվում է, որ սև ռնգեղջյուրների տեսողական վերլուծիչը բավականին վատ է զարգացած։ Փոխարենը՝ ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ այս տեսակի ներկայացուցիչներն ունեն առավել լավ լսողություն և հոտի զգայարան։ Այսպիսով՝ երկընտրանքի հնարավորության դեպքում ռնգեղջյուրները գործողություն են կատարում բնազդաբար կամ բենվելով լսողության կամ հոտի ընկալիչների վրա։ Ռնգեղջյուրների տեսողական վերլուծիչը գրեթե հավասարազոր է նապաստակինին, իսկ ականջների լայն խողովակաձև տիրույթը կարողանում է հեշտությամբ որսալ շրջակա միջավայրի տարաբնույթ հնչյունները։ Հոտի հիանալի զգացողությունն օգնում է կենդանիներին գիշատիչ կենդանիների ներկայության և այլ տագնապային պահերում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկյան ընձուղտի և սև ռնգեղջյուրի հանդիպումը Նամիբիայի Էտոշա հատուկ պահպանվող տարածքում

Ինչպես Աֆրիկայի կենդանական աշխարհի ներկայացուցիչ մյուս խոշոր կաթնասունները, այնպես էլ սև ռնգեղջյուրները, նախկինում մեծապես տարածված են եղել «սև մայրցամաքի» հյուսիսային հատվածում։ Այնուամենայնիվ, սև ռնգեղջյուրներն իրենց տարածվածության արեալի ընդարձակությամբ չեն կարող համեմատվել սպիտակ ռնգեղջյուրների հետ։ Սահարա անապատում հայտնաբերված ժայռապատկերները չափազանց սխեմատիկ են և դրանց միջոցով դժվար է որոշել, թե պատկերված ռնգեղջյուրները սպիտակ են թե սև։ Այնուամենայնիվ, Նեղոսի դելտայից և Արաբական անապատից հայտնաբերված գտածոները համոզիչ կերպով ապացուցում են, որ այդ տարածքներում նախապատմական ժամանակներում ապրել են սև ռնգեղջյուրներ[15]։

19-րդ դարի կեսերին սև ռնգեղջյուրները եղել են աֆրիկյան սավաննաների սովորական բնակիչներից մեկը։ Նրանք հանդիպել են Կենտրոնական, Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդարձակ տարածություններում[16]։ Աֆրիկայի գաղութացման ժամանակաշրջանում ռնգեղջյուրները նույնպես արժանացել են մայրցամաքի մյուս խոշոր կաթնասունների ճակատագրերին։ Ներկայումս վերջիններս պահպանվել են միայն բնության հատուկ պահպանվող տարածքներում՝ արգելոցներում և ազգային պարկերում։

Վերջին տվյալներով երկիր մոլորակի վրա բնակվող սև ռնգեղջյուրների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 3,5 հազար առանձնյակ, մինչդեռ 1967 թվականին նրանց թիվը կազմել է 11 000-13 500 (այդ թվում 4 հազարը բնակվել են միայն Տանզանիայում)։ Ռնգեղջյուրների մեծ մասն ապրում է Տանզանիայի, Զամբիայի, Զիմբաբվեի, Մոզամբիկի և Հարավաֆրիկյան Հանրապետության հատուկ պահպանվող տարածքներում։ Որոշ պոպուլյացիաներ բնակվում են նաև Անգոլայում, Կամերունում և Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում։ Կենդանիների թվի կրճատման վրա ներազդող պայմաններից ակնառու է որսագողությունն ու կենսական պայմանների բացակայությունը։ Ռնգեղջյուրները որսորդների ուշադրության կենտրոնում հայտնվում են ի շնորհիվ իրենց թանկարժեք եղջյուրների։ Վերջին 10-15 տարիների ընթացքում փոխվել են կենդանիների պահպանությանն ուղղված մոտեցումները։ Սև ռնգեղջյուրների որոշ ենթատեսակների քանակական ցուցանիշները դեռևս կայուն են, իսկ որոշներն էլ գտնվում են վերացման եզրին։

Վարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ սև ռնգեղջյուրները մենակյաց կենդանիներ են, չնայած նրան, որ մինչև սեռահասուն դառնալը մոր և ձագի միջև կան զանազան կապեր։ Բացի այդ, էգերն ու որձերը ևս ունեն կայուն և համերաշխ հարաբերություններ։ Երիտասարդ տարիքի սեռահասուն առանձնյակները ժամանակի ընթացքում կապի մեջ են մտնում հակառակ սեռի ներկայացուցիչ մեկ այլ առանձնյակի հետ, որից հետո էլ ձևավորում են ընտանիք։ Սև ռնգեղջյուրները տարածքային կենդանիներ չեն և շատ հաճախ վերջիններիս բնակության վայրերը խաչվում են ռնգեղջյուրների այլ տեսակների զբաղեցրած արեալների հետ։ Ռնգեղջյուրները բնադրում են ջրային և կերային ռեսուրսների հարևանությամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սև ռնգեղջյուրների պատմական տարածվածությունն (Diceros bicornis) Արևմտյան Աֆրիկայում» (PDF). Աֆրիկյան կենդանաբանություն (1): 63–70. 2004.
  2. Մատթեու Քնայթ (նոյեմբերի 10, 2011) Արևմտյան սև ռնգեղջյուրը հայտարարվել է վերացած տեսակ. Us.cnn.com.
  3. «Աֆրիկյան ռնգեղջյուրների տաքսոնոմիական դասակարգում» (PDF). Կենդանաբանության ամսագիր (265/4): 365–376. 2005.
  4. Ռուքմախեր Լ․ (1982). «Սև ռնգեղջյուրների տեսակն (Diceros bicornis) ու անկախ ենթատեսակները» (PDF). Աֆրիկյան ռնգեղջյուրների տարածվածության ժողովածու. Բեռլինի կենդանաբանական այգի (2): 41–45.
  5. Հիլման Սմիթ (1994). «Diceros bicornis» (PDF). Կաթնասունների տեսակներ (455): 1–8. doi:10.2307/3504292.
  6. Թոմաս Օ․ (1911). «Կառլ Լիննեյի տասերորդ հրատարակչության կաթնասունները». Լոնդոնի կենդանաբանական միության նյութեր: հատոր 1-120-158. Biostor.
  7. «Սև ռնգեղջյուրների աշխարհագրական ենթատեսակներ (Diceros bicornis Linnaeus, 1758)». Կաթնասունների տերմինոլոգիական բառարան (32): 267–276. 1967.
  8. Գրուբ, Պ․ (2011). Սև ռնգեղջյուրների (աֆրիկյան ռնգեղջյուրներ) տաքսոնոմիական դասակարգում. Բալթիմոր, Միացյալ Նահանգներ: Համալսարանական հրատարակչություն, Բալթիմոր 978-1-4214-0093-8. էջ 317. {{cite book}}: Missing |author1= (օգնություն)
  9. Բրուքս, Մ․ (1999). Աֆրիկյան ռնգեղջյուրներ՝ մոնիտորինգի և պահպանման գործողությունների ծրագիր (PDF). Գլենդ և Քեմբրիջ: Բնության պահպանության միջազգային միություն/Աֆրիկյան ռնգեղջյուրների հատուկ խմբեր. էջեր x+92. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. {{cite book}}: Missing |author1= (օգնություն)
  10. Անդրեյ Մելդրում (2006 թ․ հուլիսի 12). «Արևմտաաֆրիկյան սև ռնգեղջյուրին սպառնում է վերացման վտանգը». The Guardian. Լոնդոն, Միացյալ Թագավորություն. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 9-ին.
  11. «Սև և սպիտակ ռնգեղջյուրների դասակարգման համար առկա տեսական հիմքերը» (PDF). 1987: 9/3-5. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  12. «Կաթնասուններ», Գոյություն ունեցող եզրագիծը. հոկտեմբերի 23, 2013
  13. «Գիտնականները հրաբխային ապարում հայտնաբերել են հին ռնգեղջյուրների գանգի մնացորդները՝ ամենահետաքրքիր փաստերն ու պատմությունները». primeinfo.net.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
  14. «Pliocene Rhinocerotidae (Mammalia)՝ ժամանակակից աֆրիկյան ռնգեղջյուրների նախնիններ». Ժառանգական պալեոնտոլոգիայի ամսագիր (25–2): 451–461. 2005.
  15. Osborn; Օսբորնովա, Ջ․ (1998). Եգիպտոսի բնության պատմություն, հատոր IV: Հին Եգիպտոսի կաթնասուններ (PDF). Վերմինսթեր, ԱՄՆ. էջեր 4–213. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 9-ին.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  16. «Բոտսվանայի կաթնասուններ» (PDF). Հռոդեսիայի ազգային թանգարան, հատոր IV: 1–340. 1971.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև ռնգեղջյուր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև ռնգեղջյուր» հոդվածին։