Կվազուլու-Նատալ
Կվազուլու-Նատալ անգլ.՝ KwaZulu-Natal զուլուսերեն՝ iKwaZulu-Natali | |||
---|---|---|---|
| |||
Խորհրդարանի շենքը, Պիտերմարիցբուրգ | |||
Երկիր | Հարավաֆրիկյան Հանրապետություն | ||
Կարգավիճակ | Հարավաֆրիկյան Հանրապետության նահանգ | ||
Մտնում է | ՀԱՀ | ||
Վարչկենտրոն | Պիտերմարիցբուրգ | ||
Խոշորագույն քաղաք | Դուրբան | ||
Ամենաբարձր կետ | Մաֆադի | ||
ԲԾՄ | 1276 մետր | ||
Օրենսդրական մարմին | Կվազուլու֊Նատալի օրենսդիր ժողով | ||
Նահանգապետ | Սիհլե Զիկալալա | ||
ՀՆԱ (2017) ՀՆԱ մեկ շնչի հաշվով | 16 % (2 տեղ) 7 տեղ | ||
Հիմնական լեզու | զուլուսերեն՝ 77,8 % անգլերեն՝ 13,2 % կոսա՝ 3,4 % աֆրիկաանս՝ 1,6 % | ||
Բնակչություն (2016) | 11,1 մլն (2 տեղ) | ||
Խտություն | 108,81 մարդ/կմ² (2011) | ||
Ազգային կազմ | սևամորթներ՝ 86,8 % հնդիկներ կամ ասիացիներ՝ 7,4 % սպիտակամորթներ՝ 4,2 % գունամորթներ՝ 1,4 % այլ՝ 0,3 % | ||
Տարածք | 94 361 կմ² (7 տեղ) | ||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ - Ցածրագույն կետ | 3451 մ 0 մ | ||
Հիմնադրված է | ապրիլի 27, 1994 թ. | ||
Սահմանակցում է | Մպումալանգա, Շիսելվենի, Լուբոմբո, Մապուտո նահանգ, Մոկոտլոնգ, Թաբա-Ցեկա, Qacha's Nek District?, Արևելյան Կապ և Ֆրի Սթեյթ | ||
Ժամային գոտի | UTC+2 | ||
Փոխարինեց | Նատալ և kwaZulu? | ||
ISO 3166-2 կոդ | ZA-KZN | ||
kwazulunatal.gov.za | |||
Կվազուլու-Նատալ (անգլ.՝ Natal, զուլուսերեն՝ iKwaZulu-Natali, կոսա՝ KwaZulu-Natal, աֆրիկաանս՝ KwaZoeloe-Natal), նահանգ Հարավ-Աֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) արևելքում, Հնդկական օվկիանոսի ափին։ Ստեղծվել է 1994 թվականին Նատալ նահանգի (հին պորտուգալական անվանումը՝ «Սուրբ Ծննդյան») և նախկին բանտուստան Կվազուլուի միավորման միջոցով։ Սահմանակցում է Էսվատինիին, Լեսոթոյին և Մոզամբիկին։
Վարչական կենտրոնը Պիտերմարիցբուրգն է, տնտեսական կենտրոնը և խոշոր նավահանգիստը՝ Դուրբանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նատալը 1842 թվականից անգլիական գաղութ էր, 1910 թվականից՝ Հարավ-Աֆրիկյան Միության (1961 թվականից՝ ՀԱՀ) նահանգ։ Ագրարային-ինդուստրիալ նահանգ էր։ Գերակշռում էին եվրոպացիներին պատկանող խոշոր ֆերմաներն ու տնկադաշտերը։ Նատալը ՀԱՀ-ի շաքարեղեգ ու բանան արտադրող հիմնական շրջանն էր։ Զբաղվում էին նաև ավստրալիական ակացիայի, բամբակենու, ծխախոտի, կարտոֆիլի, բանջարեղենի մշակությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ։ Արդյունահանում էին քարածուխ, իլմենիտ, թորիումի, ցիրկոնի, տանտալի, երկաթի հանքաքար։ Կան սննդի արդյունաբերության, նավթավերամշակման, անվադողերի, նավաշինական, նավանորոգման ձեռնարկություններ[1]։
Նատալ նահանգի տարածությունը 87 հզ. կմ² էր, բնակչությունը՝ 4245 հզ. (1978)։
Աշխարհագրություն և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգի տարածությունը 94 361 կմ² է, ինչը գրեթե համապատասխանում է Պորտուգալիայի տարածության։ Աշխարհագրորեն այդ տարածքը կարելի է բաժանել երեք տարածաշրջանի։ Առաջինը՝ ծովափնյա հարթավայրը, տարածվում է դեպի հյուսիս։ Կենտրոնական շրջանները զբաղեցնում է բլրոտ սարավանդը, որը բարձրանում է դեպի արևմուտք։ Երրորդ տարածաշրջանը ներկայացված է երկու լեռնային շրջաններով՝ Դրակոնյան լեռներով (արևմուտքում) և Լեբոմբոյի լեռներով (հյուսիսում)։ Դրակոնյան լեռների բարձրությունը հասնում է 3000 մետրի Լեսոթոյի հետ սահմանին։ Լեբոմբոն, ընդհակառակը, ցածր հնագույն լեռներ են, որոնք Էսվատինիից հարավ ձևավորում են զուգահեռ լեռնաշղթաներ։ Նահանգի խոշորագույն գետը՝ Տուգելան, հոսում է արևմուտքից դեպի արևելք՝ Կվազուլու-Նատալի կենտրոնական մասում։
Տարածաշրջանի կլիման բավականին բազմազան է, ափին այն մերձարևադարձային է և խոնավ։ Այսպես, Դուրբանում տեղումների տարեկան միջին քանակը 1009 մմ է, ցերեկային առավելագույնները հունվար-մարտ ամիսներին հասնում են 28 °C-ի, նվազագույնները՝ 21 °C-ի, հունիսից օգոստոս առավելագույնները հասնում են 23 °C-ի, իսկ նվազագույններն ընկնում մինչև 11 °C։ Ներքին շրջաններում ամառային ջերմաստիճանները նման են ծովափնյա ջերմաստիճաններին, թեև ձմեռներն ավելի ցուրտ են։ Ձմեռները Դրակոնյան լեռներում սառը և ձնառատ են, ամենաբարձր գագաթները ծածկված են թեթև ձյան ծածկույթով նաև ամռանը։ Ափի հյուսիսային մասը՝ Զուլուլենդը, բնութագրվում է ավելի տաք և խոնավ կլիմայով, որը մոտ է արևադարձայինին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի տվյալներով նահանգի բնակչությունը կազմում է 10 267 300 մարդ[2][3]։ Նահանգի բնակչության էթնիկ կազմը՝ սևամորթներ՝ 86,8 %, սպիտակամորթներ՝ 4,2 %, գունամորթներ՝ 1,4 %, հնդկական և այլ ասիական ծագում ունեցող անձինք՝ 7,4 %[4]։ Նահանգի հիմնական լեզուներն են զուլուսերենը (77,8 %) և անգլերենը (13,2 %)[5]։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կվազուլու-Նատալ նահանգը բաժանվում է 1 քաղաքային շրջանի և 10 գավառի, որոնք ներառում են 43 համայնք։
Քաղաքային շրջաններ (Metropolitan Municipality)
- էթեկվինիի քաղաքային շրջան (eThekwini)
Գավառներ (District Municipality)
- Ամաջուբա (Amajuba)
- Զուլուլենդ (Zululand)
- Թագավոր Կետչվայո (King Cetshwayo)
- Իլեմբե (iLembe)
- Հարրի Գվալա (Harry Gwala)
- Ուգու (Ugu)
- Ութուկելա (Uthukela)
- Ումգունգունդլովու (uMgungundlovu)
- Ումզինյաթի (Umzinyathi)
- Ումխանյակուդե (Umkhanyakude)
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դուրբան քաղաքն արագ աճող քաղաքային շրջան է և խոշոր նավահանգիստ, լավ կապված է երկրի այլ շրջանների հետ երկաթուղիներով։ Դուրբանի և նրա շրջակայքի արդյունաբերությունը ներառում է շաքարեղեգի վերամշակումը, հագուստի և մանածագործական արտադրությունը, քիմիական և նավթավերամշակման արդյունաբերությունը, թղթի և կաուչուկի արտադրությունը, ավտոմեքենաների հավաքումը, սննդի արդյունաբերությունը։ Ունի նաև ալյումինի արտադրության գործարան։ Խոշոր արդյունաբերական կենտրոն է նաև նահանգի հյուսիսում գտնվող Նյուքասլ քաղաքը։ Այստեղ գտնվում են Mittal Steel South Africa֊ն՝ սինթետիկ ռետինի, քրոմի, քիմիական նյութերի արտադրության ձեռնարկությունները, զարգացած է մանածագործական արդյունաբերությունը։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կվազուլու-Նատալի երկու շրջանները հայտարարվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ՝ Իսիմանգալիսո ջրաճահճային պարկը և Ուխահլամբա Դրակենսբերգի պարկը։ Այդ տարածքները շատ գեղատեսիլ են և չափազանց կարևոր են շրջակա էկոհամակարգերի համար։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կվազուլու-Նատալ» հոդվածին։ |
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/196 — Վիքիդարան». hy.wikisource.org. էջ 196, հատոր 8. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «SouthAfrica.info». Արխիվացված է օրիգինալից 2016-11-21։-ին.
- ↑ «Statistics South Africa» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015-11-13։-ին.
- ↑ «Census in brief 2011» (PDF). www.statssa.gov.za. Statistics South Africa. ISBN 978-0-621-41388-5.
- ↑ «The languages of South Africa». Արխիվացված է օրիգինալից 2011-03-04։-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 196)։ |
Վիքիճամփորդն ունի Կվազուլու-Նատալին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
|