Ղրիմի խանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ղրիմի խանություն, Ոսկե հորդայից անջատված թաթարական ֆեոդալական պետություն Ղրիմում, 15-18-րդ դարերում․։ Բաթու խանի առաջնորդությամբ մոնղոլ-թաթարները, 1239 թվականին տիրելով Ղրիմի տափաստանային մասին, իրենց ենթարկեցին տեղի բնակիչներին (ալաններ, պոլովցիներ, սլավոններ, հայեր, հույներ)։ 13-րդ դարի վերջից Ղրիմը դարձավ քոչավայր նվաճողների վերնախավի՝ ֆեոդալական Շիրին, Բարին, Արգին, Ղփչաղ և այլ տոհմերի համար, որոնց տնտեսության հիմքը քոչվոր անասնապահությունն էր։ 13-14-րդ դարերի սահմանագծում այստեղ ստեղծվեց Ոսկե հորդայի խանի հատուկ կուսակալություն, որի կենտրոնը Սուրխաթ (Հին Ղրիմ) քաղաքն էր։ Երկպառակտչական արյունալի պայքարից հետո՝ 1433 թվականին իշխանությունն անցավ Գիրեյ տոհմին, և մայրաքաղաք դարձավ Բախչիսարայը։ Դևլեթ-Հաջի Գիրեյը (մահացել է 1466 թվականին) Լիտվական մեծ իշխանության աջակցությամբ 1443 թվականին ստեղծեց Ոսկե հորդայից անկախ Ղրիմի խանություն, որն ընդգրկում էր նաև ստորին Մերձդնեպրը։ Մենղլի Գիրեյ խանի օրոք (1468-1515 թվականներին) օսմանյան զորքերը 1475 թվականին ներխուժեցին Ղրիմ, ջախջախեցին հյուսիս-մերձսևծովյան ջենովական գաղթավայրերը և իրենց գերիշխանությունը հաստատեցին Ղրիմի խանության վրա։ 16-17-րդ դարերում Ղրիմի խանության թաթարները ասպատակեցին Ռուսաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի տարածքը, մի քանի անգամ պաշարեցին Մոսկվան, Տուլան և այլն, գերեվարեցին հազարավոր ռուսների։ 17-րդ դարի վերջին Թուրքիայի դեմ պատերազմող ռուս, զորքերը 1687-1689 թվականին ռազմական, ապարդյուն արշավանքներ ձեռնարկեցին նրա դաշնակից Ղրիմի․ խանության դեմ։ 1774 թվականի Քյուչուք-Կայնարջիի պայմանագրով Ղրիմի խանությունը դադարեց Թուրքիայի վասալը լինելուց և անկախ հայտարարվեց, բայց Ռուսաստանի գերիշխանության ներքո, իսկ 1783 թվականին վերջնականապես միացվեց Ռուսաստանի, կայսրությանը։ Ղրիմի խանությունում հայերը, թաթարներից հետո, իրենց թվով (ավելի քան 300 հազար մարդ) երկրորդն էին։ Մեծ էր նաև հիմնականում երկրագործությամբ, արհեստներով և առևտրով զբաղվող հայերի տնտեսական դերը։ Մինչև օսմանյան գերիշխանության հաստատումը հայ-թաթարական փոխհարաբերությունները հարաբերաբար բարեկամական բնույթ էին կրում։ Գիրեյ տոհմի բժիշկները, խանության դրամատան վարիչները, որպես կանոն, հայեր էին լինում։ 15-րդ դարի վերջից հայերն ընկան կրկնակի՝ սուլթանական և խանական հարկման տակ, ենթարկվեցին կրոնական հալածանքների և մասամբ արտագաղթեցին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 45 CC-BY-SA-icon-80x15.png