Կարապետ Բագրատունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապետ Բագրատունի
Ծնվել էմայիսի 30, 1779(1779-05-30)
ԾննդավայրՀունուտ, Սպեր, Էրզրում, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունիսի 3, 1856(1856-06-03) (77 տարեկան)
Մահվան վայրԱխալցխա, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու արձանը Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցո բակում

Կարապետ արքեպիսպոս Բագրատունի, (ավազանի անունը՝ Հովհաննես, մայիսի 30, 1779(1779-05-30), Հունուտ, Սպեր, Էրզրում, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունիսի 3, 1856(1856-06-03), Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), եկեղեցական-հասարակական գործիչ, Կարինի և Վիրահայոց թեմերի առաջնորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունն ստացել է (1791 թվականից) Ակնի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսի մոտ, այնուհետև Կ. Պոլսում ուսանել աստվածաբանություն, ճարտասանություն, քերականություն և լեզուներ։ 1801 թվականին Ակնում ձեռնադրվել է վարդապետ, ապա նշանակվել Կարնո և Ակնի վիճակների վանքապատկան կալվածքների հոգաբարձու։ 1808 թվականից՝ Կարնո հայոց հոգևոր թեմի առաջնորդ։ 1811 թվականին Եփրեմ Ա Ձորագեղցին նրան շնորհել է արքության պատիվ և տիտղոս։ Կարնո թեմում ծավալել է տնտեսական և հոգևոր-մշակութային արդյունավետ գործունեություն։ Հիմնել է իր անունը կրող Կարապետյան վարժարանը։ Աջակցել է ռուսական զորքին ու արքունիքին 1829 թվականին՝ Էրզրումի գրավման ժամանակ։ Երբ Ադրիանապոլսի պայմանագրրով (2.9.1829) Էրզրումի, Բայազետի և Կարսի փաշայությունները վերադարձվել են Թուրքիային, Կարապետ Բագրատունին, վախենալով թուրքերի վրեժխնդրությունից, Էրզրումի և շրջակայքի հայության անունից, 29 պատվավոր քաղաքացիների հետ, ռուսական բանակի հրամանատար Ի. Ֆ. Պասկևիչին է ներկայացրել (15.12.1829) աղերսագիր՝ խնդրելով թույլատրել տեղի հայերին գաղթել Ռուսական կայսրության սահմանները։ Կարապետ Բագրատունու հորդորանքով և առաջնորդությամբ 1830 թվականին Էրզրումից և շրջակա հարյուրավոր գյուղերից մոտ 50 հզ. (7298 ընտանիք) հայ գաղթել և բնակություն է հաստատել Ախալցխայում, Ախալքալաքում, Ծալկայում, Լոռի-Փամբակում և Շորագյալում։ Կարապետ Բագրատունու ջանքերով Էրզրում քաղաքի և շրջակա գյուղերի վանքերից ու եկեղեցիներից հավաքվել և Ախալցխա են տեղափոխվել հոգևոր-մշակութային արժեքներ (որոնց թվում՝ «Ծուղրութի Ավետարան»-ը)։ Դրանք հիմնականում զետեղվել են Ախալցխայի նորակառույց (1835–1837) Ս. Փրկիչ եկեղեցում։ Կարապետ Բագրատունու օժանդակությամբ ու մասնակցությամբ են ստեղծվել Ախալցխայի նոր, աջափնյա մասը՝ Պլանը, 100-ից ավելի գյուղեր՝ Ախալցխայի, Ախալքալաքի, Ծալկայի գավառներում, մոտ 60 եկեղեցի, Նոր Կարապետյան դպրոցը (1842–1844, այժմ՝ քանդված), Ախալքալաքի Ս. Մեսրոպյան արական դպրոցը ևն։ 1837 թվականի հունվարի 20-ին Կարապետ Բագրատունին նշանակվել է Վրաստանի և Իմերեթի հայոց թեմի առաջնորդ ու այդ պաշտոնում մնացել մինչև մահը։ 1837 թվականի սեպտեմբերին Ախալցխայում դիմավորել և ընդունել է Անդրկովկասի նորանվաճ երկրամասերն այցելած Նիկոլայ I ցարին։ Կարապետ Բագրատունու խնդրանքով կայսրը մեկ տարով ևս երկարաձգել է Ախալցխայի հայ գաղթականների՝ հարկեր չվճարելու արտոնությունը։ Ռուսական կառավարությանը մատուցած ծառայությունների համար Կարապետ Բագրատունին պարգևատրվել է (20.10.1830) Ս. Աննայի առաջին աստիճանի շքանշանով։ Թաղված էր Ախալցխայի Ս. Փրկիչ եկեղեցու գավթում, որտեղից 1953 թվականին աճյունը տեղափոխվել է քաղաքային գերեզմանատուն։ Ախալքալաքի Ս. Խաչ եկեղեցու բակում կանգնեցվել է Կարապետ Բագրատունու հուշարձանը (2000, քանդ.` Լ. Գրիգորյան)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գալամդարյան Վ., Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի, «Էջմիածին», 1956, դ 11–12։
  • Գեղամյանց Հ., Կարապետ արքեպիսկոպոս. կենսագրություն, Երևան, 1999։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 305 CC BY-SA icon 80x15.png