Քրիստափոր Կարա-Մուրզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստափոր Կարա-Մուրզա
Kristapor Kara-Murza.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել է փետրվարի 18, 1853
Ղրիմ, Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Բելոգորսկ
Մահացել է մարտի 27, 1902
Թիֆլիս, Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Թբիլիսի
Ժանրեր Ժողովրդական երաժշտություն
Մասնագիտություն Կոմպոզիտոր

Քրիստափոր (Խաչատուր) Մարգարի Կարա-Մուրզա (մարտի 2, 1853 , Բելոգորսկ - ապրիլի 9, 1902 , Թբիլիսի), հայ կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական հասարակական գործիչ, երաժիշտ քննադատ:

19-րդ դարի երկրորդ կեսի հայ երաժշտության պատմության մեջ իր ուրույն տեղն ունի Կարա-Մուրզան: Նա իր ժամանակի եռանդով լի երաժշտա-հասարակական գործիչ էր, ժողովրդի լավագույն նվիրյալներից, բազմաթիվ երգչախմբերի կազմակերպիչ: Կարա-Մուրզան առաջինը հաստատեց բազմաձայն երգեցողություն հայկական երաժշտության պատմության մեջ: Նրա ջանքերով ժողովրդական երգի մշակումը դարի վերջին տասնամյակում առանձին նշանակություն ձեռք բերեց: Կարա-Մուրզան նաև լավ մանկավարժ էր: Նա օգնում էր երիտասարդ երաժիշտներին , պատրաստում և դաստիարակում էր երգչախմբի ղեկավարների: Կարա-Մուրզան նաև հրապարակախոս էր: Նրա հոդվածներում արտացոլվում է նրա առաջադիմական , գեղարվեստական սկզբունքները:

Կյանքը և գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարա-Մուրզան ծնունդով Ղրիմից էր, որը նշանավոր հայ գաղթավայրերից էր և մեծ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի քաղաքական և մշակութային կյանքում: Ղրիմի և Նոր Նախիջևանի հայկական գաղթօջախների բնակիչները ապրել են միասին և տվել են բազում ականավոր գործիչներ՝ Միքայել Նալբանդյան, Ռափայել Պատկանյան, Հովհաննես Այվազովսկի և այլք:

Ծանոթանալով հարազատ ժողովրդի մշակույթի մակարդակին, որը այդ ժամանակաշրջանում անկում էր ապրում, Կարա-Մուրզայի համար պարզ դարձան երաժշտության զարգացման ճանապարհին կանգնած խնդիրները: Անհրաժեշտ էր ժողովրդին հաղորդակից դարձնել համաշխարհային երաժշտության գանձերին: Այս անելու համար անհրաժեշտ էր քառաձայն երգեցողություն , կանոնավոր համերգային կյանք: Անհրաժեշտ էր նաև երգացանկ, երգչախմբային գրականություն: Կարա-Մուրզան որոշում է ամբողջովին նվիրվել դրան: Նպատակի իրագործման համար նա պիտի հաստատվեր այդ ժամանակի հայ մշակույթի գլխավոր կետերից մեկում: Մեկը Կոստանդնուպոլիսն էր, մյուսը՝ Թիֆլիսը: Կարա-Մուրզան ընտրեց Թիֆլիսը, քանի որ այն առավել մոտ էր Հայաստանին: 1882թ.-ին նա տեղափոխվեց Թիֆլիս: Մտավորականությունը նրան դիմավորեց անկեղծ ոգևորությամբ: Շուտով հաջողվեց կազմակերպել քառաձայն երգչախումբը և տալ հայկական բազմաձայն երգի առաջին համերգը: Դա 1885թ.-ին էր, որը , որպես պատմական իրադարձություն, մտավ հայ երաժշտության պատմության մեջ: Երգչախումբը ուներ արական կազմ, բաղկացած էր 15 հոգուց և հանդես էր գալիս ազգային տարազով: Համերգն ունեցավ բացառիկ հաջողություն:

Այսպես սկսվեց Կարա-Մուրզայի գործունեությունը, որը տևեց մինչև նրա կյանքի վերջը: Ժամանակակիների բնորոշմամբ, Կարա-Մուրզան ասես շրջիկ դպրոց լիներ: Յուրաքանչյուր քաղաքում և գյուղում Կարա-Մուրզան կազմակերպում էր քառաձայն երգչախումբ, պատրաստում խմբավարներ: Նա գործը կազմակերպում էր այնպես, որ երգչախումբը իր հեռանալուց հետո շարունակի գոյատևել: Կարա-Մուրզան առավել ընդունակ երիտասարդների համար հարուստներից թոշակ էր կոռզում, որպեսզի նրանք սովորեն ռուսական և եվրոպական կոնսերվատորիաներում և ձեռք բերեն մասնագիտական կրթություն:

Պակաս կարևոր չէր այն, որ Կարա-Մուրզան տարածում էր նաև հայոց լեզուն: Նրա գործունեությունը երաժշտա-հասարակական աշխատանք էր, սակայն դրան զուգահեռ նա նաև մասնավոր դասեր էր տալիս, և այդպիսով շատ ժամանակ չէր հատկացնում ստեղծագործելուն:

Կարա-Մուրզան հավաքում էր և մշակում ժողովրդական և գուսանական երգեր.դրանով նա զբաղվեց համարյա ամբողջ կյանքում:Նրա նվաճումը կայանում էր նրանում, որ միաձայն երգից ստեղծում էր քառաձայն խմբերգ:Նրա ժառանգության մեջ իր ուրույն տեղն է գրավում «Շուշան» օպերան:Օպերայի նյութը վերցված էր վիպասան Ատրպետի <<Շուշան>> ողբերգությունից:Այս արևելահայության մեջ օպերա ստեղծելու առաջին փորձն էր:

Կարա-Մուրզան կատարել է նաև լուսավորական աշխատանք: Նա «Մշակ» թերթի հատուկ թղթակիցն էր երաժշտական բաժնում և գրում էր երաժշտա-քննադատական հոդվածներ:

Կարա-Մուրզան մահացավ ուժերի ծաղկման շրջանում՝ 1902 թ.-ին Թիֆլիսում՝ իր հետ տանելով բազմաթիվ չիրագործված նպատակներ:

Գրականություն Ք. Կարա-Մուրզայի և նրա ստեղծագործության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաթևոս Մուրադյան, Քրիստափոր Կարա-Մուրզա (կյանքը և երաժշտական-հասարակական գործունեությունը), Ե., Հայպետհրատ, 1950, 152 էջ:
  • Մաթևոս Մուրադյան, Քրիստափոր Կարա-Մուրզան և բազմաձայնության արմատավորումը հայ երաժշտության մեջ, Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1956, 288 էջ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]