Հոկտեմբերյան հեղափոխությունը և Հայաստանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


1917 թվականի հոկտեմբերի 24-25-ին (նոր տոմարով՝ նոյեմբերի 7-8-ին) բոլշևիկյան կուսակցությունը՝ Վլադիմիր Լենինի ղեկավարությամբ, զինված ապստամբության միջոցով Պետրոգրադում տապալել է ժամանակավոր կառավարությունը։ Խորհուրդների (սովետ) 2-րդ համառուսաստանյան համագումարում ստեղծվել է ժողովրդական կոմիսարների խորհուրդ (ժողկոմխորհ)՝ Վ. Լենինի նախագահությամբ, որն ստացել է երկիրը կառավարելու լիազորություններ՝ մինչև Սահմանադիր ժողովի հրավիրումը։

Սկզբում բոլշևիկները, շարունակելով ժամանակավոր կառավարության բարեփոխումները, խոստացել են խոսքի և մամուլի ազատություն, ազգերի իրավահավասարություն, հաշտության և հողի մասին դեկրետներով (որոշում)՝ գյուղացուն՝ հող, երկրին՝ խաղաղություն, դադարեցնել պատերազմը։ Այդ խոստումների շնորհիվ նրանք ստացել են ժողովրդի լայն շրջանների աջակցությունը։ ազգային փոքրամասնությունները ոգևորությամբ են ընդունել 1917 թվականի նոյեմբերի 3-ին (17-ին) հրապարակված «Ռուսաստանի ժողովուրդների իրավունքների դեկլարացիան», որով բոլշևիկները ռուսահպատակ ժողովուրդներին խոստացել են իրավահավասարություն, ինքնորոշման իրավունք՝ ընդհուպ մինչև Ռուսաստանից անջատվելն ու ինքնուրույն պետություն ստեղծելը։ Սակայն շուտով այդ բոլորն ի չիք են դարձել։ Ավելին՝ 1918 թվականի հունվարին Վ. Լենինի կառավարությունը զենքի ուժով ցրել է միակ օրինական, ժողովրդավարական ճանապարհով կազմված Սահմանադիր ժողովը։ Բոլշևիկները շուտով հրաժարվել են «լայն կոալիցիայի» և գործակցության գաղափարից, խզել են հարաբերությունները սոց. մյուս կուսակցությունների հետ, այլախոհների նկատմամբ սկսել հալածանք։

ՀՅԴ-ի հիմնադիրները` Ստեփան Զորյան, Քրիստափոր Միքայելյան և Սիմոն Զավարյան

Անդրկովկասի արձագանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավիճակի կտրուկ շրջադարձն անակնկալի է բերել Անդրկովկասի ազգ-քաղաքական ուժերին։ Թիֆլիսի պատգամավորների խորհրդի և գործկոմի համատեղ նիստն ընդունել է բանաձև՝ ժողովրդավարական իշխանություն ստեղծելու և Սահմանադիր ժողով հրավիրելու մասին։ ՀՅԴ-ն, որ նույնպես սոց. ուղղվածության կուսակցություն էր, քննադատել է բոլշևիկների քայլերը, իսկ ամբողջ աշխարհում սոցիալիզմի հաստատման Վ. Լենինի թեզը համարել է պատրանք։ Շուտով Անդրկովկասի քաղաքական ուժերի զգուշավոր դիրքը բոլշևիկների նկատմամբ վերածվել է անվստահության, նույնիսկ թշնամության։ Երբ պարզ է դարձել պատերազմի նկատմամբ բոլշևիկների մոտեցումը՝ պատերազմը պետք է դադարեցնել, իսկ գրավված բոլոր տարածքներն առանց որևէ պայմանի վերադարձնել իրենց նախկին տերերին, Անդրկովկասում ուժեղացել է Ռուսաստանից անջատվելու ձգտումը։ Մինչդեռ հայ քաղաքական կուսակցությունները հույս ունեին ռուսների արդեն գրաված Արևմտյան Հայաստանը միացնել Ռուսաստանին կամ վերջինիս հովանավորությամբ ստեղծել ինքնավարություն։ Տրապիզոնի նահանգի նկատմամբ հավակնություն ունեցող վրացիները նույնպես դեմ էին գրավված հողերի վերադարձմանը։ Այս և այլ հանգամանքներ դրդել են Անդրկովկասի ազգային կուսակցություններին՝ երկրամասում ստեղծելու իրենց իշխանության մարմինները։

1917 թվականի նոյեմբերի 15-ին Թիֆլիսում կազմավորվել է իշխանության նոր մարմին՝ Անդրկովկասի կոմիսարիատը՝ Պետդումայի անդամ վրաց մենշևիկ Եվգենի Գեգեչկորու նախագահությամբ։ Կոմիսարիատը բաղկացած էր 12 կոմիսարից, որոնցից 3-ը հայ էին՝ Խաչատուր Կարճիկյան (ֆինանսների կոմիսար), Համո Օհանջանյան (խնամատարության կոմիսար), Գևորգ Տեր-Ղազարյան (պարենավորման գործերի կոմիսար)։ Դադարեցվել է ժամանակավոր կառավարության օրոք ստեղծված Աևդրկովկասյան հատուկ կոմիտեի (ՕՁԱԿՈՍ) գործունեությունը, և Անդրկովկասը, որպես դաշնային (ֆեդերատիվ) երկրամաս, սկսել է բոլշևիկյան Ռուսաստանից անջատվելու գործընթացը։

Ստեփան Շահումյան

1917 թվականի դեկտեմբերի 16-ին Վ. Լենինի կառավարությունը քննարկել է իրադրությունն Անդրկովկասում և դատապարտել կոմիսարիատի անջատողական քաղաքական գիծը։ ժողկոմխորհը չի ճանաչել կոմիսարիատի իրավասությունը և, որպես կենտրոնի լիազոր ներկայացուցիչ, բոլշևիկ Ստեփան Շահումյանին նշանակել է Կովկասյան գործերի արտակարգ կոմիսար՝ մինչև խորհրդային կարգերի հաստատումը երկրամասում։ Վերջինիս նշանակման մանդատը և 500 հազար ռուբլի (ոսկով) Թիֆլիս է հասցրել բոլշևիկ-հեղափոխական Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան)։ Քանի որ 1917 թվականի աշնանը Բաքվում հռչակված խորհրդային իշխանությունը տապալվել էր, Ս. Շահումյաևը տեղափոխվել է Թիֆլիս և այնտեղ պայքար սկսել Անդրկովկասում խորհրդային իշխանություն հաստատելու համար։ 1918 թվականի հունվարի 26-ին կոմիսարիատն սկզբում հրաման է արձակել նրան ձերբակալելու մասին, ապա զիջել է և պահանջել հեռանալ Անդրկովկասից։ Երկրամասի բոլշևիկների ղեկավար կորիզը Թիֆլիսից տեղափոխվել է Բաքու, որտեղ 1918 թվականի ապրիլի 25-ին ստեղծել է Բաքվի կոմունան՝ Ս. Շահումյանի նախագահությամբ։

Կոմիսարիատի առաջնահերթ խնդիրը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն էր. 1917 թվականի դեկտեմբերի 5-ին Երզնկայում կնքվել է զինադադար։ Կովկասյան ճակատի երկայնքով՝ Տրապիզոնից մինչև Սիրիա, դադարեցվել են ռազմական գործողությունները։ Թուրքական կողմը «երաշխավորել» է հայերի անվտանգությունն իր վերահսկած տարածքում։ Թուրքերի համար այդ զինադադարը չափազանց նպաստավոր էր ժամանակ շահելու և նոր հարձակում սկսելու համար (բանակը բարոյալքված էր ու գրեթե քայքայված)։ Միաժամանակ, բոլշևիկների հաշտության մասին դեկրետը, նաև զինվորականության (հիմնականում գյուղացիներ էին) համար հող ստանալու հեռանկարն ընդամենը մի քանի ամսվա ընթացքում կազմալուծել էին ռուսական բանակը։ Դրան նպաստել է նաև Անդրկովկասի կոմիսարիատի վրաց-թաթարական (ադրբեջանական) մեծամասնության հակառուսական գործակցությունը։ 1918 թվականի հունվարի 12-13-ին Շամխորում վրաց մենշևիկներն ու թաթար-ադրբեջանցի մուսավաթականները զինաթափել են հեռացող մի քանի ռուսական զորամասերի։ Ընդհարումների ընթացքում սպանվել են բազմաթիվ ռուս զինվորներ։ Վերջիններից բռնագրավվել են 15 հազար հրացան, 70 գնդացիր, 20 հրանոթ։ Հայ ազգային կուսակցությունները, ողջ հայ ժողովուրդը դեմ էին ռուսական զորքերի հեռանալուն՝ այն համարելով չափազանց վտանգավոր Հայաստանի համար։

Վառլամ Ավանեսով, Յակով Սվերդլով և Դեմիեն Բեդնիյ

«Թուրքահայաստանի մասին» դեկրետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին խորհրդային Ռուսաստանի ժողկոմխորհն սկսել է զբաղվել Արևմտյան Հայաստանի հարցով։ Ազգությունների ժողկոմատին առընթեր ստեղծված «Հայկական գործերի կոմիսարիատի» անդամներ Վառլամ Ավանեսովին, բանաստեղծ Վահան Տերյանին, էսէռ Պռոշ Պռոշյանին և դաշնակցական Ռոստոմին (Ստեփան Զորյան) հանձնարարվել է մշակել դեկրետ Արևմտահայաստանի մասին։ Որոշ խմբագրումներից հետո դեկտեմբերի 29-ին ընդունված «Թուրքահայաստանի մասին» դեկրետով Ռուսաստանը ճանաչել է Արևմտյան Հայաստանի ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ այդ տարածքում պետություն ստեղծելը, և այդ նպատակով նախատեսել է հետևյալ պայմանները.

1. ռուսական զորքերի դուրսբերում Արևմտյան Հայաստանից և երկրամասում կարգուկանոն հաստատելու համար ժողովրդական միլիցիայի ստեղծում

2. հայրենիքից բռնագաղթած հայերի վերադարձը Թուրքահայաստան,

3. տարագիր հայերի վերադարձից հետո Ռուսաստանը պարտավորվում է Թուրքիայի հետ բանակցություններում պնդել հօգուտ Արևմտյան Հայաստանի ազատ ինքնորոշման իրավունքի,

4. ժողովրդավար, եղանակով Արևմտյան Հայաստանի ժամանակավոր իշխանության մարմնի՝ ժամանակավոր վարչության ստեղծում՝ հայ և մուսուլման բնակչության հավասար տեղերով։ 2-րդ և 4-րդ կետերի իրականացումը հանձնարարվել է Կովկասի գործերի արտակարգ և լիազոր կոմիսար Ս. Շահումյանին, որի իրավասություններն Անդրկովկասի կոմիսարիատը չէր ճանաչում։

Դեկրետով Արևմտյան Հայաստանին ինքնորոշում տալը պատրանք էր, քանի որ ցեղասպանված ու հայաթափված երկրում ինքնավար պետություն ստեղծելն անհնար էր՝ մանավանդ ռուսական բանակի դուրսբերումից հետո։ Վահան Տերյանն այդ մասին իր մտավախությունն է հայտնել Վ. ԼԵնինին։ Իսկ իրականում բոլշևիկները ոչ մի քայլ չեն արել դեկրետը կենսագործելու ուղղությամբ։ Ավելին՝ 1918 թվականի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում կնքված պայմանագրով ՝ Լենինի կառավարությունը թուրքերին է թողել ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Կարսի մարզը, որը մինչ այդ Արևելյան Հայաստանի կազմում էր։

Դեկրետի միակ դրական կողմն այն էր, որ խորհրդային Ռուսաստանը ճանաչել է հայերի օրինական իրավունքներն Արևմտյան Հայաստանի նկատմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png