Ադրբեջանցիները Հայաստանում
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |
Ադրբեջանցիները Հայաստանում | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | ||||||||||||
| ||||||||||||
Բնակեցում | ||||||||||||
| ||||||||||||
Լեզու(ներ) | ||||||||||||
ադրբեջաներեն, թուրքերեն, հայերեն, ռուսերեն | ||||||||||||
Հավատք(ներ) | ||||||||||||
իսլամ |
Ադրբեջանցիները Հայաստանում (ադրբ.՝ Ermənistan azərbaycanlıları), Հայաստանի տարածքում ձևավորված տարբեր պետական կազմավորումների ադրբեջանցի ազգաբնակչության ընդհանուր անվանումը։ Պետք է նկատի ունենալ,որ Ցարական Ռուսատանի կողմից անցկացված 1897-ի առաջին մարդահամարում Երևանի, Նախիջևանի նահանգներում,Կարսի և Սուրմալուի մարզեում ապրել են թուրքեր, թաթարներ, ղփչաղներ, լեզգիններ, քրդեր, պարսիկներ որոնք մարդահամորվ նշվել են որպես մուսուլմաններ։
Նախքան Արցախյան հակամարտությունը՝ Հայաստանի խորհրդայնացումից հերո երկրի տարածքում ապրող մուսուլմանները ճանաչվեցին որպես ադրբեջանցիներ։ Արցախյան պատերազմին հաջորդած հայ-ադրբեջանական լարված իրադրության հետևանքով ադրբեջանական համայնքը լքել է Հայաստանի տարածքը։ Ի տարբերություն սրա՝ Ադրբեջանի հայ բնակչությունը ենթարկվել է զանգվածային ջարդերի և տեղահանումների։ Միավորված Ազգերի Կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի համոզմամբ 2004 թվականի տվյալներով Հայաստանի տարածքում բնակվում են 30 ադրբեջանցիներ[1]։
Ադրբեջանցիները չունեն ազգային փոքրամասնության կարգավիճակ, սակայն նշվում են միջազգային մի շարք կառույցների վիճակագրական տվյալներում[Ն 1][3][4]։ Ի հակասություն այս փաստի՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ ներկայումս ո՛չ Հայաստանի, և ո՛չ էլ Արցախի տարածքում ոչ մի ադրբեջանցի չի ապրում։
Հայաստանաբնակ ադրբեջանցիների թիվը աճել է Երևանի խանության գոյության տարիներին։ 1879 թվականին պարսկական լծից ազատված ռուսահպատակ Հայաստանում բնակվում էր 313 հազար մուսուլման (այդ անվան տակ հանդես էին գալիս նաև Իրանի Արևմտյան Ադրբեջան երկրամասի պարսիկ բնակչությունը և մյուս թյուրքերը) և շուրջ 50 հազար քուրդ և եզդի։ Չնայած 1918-1920 թվականների հայ-ադրբեջանական լարված հարաբերություններին՝ Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունում բնակվել է շուրջ 12 հազար մուսուլման։ Հայաստանի ադրբեջանական (երազ) բնակչությունը վերստին աճել է Հայաստանի խորհրդայնացումից հետո։ 1939 թվականին Հայկական ԽՍՀ-ում բնակվում էր ավելի քան 130 հազար ադրբեջանցի, 1959 թվականին՝ 107 հազար, 1970 թվականին՝ 148 հազար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական լեռնաշխարհի իսլամադավան բնակչության ակունքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստան մտած առաջին վաչկատունները օղուզներ էին, որոնք հետախուզության ու ավարառության նպատակով խուժեցին Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունու տիրույթները։ Իսկ ուղիղ չորս տասնամյակ անց սելջուկյան կոչվող մեկ ուրիշ թյուրքական ցեղ սկսեց իր արշավանքները։ 11-14-րդ դարերում սելջուկները սկսեցին ամրապնդել իրենց դիրքերը Հայկական լեռնաշխարհի տարածքում[5]։ Հենց այս ժամանակից էլ սկսվեց Հայկական լեռնաշխարհի թյուրքաբնակեցման բազմադարյա երկարատև գործընթացը, որը հատկապես ակտիվացավ Լենկթեմուրի արշավանքներից հետո[6][7]։
Հայաստանի թյուրքաբնակեցման գործընթացին նպաստել է 17-րդ դարի սկզբին իսլամադավան երկու գերտերությունների՝ Սեֆյան Իրանի և Օսմանյան կայսրության միջև մղվող պատերազմը։ Ցանկանալով վերահաստատել 1555 թվականի Ամասիայի պայմանագրով նախատեսված թուրք-պարսկական սահմանագիծը՝ պարսից շահ Աբբաս I-ը, 1603 թվականին կազմակերպեց հայ բնակչության մեծ բռնագաղթը։ 17-րդ դարի սկզբներին Նախիջևանի երկրամասը էթնիկ տեսանկյունից Հայաստանի միատարր կազմ ունեցող շրջաններից էր, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունն հայերն էին։ Վերոհիշյալի մասին ուշագրավ տեղեկություններ է հաղորդում 17-րդ դարի վերջի ֆրանսիացի ճանապարհորդ և հայագետ, հիսուսյան միսիոներ Յակոբ Վիլլոտը, համաձայն որի Նախիջևանը ըստ տեղաբնիկների հաղորդման, նախկինում ուներ 40 հազար ծուխ բնակչություն։ Պարսից շահի կազմակերպած բռնագաղթի արդյունքում՝ Շիրակից մինչև Գողթն ընկած ամբողջ տարածքը հայաթափվեց։ Շահ Աբբասի բռնագաղթի հետևանքով Հայաստանի շրջանների բնակչությունը նոսրացավ, փոխարենը՝ մեծացավ օտար ազգությունների բնակեցման հնարավորությունները, իսկ երկիրը երկար ժամանակ զրկվեց պաշտպանունակությունից[8][9][10]։ Քրիստոնյա բնակիչներից Հայաստանի ամայացումը հնարավորություն ընձեռեց մի շարք իսլամադավան ազգությունների բնակություն հաստատել Հայաստանի տարածքում։ Դրանց թվում էին քրդերը, պարսիկները, իրանական ադրբեջանցիները, թաթարները և այլք։ 1604-1605 թվականներին 250-300 հայեր վերաբնակեցրեցին Հայաստանի տարածքը։ Ըստ ամերիկահայ պատմաբան Ջորջ Բուռնությանի՝ անգամ բռնագաղթից հետո 18-րդ դարում հայերը կազմում էին Արևելյան Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը։ 16-17-րդ դարերում ոչ միայն տարերայնորեն, այլ նաև միտումնավոր Հարավային Կովկասում բնակություն են հաստատել թուրքմենական և քրդական ցեղերը, որոնց այդ քայլը խրախուսվում էր տեղական իշխանությունների կողմից։
19-րդ դարի վերջ և 20-րդ դարի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մեծ և փոքր Արարատների պատկերը թաթարական Սիրբաղան գյուղից» (1838 թվական) և «Քրդերի և թաթարների ձիարշավախաղը Արմավիրի ամրոցի դեմ հանդիման». (Նկարիչ՝ Գ․Գ․ Գրիգորևիչ, 1847 թվական)
|
19-րդ դարի սկզբին ադրբեջանցիները և թաթարները կազմել են Հայաստանի բնակչության մի զգալի մասը։ Դա գլխավորապես պայմանավորված է 1849 թվականին կայսերական հատուկ հրամանագրով Երևանի նահանգի կազմավորմամբ։ Երևանի նահանգն իր սահմանների մեջ ընդգրկում էր նաև ներկայումս Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը։ Երևանի նահանգի քաղաքների հիմնական բնակչությունը քրիստոնյաներ էին, ովքեր զբաղվում էին արհեստներով ու առևտրով, մինչդեռ իսլամադավան թուրքերն ու քրդերը ապրում էին լեռնային շրջաններում և զբաղվում կիսաքոչվոր անասնապահությամբ։ Հայերը կազմում էին բնակչության 53 %-ը՝ 441 000 բնակիչ, կովկասյան թաթարները՝ 38 %-ը՝ 313 000 բնակիչ, քրդերը և եզդիները՝ 6 %-ը՝ 50 000 բնակիչ, ռուսները՝ 2 %-ը՝ 20 000 բնակիչ։
16-րդ դարի սկզբին Իրանում հիմնված ղզլբաշների պետության օրոք պարսիկները նվաճում են Արևելյան Հայաստանը։ Իրենց իշխանությունը հաստատելու նպատակով Սեֆյանները հիմնում են չորս խոշոր կուսակալություններ՝ Հյուսիսային Իրանի ու Հարավային Կովկասի տարածքում։ Երևանի կուսակալությունը հիմնվել էր դեռ 14-րդ դարի վերջին՝ թուրքմենական Կարակոյունլուների տերության օրոք։ Իրանական չորս խոշոր կուսակալություններից մեկը Երևանի խանությունն էր, որի գոյության ժամանակահատվածում՝ 1747-1828 թվականներին, Հայաստանի միատարր բնակչության մեջ զգալի մաս սկսեցին կազմել մուսուլմանները։ Ըստ Ջորջ Բուռնությանի՝ 19-րդ դարի առաջին քառորդում մուսուլմանները (այդ թվում՝ պարսիկները, թուրքմենները, ադրբեջանական թաթարները և քրդերը) կազմել են Երևանի խանության բնակչության 80 %-ը, իսկ հայերը՝ միայն 20 %-ը[11]։ Այնուամենայնիվ վիճակագրական այս տվյալները գիտականորեն ապացուցված չեն։ Ի տարբերություն Երևանի նահանգի՝ հայերը շարունակեցին մնալ Գանձակի խանության բնակչության ճնշող մեծամասնությունը։ Այս մասին վկայում են մի շարք հայ և օտարազգի պատմիչներ։ Կիլիկյան Հայաստանի պատմիչ Հեթումը գրել է․
Պարսկական իշխանության հայտնվելու հետ մեկտեղ Երևանում ստվարանում են թուրքմենական սակավամարդ թաղամասերը։ 1725 թվականին, երբ օսմանցյան թուրքերը գրավել էին Երևանը, Ռեջեբ փաշան կառուցում է Երևանի բերդի առաջին մզկիթը։ Խախտելով Գյուլիստանի պայմանագիրը՝ 1826 թվականին Ռուսական կայսրությունը պատերազմ սկսեց ընդդեմ Սեֆյան Իրանի և 1828 թվականին ռուսական բանակը գրավեց Երևանի բերդը և պարտության մատնեց պարսից շահին[12]։
Պարսկական լծից անկախանալուց հետո շատ մուսուլմաններ (իրանական ադրբեջանցիներ, թաթարներ, քրդեր և այլն) մասսայական կերպով լքեցին Հայաստանը[13]։ Իսլամի հետևորդների փոքր մասշտաբի միգրացիան շարունակվեց 19-րդ դարի վերջին ևս։ Արդեն 1832 թվականին հայերը վերականգնեցին հայրենի երկրի բնակչության մեծամասնության տիտղոսը։ Ըստ իտալացի ճանապարհորդ Լուիջի Վիլարիի՝ 1832 թվականին Երևանում ապրել է 5338 կովկասյան թաթար[14]։ Ինչպես տեղեկացնում է բրիտանական Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանը՝ 20-րդ դարի սկզբին ադրբեջանցիները (աղբյուրում հիշատակված է «ադրբեջանական թաթարներ» անվանումով) բնակվել են ամբողջ Ռուսական Հայաստանով մեկ։ Նրանց թիվը կազմել է 300 հազար մարդ՝ ամբողջ բնակչության 37.5 %-ը։ Կովկասյան թաթարների մեծամասնությունը բնակվել է գյուղական բնակավայրերում և զբաղվել է անասնապահությամբ և գորգագործությամբ։
1905 թվականին Լուիջի Վիլարին այցելել է տարածաշրջան։ Ըստ նրա՝ Երևանի ադրբեջանցիները նյութապես ավելի ապահով էին քան հայերը[15]։ Նրանց հիմնական մասը հողատերեր էին, իսկ հայերը՝ աշխատավոր գյուղացիներ։ Իր այցից հետո Երևանի թաթարական շուկան իտալացի ճանապարհորդը նկարագրել է հետևայլ կերպ․
Հետևելով Աստաֆյանի շարունակությանը մենք մուտք գործեցինք գեղատեսիլ փողոցների վրա գտնվող թաթարական խանութներ և շուկաներ, որտեղ սովորաբար դուք կարող եք տեսնել մի խումբ ուղտերի։ Նեղ փողոցների միջով դուք կարող եք գնալ թաթարական տոնավաճառ, որը նման է մութ ու խավար մուտքով նեղ որջ հիշեցնող ճագարանոցի, որտեղ դժվարությամբ կարելի է խցկվել։ Երդվյալ կոլեկցիոները անպայման մի հետաքրքիր բան կգտնի նրա մռայլ ընդերքում և տհաճ հոտ ունեցող խորքերում, բայց անձամբ ես ոչ մի այդպիսի բան չեմ տեսել և շուկան ինձ թվաց մնացած բոլորից ավելի աղքատ։ Չնայած, որպես այդպիսին կամարակապ երկկողմ խանութներով ծածկված առևտրասրահները, որոնք լի էին արևելքի գաղտնիքներով, մուգ վարագույրներով խանութները և երկար կապույտ զգեստներով թաթարները ունեին հետաքրքիր տեսք։ Իմ գտնվելու վայրից փոքր-ինչ հեռու գտնվող մի կիսաբաց դռից այն կողմ ես նկատեցի մի լսարան, որտեղ ուսուցիչը տասնյակ տղաներով շրջապատված սովորեցնում է կրոնական կանոնները։ Ուսուցիչն արտաբերում էր բառը, իսկ տղաները միապաղաղ ձայնով կրկնում էին նրա հետ։ Մեկ այլ առանձնասենյակում վարսավիրն իր «զոհին» կողոպտում էր մինչև վերջին մազը։ Շուկայի յուրաքանչյուր անկյունում առաջարկում են սուրճ և թեյ, ինչպես նաև անսովոր և համեղ արևելյան քաղցրավենիք, որի նմանը չես գտնի անգամ Կոստանդնուպոլսում և Սարաևոյում։ Պատկերասրահում և շուկային կից փոքիկ բակում շրջում էին ծանրաշարժ ուղտերը[16]։ |
-
Աղջիկների համար նախատեսված ռուս-մուսուլմանական դպրոցի ուսուցիչները և աշակարտները 1902 թվականին
-
Կովկասյան թաթարները Ալեքսանդրապոլում
Հայաստանի առաջին հանրապետության տարիներին
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարում Հայաստանում դարեր շարունակ ապրող թաթարները սկսեցին ենթարկվել խտրականության, որն էլ իր հերթին հանգեցրեց Հայաստանի էթնիկական քարտեզի լուրջ փոփոխություններին[17]։ Չնայած սրան՝ ադրբեջանցիները շարունակում էին մնալ Հայաստանի տարածքում բնակվող ամենամեծ ազգային փոքրամասնությունները (նրանք պահեցին այս կարգավիճակը մինչև Արցախյան ազատամարտի սկիզբը)։ Հեղափոխական Ռուսաստանի ցարական կառավարությունը ազատագրական շարժումներից զերծ մնալու համար 1905-1906 թվականներին սկսեց հրահրել ազգամիջյան բախումներ։ Դրանց վառ օրինակներից էր հայ-թաթարական խռովությունները, որը տեղի էր ունենում Ռուսական առաջին հեղափոխության ֆոնին[18][19][20]։ 1905 թվականի փետրվարի 6-ին Բաքվում տեղական իշխանությունների և անձամբ հայատյաց նահանգապետ Նակաշիձեի դրդմամբ մոլեգնած թաթարները հարձակվեցին հայերի վրա[21][22]։ Երևանում ազգամիջյան արյունալի բախումներ տեղի ունեցան 1905 թվականի մայիսի 23-ից 25-ը։ Հայերի հակահարվածից հետո թաթարները, զգալի զոհեր տալով, այլևս չհամարձակվեցին նոր հարձակումներ ձեռնարկել։ Ընդհարումներ տեղի ունեցան Շուշիում, Ասկերանում և Վարանդայում ևս։ 1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջումից հետո տարածաշրջանում սկսեց կառավարել անարիխիան և էթնիկ հակամարտությունները վերածվեցին բաց պատերազմի[23]։
Հայ-ադրբեջանական ազգամիջյան հակասություններն առավել սրվեցին Հայաստանի և Ադրբեջանի անկախ պետական կազմավորումների ստեղծումից հետո։ 1918 թվականին նորաստեղծ երկու հարևան պետությունների միջև սկսվեցին պատերազմական գործողություններ[24]։ Ռազմական գործողությունների ֆոնին շատ ադրբեջանցիներ լքեցին Հայաստանը և հաստատվեցին իրենց հայրենի երկրում։ 1919 թվականի խորհրդարանական ընտրություններում ադրբեջանական համայնքը ներկայացնող «թաթարական կուսակցություն»-ը հավաքեց ամբողջ ձայների 3,5 %-ը և զբաղեցրեց խորհրդարանի 80 աթոռներից 3-ը[25]։ Բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալի խոսքերով՝ Գարեգին Նժդեհը 1921 թվականին ազատագրում է Զանգեզուրը, որից հետո տեղի ադրբեջանցիները ենթարկվում են տեղահանման[26]։
Հայկական ԽՍՀ-ի գոյության տարիներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո վերստին աճեց ադրբեջանցիների ներհոսքը՝ սակայն համեմատաբար ավելի քիչ քանակությամբ։ 1926 թվականի տվյալներով Հայկական ԽՍՀ-ում բնակվում էր 78 հազար ադրբեջանցի[27]։ 1939 թվականին նրանց թիվը հասավ 131 հազարի[28]։ 1921-1926 թվականներին ՀԿԿ կենտկոմը հրատարակեց առաջին ադրբեջանալեզու պարբերականները, որոնք կրում էին «Ռանջբար» և «Զենգի» անվանումները[29]։ Խորհրդային տարիներին Երևանում ստեղծվեց ադրբեջանական աշխատավորական ակումբ, իսկ հետո նաև ադրբեջանցի կանանց ակումբ[30]։ 1928 թվականին հիմնադրվեց Երևանի ադրբեջանական պետական շրջիկ թատրոնը[31][32], որը Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գործող միակ ազգային թատրոնն էր։ Այն նաև առաջին ոչ հայկական ազգային թատրոնն էր Հայկական ԽՍՀ-ի տարածքում։ 1992 թվականին Հայաստանում գործում էր 32 ադրբեջանալեզու դպրոց․ 1924 թվականին դրանց թիվը հասնում էր 104-ի[33]։
1947 թվականին Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանն ընդունեց ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումը Հայկական ԽՍՀ-ի ադրբեջանական գյուղերի վերաբնակեցման և ադրբեջանցիների տեղահանման վերաբերյալ[34]։ Ըստ այդ հրամանագրի՝ ադրբեջանցիների տեղահանությունները պետք է կատարվեին «կամավոր» կերպով[35][36][37]։ Այս դեպքերից հետո 1959 թվականին հայաստանաբնակ ադրբեջանցիների թիվը նվազեց մինչև 107 հազար մարդու[38]։ 1979 թվականին ադրբեջանցիներին բաժին էր ընկնում Երևանի բնակչության 0,7 %, իսկ 1989 թվականին՝ 0,1 %-ը։ Դա պայմանավորված էր նրանով, որ տեղահանություններից բացի մեծ թվով ադրբեջանցիներ լքեցին մայրաքաղաքը, սակայն Ադրբեջան վերադառնալու փոխարեն ապաստակ գտան Խորհրդային Հայաստանի ծայրամասային շրջաններում[36]։
Արցախյան հակամարտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը խնդրահարույց տարածք դարձավ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ավելին՝ 1988 թվականին սկսված Արցախյան շարժումը վերաճեց բաց պատերազմի, որի ֆոնի վրա հակամարտող երկու երկրներում սկսեցվին էթնիկ զտումներ[39]։ Չարդախլուի (հայկական անվանումը՝ Խաչիսար) արյունահեղություններից հետո Հայաստանի ադրբեջանցիների (որոնց Ադրբեջանի ադրբեջանցիներն անվանում են երազ) վիճակը ծայրահեղ ծանրացավ[39]։ 1987 թվականին հայ զինյալները հարձակում գործեցին ադրբեջանցիներով բնակեցված Ղափանի շրջանի վրա[40]։ 1988 թվականի հունվարի 25-ին Հայկական ԽՍՀ-ից Ադրբեջանական հանրապետություն ժամանեց փախստականների առաջին ալիքը[39]։ Ղափանաբնակ շատ փախստականների վրա նկատվել են կապտուկներ[41]։ Ադրբեջանցի փախստականների մեծ զանգված ապաստանեց Բաքվի ազգականների մոտ։ Այս դեպքերին զուգընթաց տեղի ունեցան նաև Բաքվի և Սումգայիթի ջարդերը, որի հետևանքով Ադրբեջանի հայկական համայնքը գրեթե ամբողջովին վերացավ[42]։ Հայաստանի տարածքից ադրբեջանցիների զանգվածային արտաքսումները սկսվեցին 1988 թվականի նոյեմբերին։ Մի շարք ադրբեջանցիներ հրաժարվեցին թողնել իրենց տները և հայերը ստիպված եղան վերջիններիս տեղահանել բռնի կերպով։ 1988 թվականի նոյեմբերին Գուգարքում սպանվեցին 20 ադրբեջանցիներ։ 1988 թվականին հարյուրավոր ադրբեջանցիներ Հայաստանում ենթարկվել են հալածանքների և ծեծ ու ջարդի։ Ըստ որոշ տվյալների՝ Արցախյան շարժման և պատերազմի տարիներին Հայաստանում սպանվել է ընդհանուր հաշվով 217 ադրբեջանցի[43]։ 1989 թվականի մարդահամարի տվյալներով Հայկական ԽՍՀ-ի տարածքում բնակվել են շուրջ 84 860 ադրբեջանցիներ[44]։ 1989 թվականի հուլիսի 29-ին խզվում են Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերը։ Դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհրդը որոշում է ընդունել «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը» Հայաստանին միացնելու մասին։ Պատերազմական գործողությունների տարիներին Արցախի ադրբեջանցիները ևս զտվում են։ 1992 թվականի հունվարին հայկական ուժերը բոլոր կողմերից շրջափակում են Խոջալուն։ Խոջալուի ազատագրումից հետո այստեղ տեղի են ունենում արյունահեղություններ, որի զոհ են գնում տասնյակ ադրբեջանցիներ։ Մինչև 1991 թվականը Հայաստանի և Արցախի գրեթե ամբողջ ադրբեջանական համայնքը դատարկվում է[45][46]։ Հակամարտության պահին նրանց ճշգրիտ թիվը հայտնի չի եղել, քանի որ 1989 թվականի մարդահամարի անցկացման ժամանակ ադրբեջանցիների արտագաղթն արդեն ընդունել էր ծավալուն մասշտաբներ։
Ինչպես պատմում էին փրկված խոջալուցիները, այդ դեպքերը կազմակերպված էին իմ ընդդիմադիրների կողմից, որպեսզի Ադրբեջանում հեղաշրջում կատարեին։ Այսինքն Ադրբեջանում գոյություն ունեին ուժեր, որոնք կազմակերպված կերպով զբաղվում էին Աղդամի ճանապարհին ընկած Խոջոլուի բնակչների մարմինների պղծմամբ որպեսզի հետագայում այդ նկարները իմ դեմ կարողանային օգտագործել քաղաքական նպատակներով - Ադրբեջանի գահազուրկ նախագահ Այազ Մութալիբովը խոջալուի դեպքերի մասին[47]
|
Ներկայիս կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էթնիկական զտումներից հետո հայկական իշխանությունները ձեռնամուխ եղան ադրբեջանական մշակութային և կրթական հաստատությունների փակմանը։ 1989 թվականին քանդվում է Երևանի ադրբեջանական շրջիկ թատրոնի շենքը, իսկ 1990 թվականին բուլդոզերները հիմնահատակ ոչնչացնում են նախկինում ադրբեջանցիների համար աղոթատեղի հանդիսացող երևանյան բոլոր մզկիթները, բացառությամբ մեկի։ Միակ շիա իսլամական կառույցը, որը կանգուն մնաց դա կապույտ մզկիթն էր։ Այն սկսեց ծառայել Հայաստանի պարսկական համայնքի հոգևոր կարիքները հոգալու համար։
Մուսուլմանաբնակ գյուղերի էթնիկ զտումներից հետո տեղի ունեցավ լեզվական մանիպուլյացիա[48]։ Նախկինում ադրբեջանաբնակ բնակավայրերի օտարածին անունները փոխարինվեցին հայկական տեղանուններով։ Հարկ է նշել, որ այս գործընթացը սկսվել էր դեռևս 1930 թվականին։ Արցախյան պատերազմի ավարտից հետո հայկական և նորաստեղծ արցախյան իշխանությունները հայտարարեցին, որ իրենց ղեկավարած երկրները զտված են ադրբեջանական բնակչությունից։ Այնուամենայնիվ որոշ անձինք պնդում են, որ Հայաստանի տարածքում բնակվում են որոշակի քանակությամբ ադրբեջանցիներ։ Ըստ ադրբեջանական կողմի տվյալների՝ հայաստանաբնակ ադրբեջանցիների թիվը կազմում է շուրջ 500 մարդ։ Հայաստանի տարածքում բնակվող ադրբեջանցիները համարվում են ռիսկային էթնիկ խումբ։ Նշանավոր ազգագրագետ, ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով կառավարությանն առընթեր վարչության պետ Հրանուշ Խառատյանի համոզմամբ ադրբեջանցիներն ապրում են Երևանում, Արմավիրի մարզում և Վարդենիսում[49]։
Հրանուշ Խառատյանի խոսքով, ադրբեջանցիներն Հայաստանում մեծ թիվ են կազմում, ինչի մասին վկայում է նաև վերջին անգամ անցկացված մարդահամարը։ Նրանց ընդհանուր թվաքանակի մասին հաղորդելը միջազգայնորեն արգելված է, քանի որ վերջիններս համարվում են ռիսկային էթնիկ խումբ։ Մեկ այլ աղբյուրի պնդմամբ ադրբեջանցիները բնակվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արցախում[50]։
Վիճակագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1600 | 1795 | 1826 | 1897 | |
---|---|---|---|---|
Կովկասյան թաթարներ (կամ թյուրքեր) (հազար մարդ) |
շուրջ12,000 (3%) | 31,588 (24.6%) | 54,810 (49.8%) | 236,048 (37.8%) |
1939[51] | 1959[52] | 1970[53] | 1979[54] | 1989[55] | |
---|---|---|---|---|---|
ադրբեջանցիներ (հազար մարդ) |
130,896 (10.2 %) | 107,748 (6.1 %) | 148,189 (5.9 %) | 160,841 (5.3 %) | 84,860 (2.6 %) |
Հայտնի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշիգ Ալասգար՝ 19-րդ դարի ադրբեջանցի նշանավոր բանաստեղծ և երաժիշտ[56]։
- Միրզա Կադիմ Էրիվանի` նկարիչ, ադրբեջանական նոր գեղանկարչության հիմնադիրներից։ Ապրել և ստեղծագործել է Հայաստանում՝ Երևանում։ Ծննդավայրի անունով իրեն կոչել է Էրիվանի։
- Մամեդ-աղա Շահթախտինսկի` անդրկովկասյան թաթար (հետագայում՝ ադրբեջանցի) հրապարակախոս, լուսավորիչ, արևելագետ, լեզվաբան, ուսուցիչ և հասարակական գործիչ։
- Ակպեր աղա Շեյխուլիսլամով՝ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության գյուղատնտեսության նախարար 1918-1920 թվականներին։
- Մամեդ Մահարրամով՝ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության քաղաքական և պետական գործիչ։
- Աբբասգյուլու բեյ Շադլինսկի՝ Խորհրդային շրջանի ադրբեջանցի ռազմական գործիչ։
- Հեյդար Հուսեյնով՝ ադրբեջանցի փիլիսոփա, հասարակական գործիչ։
- Ազիզ Ալիև՝ խորհրդային շրջանի ադրբեջանցի պետական և քաղաքական գործիչ, Ադրբեջանական ԽՍՀ-ի առողջապահության նախարար։
- Յահյա Ռահիմ Սաֆավի՝ իրանական ադրբեջանցի ռազմական գործիչ, գեներալ-մայոր։
- Սաիդ Ռուստամով՝ ադրբեջանցի երգահան և դիրիժոր, Ադրբեջանական ԽՍՀ-ի վաստակավոր արտիստ։
- Միրալի Սեյիդով՝ ադրբեջանցի բանասեր։
- Մուստաֆա Տոպշիբաշով՝ խորհրդային վիրաբույժ և ակադեմիկոս։
- Ալի Ինսանով՝ Ադրբեջանի նախկին առողջապահության նախարար։
- Հուսեյին Սեյիդզադե՝ ադրբեջանցի կինոռեժիսոր։
- Ահմադ Ջամի՝ ադրբեջանցի բանաստեղծ։
- Ռամիզ Հասանողլու՝ ադրբեջանցի ռեժիսոր։
- Ահլիման Ամիրասլանով՝ ադրբեջանցի բժիշկ, Լեհաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս։
- Միսիր Մարդանով՝ Ադրբեջանական Հանրապետության կրթության և գիտության նախկին նախարար։
- Իսլաթ Աբբասով՝ Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար։
- Մահմուդ Կարիմով՝ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ։
- Ավազ Ալակբարով՝ ադրբեջանցի տնտեսագետ, Ադրբեջանի ֆինանսների փոխնախագահ։
- Խագանի Մամմադով՝ Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։
- Խալաֆ Խալաֆով՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պատգամավոր։
- Ռամազ Աբբասով՝ ադրբեջանցի ֆուտբոլիստ։
- Ռավշան Հուսեինով՝ ադրբեջանցի բռնցքամարտիկ։
- Օգթայ Ասադով՝ Ադրբեջանի ազգային ժողովի խոսնակ։
- Հիդայաթ Օրուջով՝ ադրբեջանցի գրող, Ղրղզստանում Ադրբեջանի դեսպան։
- Զուլֆի Հաջիև՝ Ադրբեջանի փոխվարչապետ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր
- Յուսիֆ Յուսիֆով՝ ադրբեջանցի պատմաբան, արևելագետ, լեզվաբան, ադրբեջանական գրականության մասնագետ։
- Ֆիրուդին Նաբիև՝ միգրացիոն պետական ծառայության պետ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայերն Ադրբեջանում
- Հայ-ադրբեջանական հարաբերություններ
- Արևմտյան Ադրբեջան (քաղաքական հասկացություն)
- Հայրենիք կուսակցություն (Ադրբեջան)
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ինչպես ադրբեջանցիները, այնպես էլ շատ լիտվացիներ, ռուսներ, թաթարներ, պարսիկներ, հնդիկներ, աֆղաններ և արաբներ Հայաստանում հաստատվել են տեղաբնակ հայերի հետ ամուսնական հարաբերություններ հաստատելուց հետո։ Ոմանք բնակության թույլտվություն են ստացել, որպես քաղաքական ներգաղթյալներ կամ երկարաժամկետ առևտրային գործարքներ իրականացնող գործարարներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Երկրորդ զեկույցը, որը ներկայացնում է Հայաստանի ազգային փոքրամասնությունների թիվը, ինչպես նաև 25-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պաշտպանությունը Արխիվացված 2007-09-27 Wayback Machine.
- ↑ Հայաստանում ադրբեջանցիներ ապրում են, նույնիսկ նրանցից շատերը չեն թաքցնում իրենց ազգային պատկանելությունը:
- ↑ «Հաշվետվություն նախորդ դարասկզբին Հայաստանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մասին» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «ԿՀՎ՝ ազգային փոքրամասնությունների պաշտպանությունը երկիր մոլորակի «թեժ կետերում»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Արևելքի պատմություն», հատոր II, գլուխ I
- ↑ «Արևելքի պատմություն»՝ Արևելքը միջնադարյան ժամանակահատվածում, «Արևելյան գրականություն», 2002. ISBN 5-02-017711-3
- ↑ «Բ.Հ. Հարությունյան, Ա. Բաղդաարյան, Մ.Աբրահամյան, Է. Սեդրակյան «Հայոց պատմություն, Միջին դարեր»». 7-րդ դասարան, էջ 164-165, Մակմիլան Արմենիա, Երևան, 2009. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Առաքել Դավրիժեցի. «Գիրք պատմութեանց»
- ↑ Ջորջ Բուռնության՝ Հայերն Իրանում (1500-1994)
- ↑ Պիեռ Օբերլինգ Կանգարլու (անգլերեն) // «Իրանիկա հանրագիտարան». — Vol. XV. — № 5. — P. 495. Архивировано из первоисточника 8 Դեկտեմբերի 2010.
- ↑ Ջորջ Բուռնության՝ Արևելյան Հայաստանը պարսկական տիրապետության վերջին տարիներին, 1807—1828 (Մալիբու․ Անդենա հրատարակչություն, 1982)
- ↑ Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հակամարտությունների իրավական կարգավիճակ Թիմ Փոթերի մեկնաբանմամբ. Մարինյուս հրատարակչություն. 2001. էջ 2 ISBN 90-411-1477-7
- ↑ Փոքր ազգեր և մեծ ուժեր։ Կովկասի էթնոքաղաքական հակամարտության ուսումնասիրություն ըստ Սվանտե Կոռնելի, 2001. էջ 67 ISBN 0-7007-1162-7
- ↑ Ի․ Շոպեն Հայաստանը Ռուսական կայսրության տիրապետության տակ. — Սանկտ Պետերբուրգ: գիտությունների կայսերական ակադեմիա, 1852. — 1232 с.
- ↑ Կրակ և սուր Կովկասյան տարածաշրջանում Լուիջի Վիլարիի մեկնաբանմամբ, Լոնդոն, Միացյալ Թագավորություն, 1906։ էջ 267
Ինչպես երևում է, Էրիվանում թաթարներն ավելի հարուստ են քան հայերը։ Նրանց են պատկանում հողային կալվածքների մեծ մասը, մինչդեռ հայերի մեծ մասն աշխատացոր գյուղացիներ են։
- ↑ Луиджи Виллари. «Огонь и меч на Кавказе».
- ↑ «Սև այգի․ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով». Թոմաս դե Վաալ. գլուխ 5
Ես շուրջ 3 ամիս աշխատել եմ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, նույնքան էլ Ադրբեջանում։ Հայտնվելով Ադրբեջանական կողմում՝ ինձ համոզիչ էր թվում, թե իրենք զոհեր են, թե հայերը զավթել և վերահսկում են իրենց տարածքի շոշափելի մասը։ Այնուհետև, հատելով սահմանագիծը և հայտնվելով հայկական կողմում, սկսում էի հակամարտությանը նայել հայի աչքերով, որ հայերն այլ ընտրություն չունեին, նրանց այլ բան չէր մնում, քան կռվել սեփական ինքնության և իրավունքների պահպանման համար։ Միայն 3-4 անգամ սահմանագիծը հատելուց հետո սկսեցի ինձ «պատրաստված» զգալ դեպքերը շարադրելու գործում։
- ↑ Ժամանակակից ատելություններ. Էթնիկ պատերազմի խորհրդանշական քաղաքականություն ըստ Ստյուարտ Քաուֆմանի. Կոռնելի համալսարանի հրատարակչություն. 2001. էջ 58 ISBN 0-8014-8736-6
- ↑ 1920 թվականի հայ-թուրքական պատերազմը և դրա հետևանքները Արխիվացված 2007-03-12 Wayback Machine(ռուս.)
- ↑ Ռուսական հեղափոխություն և հայ-թուրքական պատերազմ ըստ Անդրեյ Անդերսենի
- ↑ Ազգամիջյան հակամարտությունները Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունում 1917-1991 թվականներին Արխիվացված 2007-09-29 Wayback Machine. Ռուսաստանի Դաշնության պետական արխիվները, հիմնադրամ 1318, ցանկ 1, թղթապանակը 413, փաստաթուղթ 21 (ռուս.)
- ↑ Գարեգին Նժդեհն ու Լեռնահայաստանի գաղափարը․ Օհաննես Հակոբովիչ Դևեջյանի հարցաքննության զեկույցը Արխիվացված 2007-10-30 Wayback Machine օգոստոսի 28, 1947 (ռուս.)
- ↑ Անդրկովկասում հեղափոխության հիշողությունները ըստ Բորիս Բայկովի
- ↑ Ցեղասպանության Մեծ խաղ. Իմպերիալիզմ, ազգայնականություն և ոչնչացում Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն
- ↑ Նոհլեն, Դ․Գրոտց, Ֆ․Հարթման, Ընտրություններ Ասիայում, էջ 329 ISBN 0-19-924958-X
- ↑ Թոմաս դե Վաալ Սև այգի․ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով // Բի-բի-էսի ռուսաստանյան ճյուղ. — 2005. — Т. Գլուխ 9. Հակասություններ։ Քսաներորդ դարի սյուժեն.
- ↑ Խորհրդային Հայաստանում տեղական անվանումների փոփոխությունն ու ազգային ինքնության կառուցումը Արխիվացված 2009-09-27 Wayback Machine ըստ Արսեն Սարապովի
- ↑ Խորհրդային բոլոր մարդահամարները սկսած 1939 թվականից՝ ԽՍՀՄ հանրապետություններում էթնիկ կազմը` Հայկական ԽՍՀ. Demoscope.ru
- ↑ Бала Эфендиев (биографический очерк). — Баку: Азербайджанское гос. изд-во, 1975. — С. 22.
- ↑ Бала Эфендиев (биографический очерк). — Баку: Азербайджанское гос. изд-во, 1975. — С. 24.
- ↑ Բ․Հարությունյան Հայկական թատրոն / Ա․Անաստասևի խմբագրությամբ. — Խորհրդային դրամատիկական թատրոնի պատմությունը՝ 1926-1932: Գիտություն, 1967. — Т. 3. — С. 343. — 616 с.
Երևանում ադրբեջանական թատրոնի բացումը ադրբեջանական համայնքի կարևոր նվաճումներից էր։ Այդ թատրոնը առաջին օտար ազգային թատերական հաստատությունն էր Հայաստանի տարածքում
- ↑ Բ․ Հարությունյան Հայկական թատրոն / Ա․Անաստասևի խմբագրությամբ. — Խորհրդային դրամատիկական թատրոնի պատմություն: Գիտություն, 1968. — Т. 4. — С. 328.
Քրդական թատերախմբերի մեծ օգնությամբ՝ Ջանանի կազմակերպմամբ և այլն, 1928 թվականին Երևանում բացվեց ադրբեջանական թատրոն։ Անդամներ՝ Լ․Կալանտար, Ա․Բուրջալյան, Ա․Գուլաքյան, Վ․Վարդանյան
- ↑ Բալա Էֆենդիև (կենսագրական ակնարկ). — Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ: Ադրրբեջանի ազգային հրատարակչություն, 1975. — С. 25-26.
- ↑ Չկայացած կայսրություն. Խորհրդային Միությունը սառը պատերազմում՝ Ստալինից Գորբաչովին ըստ Վլադիսլավ Զուբոկի. UNC Press, 2007. ISBN 0-8078-3098-4; էջ 58
- ↑ 1948-1953 թվականների զանգվածային տեղահանություններ և վերաբնակեցումներ Արխիվացված 2008-11-20 Wayback Machine. Azerbembassy.org.cn
- ↑ 36,0 36,1 Լեզվական քաղաքականությունը Խորհրդային Միությունում 2003, էջ 135 ISBN 1-4020-1298-5
- ↑ Կենտրոնական Ասիա․ Ռազմավարական նշանակությունը և ապագա հեռանկարները․ Սբ. Մարտինի մամուլը։ 1994, էջ 149 ISBN 0-312-10370-0
- ↑ (ռուս.) ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների բնակչության մարդահամարը՝ ԽՍՀՄ հանրապետություններում էթնիկ կազմը` Հայկական ԽՍՀ. Demoscope.ru
- ↑ 39,0 39,1 39,2 Ղարաբաղյան հակամարտությունt Արխիվացված 2011-12-08 Wayback Machine ըստ Սվանտե Կառնելի․ Sakharov-Center.ru
Չարդախլիի իրադարձություններից հետո Հայաստանում ադրբեջանցիները բախվեցին աճող դժվարությունների և ոտնձգությունների, քանի որ սկսվեցին ադրբեջանցիների տեղահանությունները Հայաստանի տարածքից
- ↑ Լեռնային Ղարաբաղ՝ հակամարտության ժամանակագրություն. BBC Russian(ռուս.)
1987 թվական… նոյեմբեր։ Ղափանի շրջանում հայերը հարձակվեցին ադրբեջանցիների վրա
- ↑ Սև այգի․ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով // Բի-Բի-էս Ռուսաստան. — 2005. — Т. Գլուխ 2։ Փետրվար 1988 թվական՝ Ադրբեջանը.
Իրավիճակը վատթարացավ այն բանից հետո, երբ Ղափանի շրջանում սկսվեց փախստականների ջրհեղեղ։ Ադ փախստականներից շատերը շտապեցին Բաքվում բնակվող իրենց բարեկամների ու հարազատների մոտ։ Զոհեր չեն եղել, սակայն շատ փախստականների վրա նկատվեցին ծեծի հետքեր։
- ↑ Սև այգի․ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով // Բի-Բի-էս Ռուսաստան. — 2005. — Т. Գլուխ 2։ Փետրվար 1988 թվական՝ Ադրբեջանը.
- ↑ Ադրբեջանական պետական հանձնաժողովը` պատերազմի, պատանդների և անհայտ կորածների մասին
- ↑ «Միությունը Մարդահամար 1989։ ԽՍՀՄ հանրապետությունների բնակչության ազգային կազմը». «Դեմոսկոպ». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին.
- ↑ ՄԱԿ ՓԳՀ-ի հայրենիքի անվտանգության, քաղաքացիության և ներգաղթի ծառայությունների ամերիկյան բաժինը։ Հայերի, ռուսների, հրեաների և այլ փոքրամասնությունների կարգավիճակը
- ↑ Մարդու իրավունքների փորձի վերաբերյալ երկրի զեկույցները՝ 2004: . Հայաստան։ ԱՄՆ Պետդեպարտամենտ
- ↑ Ադրբեջանի գահազուրկ նախագահ Այազ Մութալիբովը պատմում է Խոջալուում կատարվածի ճշմարտությունը Արխիվացված 2016-03-08 Wayback Machine (ռուսերեն)
- ↑ Том де Ваал. Черный сад // Русская служба Би-би-си. — 2005. — Т. Глава 5. Ереван. Тайны Востока.
Հայերը հեշտությամբ կարողացան սրբել ադրբեջանական կրոնական կառույցներն իրենց երկրի տարածքից։ Հայաստանն ադրբեջանական մշակութային ազդեցությունից ազատելը եղավ նույնքան հեշտ, որքան ադրբեջանցիների տեղահանությունները։ Ադրբեջանցիների անվան փոխարեն շատ աշխատություններում օգտագործվել են «թաթարներ», «թյուրքեր» կամ պարզապես «մուսուլմաններ» եզրույթները։
- ↑ «Այո՛, Հայաստանում ադրբեջանցիներ ապրում են». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Այսօր քիչ չեն Հայաստանում բնակվող ադրբեջանցիները, ավելին, նրանք ապրում են նաև Արցախում և վատ չեն ապրում». PanARMENIAN.Net. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Խորհրդային Միության հանրապետությունների էթնիկական կազմը
- ↑ Վիճակագրական տվյալներ Հայկական ԽՍՀ-ի ազգությունների և լեզվակիրների վերաբերյալ
- ↑ Վիճակագրական տվյալներ Հայկական ԽՍՀ-ի ազգությունների և լեզվակիրների վերաբերյալ՝ 1970 թվականի մարդահամարի տվյալներ
- ↑ Таблица 9с. Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մարդահամարի տվյալներ, 1979
- ↑ «Բնակչության ազգային կազմը ըստ ԽՍՀՄ հանրապետության՝ Հայկական ԽՍՀ». 1989 թվականի համամիութենական մարդահամար. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Who is who (in Azerbaijani)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ադրբեջանցիները Հայաստանում կատեգորիայում։ |