Նախիջևանի հայ բնակչության բռնագաղթ (1605)
Նախիջևանը XVI դարի վերջին XVII-ի սկզբին
[խմբագրել | խմբագրել կոդը]XVII դ. սկզբներին Նախիջևանի երկրամասը՝ էթնիկ տեսանկյունից Հայաստանի միատարր կազմ ունեցող շրջաններից էր, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունն հայեր էին։ Վերոհիշյալի մասին ուշագրավ տեղեկություններ է հաղորդում XVII դարի վերջի եվրոպացի ճանապարհորդ, հիսուսական միսիոներ Վիլլոտը, համաձայն որի Նախիջևանն, ըստ տեղաբնիկների հաղորդման, նախկինում ուներ 40 հազար ծուխ բնակչություն։ 1605 թ. շահ Աբբաս I-ը (1587-1629 թթ.) իր կազմակերպած բռնագաղթով, Նախիջևանի երկրամասից տեղահանեց և Պարսկաստանի խորքերն ուղարկվեց ավելի քան 150 հազար հայ։ Նախիջևանի երկրամասն ընդգրկում էր Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Նախճավան և Գողթն, Սյունիքի՝ Վայոց ձոր, Ճահուկ, Երնջակ ու Ծղուկք գավառներն։ Այն հյուսիս-արևմուտքից սահմանակից էր Երևանի, արևելքից՝ Ղափանաթի օրոտին։ Երկրամասի բնական սահմաններն անցնում էին արևմուտքում՝ Արփա գետով, հյուսիսում՝ Վարդենիսի լեռնաշղթայով, արևելքում՝ Սյունյաց լեռնաշղթայով, հարավում՝ Արաքս գետի երկարությամբ ձգվող հարթավայրով։ Նախիջևանը բաժանվում էր երկու մեծ շրջանների՝ Ջուղայի և Շահապունիքի, որոնց գլխավոր քաղաքներն էին՝ Օրդուբադն ու Նախիջևանը։ Սրանք իրենց հերթին տրոհվում էին մահալների, Ջուղան՝ Ազատ-Ջիրանի ու Դարաշամբի, Շահապունիքը՝ Դարալագյազի մահալի ու Սիսականի օլքայի։ Ազատ-Ջիրանի մահալը տարածվում էր Գեղան գետի ավազանում, ընդգրկելով Մեծ Հայքի Վասպուրական ու Սյունիք նահանգների Գողթն ու Երնջակ գավառներն, արևելքում սահմանակցում էր Սյունյաց լեռնաշղթային։ Սրան արևմուտքից սահմանակից էր Դարաշամբի մահալը, որից բաժանվում էր Երնջակ գետով, ընդգրկում էր Վասպուրականի՝ Նախճավան ու Սյունիքի Ճահուկ գավառներն։ Դարաշամբի մահալը փռված էր Նախիջևան գետի ավազանում։ Այն արևելքից սահամանակից էր Երնջակ գետին, հյուսիսից՝ Վայոց ձորի լեռներին, արևմուտքից՝ Արփա գետին, հարավային սահմանն հասնում էր մինչև Արաքս գետ։
Թուրք-պարսկական պատերազմները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցանկանալով վերահաստատել 1555 թ. թուրք-պարսկական սահմանագիծը՝ շահ Աբբաս I-ը, 1603 թ. սկսում է իր արշավանքը։ Հայաստանում ռազմական թատերաբեմի էր վերածվել Նախիջևանի արևելյան սահմաններից մինչև Շիրակ ընկած տարածքը։ Կրոնավոր-ճանապարհորդ Անտուան Գուվեայի վկայությամբ ռազմական գործողությունների մեջ ընդգրկված այդ շրջանները խիտ ազգաբնակչություն ուներ, որտեղ հաշվվում էին քսանից ավելի քաղաքներ և հազարավոր գյուղեր։ Թուրքերը պարսկական այս հարձակումներին պատասխանեցին՝ Երևանը գրավելուց երկուս ու կես ամիս անց, երբ շահ Աբասը գրավել էր Կարսը։ Դեպի Երևան ու Նախիջևան արշավող թուրքական մեծաթիվ բանակի հրամանատար էր նշանակված Ջղալօղլի մականունով Սինան փաշան։ Սթափ դատելով, որ ուժերի քանակական հարաբերությունն իր օգտին չէ և որ բաց ճակատամարտում թուրքերին դիմադրելն անհնար կլինի, շահ Աբասը նահանջում է, որոշելով ամայացնել ու բռնագաղթի ենթարկել թուրքական բանակի առաջխաղացման ճանապարհին ընկած Նախիջևանի քաղաքներն ու գյուղերը։ Առաքել Դավրիժեցու վկայությամբ, շահ Աբբաս I-ը դեռ վաղուց էր մտադրվել հայ բնակչությանը տեղահանել ու գաղթեցնել Պարսկաստան «և զոր ի վաղ ժամանակաց ունէր ի մտի զքշելն ազգին քրիստոնէից՝ և զաւերելն աշխարհն Հայոց՝ անդ յայտնեաց խորհրդակցաց իւրոց»[1]։
Գավառի բնակչության բռնագաղթը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բռնագաղթը սկսվում է 1605 թ. օգոստոսի 11-ին*։ Շահ Աբբաս I-ը նահանջելով ամայացնում է իր նահանջի ճանապարհին ընկած բոլոր քաղաքներն ու գյուղերը, տեղահան անելով բնակչությունը. «սկսեալ ի կողմանցն Նախիջևանոյ՝ զՇիրակ, զՆիգ, զԵղեգնաձոր, զԳեղամ, զԼոռի, զՀամզաչիման, զՇարապխանայ, զԶարիշատ, և զդաշտն Արարատու, զԵրևան քաղաք, զԿոտէս գաւառ, զԾաղկնուձոր, զԳառնուձոր…»,- գրում է Զաքարիա սարկավագ Քանաքեռցին։ Նախիջևանի երկրամասի մեծ մասն ամայացավ։ Այս բռնագաղթն ժամանակակիցների վրա մեծ տպավորություն թողեց։ Այս տարագրությունը ահավոր էր իր չափերով ու հետևանքներով։ 1605 թ. շահ Աբբաս I-ի կողմից իրականացված հայերի բռնագաղթը դեպի Պարսկաստանի խորքերը մեծ հարված հասցրեց նաև Նախիջևանի երկրամասի հայ կաթոլիկների համայնքին։ Չնայած, շնորհիվ Հռոմի պապի և եվրոպական պետությունների դեսպանների միջամտության, շահը թույլ տվեց հայ կաթոլիկ բնակչությանը վերադառնալ իրենց մշտական բնակության վայրերը։ Սակայն վերադարձավ և իր թալանված ու այրված գյուղերն բնակություն հաստատեց կաթոլիկ բնակչության փոքրաթիվ մասը։ Նախիջևանի երկրամասի հայ կաթոլիկների արքեպիսկոպոս Ազարիա Ֆրիտոնի 1601 թ. զեկուցագրով Ազատ-Ջիրանի Քռնա, Ցղնա, Գանձակ, Մեծշեն ու Դարաշամբի մահալի Ապարաներ, Ապրակունիս, Շահապունիք, Սալթաղ, Խոշկաշեն, Ղարաղուշ գյուղերում ապրում էր մոտ 1780 տուն կամ 19400 հայ բնակչություն։ Բռնագաղթից հետո՝ 1616 թ. Հռոմից ուղարկված Անխել Մարիա Չիտտադինիի կողմից կազմված զեկուցագրի համաձայն Նախիջևանի գավառի բոլոր տասը գյուղերը միասին հաշվվում էր մոտ 305 կաթոլիկ ընտանիք, այդ գյուղերից՝ Քռնայում հաշվվում էր 1, Սալթաղում 2, Գանձակում 4 ընտանիք, սա այն դեպքում, երբ բռնագաղթից առաջ՝ 1601 թ., Քռնայում կար 70, Սալթաղում՝ 120, Գանձակում՝ 70 տուն հայ ընտանիք[2]։
Ջուղայի բռնագաղթը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախիջևանի հայ բնակչության բռնագաղթի կազմակերպումը դրված էր երկրամասի կառավարիչ՝ Մախսուդ սուլթան քենգերլուի վրա, իսկ Ջուղայի բնակչության տեղահանությունը՝ Թահմասբ կուլի բեկի։ Այստեղից պարզ երևում է շահ Աբասի առանձնահատուկ ուշադրությունն ու վերաբերմունքը Ջուղայի բնակչության նկատմամբ, իհարկե խոսքը հարուստ վաճառականների ու նրանց ընտանիքների մասին է, քանի որ վերջիններս իրենց վրա էին կրելու հարավային Պարսկաստանի տնտեսության աշխուժացման հիմնական ծանրությունը։ Շահ Աբասի, Ջուղայի հարուստ հայ խոջաների ու նրանց ընտանիքների նկատմամբ բարյացակամ վերաբերմունքի մասին է վկայում Գրիգոր Դարանաղցու հետևյալ տեղեկությունը . «… և խնամարկելով զնոսա առաւել քան զազգայինս իւր, որ են Ջուղայեցիք և այլ բազում գաւառաց մարդիկ, որ կան ի հանգստի ի հովանի թևոց նորա վերին ակնարկութեամբն, որպես զհայր գթալով նոցա և որպես զուստերաց և դստերաց մինչև ցայսօր ժամանակի»։ Ջուղա քաղաքի պատմությունն սերտորեն կապված էր առևտրի հետ։ Հայկական փոքրիկ քաղաքը, սկսած XV դ. կեսերից իր աշխարհագրական դիրքի շնորհիվ մեծ համբավ է ձեռք բերում, որպես արևելքի և արևմուտքի շուկաները իրար հետ կապող կենտրոն։ Ջուղայի հայ խոջաներն հարուստ ու հայտնի վաճառականներ էին, որոնք մեծ դեր ունեին արևելքի ու արևմուտքի առևտրի մեջ, նրանք կարողացան շատ կարճ ժամանակահատվածում հսկայական հարստություն կուտակել։ Սակայն իր գոյության ընթացքում Ջուղան չդարձավ համաշխարհային առևտրական քաղաք։ Այն մնաց սոսկ որպես պահեստ ապրանքների համար։ Հայ վաճառականին Ջուղայի հետ կապում էր միայն այնտեղ ապրող իր ընտանիքը։ Ջուղայեցիների բռնագաղթը մանրամասնորեն նկարագրում է Առաքել Դավրիժեցին, նա պատմում է, թե ինչպիսի խստագույն սպառնալիքներով պարսիկ զինվորները իրագործեցին շահի հրամանը, որի ժամանակ տեղահանվեց և բռնագաղթի ենթարկվեց մոտ 3 հազար հայ ընտանիք։ Դեռ 1581 թ. առևտրական գործերով Ջուղա այցելած Նյուբերին նշում էր, որ քաղաքում ծխերի թիվը հասնում էր 3 հազարի, իսկ բնակչությունն կազմում էր 15-20 հազար։ Տաս տարի անց՝ 1590 թ., մեկ այլ առևտրական-ճանապարհորդ Քարտվայտի տեղեկություններով Ջուղայում կար 2 հազար ծուխ, 10 հազար բնակչությամբ։ XVII դարի սկզբներին Ջուղան ուներ 10-12 հազար բնակչություն։ Ջուղայեցիներն հաստատվում են Սպահանում ու կառուցում Նոր Ջուղա արվարձանը, որը XVII դարում եվրոպացի ուղեգիրների տվյալներով շուրջ 650 հազար բնակչություն ունեցող մայրաքաղաքին կից, տնտեսապես զարգացած, մոտ 30 հազար բնակիչ ունեցող բնակավայր էր։ Որոշ ժամանակ անց Ջուղայի բնակչության աննշան մասն, 200 ընտանիք խուսափելով բռնագաղթից նորից հաստատվում է հայրենի քաղաքում։ Սակայն 1606 թ. գարնանը, Ջուղայում մնացած բնակչությանը կրկին տեղահանության շահական հրովարտակով Ջուղա է գալիս Համդամ աղան. «և եկեալ Համդան աղայն ընդ իւր զօրէք ի Ջուղայ՝ կոչեաց զմնացեալ ժողովուրդն առաջի և խօսեցաւ ընդ նոսա սաստիւ և բռնութեամբ, եթէ հնազանդեալ անսայք հրամանայ թագաւորին ելէք ձերովք ընտանեօք և ստացուածովք զի ի միասին երթիցուք, և թէ ոչ կամիք գնալ, զարուս և զկարողս ձեր սրով կոտորեմք՝ և զինչս և զնտանիս ձեր ի գերութիւն առնումք։ Այլև գնացեալ ի լերինս և ի ձորս տեղիս փախարէիցն գտին զփախուցեա լսն, և բերին ի Ջուղա, և յինանց երկրորդում կիրակէի երկուշաբաթ օրն չուեցուցին ի Ջուղայոյ՝ և ուղևորեցին դեպի Թավրէզ»։ Այսպիսով, դատարկվում ու ավերվում է Ջուղան։ Այս դեպքերից 68 տարի անց 1673 թ. ապրիլի 13-ին Ջուղա այցելած եվրոպացի ճանապարհորդ Շարդենի տեղեկություններով Ջուղայում ապրում էր 30 ընտանիք բոլորն էլ հայ։
Նախիջևանի հայ բնակչության տեղաբաշխումը Պարսկաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շահ Աբբաս I-ի արքունական պատմագիր Իսքանդար Մունշիի հաղորդման համաձայն՝ տեղահանելով Նախիջևանի երկրամասի հայ բնակչությանը, շահը նրանց տեղափոխում է Դիզմարի ու Ղարադաղի շրջաններ, իսկ Ջուղայի բնակչությանը՝ պարսկական Իրաք և տեղավորում Սպահանի նահանգում, քաղաքաբնակներին բնակեցնելով՝ Սպահան, Քեաշան, Ղազվին քաղաքներում, իսկ գավառաբնակներին Սպահանի շրջակա ավաններում ու գյուղերում՝ Ալնջանի 7, Լնջանի 10, Գանդիմանի և Ջղախոռի 5, Փէրիայի և Բուրվարիի 22 գյուղերում։ Աղբյուրներում տեղեկություններ չկան, թե վերոհիշյալ գյուղերն հայերն իրենք հիմեցին, թե՛սրանք պարսկական գյուղեր էին, որտեղից շահ Աբասը տեղահանեց պարսիկներին՝ հայերին բնակեցնելու համար։ Հայ գաղթականներից 500 տուն բնակեցվում է Շիրազում։ Նախիջևան քաղաքից բռնագաղթի ենթարկված հայ բնակչությունը տեղափոխվում է Ֆահրապատ քաղաք։ Շահ Աբասը բռնագաղթված հայ բանակչության մի մասին բնակեցնում է Գիլանի և Մազանդարանի շրջաններում։ Ժամանակի ականատես հայ պատմագիրներն այս շրջաններ բռնագաղթված բնակչության թվի մասին տեղեկություններ չեն տալիս։ Խնդրո առարկա հարցի լուսաբանման համար բավականին արժեքավոր է Շարդենի հետևյալ վկայությունը . «նա (շահ Աբբասը) փոխադրեց 30 հազար քրիստոնյա ընտանիք և բնակեցրեց Գիլանի ու Մազանդարանի գավառներում»։ Գավառի որոշ գյուղերի բնակչության տեղաբաշխման մասին Սպահանի նորահիմն արվարձանում՝ Նոր Ջուղայում, վկայում են քաղաքում ջուղայեցիների, ագուլեցիների, վանանդեցիների և այլ թաղերի անունները։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Voyages d'un missionnaire de la compagnie de jesus en Turquie, en Perse, en Armenie et en Barbarie, Paris, 1730, p. 192.
- Chardin J., Voyages en Perse, et autres lieux de l’orient, tom II, Amsterdam, 1735, p. 303, 320-325.
- Relation dv voyage d’Adam Olearivs en Moscovie, Tartarie, et Perse, tom I, Paris, 1679, p. 362.
- Մատենադարանի պարսկերեն հրովարտակներ, պրակ III, կազմեց՝ Ք. Կոստիկյան, Ե., 2005, էջ 47, 77։
- Эзов Г., Сношения Петра Великого с армянским народом, СПБ, 1868, с. 35-38, 46 468.
- Խաչատուր աբեղայի Ջուղայեցւոյ պատմութիւն Պարսից, Վաղարշապատ, 1905, էջ 102։ Հայերեն ձեռագրերի ԺԷ դարի հիշատակարաններ (1601-1620 թթ.), հ. Ա, կազմեցին՝ Վ. Հակոբյան, Ա. Հովհաննիսյան, Ե., 1974, էջ 182, 270։
- Զաքարեայ սարկաւագի Պատմագրութիւն, հ. Ա, Վաղարշապատ, 1870, էջ 19-20։
- Ephemerides carmelitae, annus XI, Roma, 1960, p. 416-449.
- Carlos Alonso, Angel Maria Cittadini, arzobispo de Naxivan, Roma, 1970, pp. 212–215, 231.
- Առաքելյան Հ., Պարսկաստանի հայերը, Վիեննա, 1911, էջ 31։
- Պատմութիւն Առաքել վարդապետի Դաւրիժեցւոյ, Վաղարշապատ, 1896, էջ 51, 57-70, 354։
- Ժամանակագրութիւն Գրիգոր վարդապետի Կամախեցւոյ կամ Դարանաղցիւոյ, Երուսաղեմ, 1915, էջ 38։
- Тер-Аветисян С., Город Джуга, Тбилиси, 1937, с. 1-2, 74.
- Ղևոնդ Ալիշան, Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի։ Վենետիկ, 1893։
- Հակոբյան Հ., Ուղեգրություններ, հտ. Զ, Երևան, 1934, էջ 80։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Քաղաքական անցուդարձի վերլուծությունը տե՛ս Լ. Գ. Դանեղյան, Առաքել Դավրիժեցու երկը որպես Սեֆյան Իրանի XVII դարի պատմության սկզբնաղբյուր, Երևան, 1978, էջ 65-110։
- ↑ Մանրամասն տե՛ս Մերուժան Կարապետեան, Հայ կաթողիկէ թեմը և էթնոդաւանական գործընթացները Նախիջևանում XVII-XVIII դարերում,- Հ. Սահակ Ճեմճեմեան, Նախիջևանի Հայոց վարժարանը և Հռոմը, Վենետիկ-Ս.Ղազար, 2000, էջ 7-8։ Նաև՝ Մերուժան Կարապետեան, Նորայայտ փաստաթղթեր Նախիջևանի ԺԷ դարի առաջին կէսի պատմութեան վերաբերեալ. Օգոստինոս Բաջենց (1584-1653),- «Armenian History Materials in the Archives of Central Europe», Yerevan, 2001, էջ 47-65։