Երևանի բնակչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երևանն իր պատմության ընթացքում ենթարկվել է անհաշվելի արհավիրքների, եղել է տասնյակ պատերազմների թաթերաբեմ ու յուրաքանչյուր արհավիրքի արդյունքում զգալի կերպով փոխել իր դեմոգրաֆիկ տեսքը։ Երևանը հանդիսացել է բնակության վայր ուրարտացի, հայ, թուրք-թաթար, ռուս ու բազմաթիվ այլ ազգի ներկայացուցիչների համար։ Երևանի ներկայիս տարածքում տարբեր դարերում գոյություն են ուենցել մի շարք բնակավայրեր։ Դրանց թվում են Շենգավիթը, Էրեբունին, Թեյշեբաինին, Կոնդը, Նորագյուղը, Ավանը, Քանաքեռը և այլն։

Ուրարտական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թ. Վանում Նիկողայոս Մառի և Հովսեփ Օրբելու կատարած հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված Խորխորյան արձանագրությունից պարզ է դառնում, որ Արգիշտի I-ը 6600 հայալեզու ռազմիկների բնակեցրել է Էրեբունի քաղաք-ամրոցում հիմնադրումից հետո մ․թ․ա․ 782 թվականին, որոնց արքան տարել էր Ծուպա և Խաթե երկրներից։ Մ․թ․ա․ 595 թվականին ամրոցը լքվել է։

Պարսկա-թուրքական տիրապետության շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 1590 թվականի օսմանյան հարկամատյանի, այսինքն մինչ Շահ Աբբասի 1604 թվականի մեծ տեղահանությունը՝ Երևանի նահիեի մաս կազմող Երևան քաղաքը ուներ 29 մուսուլման հարկատու, որոնց թվում չկային ամուրիներ։ Այսինքն Երևանում բնակվում էր 29 իսլամադավան ընտանիք։ Քրիստոնեա հարկատուների թիվը 377 էր, որոնց թվում 4-ը ամուրի։ Այսպիսով Երևանում բնակվում էր քրիստոնեա 373 քրիստոնեա ընտանիք ու 4 ամուրի։ Այդ շրջանում քաղաքը բաժանված է եղել թվով 6՝ Մարտիրոսի, Միրզայի, Քուչեք Քայքըի, Իսալուի, Բուրանջա Օհանի և Դերեգույի թաղերի միջև, ուր բնակվել է տեղի քրիստոնյա բնակչությունը[1]։

Հաշվի առնելով թուրք օսմանագետ Օմեր Լյութֆի Բարքանի՝ յուրաքանչյուր ընտանիք միջինը բաղկացած է եղել 5 անդամից[2], Երևան քաղաքի բնակչությունը 1590 թվականին կազմել է շուրջ 1869 քրիստոնյա և 145 մուսուլման[3]։

Նոր շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Միայն XIX դարի վերջին և XX դարի սկզբին Ալեքսանդրապոլի (Գյումրի)-Երևան երկաթուղու շինարարության, ինչպես նաև Արարատյան դաշտում բուսաբուծության զարգացման շնորհիվ աստիճանաբար աշխուժանում է Երևանի տնտեսական կյանքը, մի քանի անգամ ավելանում է նրա բնակչությունը։

Երևանի արագ զարգացման համար նպաստավոր պայմաններ ու նախադրյալներ ստեղծվեցին խորհրդային տարիներին։ Դրանով մայրաքաղաք, Երևանն այլ բնակավայրերի համեմատությամբ ունեցավ զգալի առավելություններ, որը դրսևորվեց տնտեսության տարբեր ճյուղերի և հատկապես արդյունաբերության արագ զարգացմամբ և բնակչության թվի աննախադեպ աճով։ Երևանի արագ զարգացմանը նպաստեցին նաև ՀԽՍՀ տարածքի նկատմամբ հարմար աշխարահագրական դիրքը և տրանսպորտային հաղորդակցության բարենպաստ պայմանները։

Խորհրդային Հայաստանի տնտեսական և սոցիալական արագ զարգացման անհրաժեշտությունը պահանջում էր հանրապետությունում խոշոր կազմակերպչական կենտրոնի ստեղծումը, որը կենտրոնացավ հանրապետության տնտեսական և արտադրական, գիտակրթական և սոցիալ-մշակութային ներուժի զգալի մասը, սկսում է ակտիվ դեր խաղալ հանրապետության այլ քաղաքների և տարածաշրջանների զարգացման գործում։ Երևանի բնակչության թվի աճի տեմպերը բարձր էին հատկապես 1950-80-ական թվականներին, երբ բնակչության թիվը 301 հազարից 1990 թվականին հասավ 1 218 000 մարդ, որը կազմում էր հանրապետության քաղաքային բնակչության 50%-ից ավելին, իսկ ամբողջ բնակչության շուրջ՝ 36,5%-ը։

Վերջին 15-20 տարիների ընթացքում Երևանի բնակչության թիվը նվազել է և ներկայումս կազմում է 1 111 300 մարդ կամ հանրապետության ողջ բնակչության 1/3-ից ավելին։

Երևանի բնակչության թվի փոփոխությունները պայմանավորված են բնակչության բնական և մեխանիկական շարժումներով։ Խորհրդային տարիներին Երևանի բնակչության թվի աննախադեպ աճը (ավելի քան 26 անգամ) պայմանավորված էր ոչ այնքան բնակչության բարձր բնական աճով, այլ միգրացիայի դրական մնացորդով։ Երևանի բնակչության ձևավորումը նպաստում էին ոչ միայն հանրապետության բոլոր բնակավայրերից ու շրջաններից, այլ Խորհրդային Միության տարբեր հանրապետություններից (Ադրբեջան, Վրաստան և այլն) և արտասահմանյան երկրներից եկած բնակչությունը։ Հատկանշական է նաև այն, որ Երևանի արագ աճը կանխորոշեց նրա շուրջը «արբանյակ քաղաքների» (Աբովյան, Նոր Հաճն, Բյուրեղավան և այլն) ստեղծումը և Երևանի քաղաքային ագլոմերացիայի ձևավորումը։

Անկախության սկզբնական տարիններին Երևանի բնակչության թվի նվազումը պայմանավորած էր ցածր բնական աճով՝ 2-3 % և բնակչության արտագաղթով։

Երևանի բնակչության սեռային կազմում միշտ էլ գերակշռել են կանայք։ Ներկայումս բնակչության թվում կանանց բաժինը 51 %, այն ավելի բարձր է աշխատունակ և հատկապես հետաշխատունակ տարիքային խմբերում։ Վերջին տասնամյակներում նկատվում է Երևանի բնակչության ծերացման գործընթաց, որը դրսևորվում է ընդհանուր բնակչության թվում մինչաշխատունակ տարիքի բնակչության բաժնի նվազմամբ և 65 տարեկանից բարձր բնակչության բաժնի ավելացմամբ։ Բարձր է բնակչության կրթական մակարդակը։ Եթե նախկինում զբաղված բնակչության թվում գերակշռում էին արդյունաբերության և այլ արտադրական ոլորտներում աշխատողների թիվը, ապա ներկայումս խիստ գերակշռում են սպասարկման ոլորտի տարբեր ճյուղերում զբաղվածների թիվը։

Երևանի բնակչության ազգային կազմը միատարր է։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով հայերը կազմում են բնակչության 98,63 %-ը, ռուսները՝ 0,61 %, եզդիները՝ 0,43 %, փոքրաթիվ են ուկրաինացիները, հույները, ասորիները և այլն։

Երևանի տարածքում բնակչությունը անհամաչափ է տեղաբաշխված։ Բնակչության խտությունը նվազում է կենտրոնից դեպի ծայրամաս ուղղությամբ։ Բնակչության թվով առավել խոշոր վարչական շրջաններն են՝ Նոր Նորք (142,2 հազար մարդ), Շենգավիթը (144,6 հազար մարդ), Մալաթիա-Սեբաստիան (141,0 հազար մարդ), Արաբկիրը (131,1 հազար մարդ), Կենտրոնը (130,0 հազար մարդ), իսկ ամենափոքր վարչական շրջաններն են՝ Նորք-Մարաշը (11,3 հազար մարդ), Նուբարաշենը (9,6 հազար մարդ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. T.C. Başbakanlık Osmanlı Arşivi, TT_d. էջեր 24–28.
  2. İslamoğlu, M. A. (2014). 1590 Tarihli Mufassal Tapu Tahrir Defterine Göre Revan Eyaletinde Alınan Vergiler (Ordubad Kazası orneği), vol. 4. Cappadocia Journal of History and Social Sciences. էջ 135.
  3. Միրզաբեկյան, Գեորգի (2018). 1590 թվականի Երևանի վիլայեթի և 1728 թվականի Երևանի լիվայի ու նրա հյուսիսային հարակից շրջանի օսմանյան աշխարհագրերը (համեմատաան վերլուծություն), ատենախոսություն. Երևան: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Արևելագիտության ինստիտուտ. էջ 34.