Կոնդ
| Երկիր | |
|---|---|
| Մասն է | Կենտրոն վարչական շրջան |
| Կարգավիճակ | պատմական թաղամաս |
| Մտնում է | Երևանի Կենտրոն վարչական շրջանի մեջ |
| ԲԾՄ | 1027 ± 1 մետր |
| Տարածք | 0,237 կմ² |
| Հիմնադրված է | մոտ 17-րդ դար թ. |
Կոնդ, Երևանի պատմական թաղամասերից մեկը։ Այն գտնվում է ժամանակակից Կենտրոն վարչական շրջանի սահմաններում` Լեոյի, Սարյանի և Պարոնյանի փողոցների հարևանությամբ։ Նրա արևմտյան սահմանը պատմականորեն եղել է Հրազդան գետը, իսկ հյուսիսային սահմանը՝ Կոզեռնի գերեզմանատունը։
Մեր օրերում թաղամասը գրեթե կորցրել է իր ինքնատիպությունը ու գտնվում է անհետացման եզրին` անկանոն կառուցապատման, հին շինությունների քանդման և նոր բազմաբնակարան շենքերի կառուցման պատճառով։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր[1]։ Պարսկական տիրապետության ժամանակ այդ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է[2] ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնդի առաջին հիշատակումը թվագրվում է 1655 թվականին։ Այն 17-րդ դարից ի վեր Երևանի երեք սկզբնական թաղամասերից մեկն էր՝ Շահարի (Հին թաղ) և Դեմիր-Բուլաղի (Քարահանք) հետ միասին: Ի սկզբանե բնակեցված լինելով հայերով, պարսկական տիրապետության ժամանակ Կոնդը դարձել է բազմազգ` բնակեցված լինելով նաև պարսիկներով, թաթարներով, թուրքերով և բոշաներով։
1915 թվականից հետո Կոնդում ապաստան են գտել ցեղասպանությունից մազապուրծ եղած բազմաթիվ հայ փախստական ընտանիքներ։
Խորհրդային տարիներին, Երևանի վերակառուցման պատճառով, բազմաթիվ հին թաղամասեր քանդվեցին՝ լայն պողոտաներ և նոր շենքեր կառուցելու նպատակով։ Սակայն Կոնդը խուսափեց այդ ճակատագրից՝ պահպանելով իր յուրօրինակ պատմական տեսքը և միջնադարյան հատակագիծը։
2000-ականների սկզբից ի վեր պարբերաբար ի հայտ են եկել Կոնդի վերակառուցման նոր ներդրումային նախագծեր և նախաձեռնություններ: Քննարկվել են տարբեր գաղափարներ՝ սկսած հին շենքերի լիակատար քանդումից` ժամանակակից բնակելի համալիրների և բիզնես կենտրոնների (Հյուսիսային պողոտայի օրինակով) կառուցման համար, մինչև տարածքը զբոսաշրջային միջավայրի վերածելը՝ պահպանելով դրա պատմական նշանակությունը:
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 15-րդ դարում՝ Կոնդի հյուսիսային ծայրում: 1679 թվականի հզոր երկրաշարժից վնասվելուց հետո այն վերակառուցվել է 1710 թվականին մեծահարուստ Մելիք-Աղամալյանների ընտանիքի կողմից:
Պարսկական մզկիթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մզկիթը հավանաբար կառուցվել է 1687 թվականին` Սեֆյան արքայատոհմի օրոք: 1920 թվականին, Հայաստանի խորհրդայնացումից հետո, մզկիթը դարձել է արխիվ, ապա՝ ապաստան Հայոց ցեղասպանությունից տուժած փախստականների համար: Այսօր մզկիթը ծառայում է որպես թանգարան և գինու համտեսի կենտրոն:
Մելիք Աղամալյանների առանձնատուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մելիք Աղամալյանների տունը հայտնի Աղամալյանների տոհմի շքեղ առանձնատուն է, որը կառուցված է հիմնականում սև տուֆից: Մելիք Աղամալյանների ընտանիքը Երևանի ամենահարուստ ընտանիքներից մեկն էր և հայտնի էր իր բարեգործությամբ Հայոց ցեղասպանության ժամանակ: Նրանց ընտանիքի ժառանգները տուժել են ստալինյան բռնաճնշումներից, և ազնվական ընտանիքի վերջին անդամը՝ Ալեքսանդր Աղամալյանը, այդ ժամանակ վտարվել է տնից:
Մեր օրերում առանձնատունը գտնվում է անմխիթար վիճակում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անժիկ Հակոբյան, Կոնդ։ «Գարուն», 1967, № 3, էջ 45-51։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Հրազդան» մարզադաշտը և Կոնդը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հին թաղերը» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 3-ին.
- ↑ ԵՐԵՎԱՆԻ ՄԻԿՐՈՏՈՊՈՆԻՄԻԿԱՆ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոնդը հին Երևանի վերջին թաղամասն է, hetq.am
- Կոնդ. Երևանի քաղաքաստեղծ թաղ, Urbanista
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
