Jump to content

Երևանի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեպագիր արձանագրություն Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ ապրել է տասնյակհազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։

ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է (Երևանյան լճի մոտ՝ Հրազդան գետի ձախ ափին), որի հնագույն, ստորին շերտը (4-5 մշակութային շերտ) թվագրվում է մոատերյան շրջանով (10-3,5 հազարամյակ առաջ)։

Ժամանակակից Երևանի տարածքում տարբեր շրջաններում գոյություն են ունեցել Շենգավիթ, Էրեբունի, Թեյշեբաինի, Ավան, Քանաքեռ բնակավայրերը, ինչպես նաև Երևանի բերդը, Ծիծեռնակաբերդը, Կարմիր բերդը։

Անվան պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ անընդմեջ բնակվել են Երևանի տարբեր շրջաններում, հետևաբար քաղաքի հիմնադրում կապել առաջին մարդկանց կողմից բնակություն հաստատելու հետ նպատակահարմար չէ։ Սակայն Երևան անվանման պատմությունը կարող է հիմք լինել քաղաքի հիմնադրման տարեթվի համար։

Գոյություն ունի Երևան անվանման ծագման մի քանի տեսություն, որոնցից մի մասը հերքված են, մի մասը քիչ հավանական և մեկ տեսություն առավել հավանական՝ կապված Էրեբունի անվան հետ։ Տեսությունը տարածվել է Էրեբունի ամրոցի հայտնաբերման արդյունքում ժամանակակից Երևանի տարածքում։ Ըստ դրա ուրարտերեն «Էրեբունի» անվանումը հետ ուրարտական շրջանում հեշտությամբ կարող էր հնչունափոխվել «Երևան».

  • ԷՐ → ԵՐ
  • ԵԲ → ԵՎ (դասական բետացիզմի օրինակ, երբ Բ-ն և Վ-ն փոխարինվում են միմյանցով)
  • ՈՒՆ → ԱՆ
  • Ի → Ուրարտերենում բառավերջի ձայնավորը հնչել է թույլ՝ որպես (Ը) և ի վերջո սղվել

Ուրարտուի կործանումից ի վեր և մինչ առնվազն մ.թ. 7-րդ դար Երևանի մասին ապացուցված հիշատակություն չկա։ Սակայն այնուհետև Էրեբունիից մի քանի կիլոմետր հյուսիս-արևմուտք սկսում է հիշատակվել Երևան գյուղաքաղաքը։ Այս տեսությունը հիմք է տալիս եզրակացնել, որ Էրեբունիի ու հետագայում Թեյշեբանիի բնակչությունը լքել են բնակավայրը և հաստատվել փոքր ինչ հեռու՝ պահպանելով բնակավայրի անվանումը։

Էրեբունիի դիրքն ու հիմնադրման թվականը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ 20-րդ դարի կեսերը Էրեբունի բնակավայրի տեղակայման վայրը հայտնի չի եղել։

Վանի քարաժայռի վրա փորագրված Խորխոռյան տարեգրության մեջ, որը 1828 թվականին հայտնաբերել է արևելագետ Ֆրանց Շուլցը, ընթերցվում է նաև էրեբունի տեղանունը։

1894 թվականին ռուս հնագետ Ալեքսեյ Իվանովսկին Նորքի բնակիչ Պապակ Տեր-Ավետիսյանից գնել է բազալտե քարի մի բեկոր՝ սեպագիր անձանագրությունով, որը վերջինս գտել էր Արին Բերդ կոչվող բլուրի ստորոտից՝ 1879 թվականին։ Արձանագրությունը, որը հետագայում Իվանովսկին թարգմանում է, նշում է, որ Մենուայի որդի Արգիշտին մի շինություն է հիմնել՝ 10000 ցորենի կապ պահելու հնարավորությունով[1], բայց դիրքն ու թվականը մնում էր անհայտ։

Արգիշտի Մենուա որդին այս շահմարանը կառուցեց 10 000 կապի այնտեղ (տեղավորելու համար)

Իվանովսկին անցկացնում է որոշ ուսումնասիրություններ Արին Բերդի տարածքում, սակայն ծավալուն պեղումներ իրականացնել չի հաջողվում[2]։ 1950-ական թվականներին Արին Բերդի տարածքում սկսվում եմ լայնամասշտաբ պեղումներ, որի արդյունքում հայտնաբերվել է բուն բերդը և հիմնադրմանը վերաբերվող ևս 2 արձանագրություն` հիմնականում նույնաբովանդական, 10-13 տող երկարությամբ, որոնք վկայում են Վանի թագավորության Արգիշտի Ա արքայի կողմից ամրոցի հիմնադրման մասին։ Դրանցից մեկը հայտնաբերվել է 1950 թվականի սեպտեմբերի 25-ին և ունի հետևյալ բովանդակությունը.

Խալդյան մեծությամբ, / Մենուայի որդի Արգիշտին / այս հոյակապ բերդը կառուցեց, / կոչեց քաղաք Իրբունի անվամբ/ ի փառս Բիայնա երկրների / և ի սարսափ թշնամի երկրների։ / Արգիշտին ասում է՝ հողն / ամայի էր, ես այստեղ / հիշարժան գործեր կատարեցի։ / Խալդյան մեծությամբ, / Մենուայի որդի Արգիշտին՝/ թագավոր հրաշագործ, թագավոր Բիայնայի, / տերը Տուշպա քաղաքի[3][4]

Չնայած նրան, որ բնագրում բերդի հիմնադրման տարեթիվ ուղղակիորեն նշված չէ, այդուհանդերձ, Վանից հայտնի Արգիշտի Ա-ի Խորխոռյան տարեգրության համաձայն, ընդունված է բերդաքաղաքի հիմնադրումը վերագրել Արգիշտի Ա-ի գահակալման 5-րդ տարվան, այսինքն ասսուրա-ուրարտական ռազմական առաջին ընդհարմանը՝ մ.թ.ա. 781-ին նախորդող թվականին, որը համապատասխանում է մ.թ.ա. 782 թվականին[5][6]։ Վանի արձանագրության մեջ նշվում է նաև, որ Արգիշտին Խաթե և Ծուպանե երկրներից Էրեբունիում է բնակեցրել 6 հազար 600 զինվորներ։

Ընդհանուր առմամբ հայտնաբերված է 4 արձանագրություն։ Սեպագիր արձանագրություններից մեկը ցուցադրվում է Երևանի պատմության թանգարանում, մյուս երեքը՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում։

Երևանը հիշատակվում է 3-րդ դարի սոդդիական-մանիքեական տեքստում, որտեղ նշվում է, որ քրիստոնեական համայնքի կողքին Մանիի (պարսիկ նկարիչ, մանիքեության հիմնադիրը) աշակերտներից մեկը Երևանում հիմնել է մանիքեական համայնք։[փա՞ստ]

Առաջին լուսանկարում՝ «Երևան» անվան հիշատակումը 1223 թվականի արձանագրության մեջ[7][8], երկրորդ լուսանկարում՝ «Երևան» անվան հիշատակումը Հաղարծնի վանքի Սուրբ Գրիգոր եկեղեցի եկեղեցու գավիթ (12-րդ դար) բարավորի վրա։

Վանի թագավորության անկումից հետո Երևանի շուրջ 1000-ամյա պատմության մասին հայ մատենագրության աղբյուրները լռում են։ Երևանը կրկին հիշատակվում է 7-րդ դարում՝ «Գիրք թղթոցի» մեջ։ Պատմիչ Սեբեոսը վկայում է, որ արաբերեն արշավանքների ժամանակ Երևանը վաճառաշահ ու այգեշատ քաղաք էր։ 12-13-րդ դարում Երևանը բավական մեծ տարածք է զբաղեցրել, սակայն սելջուկ թուրքերի արշավանքների հետևանքով հիմնովին ավերվել է և, տակավին չվերականգնված, ենթարկվել նոր արհավիրքի՝ մոնղոլ-թաթարների, ապա Լենկթեմուրի ասպատակություններին, և 1387 թվականին, ի թիվս այլ քաղաքների, կրկին ավերվել է։

Երևանի կարևորությունը մեծացել է 1437-1467 թվականներին, երբ դարձել է Արարատյան աշխարհի մեծագույն մասն ընդգրկող կուսակալության կենտրոնը և հաճախ հիշատակվում է որպես «Արարատյան երկրի մայրաքաղաք»։ Կարակոյունլու ցեղապետ Ջհան շահը (1437-1467) ստեղծել է Երևան կենտրոնով կուսակալություն և կուսակալ նշանակել Յաղուբ բեկին։ 1502 թվականին Իրանի Սեֆյան հարստության հիմնադիր Իսմայիլ շահը, ի թիվս Հայաստանի արևելյալ երկրամասերի, ակկոյունլուներից խլել է նաև Երևանն ու հանձնել Ռևան խանին։ Իբրև սահմանային մեծ խանության կենտրոն՝ Երևանը պեղված բրոնզե ձիու գլուխ Ռևան խանի օրոք ձեռք է բերել ռազմական (մ.թ.ա. 6-րդ դար) մեծ նշանակություն։

Հակամարտություններ Պարսկաստանի և Թուրքիայի և Իրանի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1555 թվականի Ամասիայի պայմանագրով՝ Հայաստանը բաժանվել է թուրքերի և պարսիկների միջև. Երևանի խանությունն անցել է Իրանին։ 1578 թվականին թուրքական զորքերը Մուստաֆա Լալու (Ջաֆեր) փաշայի գլխավորությամբ կրկին հարձակվել են Երևանի խանության վրա և 1579 թվականին հեշտությամբ գրավել են այն, քանի որ Մահմուդ խանը (Թոխմախ մականունով), լսելով թուրքական բանակի մոտենալու լուրը, կողոպտել է քաղաքը և դիմել փախուստի՝ իր հետ տանելով հազարավոր գերիներ։ Երևանից բազմահազար (մոտ 60 հազար) գերիներ է տարել նաև թուրք Մուստաֆա Լալու փաշան։ Սակայն շուտով կնքվել է նոր պայմանագիր, որով Երևանը դարձյալ անցել է Իրանին։

1583 թվականին թուրքական մի ստվար բանակ Ֆահրադ փաշայի հրամանատարությամբ վերստին արշավել է Երևան։ Մահմուդ խանը նահանջել է արևելք՝ քաղաքը թողնելով թուրքերին։ Ֆահրադ փաշան 1582-1583 թվականներին Հրազդանի ձախափնյա զառիթափ ձորեզրին՝ հարթավայրում, կառուցել է Երևանի բերդը, որը եղել է թուրք և պարսիկ տիրակալների բացառիկ կարևոր ռազմական հենակետը։ 19-րդ դարի սկզբին բերդն զբաղեցրել է 790 մ x 850 մ չափսերի գրեթե քառակուսի տարածք։ 1603 թվականին Աբբաս շահը մոտ 8-9 ամիս պաշարել է Երևանը, թուրքական կայազորը հարկադրված հանձնվել է։ 1604 թվականին Աբբասի գերեվարած հայերի թվում եղել են բազմաթիվ երևանցիներ, որոնք 1606 թվականին Նոր Ջուղայի մոտ հիմնել են ավան և կոչել Նոր Երևան։ 1605 թվականի դաշնագրով՝ վերականգնվել են 1555 թվականի թուրք-պարսկական սահմանները, և Երևանը կրկին մնացել է պարսկական հատվածում։ 3 դար շարունակ Երևանը 14 անգամ ձեռքից ձեռք է անցնել։ 1606-1609 թվականներին Երևանի Ամիրգունա խանը Արևմտյան Հայաստանի զանազան շրջաններից գերած բազմաթիվ հայերի բնակեցրել է Երևանի շրջակայքում։ 1635 թվականին քաղաքը գրավել են Մուրատ սուլթանի, 1636 թվականին՝ Իրանի շահ Սեֆիի զորքերը։ 1638 թվականին Երևանը և շրջակա բնակավայրերը գրավել ու ասպատակել են Քանան փաշայի թուրքական զորքերը, որոնց կազմում եղել են նաև Ղրիմի խանի ջոկատները։ 1639 թվականին կնքված Ղասրե Շիրինի հաշտությամբ հաստատվել է մոտ 60-ամյա խաղաղություն։ Երևանը եղել է Սեֆյան կայսրության Չուխուր Սաադի բեգլար-բեգության կենտրոնը, որը կառավարել է սարդարը, 1747 թվականից՝ խանը։

1724 թվականին Երևանի և շրջակա գյուղերի բնակիչները շուրջ 2 ամիս դիմագրավել են թուրք, 70-հազարանոց բանակին և միայն պարսիկների դավաճանության պատճառով են պարտվել ու բերդը հանձնել թուրքերին։ Երևանի պատմության այդ էջը ներկայացրել է պատմիչ Աբրահամ Երևանցին, որը, մանրամասն նկարագրելով ճակատամարտը, հիշատակում է, որ 20 հազար զոհ տալով՝ թուրքերին վերջապես հաջողվել է գրավել բերդը։ 1735 թվականին Իրանի Նադիր շահը, թուրքերի հետ նախնական պայմանավորվածությամբ, վերացրել է Կարսի բերդի պաշարումը, փոխարենը երկարատև պաշարումից հետո առանց կռվի (սեպտեմբերի 22-ին) գրավել Երևանը։

Հին Երևանի զինանշանը

18-րդ դարը 1-ին քառորդից Իսրայել Օրին և ազատագրական շարժման մյուս գործիչները հայ ժողովրդի ազատագրական շարժումներում կարևոր դեր են հատկացրել Երևանին։ 18-րդ դարի 2-րդ կեսին Երևանի խանությունը հարկատու էր Վրաստանի Հերակլ 2-րդ թագավորին, որից ժամանակ առժամանակ հրաժարվելու պատճառով Հերակլը ձեռնարկել է 3 պատժիչ արշավանքներ (1765, 1769, 1779)։ Վերջինի ժամանակ ավերել է Երևանի խանության գավառները, 3 ամիս պաշարել քաղաքը, խանության շատ բնակիչների գաղթեցրել Վրաստան, Երևանից տարածներին բնակեցրել են Տփղիսի Հավլաբար թաղամասում։ 17-18-րդ դարերում Երևանն ունեցել է մոտ 15 հազար բնակիչ։ Երևանում էին կենտրոնացված խանության վարչական մարմիններն ու զորքերի մեծ մասը։ Այդ շրջանում Երևանը կառավարել է ոստիկանապետը, որն զբաղվել է քաղաքի կարգուկանոնով և տուրքերի հավաքմամբ։ Թաղերը ենթարկվել են ավագներին։ Պաշտոնյաների թվում էին շուկայի պետը, կշռապետը և ոռոգման ցանցի պատասխանատուն։

Բնակչության զբաղվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում Երևանում զարգացել են արհեստագործությունը (այդ թվում՝ տնայնագործությունը), առևտուրը, այգեգործությունն ու բանջարաբուծությունը, մասամբ՝ երկրագործությունն ու անասնապահությունը։ Հիմն արհեստներն էին ներկարարությունը, կաշեգործությունը, հացագործությունը և այլն։ Արհեստավորներն ու առևտրականներն ընդգրկված էին համքարություններում։ Քաղաքում գործել են տնայնագործ, արտադրական ձեռնարկություններ (ապակու, վառոդի, թնդանոթի և այլն)։ Մեծածախ առևտրով զբաղվել են հարուստ վաճառականները, մանրածախով և շարժականով՝ մանր առևտրականները (բազազներ, մանրավաճառներ)։

Քաղաքի կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երևանի Ցարսկայա, այժմ Արամի փողոցը

Քաղաքն զբաղեցրել է մեծ տարածք՝ անշուք և անկանոն կառույցներով։ Բերդը քաղաքից բաժանվել է մեծ հրապարակով։ Բերդում էին խանի պալատը, հարեմը, զորանոցներ, բաղնիքներ, մզկիթներ, կրպակներ և այլ շինություններ։ Քաղաքն ուներ 3 թաղամաս (Շահար, Թափաբաշ, Երկաթ-աղբյուր)։ Գործել է 4 շուկա՝ Ղանթարի շուկա, Ցեխի մեյդան, Սև շուկա, Մեջիթի շուկա, 7 կարավանատուն (Գյուրջի, Ջուղայի, Ջառաբի, Հաջի Ալիի և այլն)։ Երևանը եղել է ռուս-պարսկական առևտրի խոշոր հանգույց։ Առևտրի ծավալով ու մեծությամբ ամենահայտնին Մեծ հրապարակն էր՝ սարդարի 2 կշեռքներով՝ ղանթարով (մեծ կշեռք) և միզանով (փոքր կշեռք)։ Մեծ չափերի է հասել արտաքին առևտուրը։ Երևանից արտահանվել են բամբակ, բրինձ, ցորեն, աղ, մրգեր և այլն։ Շրջանառության մեջ են եղել ռուսական, հոլանդական, թուրքական դրամները, Երևանում հատած պղնձադրամները (կարափուլի, գրոշ)։ Երևանին ոռոգման ջուր են մատակարարել Հրազդանից սկիզբ առնող 4 ջրանցքները (Դալմայի, Աբուհայաթի, Մամռի, Նորագեղի)։

Բնական երևույթների ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր բազմադարյան պատմության ընթացքում Երևանը բազմիցս տուժել է բնական աղետներից՝ երկրաշարժներից և Գետառի սելավներից։ Ամենակործանարարը 1679 թվականի հունիսի 4 երկրաշարժն էր. փլվել են եկեղեցիներ, մզկիթներ, Երևանի բերդի, խանի ապարանքները, բաղնիքները, ավերվել քաղաքի բնակելի թաղամասերը։ Զոհերի թիվը հասել է 7600-ի։ 1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ գեներալ Պավել Ցիցիանովի գլխավորությամբ ձեռնարկվել է ռուսական զորքերի առաջին արշավանքը Երևան. 1804 թվականի հուլիսի 2 ռուսական զորքերը գրավել են բուն քաղաքը, ապա պաշարել բերդը (հուլիսի 24)։ Սակայն շուտով հարկադրված վերադարձել են Թիֆլիս։ 1808 թվականի սեպտեմբերին հեներալ Իվան Գուդովիչի գլխավորությամբ արշավանքը Երևան նույնպես արդյունք չի տվել։

Երևանը՝ որպես գավառական քաղաք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին Երևանի շուկան՝ Ղանթարը

1826 թվականին սկսված ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ձեռնարկվել է երրորդ արշավանքը Երևան՝ գեներալ Իվան Պասկևիչի գլխավորությամբ։ 1827 թվականի հոկտեմբեր 1 գեներալ Աֆանասի Կրասովսկու զորքերը հայ կամավորականների աջակցությամբ գրավել են քաղաքը։ 1828 թվականի փետրվարի 10 կնքված պայմանագրով՝ Երևանի և Նախիջևանի խանություններն անցել են Ռուսաստանին։ Երևանը դարձել է Հայկական մարզի կենտրոնը։ Քաղաքի կառավարչությունն ունեցել է 2 բաժին՝ ոստիկանական և դատական։ Կառավարմանը մասնակցել են գանձապետը, թաղամասերի ավագները, ցածրաստիճան այլ պաշտոնյաններ։ 1840 թվականին Հայկական մարզի վերացմամբ Երևանի գավառը ներառվել է Վրացա-Իմերեթյան նահանգի մեջ, և Երևանը վերածվել է գավառական քաղաքի։ 1849 թվականին կազմվել է Երևանի նահանգը՝ Երևան կենտրոնով։ 1874 թվականին, վարչական նոր փոփոխության հետևանքով, նահանգը բաժանվել է գավառների, որոնցից մեկը Երևանի գավառն էր։

1882 թվական

Երևանում արհեստները բուռն զարգացել են հատկապես 1860-ական թվականներին, սակայն 1880-ական թվականներից անկում են ապրել՝ Ռուսաստանում արտադրվող արդյունաբերական ապրանքների ներհոսքի հետևանքով։ Ռուս-պարսկական պատերազմից հետո հաստատված խաղաղությունը, կարավանների անվտանգ երթևեկության ապահովումը, չափ ու կշռի միասնական միավորների գործադրումը, մաքսային համակարգի, դրամական հարկերի սահմանումը, ճանապարհաշինության զարգացումը, դիլիժանսային երթևեկության կազմակերպումը (1866), հեռագրական կապի ստեղծումը (1864) և փոստային մշտական կապի հաստատումը Երևանում խթանել են առևտուրը։ Խոշոր վաճառականներն զբաղվել են բամբակի վերավաճառքով (Մոսկվայում, Կ. Պոլսում, Մարսելում, մասամբ՝ Թիֆլիսում) և ներկրված կտորեղենի առևտրով։ 1865 թվականին Երևանի ներքին և արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է մոտ 2 միլիոն ռուբլի։ 1865 թվականին Երևանի այգիներն ու ցանքատարածությունները կազմել են մոտ 3103 հեկտար գյուղատնտեսական ճյուղերից ստացված մաքուր եկամուտը՝ տարեկան 76 հազար ռուբլի։ 1870 թվականին քաղաքային առաջին կանոնադրությամբ (Երևանում կիրառվել է 807 1879 թվականի հոկտեմբերի 1) Երևանում ստեղծվել են քաղաքային դումա, վարչություն և ինքնավար այլ մարմիններ։ Երևանի առաջին քաղաքապետ է ընտրվել Հովհաննես Ղորղանյանը (1879-18841892 թվականի նոր կանոնադրությամբ սահմանափակվել են քաղաքային ինքնավար մարմինների իրավունքները։ Գյուղացիական ռեֆորմը Հայաստանում իրականացնելուց (1870) հետո կապիտալիստաան արդյունաբերության ստեղծման համար նախադրյալներ են ստեղծվել նաև Երևանում։ Անհրաժեշտ հումքը (բամբակ, շինանյութեր, կաշի, խաղող և այլն), դրամական միջոցները կենտրոնացված էին խոշոր վաճառականների ձեռքում, որոնք էլ հիմնադրել են արտադրական առաջին ձեռնարկությունները։ 1885 թվականին Ն. Թաիրովը (Թաիրյան) հիմնել է գինու, օղու և սպիրտի առաջին գործարանը Երևանում։

Հասարակական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երևան, 1910 թվական
Երևանի գինու և կոնյակի գործարան

1887 թվականին այդ գործարանին կից կազմակերպվել է կոնյակի առաջին արտադրությունը։ Գործել են Դ. Սարաջևի (1894 թվականից), Կ. Աֆրիկյանի և Գ. Գյոզալյանի (1897 թվականից) կոնյակի գործարանները։ 20-րդ դարի սկզբին Երևանում կար կոնյակի, օղու, սպիրտի, գինու 5 գործարան։ 1899 թվականին ռուս խոշոր ձեռնարկատեր Ն. Շուստովը գնել է Թաիրովի գինու-կոնյակի գործարանը, կարճ ժամանակամիջոցում ընդլայնել մի քանի անգամ, իսկ 1907 թվականին կառուցել նոր մեքենայացված, օդամղիչ և տակառի գործարաններ, նկուղներ, սպասարկման կետեր, օժանդակ այլ հարմարություններ և փոքր ջրէկ՝ Հրազդան գետի վրա։ Երևանում արտադրվող կոնյակի և սպիրտի մեծ մասն աստիճանաբար կենտրոնացվել է «Շուստով և որդիներ» ընկերության ձեռքում։ Խաղողի թափոնների և գինու նստվածքների հիման վրա ընդարձակվել է նաև օղու և սպիրտի արտադրությունը։ 1891 թվականին գործել է Տեր-Ավետիքյան եղբայրների մեխանիկական գործարանը, որն սպասարկել է հիմնականում գինու, կոնյակի, օղու արտադրության ձեռնարկություններին։ Գործել են նաև պահածոների, բամբակազտիչ, գարեջրի ու հանք, ջրերի և այլ գործարաններ, տպարաններ, ձիթհաններ։ 1896 թվականին Երևանում ընդհանուր առմամբ եղել է 129 գործարան։ Երևանի տնտեսական կյանքում էական նշանակություն է ունեցել Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղու կառուցումը (1899-1909)։ Ներքին ու արտաքին առևտրի զարգացմանը նպաստել է նաև Երևան-Աղստաֆա, Երևան-Ջուլֆա և Երևան-Իգդիր խճուղիների բարեկարգումը։ 19-րդ դարի վերջին քառորդից շատ արհեստներ (ներկարարություն, կտավագործություն, բրուտագործություն և այլն) կորցրել են լայն պահանջարկը։ 20-րդ դարի սկգբին վերացել են համքարությունները։ Փոխարենն առաջացել են նոր պահանջներին համապատասխան արհեստներ (ժամագործություն, խառատություն և այլն), աշխուժացել են որոշ հին արհեստներ (քարտաշություն, որմնադրություն, հյուսնություն և այլն)։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին էական փոփոխություններ են տեղի ունեցել Երևանի ներքին կյանքի, մշակույթի և այլ բնագավառներում։ Ձիակառքերից բացի՝ գործել են ձիաքարշ տրամվայներ, որոնց երթևեկության համար ստեղծվել է 4 վերստ երկաթգիծ (19061907 թվականին «Ամպեր» ընկերության միջոցներով կառուցվել է ևս մեկ ջրէկ, որը ծառայել է քաղաքի լուսավորմանը։ 1911 թվականին «Երևանի ջրմուղի ընկերության» ջանքերով և քաղաքի մեծահարուստների միջոցներով կառուցվել է Երևանի ջրմուղը, որը խմելու ջուր է մատակարարել քաղաքին։ 1913 թվականից գործել է հեռախոսային ցանց։ Կառուցվել են նոր բաղնիքներ, դպրոցներ, զբոսայգիներ, հիվանդանոցներ ու դեղատներ, կազմակերպվել թատերական խմբակներ, երաժշտական, հաշվապահպանական, կարի և այլ դասընթացներ, ստեղծվել են պարբերականևեր, տպարաններ, բացվել կինոթատրոններ։ Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել են նաև երևանցի բազմաթիվ կամավորներ, որոնք հայկական ջոկատների հետ ռուսական զորքի կազմում կռվել են Հայաստանը թուրքական լծից ազատագրելու համար։ 1915 թվականի Մեծ եղեռնից փրկված բազմաթիվ գաղթականներ ապաստանել են Երևանում։ 1918 թվականի գարնանն Ալեքսանդրապոլը գրավելուց հետո թուրքական զորքերի մի մասը շարժվել է դեպի Երևան։ Քաղաքն առանց դիմադրության հանձնելու քաղաքային դումայի որոշմանը հակառակ՝ Երևանի և շրջակա գյուղերի (Քանաքեռ, Ավան, Առինջ և այլն) բնակչությունը, Արամ Մանուկյանի գլխավորությամբ աշխարհազոր կազմած, մասնակցել է քաղաքի պաշտպանությանը։

Երևանը՝ որպես մայրաքաղաք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երևան, 1921 թվական
Երևանի հրապարակը 20-րդ դարի սկզբին

1918 թվականի մայիսի 22-28-ին հայկական զորքերի հետ Սարդարապատի մոտ պարտության են մատնել թուրքական բանակին, որը նահանջել է՝ չկարողանալով մտնել Երևան։ 1918 թվականի հուլիսին Երևան է տեղափոխվել նույն թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում հռչակված Հայաստանի Հանրապետության Կառավարությունը։ Երևանը դարձել է Հայաստանի առաջին հանրապետության մայրաքաղաքը։ 1920-1991 թվականներին Երևանը Հայկական ԽՍՀ մայրաքաղաքն էր։ Խորհրդական իշխանության տարիներին Երևանը կառավարել է ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհուրդը։ Հայրենական մեծ պատերազմից (1941-1945) հետո Երևանում բացվել են նոր արդյունաբերական ձեռնարկություններ, հանրակրթական, բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններ, գիտական հիմնարկներ, գրադարաններ, կինոթատրոններ, հրատարակչություններ, եկեղեցիներ, մշակութային այլ օջախներ, ստեղծվել է ռադիոհեռուստատեսային լայն ցանց։ Երևանը դարձել է Հարավային Կովկասի ու Առաջավոր Ասիայի արդյունաբերական խոշոր կենտրոններից։ 1991 թվականից Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է։ 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված Հայաստանի Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրվել է Երևանի՝ Հայաստանի մայրաքաղաքի իրավական կարգավիճակը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ղաֆադարյան, Կարո (1975). Երևան — միջնադարյան հուշարձանները եվ վիմական արձանագրությունները. Երևան: Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիրայի հրատարակչություն.
  2. Григорян, Марк (2022). Ереван — Биография города. Москва: Слово. ISBN 978-5-387-01752-0.
  3. Оганесян, К. (1951). Арин-берд (Ганли-тапа) - урартская крепость города Ирпуни, N 8. Երևան: «Տեղեկագիր» հաս. գիտ. էջ 76.
  4. Իսրայելյան, Մ. (1951). Ուրարտական երկու նոր արձանագրություն, N 8. Երևան: «Տեղեկագիր» հաս. գիտ. էջ 94.
  5. Հարությունյան, Ն. (1959). Երևանի հիմնադրման հարցի շուրջ. Երևան: «Պատմաբանասիրական հանդես» N 2-3. էջ 87.
  6. Меликишвили, Г. (1954). Древневосточные материалы по истории Закавказья, I, Наири-Урарту. Тбилиси. էջեր 217, 258–259.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Marie-Félicité Brosset Rapports sur un voyage archéologique dans la Georgie et dans l'Aarménie exécuté en 1847-1848. — Académie Impériale, 1849. — P. 116.
  8. Г. Алишан Айрарат. — Венеция, 1890. — С. 262.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։