Հին Երևան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հին Երևանի վերակազմած քարտեզը և նոր հատակագիծը. Ալեքսանդր Թամանյան

Հին Երևան, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի պատմական կենտրոնը։ Երևանը հիմնադրել է Ուրարտուի թագավոր Արգիշտի Ա-ն՝ մ.թ.ա. 782 թվականին։ Քաղաքի՝ շուրջ երեքհազարամյա պատմությունը բաժանվում է մի քանի փուլերի։ Երբեմն Հին Երևան ասելով ի նկատի ունեն Երևանի պատմության «նահանգային շրջանը» (Երևանի նահանգի կենտրոն, Ռուսական կայսրություն) և «խորհրդային շրջանը» (Հայկական ԽՍՀ մայրաքաղաք, ԽՍՀՄ)։ Վերջին փուլը սակայն չի ընդգրկվում ամբողջությամբ, այլ մինչև 20-րդ դարի կեսը՝ Երևանի ընդարձակումը։

Երևան քաղաքի շրջագիծը, Ռուսաստանին միացման նախօրյակին կազմում էր երեսուն կիլոմետր, սկսած Զանգվի (Հրազդան) կամրջից և վերադարձած նույն տեղը։ Այս տարածության հիմնական մասը զբաղեցնում էին այգիները։ Քաղաքը բաժանվում էր երեք գլխավոր մասի (մահլաների)։ Դրանք կրում էին Կոնդ, Բուն քաղաք և Քարահանք անունները։ Պարսից տիրապետության ժամանակ Բուն քաղաքը ստացավ Շահար անվանումը, իսկ Քարահանքը՝ Դամըռ–Բուլաղ։ Առանձին էր շուկան, որը ընկած էր Կոնդի և Շահարի միջև։ Շուկայից ոչ հեռու գտնվում է Երևանի նշանավոր իջևաններից մեկը՝ Գյուրջի քարվանսարան։

Եթե պարսկական տիրապետության շրջանում Երևանում կային 6 եկեղեցիներ և 8 մզկիթներ, ապա ռուսական տիրապետության շրջանում կառուցվում են քրիստոնեական տաճարների թիվը շատանում է, իսկ մուսուլմանական մզկիթները՝ աստիճանաբար լքվում։

Դառնալով Հայկական մարզի, ապա համանուն նահանգի կենտրոն՝ Երևանը վերաբնակեցվում է հայերի նոր խմբերով, մեծանում, կառուցվում են նոր թաղամասեր։ Նախկին 3 թաղերի փոխարեն ստեղծվում են 7-ը՝ Հին թաղը, որից առանձնանում են Շեն թաղը և Նոր թաղը, Կոնդը կամ Ծիրանի թաղը, որից առանձնանում է Ձորագյուղը, ինչպես նաև՝ Քարհանքը և Նորքը։ Քաղաքի հարավում գտնվում էր Երևանի բերդը։

Այդ ժամանակ Քանաքեռը, Ավանը և մի շարք այլ գյուղեր առանձին բնակավայրեր էին։ Երևանից դուրս էին գտնվում նաև Դալմայի այգիները։

Պարսկական տիրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի կուսակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանը ունի վարչատարածքային միավորի ավելի քան 500 տարվա կառավարման փորձ։ Դեռևս 15-րդ դարում Արարատյան դաշտը նվաճած թուրքմենները այստեղ հիմնել էին առանձին վարչատարածքային միավոր՝ Երևան կենտրոնով։

Երևանը 1672 թվականին. Ժան Շարդեն

1502 թվականին Սեֆյան Իրանը տիրանում է Արևելյան Հայաստանին և Արաքսից հյուսիս ընկած հողերը բաժանում 2 մասի՝ Երևանի և Ղարաբաղի կուսակալությունների։ Բանն այն է, միջնադարյան Հայաստանի ծաղկուն քաղաքները՝ Դվինը և Անին, ավերվել և անկում էին ապրել։ Ուստի կուսակալության կենտրոն է ընտրվել մոտ 20,000՝ բացառապես հայ բնակչություն ունեցող Երևան քաղաքը, որը սկսել էր զարգանալ որպես միջնադարյան արևելյան քաղաք։ Երևանի կուսակալության տարածքը շուրջ 45,000 քառ. կմ էր՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգը՝ Արարատյան դաշտը, Շիրակը և Վանանդը, Արարատ և Արագած լեռները, Սևանի ավազանը, ինչպես նաև՝ Նախիջևանի հովիտը։

Երևանի կուսակալությունը ունի ավելի քան 2 դարի պատմություն (1502-1724)։ Նրա ամենաաղետալի էջը թուրք-պարսկական հերթական պատերազմի ժամանակ 1603-1604 թվականների Շահ Աբբաս առաջին շահի հրամանով արված բռնագաղթն էր, որի ժամանակ 300 000 արևելահայեր լքում են կուսակալության տարածքը։ Եթե մինչ այդ բնակչության (մոտ 500 000) ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 400 000-ը հայեր էին, ապա դրանից հետո այստեղ են տեղափոխվում զանազան թյուրքական և քրդական ցեղեր։ Հայերը սեփական հայրենիքում դառնում են փոքրամասնություն։

Երևանի խանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի բերդ, 1796 թվական

1747 թվականին սպանվում է Իրանի Նադիր շահը։ Երկրում հաստատվում է խառնաշփոթ քաղաքական իրավիճակ, որը տևում է ավելի քան կես դար։ Անդրկովկասի տարածքում առաջացած 4 կուսակալությունները (Երևանի, Ղարաբաղի, Շամախու, Թավրիզի), բաժանվում են 20-ից ավելի խանությունների։ Դրանք կառավարվում էին հիմնականում թյուրքական դինաստիաների կողմից, որոնց օժանդակում էր Օսմանյան կայսրությունը։ Երևանի կուսակալությունը բաժանվում է 2 մասի՝ Երևանի և Նախիջևանի խանությունների, որոնք որպես վարչատարածքային միավոր գոյություն են ունենում 80 տարի՝ 1747-1827 թվականները։

Երևանի խանությունը կիսանկախ վարչատարածքային միավոր էր, որն ուներ իր դրոշը, զորքը և հպատակները։ Շահերը խանության ղեկավար էին նշանակում էին խաներ՝ իրենց իշխանությունը ամրապնդելու համար։ Երևանի խանը օժտված էր ավելի մեծ իրավունքներով, քանի որ ղեկավարում էր սահմանային նահանգ։ Նա հաճախ ստանում էր բեյլերբեյ կամ բեկլարբեկ տիտղոսը։ Երևանի խանը կարող էր հարկ եղած դեպքում մարտադաշտ հանել ու ղեկավարել շրջակա խանությունների ու բեյությունների զորքերը՝ ստանձնելով զորահրամանատարի՝ սարդարի պաշտոնը։ Ընդ որում, նրա դրոշի տակ կարող էին դուրս գալ ոչ միայն մուսուլմաններից, այլև տեղաբնիկ հայերից կազմված զորագնդերը։ Երևանի խաները հիմնականում իշխող Ղաջարիների շահական դինաստիայից էին։ 18-րդ դարի երկրորդ կեսից Երևանի խաները ձեռք են բերում ինքնավարություն։ Աստիճանավար թուլանում է շահերի իշխանությունը Անդրկովկասում և Ատրպատականում (Իրանական Ադրբեջան) ձևավորված խանությունների վրա։ Ամուր դիրքեր են գրավում նաև վրաց իշխանները և հայ մելիքները։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի խանությունը բաժանված էր 15 մահալների՝ Աբովյանի (Կըրխբուլաղ), Ապարանի, Արարատի (Վեդիբասար), Արմավիրի (Սարդարապատ),Արտաշատի (Գառնիբասար),Ծաղկաձորի (Դարաչիչակ), Գեղարքունիքի (Գյոկչա), Աշտարակի (Կարբիբասար), Թալինի, Սուրմալուի և այլն։

Երևան քաղաքը՝ որպես խանության կենտրոն, առանձին վարչական միավոր էր համարվում և չէր մտնում որևէ մահալի մեջ։ Քաղաքը կառավարում էր դարուղան (ոստիկանապետը), որը նշանակվում էր բեյլերբեյի կողմից և պարտավոր էր զբաղվելու քաղաքի կարգ ու կանոնով։ Նա իր իշխանությունը գործադրում էր յուզբաշիների (հազարապետների) և չաուշների (տասնապետների) միջոցով։ Քաղաքի կառավարմանը մասնակցում էին թաղային ավագները՝ մելիքները, որոնք պատասխանատու էին թաղի կարգ ու կանոնի պահպանման և հարկերի բաշխման ու հավաքման համար։ Քաղաքի վարչական պաշտոնեությանն էին պատկանում նաև՝ բազարբաշին (շուկայի պետը), հասաս–բաշին (շուկայի պահակապետը) և ուրիշներ։ Քաղաքի ներքին կյանքում կարևոր դեր էին խաղում համքարությունները, որոնք, հանձինս իրենց քալանթարների (ավագ), նույնպես մասնակցություն ունեին քաղաքի ներքին վարչական և հասարակական գործերին։ Երևանում կար շուրջ 1000 խանութ, 8 մզկիթ, 6 եկեղեցի, 10 բաղնիք, 5 հրապարակ, 2 շուկա և 2 դպրոց-մեդրեսե։ Մահալներում գլխավորապես զբաղվում էին մյուլքադարային գյուղատնտեսությամբ։ Մյուլքադար կարող էին լինել ոչ միայն խաները և բեկերը, այլև հայկական մելիքներն ու հայ եկեղեցին։ Գյուղացիները մշակում էին նրանց հողերը և հարկ տալիս։

Երևանը վարչական կենտրոն է դարձել դեռևս 15-րդ դարում, Հայաստանը նվաճած թուրքմենական Կարա-կոյունլու ցեղի առաջնորդ Ջհանշահի օրոք: Վերջինս Արարատյան աշխարհի մեծ մասն ընդգրկում է մեկ վարչական միավորի մեջ՝ կենտրոն դարձնելով Երևանը:

17-19-րդ դարերում՝ պատմական բավական երկար մի ժամանակաշրջան, Երևանը պարսիկ նվաճողների ձեռքին էր, որոնք քաղաքը դարձրել էին համանուն խանության վարչական կենտրոնը՝ Երևանի բերդում կենտրոնացնելով խանական ապարատն ու զորքը: Քաղաքը կառավարում էր խանի կողմից նշանակված ոստիկանապետը՝ առաջնորդվելով այնպիսի օրենքներով, որոնք ապահովում էին կատարյալ ենթակայություն խանի ինքնակամ որոշումներին: Սակայն իրենց տիրապետությունն ամուր պահելու համար նրանք հայկական թաղերի ավագներ էին նշանակում նշանավոր տոհմերի ներկայացուցիչներին՝ մելիքներին, քանի որ ստիպված էին ընդունել նրանց հեղինակությունը և քաղաքի հայ բնակչության վրա ունեցած ազդեցությունը (օրինակ՝ Մելիք-Աղամալյաններ)[2]:

Ռուսական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական մարզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի բերդի հատակագիծը 1827 թվականին

1827 թվականի հոկտեմբերի 1-ին ռուսական բանակը և հայ կամավորական ջոկատները ռուսական բանակի գեներալ Իվան Պասկևիչի գլխավորությամբ ազատագրում են Երևանի բերդը։ Դրանով ավարտվում է Երևանի պատմության մուսուլմանական շրջանը։ Քաղաքի առջև բացվում են զարգացման հեռանկարներ։ 1828 թվականի փետրվարի 10-ին կնքվում է Թուրքմենչայի պայմանագիրը, որը ամրագրում է Արևելյան Հայաստանի անցումը Ռուսաստանին։ Այդ ժամանակներից սկսած Իրանի հյուսիսային սահմանը դառնում է Արաքս գետը։

Արևելյան Հայաստանի տարածքների այն շրջանները, որոնք ազատագրվում է ռուս-պարսկական 2-րդ պատերազմի ժամանակ, Նիկոլայ Ռոմանով (1825-1855) կայսեր հրովարտակով կազմավորում են վարչատարածքային մեկ միավոր՝ Հայկական մարզ՝ Երևան կենտրոնով։ Այն գոյություն է ունենում 12 տարի՝ 1828-1840 թվականները։ Մարզի տարածքը կազմել է շուրջ 21 000 քառ.կմ՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևմտյան շրջաններները՝ Արարատյան դաշտը, Արարատ և Արագած լեռները, Սևանի ավազանը, Կոտայքը և Նախիջևանը։

Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ Գյանջայի և Ղարաբաղի խանությունները (Արցախ, Սյունիք, Ուտիք) և Բորչալուի (Լոռի) ու Ախալքալաքի (Ջավախք) գավառները, ինչպես նաև ներկայիս Շիրակի և Տավուշի մարզերը) դուրս են մնում Հայկական մարզի տարածքից։ Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ Վասպուրականի արևելքը և Պարսկահայքը շարունակում են մնալ շահական Պարսկաստանի կազմում։

Երևանի բերդի ազատագրումը

Հայկական մարզի կենտրոն ընտրվեց Արևելյան Հայաստանի խոշորագույն քաղաքը՝ Երևանը՝ շուրջ 13 հազար բնակչությամբ, որի կեսից ավելին հայեր էին։ Հայկական մարզի մյուս քաղաքներն էին Նոր Բայազետը՝ արևելքում՝ Սևանա լճի ափին, և Նախիջևանը՝ հարավում։ Նոր Բայազետը, այժմ՝ Գավառ, հիմնեցին Արևմտյան Հայաստանի Բայազետ և Ալաշկերտ գավառներից Սևանի ավազան տեղափոխված հայերը։ Որպես պատմամշակութային-հոգևոր կենտրոն՝ իր դերը չէր կորցնում Վաղարշապատը, այժմ՝ Էջմիածին։ Նոր շունչ ստացան հին հայկական քաղաքներ Արտաշատն ու Արմավիրը, վերաբնակեցվեցին լքյալ գյուղերը, հիմնվեցին տասնյակ նոր բնակավայրեր։

Հերթական թուրք-պարսկական պատերազմի ժամանակ՝ 1603-1604 թվականներին, պարսիկները Շահ Աբբաս Առաջինի հրամանով խանության բնիկ բնակչությանը՝ հայերին, գերեվարել էին Պարսկաստան։ Նահանգը հայաթափվել էր և ավելի քան 300 հազար հայերի փոխարեն այստեղ բնակվելու էին եկել փոքրաքանակ քրդական և թյուրքական ցեղեր։ Նրանք ոչ միայն տիրացել էին հայկական բնակավայրերին, այլև վերանվանել դրանք։

Սարդարի պալատը. այստեղ առաջին անգամ բեմադրվել է Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» ներկայացումը՝ հեղինակի ներկայությամբ

Այդ է պատճառը, որ երբ գեներալ Իվան Պասկևիչի գլխավորությամբ ռուսական զորքերը և հայ կամավորական ջոկատները ազատագրում են Երևանի բերդը, խանության 100 000 հպատակներից 23 000-ն էին ազգությամբ հայ։ Հարևան Նախիջևանի խանությունում 50 000 բնակչից հայեր էին 12 000-ը։ Միան Արցախում և Սյունիքում էին հայերը շարունակում կազմել բացարձակ մեծամասնություն։ Արևելյան Հայաստանում հայ ժողովրդի գլխին կանգնած էր ֆիզիկական բնաջնջման վտանգը։

1828-1830 թվականներին Իրանից Հայաստան են տեղափոխվում 40-42 հազար, իսկ Թուրքիայից՝ 75-80 հազար հայեր։ Նրանց մի ստվար հատված հաստատվում է Հայկական մարզի տարածքում։ Մնացածները հաստատվում են Ռուսական կայսրությանը հպատակ հայկական տարբեր գավառներ՝ Ջավախք, Սյունիք, Արցախ և այլուր։ Հայրենադարձությունը կազմակերպել էին ռուս դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը և հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին։ Միաժամանակ Իրանից և Թուրքիայից Հայկական մարզ են տեղափոխվում այլ քրիստոնյաներ՝ հույներ և ասորիներ։ Հայկական մարզի տարածքը լքում են բազմաթիվ թուրքեր և պարսիկներ։ Հայկական մարզը ռուսահայության համար սկսում է դիտարկվել որպես հայության նոր կենտրոն։ Արդյունքում ընդհանուր բնակչության թիվը հասնում է 160 հազարի, որից հայերը արդեն կազմում էին մեծամասնություն՝ 52 տոկոս։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտը գեներալ Իվան Պասկևիչի հրամանով Երևանում ստեղծվում է ժամանակավոր վարչություն՝ հետևյալ կազմով. նախագահ՝ գեներալ-լեյտենանտ Կրասովսկի, անդամներ՝ փոխգնդապետ Բորոդին և Ներսես Աշտարակեցի: Հայկական մարզի ստեղծումից հետո (1828թ. մարտի 21) փաստացի ղեկավարությունը գտնվում էր դատական և ոստիկանական համակարգերի ազգությամբ ռուս կառավարիչների ձեռքին: Դրանց կողքին պահպանվեց նաև թաղերի ավագների ինստիտուտը: Հետագա տարիներին, ինչպես ողջ ռուսական կայսրությունում, այնպես էլ նրա կազմի մեջ մտնող Անդրկովկասում կատարվում են բարեփոխություններ, որոնք աստիճանաբար ընդգրկում են նաև քաղաքները[2]:

Երևանի նահանգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Ռոմանով կայսեր հրովարտակով Հայկական մարզի տարածքը և Ալեքսանդրապոլի գավառը 1849 թվականին կազմավորում են վարչատարածքային մեկ միավոր՝ Երևանի նահանգ՝ Երևան կենտրոնով։ Այն գոյություն է ունենում շուրջ 70 տարի՝ 1849-1918 թվականները։ Մարզի տարածքը կազմել է շուրջ 28 000 քառ.կմ, ՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևմտյան շրջաններները՝ Շիրակի դաշտը,Արարատյան դաշտը, Արարատ և Արագած լեռները, Սևանի ավազանը, Կոտայքը և Նախիջևանը։ Արևելյան Հայաստանի մյուս տարածքները մտնում են այլ միավորների մեջ։ Մասնավորապես Տավուշը, Շակաշենը, Գարդմանը, Արցախը, Սյունիքը մտնում են Ելիզավետպոլի նահանգի մեջ, իսկ Բորչալուի (Լոռի) ու Ախալքալաքի (Ջավախք) գավառները՝ Թիֆլիսի։ Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ Վասպուրականի արևելքը և Պարսկահայքը շարունակում էին մնալ շահական Պարսկաստանի կազմում։

Երևանի նահանգը Ռուսական կայսրության ամենասահմանային միավորն էր Անդրկովկասում. այն սահմանակցում էր և՛ Թուրքիայի, և՛ Իրանի հետ։

Ղանթարի շուկան (Կոմայգի)

Աշխարհագրական առումով Երևանի նահանգը գտնվում էր Անդրկովկասի, այժմ՝ Հարավային Կովկասի կենտրոնական մասում՝ 41°7' և 38°52' հս.լ. և 60°56' և 63°54' արլ.ե.։ Հյուսիսում սահմանակցում էր Թիֆլիսի, արևելքում՝ Ելիզավետպոլի նահանգների, իսկ արևմուտքում՝ Օսմանյան կայսրության, 1878 թվականից սկսած՝ Կարսի մարզի հետ։ Հարավում Իրանի սահմանն էր, որը եզերվում էր Արաքս գետով։ Նահանգի կենտրոնում գտնվում էին Արարատ լեռը և ամբողջ Արարատյան դաշտը։ Երևանից բացի՝ կարևոր քաղաքներ էին Ալեքսանդրապոլը, Նախիջևանը, Նոր Բայազետը և Վաղարշապատը։ Սկզբնական շրջանում քաղաքները ունեին փոքրաքանակ բնակչություն։

1880-90-ական թվականներից սկսած՝ կապված Ռուսական կայսրության ընդհանուր զարգացման հետ, քաղաքները մեծանում են, կապ է հաստատվում մյուս նահանգային կենտրոնների՝ Թիֆլիսի, Քութայիսի, Ելիզավետպոլի ու Բաքվի հետ։

Երևանի բերդը
(Գինու գործարան)

19-րդ դարի վերջից կառուցվում է անդրկովկասյան երկաթուղին. Թիֆլիսից երկաթգիծը 1897 թվականին հասնում է Ալեքսանդրապոլ, որը դառնում է երկաթուղային կենտրոն. 1899 թվականից արդեն գործարկվում էին Ալեքսանդրապոլ-Կարս և 1901 թվականից Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղիները։ 1906 թվականին գործարկվում է Երևան-Ջուղա երկաթուղին։ Երևանը կապ է հաստատում Իրանի հետ։ Բարեկարգվում են նահանգային և պետական նշանակության խճուղիները։ Քաղաքների միջև աշխուժանում է առևտուրը, կրկին զարգանում են արհեստները, սկիզբ է առնում արդյունաբերությունը։ Գործարկվում է առաջին ջրաէլեկտրակայանը։ Հաստատվում է միջքաղաքային հեռախոսային և հեռագրային կապ։ Ավելի ուշ Անդրկովկասյան երկաթուղին միացվում է ռուսական երկաթուղային ցանցին, և Երևանը կապ է հաստատում Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի, իսկ սևծովյան նավահանգիստ Բաթումի միջոցով՝ Միջերկրական ծովի ավազանի երկրների հետ։ Երկաթուղուց բացի Երևանում հաստատվում է հեռագրակապ, հեռախոս։ Երկաթուղին քաղաքին է կապվում ձիաքարշով։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

1870 թ. հունիսի 16-ին Ալեքսանդր II-ը հաստատում է քաղաքային բարեփոխությունների կանոնադրությունը, որը ներքին ինքնավարություն էր տալիս քաղաքներին: 1874 թ. հոկտեմբերի 28-ի հրամանագրով այն տարածվում է նաև Անդրկովկասի քաղաքների վրա: Վերոհիշյալ կանոնադրությունը Երևանում կիրառելու համար կազմվում է հատուկ հանձնաժողով, որը նախապատրաստում է համապատասխան կառույցների՝ քաղաքային ընտրական ժողովների, քաղաքային դումայի և վարչության ընտրությունները: Ընտրական ժողովները գումարվելու էին չորս տարին մեկ անգամ՝ Քաղաքային դումա (ռուս. думать՝ մտածել բառից) ընտրելու նպատակով: Դրանց կարող էին մասնակցել 25 տարեկանից բարձր այն քաղաքացիները, ովքեր ունեին որոշակի գույք, ռուսահպատակ էին և հարկ էին տալիս քաղաքին: Քաղաքային դուման օրենսդիր մարմին էր, նրա անդամները կոչվում էին ձայնավորներ, որոնց թիվը հասնում էր առավելագույնը՝ 72-ի: Քաղաքային դուման էլ իր հերթին փակ քվեարկությամբ ընտրում էր քաղաքային վարչություն: Վերջինս գործադիր մարմին էր՝ կազմված նախագահից, երկու անդամներից և քարտուղարից: Վարչության նախագահը քաղաքագլուխն էր, ում ընտրությունը հաստատվում էր Երևանի նահանգապետի կողմից: Քաղաքային վերոհիշյալ մարմինների առաջին ընտրությունները տեղի ունեցան 1879 թ. աշնանը: Հոկտեմբերի 1-ին բացվեց առաջին դուման՝ 66 ձայնավորներով: Քաղաքագլուխ ընտրվեց թեմական դպրոցի ուսուցիչ՝ Հովհաննես Ղորղանյանը: Երևանի կառավարման այս համակարգը, մասնակի փոփոխություններով գործեց մինչև 1917 թ.[2]:

Քաղաքի ընդարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանը արևելյան քաղաք էր՝ իր նեղ, ծուռումուռ փողոցներով, կավից ու մանր քարերով կառուցված տնակներով, շուկաներով ու բաղնիքներով, եկեղեցիներով ու մզկիթներով։ Երևանի փողոցների լայնությունը չէր գերազանցում 3-4 մետրը։ Դեռևս 1832 թվականին բացվել էր Երևանի գավառական, 1837 թվականին՝ հոգևոր թեմական դպրոցները, 1850 թվականին՝ իգական ուսումնարանը։ 1856 թվականին հաստատվում է քաղաքի առաջին հատակագիծը։ 1860 թվականին Նորքում բացվում է ծխական դպրոց։ 1863 թվականին բացվել է Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցը, մինչև դարավերջ՝ նաև զուգահեռ և ուղղահայաց այլ փողոցներ, որոնք կենտրոնում ստեղծել են տրանսպորտային ուղիների փոքրիշատե կանոնավոր ցանց։ 1866 թվականին բացվում է Երևանի Գայանյան օրիորդաց ուսումնարանը։

Հաշվի առնելով քաղաքային բնակավայրի արագ աճը՝ Ռուսական կայսրերը պատշաճ ուշադրություն են դարձնում Երևանին։ Նահանգապետից և նահանգային խորհրդից զատ՝ 1879 թվականին հատուկ հրովարտակով հիմնվում է քաղաքագլուխի պաշտոնը, որը պետք է վարեին հայերը։ Առաջին քաղաքապետ է նշանակվում Հովհաննես Ղորղանյանը։ Ընդհանուր առմամբ՝ կայսրության իշխանության տարիներին Երևանում նշանակվում է տասը քաղաքագլուխ։

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
(Չարենցի անվան դպրոց)

Երևանի առաջին քաղաքագլուխների օրոք քաղաքը շարունակում է իր տնտեսական ու մշակութային վերելքը։ 1881 թվականին, բացվում է Երևանի ուսուցչական սեմինարիան, որն այժմ հայտնի է որպես ԵՊՀ «սև մասնաշենք»։ Նույն տարում գործարկվում է Երևանի գարեջրի գործարանը։ 1887 թվականին, հիմնադրվում է Թաիրյանի օղու, սպիրտի և գինու գործարանը։ 1890 թվականին Թաիրյանի գործարանը գնել է ռուս ֆաբրիկանտ Շուստովը և, մեծ ներդրումներ կատարելով, տասնապատկվել է կոնյակի արտադրությունը։ 1892 թվականին գործարկվում են հանքային ջրերի և օշարակի, 1893 թվականին՝ Աֆրիկյանի և Գյուլազյանի, 1894 թվականին՝ բացվում է Սարաջևի գինու-կոնյակի գործարանը։

Քաղաքում կառուցվում են նոր եկեղեցիներ, վերակառուցվում են հները։ Հայկական եկեղեցիներից ամենագեղեցիկը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին էր։ Կառուցվում են նաև ռուսական երկու ուղղափառ եկեղեցիներ՝ Սուրբ Նիկոլայ և Սուրբ Աստվածածին։ Դրանցից վերջինը նախատեսված էր Երևանի ռուսական կայազորի զինվորների համար։

Անդրկովկասում սկսել էր երկաթուղու շինարարությունը։ 1899 թվականին գործարկվում է Ալեքսանդրապոլ-Կարս և 1901 թվականին Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղիները։ Այսպիսով, Երևանը կապ է հաստատում արտաքին աշխարհի հետ։ 1906 թվականին գործարկվում է Երևան-Ջուղա երկաթուղին։

Երևանի հրապարակը (Հանրապետության հրապարակ)

Երևանում գործարկվում է առաջին ջրաէլեկտրակայանը։ Հաստատվում է միջքաղաքային հեռախոսային և հեռագրային կապ։ 1907 թվականին Երևանը մասամբ էլեկտրաֆիկացվել է, 1913 թվականին՝ հեռախոսաֆիկացվել։ 1912 թվականի ջրմուղով խմելու ջուր է բերվել «Քառասուն աղբյուրներ»-ից։ Քաղաքում գործում էր էլեկտրական տրամվայ, ձիակառք։ Բացվել էին նոր խանութներ, հյուրանոցներ։ Քաղաքի համար նորություն էր London և Grand հյուրանոցների բացումը։ 1913 թվականին Երևան է մտել առաջին ավտոմեքենան։ Քաղաքային տնտեսության բարգավաճումը մեծապես կապված է նշանավոր Մելիք-Աղամալյանների տոհմի հետ, որի 2 ներկայացուցիչները՝ Հովհաննեսը և Իսահակը, երկար տարիներ եղել են Երևանի քաղաքագլուխները։

Դեռ 1913 թվականին Երևանի բնակչությունը անցել էր 35 000-ը. սա քաղաքի՝ ավելի քան երկու հազար հինգ հարյուրամյա պատմության ընթացքում առավելագույն բնակչությունն էր։ Հայերը կազմում էին Երևանի բնակչության շուրջ երկու երրորդը, կովկասաբնակ թուրքերը ամենախոշոր ազգային փոքրամասնությունն էին։ Ռուսների թիվը Երևանում հասել էր շուրջ հինգ հազարի։ Որոշակի տոկոս էին կազմում նաև ասորիները, հույները, վրացիները, գնչուները, քրդերը։

Թաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բերդ։ Հին Երևանի կերպարում ուրույն տեղ է գրավել Բերդը, որի հետ շատ բանով կապված է եղել Կոնդը։ Ի դեպ, Բերդը քաղաքի տեղագրական կենտրոնում չի եղել, կառուցվել է տասնվեցերորդ դարի վերջերին։ Բերդը եղել է Երևանի Սարդարի աթոռանիստը։ Բերդը ինքնին մի փոքր քաղաք է եղել և ունեցել է իր բնակչությունը, մշտական բնակիչները եղել են մուսուլմանները։ Կոնդեցի հայերը Բերդում միայն խանութներ են ունեցել։ Երբ աշխատանքը Բերդում ավարտվում էր, հայերը պարտավոր էին թողնել բերդը։ Երևանի Բերդը իր ժամանակին եղել է անառիկ. նա երեք կողմից պարսպապատ էր, իսկ արևմտյան կողմից՝ Զանգվի անդնդախոր ձորն էր։ Հետևապես արևմտյան կողմից պարսպապատելու անհրաժեշտություն չի եղել։ Դարեր շարունակ թուրք փաշաները և պարսիկ խաները միջոցներ չեն խնայել, որպեսզի Երևանի Բերդը դառնա անառիկ ռուսական զորքերի համար։ Բերդում է գտնվել Սարդարի պալատը, որը նայում էր Հրազդանի վրա, ուներ իր ժամանակի համար գեղեցիկ դահլիճներ։ Դրանցից մեկում առաջին անգամ, բեմադրվել է Ա. Ս. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» անմահ կատակերգությունը, որին ներկա է եղել հեղինակը։ Բեմադրվել է ռուսական զինվորական կայազորի ուժերով։ Այդ մասին է վկայում մարմարյա հուշատախտակը, որը փակցված է Երևանի «Արարատ» գինու կոմբինատի պատին։ Երևանի բերդի տեղում այժմ գտնվում է «Արարատ» տրեստի գինու գործարանը իր հսկայական նկուղներով։ Հրազդանի աջ ափին, երբեմնի Երևանի բերդի դիմաց. Սարդարի պալատի հանդիման տարածված է մի ընդարձակ խաղողի այգի։ Այդ այգին ժողովրդի մոտ հայտնի է «Սարդարի բաղ» անվամբ։ Այս անունը կապված է Երևանի սարդարի անվան հետ, որին էլ պատկանում էր այգին։
  • Հին թաղ. կոչվում էր նաև Շահարը (պարս․՝ شهر)։ Զբաղեցնում էր քաղաքի կենտրոնական մասը։ Այստեղ էր գտնվում քաղաքի եկեղեցիների մեծ մասը։
  • Կոնդ. անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով։ Պարսից տիրապետության ժամանակ այղ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է։ Կոնդը եղել է քաղաքի ոչ միայն ամենահին, այլև հայաբնակ թաղամասերից մեկը. միաժամանակ հանդիսացել նրա պատմական կորիզը։ Կոնդի կազմի մեջ են մտել Ձորագյուղը, Հրազդանի ձորի այգիները և Դալման։
  • Ձորագյուղ. զբաղեցնում էր Հրազդան գետի ձախափնյա մասը, այն ձորափեշերը, որոնք ընկած են Հաղթանակի կամրջից դեպի վեր։ Պարսիկների օրոք այս թաղին էլ նոր անուն տրվեց՝ «Դարա-Քյանդ», որը փաստորեն հայերեն Ձորագյուղի թարգմանությունն է։ Ձորագյուղի մի մասը վերականգնվել է։ Նախատեսվում է այստեղ վերակառուցել Հին Երևանը։ Վերականգնված թաղամասում առանձնանում է մեծատաղանդ հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը։
  • Նոր Թաղ. այժմյան Թումանյանի տուն-թանգարանի շրջակայքը։ Նոր էր կոչվում, որովհետև այստեղի հայ բնակիչները, 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետո, եկել էին Ատրպատականից)։ Այդտեղ է գտնվում մինչ այժմ կանգուն Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին։
  • Քարահանք. Երևանի հարավարևելյան մասում էր։ Պարսից տիրապետության օրոք՝ փոխվեց և կոչվեց «Դամըռ–Բուլաղ», որը բառացի նշանակում է «երկաթ-աղբյուր»։ Թաղամասը մուսուլմանաբնակ էր։
  • Դալմա։ Դալմայի այգիներն ընկած էին Հրազդան գետի աջ ափին՝ բուն Երևանից դուրս։ Թաղը հռչակված էր իր ընտիր խաղողով ու մրգերով։
  • Դավա-Յաթաղ. հայերեն թարգմանենք՝ կլինի «ուղտերի ննջարան» նամ «ուղտերի կացարան»։ Ուղտերի քարավանների բերած բարիքները քաղաքի գործարար մասին հանձնելուց և նորը ստանալուց հետո, վաճառականները գերադասում են գնալ ծայրամաս, ուր և՛ հով է եղել, և իջևանները մատչելի։ Այդ վայրը քաղաքի այժմյան Սարի–թաղին հարող և Նար-Դոսի փողոցից այն կողմը ընկած բարձրադիր հատվածն է։
  • Շիլաչի. արհեստավորների ու մանր առևտրականների թաղամաս։
  • Ղանթար. հին Երևանի շուկան, որի տեղում այժմ Երևանի Կոմայգին է։ Այն պարսկական տիրապետության տարիներին կոչվեց «Ղանթար»՝ «շուկայի մեծ կշեռք»։ Այդ շուկայում է եղել Երևան քաղաքի ամենամեծ կշեռքը՝ ղանթարը, որը պատկանում էր քաղաքի վարչությանը։ Քաղաքի մեծածախ առևտուրը կատարվում էր «ղանթարով»։ Նրա տիրոջն էր պատկանում կշռելու մենաշնորհը, իհարկե ապրանքատիրոջից գանձելով համապատասխան գումար։ Հետագայում Ղանթարի գտնված վայրում կառուցվեց ծածկած շուկա, որը նույնպես Ղանթար կոչեց։ Իսկ երբեմն էլ կոչում էին ուղղակի «Ղանթարի տակ»։
  • Բուլվար։ Երևանի Հանրապետության հրապարակից դեպի քաղաքապետարան ընկած ընդարձակ, երկայնաձիգ ծառուղին կոչվում էր Բուլվար։ Երևանում «բուլվար» էր կոչվում քաղաքի կենտրոնական զբոսայգին, որը մի ընդարւձակ ծառուղի էր։ Ժամանակին Երևանը փոքր էր, իսկ բուլվարն էլ իր դիրքով քաղաքի նկատմամբ կենտրոնական դիրք ուներ։ Բուլվարում ջրավաճառությամբ էին զբաղվում բազմաթիվ պատանիներ։ Այն կապում էր Ղանթարը քաղաքի կենտրոնին՝ Շահարին։ Այստեղ կառուցվում է Սուրբ Նիկոլայ ռուսական եկեղեցին։ Եկեղեցին խորհրդային իշխանության տարիներին ամբողջությամբ ոչնչացվել է, և իր տեղում այժմ կանգնեցված է Ստեփան Շահումյանի հուշարձանը։

Հին Երևանը՝ մայրաքաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի առաջին հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտների՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի արդյունքում ծնվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Ավելի քան 400 տարի վարչաքաղաքական կենտրոնի պատմություն ունեցող Երևանը դառնում է նորանկախ հանրապետության մայրաքաղաքը։

1918 թվականի հոկտեմբերի 30-ին Մուդրոսում կնքվեց զինադադար Անտանտի և Օսմանյան կայսրության միջև, որով վերջինս ճանաչեց իր պարտությունը և դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից։ Դրանով վերականգնվեցին ՀՀ սահմանները՝ ներառելով Երևանի նահանգը ամբողջությամբ, Կարսի մարզի մեծ մասը, Ելիզավետպոլի նահանգի լեռնային շրջանները՝ Սյունիքը, Արցախը և Տավուշը, Թիֆլիսի նահանգի հայկական տարածքները՝ Ախալքալաքը և Լոռին։

ՀՀ 1–ամյակի տոնակատարությունը

Երևան են տեղափոխվում վարչաքաղաքական մարմինները, բացվում են հյուպատոսարաններ։ Երևան բնակություն են հաստատում հարյուրավոր հայեր՝ ոչ միայն Արևելյան, այլև Արևմտյան Հայաստանից։ Նրանց մի մասը գաղթականներ էին։ 1919 թվականին բացվում է Երևանի պետական համալսարանը։ Բազմաթիվ սփյուռքահայեր իրենց պատրաստակամությունն են հայտնում ներդրումներ կատարել նորանկախ Հայաստանում, իսկ ոմանք կտակում են իրենց ունեցվածքը։ 1920 թվականին Մոսկվայում սկսվել էին հայ-ռուսական բանակցությունները։ Հոկտեմբերի կեսին, թուրք-հայկական պատերազմի ժամանակ, Երևանում սկսվեց բանակցությունների երկրորդ փուլը։ Հոկտեմբերի 28-ին ստորագրվեց հայ-ռուսական նախնական հաշտության պայմանագիրը, որի նախագծով Ռուսաստանը պետք է ստիպեր թուրքերին զորքը հետ քաշել մինչև 1914 թվականի սահմանը, ինչպես նաև ճանաչել ՀՀ իրավունքները Նախիջևանի և Զանգեգուրի նկատմամբ։ Հայաստանը պարտավորվում էր հրաժարվել Սևրի պայմանագրից և տարանցիկ ճանապարհի իրավունք տալ խորհրդային Կարմիր բանակին՝ զորք, զենք և ռազմամթերք փոխադրելու Թուրքիա։ Սակայն հոկտեմբերի 31-ին հայկական զորքը առանց դիմադրության թուրքերին հանձնեց Կարսը։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հանրապետության հաստատումից հետո (1918 թ. մայիսի 28) Երևանը շուրջ երկու ամիս կառավարում էր Ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ: Որոշ ժամանակ անց տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որի հիման վրա Երևանում ընտրվեցին ինքնավարությունների օրենսդիր և գործադիր մարմիններ՝ երկու տարի ժամկետով: Օրենսդիր մարմինը խորհուրդն էր, որն էլ իր հերթին ձևավորում էր գործադիր մարմին՝ վարչություն, կազմված նախագահից և անդամներից: Վարչության նախագահը կոչվում էր քաղաքագլուխ: Նա պարտավոր էր պարբերաբար հաշվետվություն ներկայացնել քաղաքային խորհրդին՝ իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ[2]:

Խորհրդային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբբաս Միրզայի (Խանի) մզկիթ. քանդվել է խորհրդային իշխանության տարիներին

Երևանի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում խորհրդային շրջանը։ Սարգիս Կասյանի օրոք՝ 1920-1921 թվականներին մեծ աշխատանք կատարվեց արտադրական ձեռնարկություններ ստեղծելու և զարգացնելու, սովին ու համաճարակին վերջ տալու, նոր դպրոցներ բացելու, ջրմուղը կարգի բերելու, փողոցներն ու հրապարակները մաքրելու ուղղությամբ։ Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով Հայաստան են տեղափոխվում և Երևանում բնակություն հաստատում նկարիչ Մարտիրոս Սարյանը, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը, բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանը, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և շատ ուրիշներ։ Թամանյանին վիճակված էր Երևանի նոր հատակագծի նախագծումը։

1921 թվականին կազմակերպվեց «Արարատ» տրեստը, որը միավորեց գինու-կոնյակի արտադրության ձեռնարկությունները։ 1924 թվականին հրապարակվեց ՀԽՍՀ կառավարության որոշումը մայրաքաղաքում կառուցվող կենտրոնական հրապարակը Վ. Ի. Լենինի անունով կոչելու մասին։ Երևանում բացվեցին թատրոններ, կինոստուդիա, համալսարանում բացվեցին նոր ֆակուլտետներ, բազմաթիվ արվեստագետներ հիմնեցին խմբակներ ու միություններ։ 1926-1927 թվականներին շարք մտան մի շարք գործարաններ ու ֆաբրիկաներ։

1920-30-ականներին, Երևանում քանդվեցին պատմական նշանակություն ունեցող շինություններից հետևյալ կառույցները.

  • Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի, կառուցվել է 6-րդ դարում, քանդվել է 1931 թվականին,
  • Երևանի բերդ, կառուցվել է 1583 թվականին, քանդվել է 1930-ականներին,
  • Գեթսեմանի մատուռ, կառուցվել է 1690-ականներին, քանդվել է 1920-ականներին,
  • Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի, կառուցվել է 1693-1695 թվականներին, քանդվել է 1936 թվականին,
  • Մլեր գերեզմանատուն և մատուռ, կառուցվել է 19-րդ դարում, քանդվել է 1930-ականներին,
  • Աբբաս Միրզայի մզկիթ, կառուցվել է 19-րդ դարում, քանդվել է 1930-ականներին,
  • Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, կառուցվել է 1900 թվականին, քանդվել է 1939 թվականին,
  • Սուրբ Նիկոլայ մայր տաճար, կառուցվել է 1904 թվականին, քանդվել է 1931 թվականին։

1933 թվականին սկսվեց կաուչուկի գործարանի շինարարությունը, որը դարձավ ԽՍՀՄ հարվածային կառույցներից մեկը։ 1936 թվականին կառուցվեց Քանաքեռհէկը։ Երևանում ստեղծվեց ժամանակակից քաղաքային տնտեսություն, ծավալվեց ջրմուղի, կոյուղու, բնակելի տների, դպրոցների, վարչական շենքերի շինարարությունը, գործարկվեց տրամվայը։

Երևանի Աստաֆյան, այժմ Աբովյան փողոցը

1932 թվականին բացվել է Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը, 1933 թվականից սկսած՝ պոլիտեխնիկական, թատերական, կոնսերվատորիայի, մանկավարժական և այլ ինստիտուտները։ 1935 թվականին բացվում է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղը, որի հիման վրա 1943 թվականին Հովսեփ Օրբելին և մի շարք հայ գիտնականներ պետք է ստեղծեին ՀԽՍՀ Գիտությունների ազգային ակադեմիան։

1941 թվականի հուլիս-օգոստոսին հազարավոր երևանցիներ մեկնեցին բանակ։ Երևանում կազմավորվեցին 89-րդ, 408-րդ և 261-րդ հայկական հրաձգային դիվիզիաները։ 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիան, որին Թամանյան թերակղզու ազատագրման մարտերում ցուցաբերած խիզախության համար ԽՍՀՄ զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով 1943 թվականին շնորհվեց «Թամանյան» տիտղոսը, Գրոզնու մատույցներից հասավ Բեռլին։ Քաղաքի տնտեսությունը փոխադրվեց ռազմական ռելսերի վրա, շատ ձեռնարկություններ անցան ռազմական արտադրանքի թողարկման։ Ավելացավ քիմիական, մեքենաշինական, թեթև և սննդի արդյունաբերության արտադրանքը։ Պատերազմի ժամանակ շատ ընտանիքներ Երևան էվակուացվեցին Լվովից, Մինսկից, Լենինգրադից, Դոնի Ռոստովից, Կրասնոդարից, Արմավիրից, այլ քաղաքներից։

Երևանի Ցարսկայա, այժմ Արամի փողոցը

Հայրենական մեծ պատերազմից հետո Երևանում մնացած գերմանացի ռազմագերիները Հրազդան գետի վրա կառուցեցին մի կամուրջ, որը կոչվեց Հաղթանակի։ Ռազմագերիները կառուցել են նաև Արարատ կոնյակի գործարանի շինությունները, և այլ կառույցներ։ Երևանում բացվում է Հաղթանակի այգին, որտեղ նախ տեղադրվում է Ստալինի արձանը, ավելի ուշ փոխարինվում է Մայր Հայաստանի արձանով։

1950-ական թվականներին սկսվեց նոր Երևանի պատմությունը։ Հայրենական մեծ պատերազմից հետո Հայաստան հայրենադարձված շուրջ 90 000 հայեր հաստատվեցին Երևանի մոտակայքում՝ հիմնելով Նոր Մալաթիա, Նոր Սեբաստիա, Նոր Արաբկիր և այլ բնակավայրեր, որոնք հետագայում դարձան Երևանի թաղամասերը։ Երևանը անցավ Հրազդան գետի աջ ափը և կառուցվեց Աջափնյակ թաղամասը։ Մայրաքաղաքն ընդարձակվեց մի քանի անգամ, կառուցվեցին նորանոր թաղամասեր, շինություններ։ Քաղաքում ծնվեց միլիոներորդ բնակիչը։

Այսօր Երևանը ժամանակակից եվրոպական քաղաք է։ Հին Երևանը՝ որից միայն շատ քիչ բան է պահպանվել խորհրդային և հետխորհրդային շրջանում կատարված փոփոխությունների պատճաով, ամբողջությամբ մտնում է քաղաքի 12 համայնքներից մեկի՝ Կենտրոնի մեջ։ Ամեն տարի քաղաքի գլխավոր օդային դարպասը՝ Զվարթնոց միջազգային օդանավակայանը, հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ է ընդունում։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի խորհրդայնացումից հետո Երևանը կառավարում էր ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհուրդը, որը ձևավորվում էր ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրությամբ, երկու տարի ժամկետով: Այս շրջանում ընտրություններին ներգրավվեցին նաև կանայք և դառնալով պատգամավորներ՝ սկսեցին ակտիվորեն մասնակցել քաղաքի կառավարման գործին: Քաղխորհուրդի 15 պատգամավորներից կազմվում էր գործադիր կոմիտե՝ նախագահի գլխավորությամբ, որն էլ իրականացնում էր քաղաքի անմիջական ղեկավարությունը: Այս սկզբունքով էր տեղի ունենում նաև Երևանի վարչական շրջանների կառավարումը [2]:

Ներկա Հայաստանի Հանրապետության շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Փավստոս Բուզանդ փողոցը

1991 թվականի անկախությունից հետո, Երևանում պահպանված հին շենքերի մեծ մասը քանդվել են կամ կերպարանափոխվել՝ շենքերի վրա լրացուցիչ հարկեր կառուցելու միջոցով[3]: 19-րդ դարում կառուցված շենքերը որոնք հիմնականում տեղակայված են այժմյան Արամի, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացու, Տերյան, Հանրապետության և Աբովյան փողոցների երկայնքով, մեծ մասամբ գտնվում են վթարային վիճակում[4]:

Վթարային կամ լրացուցիչ հարկերով կերպարանափոխված շենքերի շարքում են՝

  • Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության շենք, Հանրապետության փողոց (կերպարանափոխված),
  • Աֆրիկյանների ակումբ, Տերյան փողոց (քանդված),
  • Արամ Մանուկյանի բնակարան Արամի փողոց (զգալիորեն քանդված),
  • Արտակարգ իրավիճակների նախարարության նախկին շենք, Պուշկինի փողոց (զգալիորեն քանդված)։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի անկախացումից և երրորդ հանրապետության հաստատումից հետո՝ մինչև 1996 թ. Երևանի ղեկավարները շարունակում էին կոչվել քաղաքային խորհրդի նախագահներ:

1996 թ. փետրվարին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքն ընդունելուց հետո ՀՀ նախագահի հրամանագրով Երևանում նշանակվում է քաղաքապետ: Այսօր քաղաքը դարձյալ ղեկավարում է քաղաքապետը, որն ընտրվում է ավագանու կողմից, իսկ վերջինիս անդամները՝ քաղաքացիների կողմից:

2008 թ. դեկտեմբերի 26-ին ընդունված «Երևան քաղաքում տեղական կառավարման մասին» ՀՀ օրենքով Երևանը ստացավ համայնքի կարգավիճակ, իսկ նրա 12 համայնքները դարձան վարչական շրջաններ: Այդ օրենքի համաձայն՝ 2009 թ. մայիսի 31-ին Երևանում տեղի ունեցան ավագանու (օրենսդիր մարմին) և քաղաքապետի (գործադիր իշխանություն) առաջին ընտրությունները: Երևանի պատմության մեջ առաջին անգամ իրականացվեց նաև քաղաքապետի երդման արարողություն. խորհրդանիշ-լանջաշղթան կրելով քաղաքապետը ընթերցեց երդման տեքստը: Հայոց 12 մայրաքաղաքների անվանատառերով այդ լանջաշղթան, որը պատրաստվել է Երևանի ոսկերչական գործարանում, և երդման տեքստը միասին հանձնվեցին Երևանի պատմության թանգարանին՝ ներառվելով հիմնական ցուցադության մեջ: Դրանք թանգարանից դուրս են բերվում միայն քաղաքապետի երդման արարողության և Էրեբունի-Երևան տոնակատարության առիթներով[2]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]