Jump to content

Գեթսեմանի մատուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեթսեմանի մատուռ
Գեթսեմանի մատուռը
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան Կենտրոն
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հոգևոր կարգավիճակգոյություն չունի
Ներկա վիճակՔանդվել է 1936-ին
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ11-րդ դար - 13-րդ դար
Կառուցման ավարտ1690-ականներ (վերակառուցում)
Քարտեզ
Քարտեզ
 Gethsemane Chapel Վիքիպահեստում

Գեթսեմանի մատուռ, Հին Երևանի նշանավոր եկեղեցիներից մեկը։ Նրա տեղում է կառուցվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը։ Մատուռի շուրջն է եղել հին Երևանի գերեզմանոցը՝ օրորոցաձև և տապանաձև բազմաթիվ գերեզմանաքարերով։ Ենթադրվում է, որ մատուռի տեղում նախապես եղել է փոքրաչափ, Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցու նմանությամբ, 11 - 13-րդ դարերի կառուցված մի գմբեթավոր եկեղեցի։

1679 թվակյանի երկրաշարժից ավերվելուց հետո, այդ տեղում, նույն դարի վերջին, կառուցվում է մատուռը։ Այն իր հորինվածքով պատկանում էր միանավ թաղածածկ եկեղեցիների տիպին։ Աղոթասրահի արևելյան կողմում տեղավորված էր կիսաշրջան խորանը, առանց ավանդատների։ Պատերին ագուցված խաչքարերի վերևում եղած հիշատակությունները վերաբերում են 17-րդ դարի վերջին, որը և համարվում է նրա կառուցման ժամանակը։ 1901 թվականին մատուռը նորոգվել է, կտուրը թիթեղապատվել՝ Երևանի քաղաքագլուխներ Իսահակ և Հովհաննես Մելիք-Աղամալյանների նվիրատվությամբ։

Մատուռը քանդվել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ այն ժամանակ Ժողովրդական տան կառուցման նպատակով։ Ալեքսանդր Թամանյանը որոշել էր Մատուռը այլ տեղում վերակառուցել, որը սակայն չի իրականացել, քարերի կորստի պատճառով[1]։

2007 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղադրվել է խաչքար՝ ի հիշատակ Գեթսեմանի մատուռին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ալեքսանդր Թամանյան, Փաստաթղթերի ու նյութերի ժողովածու, Երևան, 2000 թ.:

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]