Հայաստանում ֆրանսիական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանում ֆրանսիական համալսարան
Տեսակհամալսարան
Հիմնադրված է2000
Տիպմիջպետական համալսարան
ՌեկտորՍալվա Նակուզի
Ուսանողներ2076
ԱնդամակցությունՖրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[1]
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Կայքufar.am
Հայաստանում ֆրանսիական համալսարան (Հայաստան)##
Հայաստանում ֆրանսիական համալսարան (Հայաստան)
Հայաստանում ֆրանսիական համալսարան, Հայաստան
 French University in Armenia Վիքիպահեստում

Հայաստանում ֆրանսիական համալսարան (ֆր.՝ Université Française en Arménie, ՀՖՀՀ), Հայաստանի մայրաքաղաք Երևանում գործող բարձրագույն ուսումնական հաստատություն, միջպետական համալսարան։

Ստեղծման պատմություն և կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) 2000 թ.-ին հիմնադրված բարձրագույն ուսումնական հաստատություն է՝ համաձայն 1995 թ.-ին Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև ստորագրված մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրի։

Հիմնադիրները՝ Հայաստանի կրթության և գիտության և արտաքին գործերի նախարարությունները, Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարությունը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունն այսպիսով կարևորեցին հայ երիտասարդների կրթությունն՝ ի շահ Հայաստանի և ֆրանս-հայկական հարաբերությունների։

Հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության, Հայաստանի արտաքին գործերի, կրթության և գիտության նախարարությունների, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի և մասնավոր ձեռնարկությունների ներկայացուցիչներից։ Տնօրենության կազմում են ռեկտորը, ուսումնագիտական գծով պրոռեկտորը, վարչաֆինանսական տնօրենը և ուսումնական գծով տնօրենը[2]։

Ըստ Հայաստանում ֆրանսիական համալսարանի կանոնադրության՝ ռեկտորը ֆրանսիացի պետք է լինի։ 2022 թ․ սեպտեմբերի 1-ից ՀՖՀՀ ռեկտորն է տիկին Սալվա Նակուզին։ Մինչ ռեկտոր դառնալը նա աշխատել է Իրաքում Ֆրանսիայի դեսպանատանը որպես մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական։

ՀՖՀՀ-ն Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցության վառ ապացույցն է։ Ըստ այդմ՝ քաղաքական, տնտեսական և մշակութային աշխարհի մի շարք ներկայացուցիչներ են այցելել ՀՖՀՀ։ Օրինակ՝ 2015 թ.-ի ապրիլին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այցելել է Հայաստանում ֆրանսիական համալսարան։ 2019-2020 թթ․ Փարիզում կայացած Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա հանդիպումների ժամանակ նախագահ Էմանուել Մակրոնն իր ելույթներում ընդգծել է ՀՖՀՀ-ի կարևորությունը՝ որպես հայ-ֆրանսիական դիվանագիտական համագործակցության էական առանցք։

4 տարբերակիչ տարրեր ՀՖՀՀ-ն դարձնում են բարձրակարգ համալսարան, իսկ առաջարկվող ուսուցումը՝ եզակի։ Դրանք են պրոֆեսիոնալիզացիան, աշխարհի հանդեպ բաց լինելը, բարեվարքությունը և կանանց վերնախավի կրթումը։

Պրոֆեսիոնալիզացիայի փաստացի ապացույցն է այն, որ ՀՖՀՀ-ի՝ 15 տարիների շրջանավարտների ավելի քան 92%-ը աշխատում է։ Ուսուցումը մեկտեղում է տեսականն ու գործնականը՝ ներառելով մի շարք իրավիճակային խնդիրներ և արդյունաբերական նախագծեր, որոնք ղեկավարում են ոլորտի բազմաթիվ պրոֆեսիոնալ դասախոսներ։ Պրոֆեսիոնալիզացիայի այս առանցքը ամրապնդելու համար 2020 թ․-ի վերջին ստեղծվեց «Աքսելերատոր 28»-ը, որը Հայաստանում ձեռնարկատիրությունը խթանող կառույց է։ Այս շրջանակում պայմանագրեր են կնքվել ակադեմիական գործընկերների հետ՝ իրենց ուսանողներին ներգրավելու համար. Երևանի պետական կոնսերվատորիա, Գեղարվեստի պետական ակադեմիա, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան։

ՀՖՀՀ-ի մրցակցային տարբերակիչ տարրերից է Եվրոպայի և աշխարհի հետ կապը, որը համալսարանն ընձեռում է ուսանողներին։ Երկու դիպլոմ (հայկական և եվրոպական/ֆրանսիական) ստանալով, խորացված ուսումնասիրելով օտար լեզուներ (հատկապես ֆրանսերեն), հաճախակի շփվելով օտարերկրյա դասախոսների հետ՝ ՀՖՀՀ- ի ուսանողները օգտվում են հատկապես միջազգային ամուր կապերից։

Բարեվարքության արժեքը ՀՖՀՀ-ի հիմնադրման հիմքում էր։ Համալսարան ընդունվելուն պես ուսանողները գիտեն, որ անաչառ գնահատումը, քննությունների վերահսկողությունը և կարգապահական հանձնաժողովները ՀՖՀՀ-ն դարձնում են անաչառ հաստատություն։

73,6 % ուսանողուհիներ ունենալով՝ ՀՖՀՀ-ն Հայաստանում կանանց էլիտայի կրթման կենտրոն է։ Նմանապես, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ինչպես նաև ֆինանսների ֆակուլտետների սովորողների 60%-ը աղջիկներ են։ Եթե ազգային մակարդակում բարձրագույն կրթության ուսանողների, մասնավորապես մագիստրատուրայում կանանց գերիշխող թիվը առանձնահատուկ չէ, ապա միջազգային մակարդակում այս փաստը բավականին նշանակալի է, հատկապես նորագույն տեխնոլոգիաների ոլորտում։

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՖՀՀ-ի տեսլականն է դառնալ Կովկասի բարձրագույն կրթության առաջատար և արտասահմանում ֆրանսիական օրինակելի համալսարան։

ՀՖՀՀ-ի ռազմավարական առաքելությունն է կրթել անաչառ, պատասխանատու և լայն աշխարհայացք ունեցող ղեկավարներ։ 2021 թ.-ի տվյալներով՝ ՀՖՀՀ-ն ունի ավելի քան 1700 ուսանող, 10 ասպիրանտ և 2500 շրջանավարտ։ Համալսարանի նպատակն է կրթել Հայաստանյան աշխատաշուկայի պահանջներին համապատասխան բարձրակարգ մասնագետներ, ովքեր ընդունակ կլինեն իրենց միջազգային հմտությունները, գիտելիքները և փորձը ծառայեցնել Հայաստանի, Ֆրանսիայի և Եվրոպայի միջև հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի տնտեսության զարգացմանը։

Համալսարանը ներգրավված է Ֆրանկոֆոնիայի տարածման գործընթացում, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ է, 2011 թ.-ից համալսարանում գործում է Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի ամբիոն, որի նախագահն է ՀՖՀՀ ռեկտոր, տիկին Սալվա Նակուզին[3]։ Վերջինս 2022թ․-ին ընտրվել է Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի ամբիոնների միջազգային ցանցի փոխնախագահ։

Պատրաստ լինելով միջազգային մարտահրավերների համար՝ համալսարանը մտադիր է իր նպաստն ունենալ Հայաստանի ապագայի կերտման գործում՝ առաջարկելով.

·        Համագործակցություններ համաշխարհային մակարդակի մասնագետների հետ

·        Հեռանկարային մասնագիտություններ

·        Երկու դիպլոմ (հայկական և ֆրանսիական/եվրոպական)։

Շրջանավարտները բարձր պաշտոններ են զբաղեցնում նորագույն տեխնոլոգիաների, մարքեթինգի, կառավարման, իրավաբանության, հաշվապահության և աուդիտի ոլորտներում՝ Հայաստանի ամենակայացած ձեռնարկություններում։ Բազմաթիվ ուսանողներ նույնիսկ աշխատանքի են  անցնում մինչև ուսումնառության ավարտը։ Նրանք վաղվա վերնախավն են։

Ուսումն ավարտելով՝ յուրաքանչյուր տարվա շրջանավարտների մոտ 90%-ն իրենց մասնագիտությամբ աշխատանքի են անցնում Հայաստանում, իսկ երեք տարի անց՝ այդ տոկոսը հասնում է գրեթե 95-ի։ ՀՖՀՀ-ի պաշտոնական կայքում կարող եք գտնել մասնագիտական ներգրավվածության վերաբերյալ հարցման արդյունքները[4]։

Ակադեմիական գործընկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանը ՀՖՀՀ-ի առաջին ակադեմիական գործընկերն է։ Զգալի է նրա դերը ՀՖՀՀ-ի ճանաչման գործում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ասպարեզում՝ շնորհիվ 20-ամյա աջակցության և ուղորդման դեպի միջազգային չափանիշներ։ Այն հաճախ կոչում են ՀՖՀՀ-ի Մայր ԲՈՒՀ։

2018 թ.-ից սկսած՝ ՀՖՀՀ-ն համագործակցում է նաև Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի հետ՝ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բացման շրջանակում։ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի և Լիոնի կառավարման դպրոցի բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերը լավագույն հնգյակում են՝ ըստ 2018-2019 Eduniversal դասակարգման, իսկ Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանը աշխարհի լավագույն 50 համալսարաններից մեկն է։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՖՀՀ-ն ունի 5 ֆակուլտետ՝

  • Իրավաբանություն
  • Կառավարում
  • Մարքեթինգ
  • Ֆինանսներ
  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա։

ՀՖՀՀ-ն շնորհում է երկու ազգային դիպլոմ (հայկական և ֆրանսիական) բակալավրիատում՝ իրավունքի, տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ոլորտներում, և մագիստրատուրայում՝ միջազգային գործարար իրավունքի, մարքեթինգի և վաճառքի, ֆինանսների և վերահսկողության, արհեստական բանականության ոլորտներում[5]։ ՀՖՀՀ-ում գործում է նաև աստիրանտուրայի ծրագիր։

2018 թ.-ի սեպտեմբերից համալսարանն ընդունելություն է սկսել նաև նորաբաց ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատում (ԻԿՄ)։ Այս ֆակուլտետի գծով համալսարանի ակադեմիական գործընկերն է Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանը։ Բակալավրիատի առաջին երկու տարում ուսանողները ստանում են հենքային գիտելիքներ տեսական և կիրառական մաթեմատիկայի անհրաժեշտ բնագավառներից, ինֆորմատիկայից, ինչպես նաև տնտեսագիտությունից և հաշվապահությունից։ Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում նաև օտար լեզուների՝ ֆրանսերենին զուգահեռ ռուսերենի և անգլերենի  դասավանդմանը։ Բակալավրիատի առաջին կուրսից կրթական ծրագիրը նախատեսում է նորարական և ձեռնարկատիրական նախագծերի իրականացում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Եվրամիության հետ համագործակցությամբ[6]։

Ընդունելություն, ուսումնառության և պրակտիկայի կազմակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՖՀՀ-ում կազմակերպվում են ընդունելության ընդհանուր քննություններ՝ միասնական քննություններից անկախ։ Ըստ ֆակուլտետների՝ պետք է հանձնել հետևյալ քննությունները․

  • Իրավաբանություն՝ հայոց լեզու, հասարակագիտություն,
  • Կառավարում՝ հայոց լեզու կամ օտար լեզու (ֆրանսերեն, անգլերեն կամ գերմաներեն), մաթեմատիկա,
  • Մարքեթինգ՝ հայոց լեզու կամ օտար լեզու (ֆրանսերեն, անգլերեն կամ գերմաներեն), մաթեմատիկա,
  • Ֆինանսներ՝ հայոց լեզու կամ օտար լեզու (ֆրանսերեն, անգլերեն կամ գերմաներեն), մաթեմատիկա,
  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա՝ խորացված մաթեմատիկա, օտար լեզու (ֆրանսերեն, անգլերեն կամ գերմաներեն)[7]։

Բակալավրիատում կրթության տևողությունը 4 տարի է, մագիստրատուրայում՝ 2, ասպիրանտուրայում՝ 3-4։

Ֆրանսերենի իմացությունը պարտադիր չէ համալսարան ընդունվելու համար։ Առաջին երկու տարիների ընթացքում ուսանողները բացի հանրակրթական և մասնագիտական առարկաներից անցնում են նաև ֆրանսերենի խորացված դասընթացներ, որոնց արդյունքում ձեռք բերված գիտելիքները ստուգվում են միջազգայնորեն ճանաչված թեստի միջոցով։ Թեստի արդյունքը որոշիչ է ուսումնառությունը շարունակելու համար։ Այսպիսով, ՀՖՀՀ ուսանողների մոտ 90%-ը, ովքեր մինչև ընդունվելը երբևէ չեն ուսումնասիրել ֆրանսերենը, երրորդ կուրսից սկսած՝ ընդունակ են լինում՝ շարունակելու իրենց ուսումնառությունը ֆրանսերենով։

Համալսարանի բակալավրական կրթության նպատակն է ուսանողներին տալ իրենց ոլորտի համար հիմնարար գիտելիքներ և մասնագիտություն, որը թույլ կտա մուտք գործել աշխատաշուկա՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ։

Երրորդ կուրսից սկսած՝ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի և Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի դասախոսների շնորհիվ դասերի առնվազն 20%-ը, իսկ մագիստրատուրայում՝ մոտավորապես 50%-ը դասավանդվում են ֆրանսերենով։

Ամեն տարի ավելի քան 60 ուսանող պրակտիկա է անցնում արտերկրում՝ մասնավորապես Ֆրանսիայում։ 14 տարի շարունակ հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին համալսարանում կազմակերպվում է ձեռնարկությունների ֆորում։ Այդ ֆորումը հանդիպման վայր է Հայաստանի ամենաակտիվ գործընկեր կազմակերպությունների և ապագա պրակտիկանտների՝ ՀՖՀՀ-ի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար, ինչպես նաև շրջանավարտներին աշխատանքի ընդունելու հնարավորություն[8]։

ՀՖՀՀ-ն  առաջարկում է երկրի կարիքներին համապատասխան մագիստրոսական ծրագրեր։ ՀՖՀՀ-ի մագիստրատուրայի նպատակն է կրթել բարձրակարգ մասնագետներ, ովքեր կհամապատասխանեն հայաստանյան աշխատաշուկայի պահանջներին և կկարողանան իրենց հմտությունն ու գիտելիքները ի սպաս դնել Հայաստանի զարգացմանը։ Ուսանողները ձեռք են բերում կառավարչական հմտություններ՝ ընդունակ լինելով ղեկավարել աշխատաթիմեր և զբաղեցնել ղեկավար պաշտոններ[9]։

Մագիստրատուրայում դասավանդում են կրթության տարբեր բնագավառների փորձագետներ՝ ֆրանսիացի դասախոսներ, գիտության թեկնածուներ և դոկտորներ, սոցիալ-տնտեսական ոլորտի մասնագետներ։ Նրանց դասավանդումը կրթությանը տալիս է անհրաժեշտ մասնագիտական որակներ, ինչն ուսանողներին օգնում է հեշտությամբ գտնել աշխատանք։

Ասպիրանտը միաժամանակ գրանցվում է Հայաստանում և ֆրանսիական որևէ դոկտորական դպրոցում և ունենում է ֆրանսիացի գիտական ղեկավար։ Ուսման տևողությունը 3-4 տարի է, ինչը ենթադրում է ուսանողի լրիվ դրույքով ներկայություն ՀՖՀՀ-ում, ինչպես նաև տարեկան 2-3 ամիս պրակտիկա Ֆրանսիայում`գործընկեր դոկտորական դպրոցում։ Որպես կանոն, ՀՖՀՀ-ն և իր գործընկերները ամսական կրթաթոշակ են տրամադրում ասպիրանտին և համատեղ ֆինանսավորում են ասպիրանտի այցը Ֆրանսիա։

Թեկնածուների ընտրությունն իրականացվում է պաշտոնական հայտարարության և ընդունելության քննության միջոցով՝ ըստ հաջորդ ուսումնական տարվա համար նախատեսված տեղերի։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհիվ՝ ՀՖՀՀ-ն ունենում է տարեկան մեկ տարկետման իրավունքով տեղ՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ[10]։

Տարեկան երկու անգամ՝ աշնանը և գարնանը, ՀՖՀՀ-ում կազմակերպվում են բաց դռների օրեր, որոնց նպատակն է հյուրընկալել աշակերտներին և նրանց ծնողներին, ներկայացնել կրթական ծրագրերը, համալսարանական կյանքը և աշխատանք գտնելու հեռանկարները։

Ուսման վարձավճար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսման վարձավճարը հաշվարկվում է Հայաստանի կենսամակարդակին համապատասխան։ ՀՖՀՀ-ն հատկացնում է նաև գերազանցության կրթաթոշակներ լավագույն ուսանողներին՝ ամբողջովին կամ մասամբ վճարելով ուսման վարձը, ինչպես նաև սոցիալական պայմաններով կրթաթոշակներ՝ աջակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Հայաստանի կառավարության, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Սոցիալական օգնության հայկական միության, Ֆրանկոֆոն փաստաբանների միության, Ակբա-Կրեդիդ Ագրիկոլ բանկի, «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի, Ռայմոնդ Եզեգելյանի, ՍոֆտԿոնստրակտի, «ԿԱԶԱ» հիմնադրամի, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի, Guéviguian գրասենյակի, SIGEST հրատարակչության, Չոբանյան ինստիտուտի և Հայ կրթական հիմնարկության[11]։

Առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՖՀՀ-ն ունի մի քանի կարևոր առավելություններ, որոնք այն դարձնում են Հայաստանում եզակի հաստատություն. աշխարհի առջև բաց լինելը (մասնավորապես՝ երկու դիպլոմի տրամադրումը), բարեվարքությունը, բոլորի (հատկապես երիտասարդ ուսանողների) համար հնարավորությունների առկայությունը և կայուն պրոֆեսիոնալիզացիան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  2. «Միջպետական համալսարան». UFAR. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.(չաշխատող հղում)
  3. «Սենգորի ամբիոն». UFAR. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.(չաշխատող հղում)
  4. «Շրջանավարտներ». UFAR. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.(չաշխատող հղում)
  5. «Երկու դիպլոմ». UFAR. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.(չաշխատող հղում)
  6. «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա (ԻԿՄ) ֆակուլտետ». UFAR. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.(չաշխատող հղում)
  7. «Բակալավրիատ». UFAR. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.(չաշխատող հղում)
  8. «Մասնագիտական պրակտիկա». UFAR. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.(չաշխատող հղում)
  9. «Մագիստրատուրա». UFAR. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.(չաշխատող հղում)
  10. «Ասպիրանտուրա». UFAR. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.(չաշխատող հղում)
  11. «Կրթաթոշակ և սոցիալական օգնություն». UFAR. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հոդվածին։