Հայկական բարեգործական ընդհանուր միության ԱՄՆ-ի շրջանային վարչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական բարեգործական ընդհանուր միության ԱՄՆ-ի շրջանային վարչություն
Изображение логотипа
Տեսակբարեգործական կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված1908
Գլխադասային գրասենյակԲոստոն, ԱՄՆ

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ԱՄՆ-ի շրջանային վարչությունը հիմնվել է 1908 թվականին, Բոստոնում՝ Եգիպտոսից ժամանած ՀԲԸՄ ներկայացուցիչներ Վ. Քյուրքչյանի, Մուշեղ եպիսկոպոս Սերոբյանի, Բաբկեն եպիսկոպոս Կյուլեսերյանի, վերապատվելիներ Կ. Մանավյանի, Խ. Պեննեյանի նախաձեռնությամբ։ Միությունը ծավալում է բարեսիրական, մշակութային, կրթական, մարզական, ընկերային, սկաուտական գործունեություն։ Ունի երիտասարդական և պատանեկան միություններ, տիկնանց հանձնախմբեր։ Կազմակերպում է դասախոսություններ, ներկայացումներ, երգի, պարի երեկոներ, ցուցահանդեսներ, երիտասարդական հանդիպումներ, մարզական խաղեր։ Կրթաթոշակ է հատկացնում համալսարանական հայ ուսանողներին։ ԱՄՆ-ում ՀԲԸՄ հովանավորությամբ գործում են ամենօրյա (Դետրոյտ, Ուոթերթաուն, Կանոգա Պարկ, Լոս Անջելես), մեկօրյա և երեկոյան (Քլիվլենդ, Չիկագո, Ֆրեզնո) վարժարաններ, թատերախմբեր, երգչախմբեր, պարախմբեր։ Լոս Անջելեսում գործում է «Նաիրի» արվեստի կենտրոնը (ունի հայոց լեզվի, մշակույթի, պատմության, երաժշտության, թատրոնի, կերպարվեստի, պարարվեստի դասընթացներ, մանկապատանեկան երգչախումբ, պարախումբ)։ 1963 թվականից Նյու Յորքում գործում է ՀԲԸՄ «Նուբար» ամառային երիտասարդական ճամբարը։

ՀԲԸՄ-ի Նախագահական ակումբը 1987 թվականից կազմակերպում է ամառային փորձառական ծրագրեր ամերիկահայ ուսանողների համար։ 1989 թվականից գործակցելով Ալեք և Մարի Մանուկյան մշակութային հիմնադրամի հետ՝ ակումբը հիմնել և հովանավորում է Միչիգանի համալսարանի հայոց լեզվի Ամառային հիմնարկը Երևանում են։ Հիմնադրամը յուրաքանչյուր տարի հրատարակում է մի քանի տասնյակ հայագիտական աշխատություններ։ 1995 թվականին Լոս Անջելեսում ՀԲԸՄ հիմնադրել է «Երիտասարդ արհեստավարժներ» կազմակերպությունը, որի ավելի քան 500 անդամներն ԱՄՆ-ի, Կանադայի և Եվրոպայի համալսարանների հայազգի շրջանավարտներ են։

ՀԲԸՄ ԱՄՆ-ում ունի 55 մասնաճյուղ, որոնք ունեն իրենց վարչությունները՝ ենթակա շրջանային վարչությանը, որն իր հերթին գործում է կենտրոնական վարչության հովանու ներքո (կենտրոնը՝ Նյու Յորք)։ Նյու Յորքում են հրատարակվում ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի «Հուշարար-Միություն» և “AGBU News Magazine” պաշտոնաթերթերը, ինչպես նաև “Ararat” պարբերականը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։