Հայ-ռուսական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայ-ռուսական համալսարան
Российско-армянский государственный университет
Սլավոնական համալսարան.JPG
Տեսակհամալսարան
Միջազգային անվանումRussian-Armenian University, Российско-армянский университет
Հիմնադրված է1997
Տիպպետական
ՌեկտորԱրմեն Դարբինյան
Ուսանողներ2 500
Ընդհանուր անձնակազմ700 մարդ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՀայաստան, Երևան, 0051, Հովսեփ Էմինի փ., 123
Կայքrau.am
Կոորդինատներ: 40°12′37.839996099996″ հս․ լ. 44°30′11.840004100001″ ավ. ե. / 40.21051111002777390° հս․. լ. 44.50328889002777544° ավ. ե. / 40.21051111002777390; 44.50328889002777544

Հայ-ռուսական համալսարանը (ռուս.՝ Российско-армянский университет, հապ.՝ ՀՌՀ)՝ բարձրագույն ուսումնական հաստատություն Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Ռուսաստանի և Հայաստանի կողմից կառավարվող համալսարան է, որը գործում է Հայաստանում։ Հաղորդակցման հիմնական լեզուները հայերենը և ռուսերենն են։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության համատեղ վարման բարձրագույն մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն է և ունի Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության պետական բուհի կարգավիճակ: Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության կողմից համալսարանն արտոնագրվել է 2000 թվականի հունիսի 27-ին և 2004 թվականի օգոստոսի 5-ին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից` 2004 թվականի մարտի 15-ին: 2005 թվականի ապրիլի 29-ին համալսարանը հավատարմագրվել է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության կողմից: 2010 թվականին համալսարանն ստացել է նոր արտոնագիր և հավատարմագիր, իսկ 2011 թվականին ստացել է անժամկետ արտոնագիր:

Համալսարանի հիմնադիրների իրավասություններն իրականացնում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունները:

Համալսարանն իր գործունեությունն իրականացնում է` ղեկավարվելով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության սահմանադրություններով, Ռուսաստանի Դաշնության օրենքներով` Ռուսաստանի Դաշնության «Կրթության մասին» օրենքի 1996 թվականի հունվարի 13-ի N 12-ՖԶ Դաշնային օրենքի խմբագրությամբ, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» 1996 թվականի օգոստոսի 22-ի N 125-ՖԶ Դաշնային օրենքով, «Գիտության և պետական գիտատեխնիկական քաղաքականության մասին» 1996 թվականի 23-ի N 127-Փ3 Դաշնային օրենքով, 1999 թվականի ապրիլի 14-ի «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով, Ռուսաստանի Դաշնության բարձրագույն մասնագիտական կրթության ուսումնական հաստատության (բարձրագույն ուսումնական հաստատության) մասին տիպային կանոնադրությամբ, Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության նորմատիվ իրավական ակտերով, Հայ-ռուսական համալսարանի Կանոնադրությամբ: Կրթական գործունեությունից զատ այլ տեսակի գործունեություն իրականացնելիս համալսարանը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով և Հայ-ռուսական համալսարանի Կանոնադրությամբ: ՀՌՀ Կանոնադրության նախնական տարբերակը հաստատվել է 2000 թվականի մարտի 24-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կրթական գերատեսչությունների ղեկավարների կողմից: Հետագայում` 2006 թվականի նոյեմբերի 14-ին, Կանոնադրությունը նոր խմբագրումներով հաստատվեց Ռուսաստանի Դաշնության կրթության հարցերով դաշնային գործակալության ղեկավար Գ. Բալիխինի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լ. Մկրտչյանի կողմից:

Համալսարանը պետք է լինի ռուսական կրթության, գիտության և մշակույթի կենտրոն Հայաստանի Հանրապետությունում և ամբողջ անդրկովկասյան տարածաշրջանում: Համալսարանում ուսուցումն իրականացվում է ռուսական կրթական չափորոշիչների հիման վրա կազմված ծրագրերով` միաժամանակ պարտադիր կերպով ներառելով ազգային բաղադրիչը:Համալսարանի հետ համագործակցում են Հայաստանի Հանրապետության ԳԱԱ ակադեմիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ Ս. Համբարձումյանը, Հայաստանի Հանրապետության ԳԱԱ ակադեմիկոսներ Ռ. Մարտիրոսյանը, Է. Ղազարյանը, Վ. Բարխուդարյանը, Ա. Գրիգորյանը, Ա. Թալալյանը, Հայաստանի Հանրապետության ԳԱԱ թղթակից անդամ Ի. Զասլավսկին և այլք, ընդ որում նրանցից շատերը համալսարանի Գիտական խորհրդի անդամներ են: 2003 թվականից ի վեր իրականացվում է մի ծրագիր, որի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության առաջատար մասնագետները` ռուսական բուհերի պրոֆեսորները, դասախոսելու նպատակով հրավիրվում են ՀՌՀ: Այս ծրագրի շրջանակներում 2003-2004 թվականներին ՀՌՀ են այցելել Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ժողովրդական տնտեսության ակադեմիայի ռեկտոր Վ. Մաուն, Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի ռեկտոր Ռ. Ստրոնգինը, նույն համալսարանի հեռահար ուսուցման գծով պրոռեկտոր Ա. Կոլդանովը, Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի մերձավոր արտերկրի բաժնի ղեկավար Ա. Սկակովը, ՄՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի դեկան Ա. Գոլիչենովը, նույն ֆակուլտետի պրոֆեսոր Ս. Ավագյանը և դոցենտ Գ. Դավիդյանը, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ՄՄՀՊԻ(Հ)-ի պրոֆեսորներ Յու. Կոբալաձեն և Վ. Դեգոևը, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Համաբանակային ակադեմիայի պրոֆեսոր Ա. Գերասիմովը, Ն. Բաումանի անվան ՄՊՏՀ-ի քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր Վ. Պուսկոն, ՄՊՀ-ի հաշվողական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետի պրոֆեսորներ Ս. Կուզնեցովը, Գ. Կոբելկովը, Ռ. Պոդլովչենկոն, Վ. Լեոնտևը, ՄՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսորներ Մ. Կուլակովը և Մ. Օսմովան, ՄՊՀ-ի բանասիրության ֆակուլտետի պրոֆեսոր Լ. Զլատոուստովան, ՄՊՀ-ի լրագրության ֆակուլտետի պրոֆեսորներ Ա. Տերտիչնին և Գ. Լազուտինը, «ՆԻԳ» անկախ հրատարակչական տան գլխավոր տնօրեն, «Ռոսիյսկայա գազետայի» քաղաքական մեկնաբան, «Պոլիտիչեսկի կլասս» ամսագրի գլխավոր խմբագիր, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ՄՄՀՊԻ(Հ)-ի պրոֆեսոր Վ. Տրետյակովը, Շչուկինի անվան թատերական ինստիտուտի ռեկտոր Ե. Կնյազևը և ուրիշներ:

1999 թվականի փետրվարին համալսարանում առաջին անգամ անց է կացվել՝ «Իրավագիտություն», «Պետական և մունիցիպալ կառավարում», «Լրագրություն» մասնագիտություններով ըդնունելություն: 1999 թվականի ամռանը մասնագիտությունների ցանկին ավելացել են՝ «Քաղաքագիտություն», «Համաշխարհային տնտեսագիտություն», «Սոցիալ-մշակութային ծառայություններ և զբոսաշրջություն», «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա», իսկ 2002 թվականի սեպտեմբերից` «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությունները: 2003 թվականի սեպտեմբերից համալսարանում ուսւցանվում է «Էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա», իսկ 2004 թվականի սեպտեմբերից` «Բժշկական կենսաքիմիա»: 2005 թվականին ավելացել են «Հոգեբանություն», «Օտար լեզուների և մշակույթների դասավանդման տեսություն և մեթոդիկա», «Բանասիրություն», «Կենսաճարտարագիտություն և կենսաինֆորմատիկա» մասնագիտությունները: Նաև «Գովազդ» և «Տարածաշրջանությունն» մասնագիտությունները, սկսած 2007 թվականից։

Առաջին երկու տարիների ընթացքում համալսարանում գործում էր մեկ հանրակրթական ֆակուլտետ: Սակայն ուսանողների և դասախոսների քանակի ամենամյա ավելացման հետևանքով անհրաժեշտություն առաջացավ որոշակի փոփոխությունների ենթարկել համալսարանի կառուցվածքը: Ներկայում համալսարանի ֆակուլտետների և ամբիոնների ձևավորման գործընթացն ավարտված է:

2005-2006 ուստարում համալսարանում սովորել է 2207 ուսանող: Համալսարանն ունի կրթության երկաստիճան համակարգ` բակալավրիատ (4 տարի), մագիստրատուրա (2 տարի)[1]: Համալսարանում մասնագետների նախապատրաստումն իրականացնում են 32 ամբիոններ:

Համալսարանին կից գործում է հոգաբարձուների խորհուրդ, որի համանախագահը ռուսական կողմից Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահի նախկին տեղակալ, Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի Բոոսն է, իսկ հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսակագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը[2]:

Հոգաբարձուների խորհրդի կազմում են նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գործադիր իշխանության մարմինների, ձեռնարկատիրական, ֆինանսական, գիտական և մշակութային շրջանակների, զանգվածային լրատվության միջոցների, հասարակական կազմակերպությունների և ասոցիացիաների, ձեռնարկությունների, կազմակերպությունների և հաստատությունների (անկախ սեփականության ձևերից) մի շարք ականավոր ներկայացուցիչներ:

Համալսարանում ակտիվ գիտահետազոտական աշխատանք է կատարվում. համալսարանի յուրաքանչյուր ամբիոնի գիտական գործունեության ծրագրումն ու հաշվետվությունը կազմակերպված բնույթ է կրում. անցկացվում են տարբեր թեմաներով գիտաժողովներ ու սեմինարներ ինչպես համալսարանի, այնպես էլ Հայաստանի և ԱՊՀ երկրների այլ բուհերի ուսանողների և դասախոսների մասնակցությամբ: համալսարանի ուսանողների լավագույն աշխատանքներն ուղարկվում են Ռուսաստանի Դաշնության` կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպվող ամենամյա մրցույթներին:

2002 թվականին համալսարանում ձևավորվել են գիտահետազոտական խմբեր. «Նանոյի և օպտոէլեկտրոնիկայի ֆիզիկական հիմունքներ» (ղեկավար` Հայաստանի Հանրապետության ԳԱԱ ակադեմիկոս Է. Ղազարյան), «Շուկայական բարեփոխումներ և տնտեսության պետական կարգավորում» (ղեկավար` տ.գ.թ. Է. Սանդոյան):

2002 թվականից համալսարանում գործում է ասպիրանտուրա: Այսօր ասպիրանտուրայում ուսուցում է իրականացվում 17 մասնագիտություններով:

Համալսարանում գործում է կարիերայի կենտրոն, որի նպատակն է բարձրացնել ուսանողների մասնագիտական հմտությունների մակարդակը և օգնել նրանց գտնելու այնպիսի աշխատանք, որը հնարավորություն կընձեռնի ընտրած մասնագիտության միջոցով լիարժեքորեն ինքնադրսևորվելու համապատասխան բնագավառում:

Ուսումնական գործընթացի կազմակերպման առաջնային խնդիրներից մեկն էլ բուհի ապագա ուսանողների նախապատրաստումն է: Նախաբուհական կրթության կենտրոնը համալսարանի ստորաբաժանումներից է և զբաղվում է ՀՌՀ և այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել պատրաստվող հանրակրթական հաստատությունների (դպրոցների, քոլեջների, վարժարանների) աշակերտների գիտելիքների խորացմամբ և պատրաստվածության մակարդակի բարձրացմամբ:

2002-2004 թվականների ընթացքում հիմք է դրվել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության մի շարք առաջատար ուսումնական և գիտական կառույցների համագործակցությանը: Այսօր արդեն համագործակցության պայմանագրեր են կնքված Հայ-ռուսական համալսարանի և Ռուսաստանի Դաշնության 57 առաջատար բուհերի և այլ հաստատությունների միջև: Դրանցից կարելի է առանձնացնել Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) հետ կնքված «Գիտության և կրթության ոլորտում համագործակցության մասին» պայմանագիրը, Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանի (ՌԺԲՀ) հետ կնքված «Գիտության և կրթության ոլորտում համագործակցության մասին» պայմանագիրը, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) և Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի հետ կնքված «Համագործակցության մասին» համաձայնագիրը, Մոսկվայի Ն.Է. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի հետ կնքված «Համագործակցության մասին» պայմանագիրը, Ռուսաստանի Դաշնության Դաշնային սահմանապահ ծառայության հետ կնքված «Համագործակցության» համաձայնագիրը, Ա.Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի հետ կնքված «Համագործակցության» պայմանագիրը, Սանկտ-Պետերբուրգի «Մշակույթի և կրթության հիմնադրամի» հետ կնքված «Կրթության ոլորտում համագործակցության մասին» պայմանագիրը և մի շարք այլ պայմանագրեր ու համաձայնագրեր:

Համալսարանին կից գործում է Ռուս բանասիրության ինստիտուտը, որի գիտական ղեկավարն է Հայաստանի Հանրապետության ԳԱԱ ակադեմիկոս Ա. Գրիգորյանը: Ինստիտուտի կազմից են «Ռուս-հայկական համատեքստ» գիտահետազոտական խումբը, գեղարվեստական թարգմանության կենտրոնը, բառարանագրության կենտրոնը, ռուսագետների վերապատրաստման կենտրոնը, ռուսական մշակույթի քարոզչության կենտրոնը, ինչպես նաև համալսարանի առաջին ռեկտոր, ակադեմիկոս Լևոն Մկրտչյանի անվան գրական և մշակութային նախաձեռնությունների կենտրոնը, որը մեծ ավանդ ունի ռուս-հայկական փոխհարաբերությունների զարգացման գործում:

2004 թվականից համալսարանում գործում է Անընդմեջ կրթության ինստիտուտը, որի գործունեության հիմնական ուղղություններն են ուսուցման հեռահար մեթոդների միջոցով կրթական գործընթացի կազմակերպումը, մասնագետների վերապատրաստումը և որակավորման բարձրացումը: համալսարանի գրադարանի գրքային ֆոնդն անընդհատ համալրվում է ժամանակակից գիտաուսումնական գրականության նոր հրատարակություններով: Գոյություն ունի գրականության որոնման համակարգ` տվյալների էլեկտրոնային բազա և քարտարաններ, որոնցում արդեն մուտքագրված են ավելի քան 23.500 գրքի տվյալներ: Համալսարանի էլեկտրոնային գրադարանն իր ընթերցողներին առաջարկում է նաև ցանցային ծառայություններ (Հայաստանի Էլեկտրոնային գրադարանների կոնսորցիում): Համալսարանում գործում են տասնչորս համակարգչային լսարաններ և երկու լեզվաբանական լաբորատորիաներ:

2004 թվականին հիմնովին ավարտվել է բուհական շենքի վերակառուցումը: Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել համալսարանի Երախտագիտության պուրակի հանդիսավոր բացման արարողությունը: Այն պետք է խորհրդանշի ռուս-հայկական բարեկամության անցյալը, ներկան և ապագան, հարյուրամյակների ընթացքում բյուրեղացած պատմամշակութային արժեքների և այլնի ընդհանրությունը: Բացման օրը պատահաբար չի ընտրված. համալսարանի Գիտական խորհրդի որոշմամբ հոկտեմբերի 15-ը հաստատվել է որպես Հայ-ռուսական համալսարանի օր:

2005 թվականի սկզբին շահագործման հանձնվեց համալսարանի մշակույթի տունը, իսկ 2009 թվականից արդեն գործում է համալսարանի բաց մարզահամալիրը:

Շքանշաններ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-Ռուսական համալսարանը շնորհում է հիշատակի ոսկե մեդալ` «Ադամանդակուռ ձիթենու ճյուղ»: Մեդալի մասին կանոնադրության համաձայն այն շնորհվում է տարին մեկ անգամ, իսկ բացառիկ դեպքերում` երկու անգամ:

Անդրանիկ մեդալը 2001 թվականի ապրիլին շնորհվել է Վլադիմիր Սպիվակովին ռուսական մշակույթի զարգացման գործում նրա ունեցած ավանդի, ինչպես նաև ավերիչ երկրաշարժից տուժած Հայաստանին օգնության ձեռք մեկնելու և երաժշտական տաղանդով օժտված հայ պատանիներին ցուցաբերած երկարամյա հովանավորության համար:

Երկրորդ մեդալը շնորհվել է Լյուդմիլա Պուտինային 2002 թվականի ապրիլին` Հայ-ռուսական համալսարան նրա կատարած այցի ընթացքում: Բացի դրանից ՀՌՀ Գիտական խորհրդի որոշմամբ հիշատակի ոսկե մեդալ է շնորհվել բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին և Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար-տնօրեն Վալերի Գեորգիևին:

Հայ-ռուսական համալսարանը շնորհում է նաև ՀՌՀ Պատվո շքանշան գիտության, կրթության, արվեստի, մշակույթի, գրականության, քաղաքականության, ձեռնարկատիրության բնագավառների առավել ակնառու գործիչներին, որոնք իրենց ավանդն են բերել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների կայացման, ամրապնդման և զարգացման, ռուս և հայ ժողովուրդների միջև բարեկամության սերտացման, ինչպես նաև Հայ-ռուսական համալսարանի` որպես Հայաստանի Հանրապետությունում և ամբողջ տարածաշրջանում ռուսական կրթության և մշակույթի կենտրոնի զարգացման գործում: 2002-2005 թվականներին ՀՌՀ Պատվո շքանշան է շնորհվել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Մ. Կասյանովին, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս. Լավրովին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վ. Օսկանյանին, Մոսկվայի քաղաքապետ Յու. Լուժկովին, Երևանի նախկին քաղաքապետ Ե. Զախարյանին, Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ե. Պրիմակովին, Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Ռուսաստան-Հայաստան» համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ն. Ռիժկովին, Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի նախագահ Վ. Զորկինին, Մոսկվայի Կենտրոնական վարչական տարածքների ոստիկանապետեր Գ.Դյոգտևին և Ս. Բայդակովին, Ռուսաստանի Դաշնության Սարատովի մարզի նահանգապետ Դ. Այացկովին, Ռոստովի մարզի նահանգապետ Վ. Չուբին, Հայաստանի Հանրապետության-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Դրյուկովին, Ռուսաստանի Դաշնության Դաշնային սահմանապահ ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Կ. Տոցկուն, Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի ռեկտոր Ռ. Ստրոնգինին, Ղրղզա-ռուսական համալսարանի ռեկտոր Վ. Նիֆադևին, Հյուսիսային Օսիայի պետական համալսարանի ռեկտոր Ա. Մագոմեդովին, «Intermec Technologies» կորպորացիայի նախկին նախագահ, «Automatic Identification Technology Industry-ի» խորհրդական Մայքլ Օհանյանին (ԱՄՆ):

Համալսարանի Գիտական խորհրդի որոշմամբ համալսարանի պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Մ. Կասյանովին, Մոսկվայի քաղաքապետ Յու. Լուժկովին, Ռուսաստանի Դաշնության առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ե. Պրիմակովին, Հայաստանի Հանրապետության ԳԱԱ նախագահ Ֆ. Սարգսյանին, Հայաստանի Հանրապետության-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Դրյուկովին, Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի նախագահ Վ. Զորկինին:

Աշխատակզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի պատվավոր պրոֆեսորների թվում են Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ժողովրդական տնտեսության ակադեմիայի ռեկտոր Վ. Մաուն, Գիտությունների միջազգային ակադեմիայի բարձրագույն դպրոցի ակադեմիկոս, Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործիչ Ս. Այվազյանը, «Անցումային շրջանի տնտեսագիտության ինստիտուտի» տնօրեն, տնտեսագիտության դոկտոր Ե. Գայդարը, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ՄՄՀՊԻ(Հ)-ի պրոֆեսոր Վ. Տրետյակովը, ՄՄՀՊԻ-ի պրոֆեսոր, «ՏՎՑ» հեռուստաալիքի «Հետգրության» ծրագրի հեղինակ և վարող Ա. Պուշկովը, Ուկրաինայի ԳԱԱ Գ. Սկովորոդայի անվան փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինայի ԳԱԱ ակադեմիկոս Մ. Պոպովիչը:

ՀՌՀ հրատարակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կից գործում է հրատարակչություն: Հրատարակվել են գրքեր` կառավարման և մշակույթի, ռուս գրականության պատմության, իրավագիտության, քաղաքագիտության, ինֆորմատիկայի, մեխանիկայի, կրթության կառավարման, հայ ժողովրդի պատմության վերաբերյալ գրքեր, գեղարվեստական գրականություն և հրապարակախոսություն ՀՌՀ հրատարակչությունում լույս են տեսել ռուս դասականների գրական ստեղծագործությունները հայերեն թարգմանությամբ` Ֆ. Դոստոևսկու «Դևեր» և «Գրառումներ մեռյալ տնից» գործերը, Մ. Բուլգակովի «Սպիտակ գվարդիա» վեպը և այլն։

Շենքը վերակառուցվել է 2004 թվականին: 2005 թվականի սկզբին շահագործման հանձնվեց ՀՌՀ-ի մշակույթի տունը, իսկ 2009 թվականից արդեն գործում է նաև մարզահամալիր[3]։

1998 թվականին համալսարանի ռեկտոր է նշանակվել Լևոն Մկրտչյանը և զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 2001 թվականը: 2001 թվականին համալսարանի ռեկտոր է դարձել Արմեն Դարբինյանը:

Անվանի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիգրան Ավինյան - Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ
  • Խաչատուր Օքսուզյան - շոումեն, «32 ատամ» ակումբի ռեզիդենտ
  • Գարիկ Պապոյան - հայ հաղորդավար, հումորիստ, երաժիշտ
  • Լուսինե Թովմասյան - «Վիցեմիսս Եվրոպա-2005» մրցույթի հաղթող (Միսս Հայաստան - 2003)
  • Սուրեն Գրիգորյան - իրավաբան, Հայաստանի Հանրապետության ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
  • Լիլիթ Երեմյան - Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական խորհրդատու
  • Վահան Հովսեփյան - Armix ընկերության տնօրեն
  • Արտակ Գասպարյան - շոումեն, «32 ատամ» ակումբի ռեզիդենտ
  • Սոնա Թորոսյան - Արմենիա TV հեռուստաընկերության հաղորդավարուհի
  • Արամ Վարդեևանյան - իրավաբան

Ինստիտուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանում գործում են 8 ինստիտուտներ՝

  • Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի
  • Ինժեներաֆիզիկական
  • Կենսաբժշկություն և դեղագործության
  • Էկոնոմիկայի և բիզնեսի
  • Իրավունքի և քաղաքականության
  • Հումանիտար գիտությունների
  • Մեդիայի, գովազդի և կինոյի
  • Արևելագիտության ինստիտուտ

Գիտական հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Optics & its Applications: Symposium Information & Book of Abstracts of the International Symposium (Armenia, 5—9 September, 2011). — Yerevan, 2011—150 p.
  • Оганесян Л. Р. Уголовно-исполнительное право: учебно-методический комплекс.. Ер.: Изд-во РАУ, 2011.109 с.
  • Енгоян А. П. Идеологические основы социально-политических трансфор-маций в постсоветской Армении / Отв. ред.: КА. Мирумян. Ер.: Изд-во РАУ. 358 с.
  • Казданян С. Ш. Политическая психология: Учебно-методический комплекс. Ер.: Изд-во РАУ, 2011. 144с.
  • Бабаян К. Б. История менеджмента. Учебно-методическое пособие /Отв. ред. A.M. Суварян. Ер.: Изд-во РАУ, 2011. 52 с.
  • Вагаршакян Ашот Агасиевич. Математический анализ. Ер.: Изд-во РАУ, 2011.303 с.
  • Международная конференция (25-26 апреля 2011 г.): Армяно-турецкие отношения, их влияние на геополитическое развитие региона и отображение в прессе: Сборник научных статей. Ер.: Изд-во РАУ, 2011. 141 с.
  • Аветисян С. С. Проблемы разграничения преступного от непреступного поведения (теория и практика уголовно-правового обеспечения безопасности человека) . — Ер.: Изд-во РАУ, 2011. 814 с.
  • Вестник РАУ. Физико-математические и естественные науки. N1 2011 г. — Ер.: Издательство РАУ, 2011 г.
  • Вестник РАУ. Гуманитарные и общественные науки. N1/ 2011 г. — Ер.: Издательство РАУ, 2011 г.


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]