Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց
Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1971 |
Անվանված է | Իրինա Ռոդնինա |
Տնօրեն | Գարիկ Գրիգորյան |
Աշակերտներ | 180 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Երևան, Ծովակալ Իսակովի պողոտաի 27/8 |
Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց, գեղասահքի դպրոց Երևանում։
2015-2019 թվականներին կոչվել է գեղասահքի ռուս չեմպիոնուհի Իրինա Ռոդնինայի անունով[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան դպրոցը հիմնադրվել է 1971 թվականին, որն իր գործունեությունը ծավալել է հիմնականում Բագրատունյաց փողոցում տեղակայված դպրոցում, շենքային ոչ բարենպաստ պայմանների պատճառով սպորտաձևերը զարգացում չեն ապրել, գեղասահքի դպրոցում երկար տարիներ չի գործել սահադաշտը։
Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ մարզադպրոցն անվանափոխվել է «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի և գործելու է Ծովակալ Իսակովի պողոտա 27/10 հասցեում գտնվող նորակառույց գեղասահքի դպրոցի շենքում՝ անվանի գեղասահորդ, ՌԴ հասարակական գործիչ, Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինայի ղեկավարությամբ։
2019 թվականին Երևանի ավագանու որոշմամբ գեղասահքի դպրոցը վերանվանվել է «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»։
Գեղասահքի դպրոցը կառուցվել է Մոսկվայի «Մոնարխ» ընկերությունների խմբի տնօրեն, «Բարեկեցություն» բարեգործական հիմնադրամի նախագահ Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով և նվիրաբերվել է Երևանի քաղաքապետարանին։ Երևանի սահադաշտի շինարարությունն սկսվել է 2014 թվականի հոկտեմբերին[2]։ Եռահարկ շինության ընդհանուր մակերեսը կազմում է 4360 քմ, որից 1800 քմ զբաղեցնում է սահադաշտը[3], ունի խորեոգրաֆիայի դահլիճ, մեթոդական լսարան, ֆիզիկական մարզումների համար նախատեսված մարզասարքեր, ինժեներական և սառեցման համակարգերի ժամանակակից արտադրության սարքավորումներ, հոկեիստների և գեղասահորդների համար անհրաժեշտ գույք, միջազգային չափանիշներին համապատասխան հանդերձարաններ[4]։
Կառույցի անվան փոփոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականին Երևանի ավագանու որոշմամբ «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց»-ը վերանվանվել է «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»-ի։ Անվանափոխության նախագիծը ներկայացրել էր Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը՝ նշելով, որ խորհրդային գեղասահորդուհի, եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի տասնակի չեմպիոն Իրինա Ռոդնինան 2019 թվականին փետրվարի 26-ին Բաքվում մասնակցել է Խոջալուի իրադարձությունների հետ կապված երթին[1]։
![]() |
Ռուս ժողովրդի 99 տոկոսը տեղյակ չէ Խոջալուի ողբերգության մասին։ Անհրաժեշտ է ֆիլմեր նկարահանել, գրքեր հրատարակել Խոջալուի մասին, որպեսզի արդարությունը հաղթանակի, հարկավոր է որքան հնարավոր է տեղեկացնել փետրվարի 25-26-ի գիշերը Խաջալուում ազգայնամոլների կողմից կատարված հանցագործությունների մասին[5]։ - Իրինա Ռոդնինա
|
![]() |
Դպրոցի անվանափոխության մասին նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո այդ մտադրությանն Իրինա Ռոդնինան արձագանքել է.
![]() |
Դա իրենց իրավունքն է, ես արել եմ՝ ինչ արել եմ։ Անվանակոչեք դպրոցը ինչպես կցանկանաք։ Ինչպես նավը անվանես, այնպես էլ նա կնավարկի։ | ![]() |
Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գեղասահքի կենտրոնական մարզադահլիճը կարող է տեղավորել 538 հանդիսական։
- Եռահարկ շինության ընդհանուր մակերեսը կազմում է 4360 քմ, որից 1800 քմ զբաղեցնում է սահադաշտը։
- Մարզահամալիրի կառուցման արժեքը կազմել է 7.55 միլիոն ԱՄՆ դոլար։
- Կառուցման ֆինանսավորումը կատարվել է Մոսկվայի «Մոնարխ» ընկերությունների խմբի տնօրեն, «Բարեկեցություն» բարեգործական հիմնադրամի նախագահ Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով։
- Կառույցի սեփականատերն է Երևանի քաղաքապետարանը։
- Մարզադպրոցը 2015 թվականին կոչվել է ռուս գեղասահորդուհի Իրինա Ռոդնինայի անունով։
- 2019 թվականին դպրոցն անվանվել է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց։
- Կառուցման սկիզբը տրվել է 2014 թվականի հունիսին։
- Պաշտոնական բացումը կատարվել է 2015 թվականի դեկտեմբերի 5-ին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Երևանի «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց»-ը անվանափոխվեց»։ armenpress.am։ Վերցված է 2019-05-08
- ↑ Երևանում պաշտոնապես բացվեց Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը
- ↑ Երևանն արդեն ունի գեղասահքի մարզադպրոց և տափօղակով հոկեյի դպրոց
- ↑ «Երևանն ունի գեղասահքի մարզադպրոց և տափօղակով հոկեյի դպրոց»։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-01-ին։ Վերցված է 2015-12-07
- ↑ «Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցը անվանափոխվեց․ պատճառը Բաքվում արած հայտարարություններն են»։ Armtimes.com։ Վերցված է 2019-05-08