Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ծիծեռնակաբերդ․ հոկտեմբեր 2010.JPG
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.6/106.1
Համայնք Կենտրոն
Առաջին հիշատակում 1965
Բարձրություն 44 մետր
Քանդակագործ(ներ) Վան Խաչատուր
Ճարտարապետ(ներ) Արթուր Թարխանյան, Սաշուր Քալաշյան
Հիմնադրում 1966
Նյութ Փամբակի գրանիտ, բազալտ
Շինարարության սկիզբ 1966
Շինարարության ավարտ 1967
Ներկա վիճակ կանգուն



Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, կառուցված է Երևանում՝ Ծիծեռնակաբերդ բլրի վրա։ Հեղինակն է ճարտարապետ Արթուր Թարխանյանը (Սաշուր Քալաշյանի համահեղինակությամբ)։

Անվան պատմություն[խմբագրել]

Ըստ ավանդության՝ «Ծիծեռնակաբերդ» անունն այս բարձունքը ստացել է այստեղ ապրող ծիծեռնակների անունից, որոնք օգնում էին հեթանոսական աստվածներ Վահագնին ու Աստղիկին իրարու լուրեր փոխանցել։

Պատմություն[խմբագրել]

ՀԽՍՀ կառավարության որոշմամբ Երևանում՝ Ծիծեռնակաբերդի բարձունքին, 1965-1967 թթ. կանգնեցվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր։ Բազալտով սալարկված հրապարակում կառուցվել է անսամբլ, որի տարածական հորինվածքի գերիշխող ծավալներն են Հիշատակի դահլիճը և Վերածննղի կոթողը։ Հուշարձանի լուծումը պարզ է և արտահայտիչ։ Հիշատակի դահլիճը բազալտե տասներկու թեքադիր մույթերով պարփակված տարածություն է. կենտրոնում՝ զոհերի հիշատակի Հավերժական կրակը։ Մույթերը ստորին մասերով միմյանց են մերձենում սանդուղքներով, որոնք բոլոր կողմից իջնում են դահլիճ, ուր Հավերժական կրակին խոնարհված «վշտագին» մույթերի շրջապատը մեծապես համակում է հուզական ներգործությամբ։ Հիշատակի դահլիճին հակադրված է Հայաստանի վերածնունդը խորհրդանշող վերսլաց և սրածայր բրգատիպ կոթողը։ 44 մետր բարձրությամբ սյունը նշանավորում է հայերի վերածնունդը։ 12 քարե սալերը դասավորված են շրջանագծով։ Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100-մետրանոց պատ, որի վրա փորագրված են ջարդերի ենթարկված ամենահայտնի քաղաքների և գյուղերի անունները։

1995 թվականին հուշահամալիրի տարածքում բացվեց փոքր ստորգետնյա թանգարան, որտեղ կարելի է գտնել տեղեկություններ 1915 թվականի իրադարձությունների մասին։ Մասնավորապես թանգարանում ներկայացված են գերմանացի լուսանկարիչների (թուրքերի դաշնակիցները «Առաջին համաշխարհային պատերազմում»), այդ թվում՝ Արմին Վեգների մի շարք լուսանկարներ և որոշ հրատարակություններ։ Թանգարանին մոտ գտնվում է մի պուրակ, որտեղ օտարերկրյա պաշտոնյաները Ցեղասպանության զոհերի հիշատակին տնկում են ծառեր։ Համալիրի մոտ կանգնեցվել է ոչ մեծ խաչքար (քանդակագործ՝ Ս. Հակոբյան)՝ ի հիշատակ 1988 թվականին Սումգայիթում կազմակերպված հայերի ցեղասպանության զոհերի։

Հուշահամալիրը դարձել է համայն հայության ուխտատեղի։ Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց Ցեղասպանության զոհերին։ 1965-ին՝ Ցեղասպանության 50-րդ տարելիցին, Երևանում կազմակերպվեցին միլիոնանոց ցույցեր։ Դրանց արդյունքում 1966-ին սկսվեց Ցեղասպանության հուշարձանի կառուցումը, որն ավարտվեց 1967-ին։ Բացումը տեղի ունեցավ 1967 թ. նոյեմբերի 29-ին[1]։ Երևանում բազմաթիվ մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան և ծաղիկներ են դնում հավերժական կրակի մոտ։

Տասներկու սյուներ[խմբագրել]

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը բաղկացած է երեք հիմանական կառույցներից` Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» Հուշասյուն և Հուշապատ։ Հավերժության տաճարը բաղկացած է 12 քարե սալերից, որոնք դասավորված են շրջանաձև կորացած դեպի ներս։ 12 թիվը ընտրված է` ելնելով երկրաչափական օրենքներից, բայց ժողովուրդը համարում է, որ այդ սյուները խորհրդանշում են Արևմտյան Հայաստանում գտնվող 12 խոշորագույն նահանգները[2]։

Իրականում Արևմտյան Հայաստանի՝ Օսմանյան կայսրության նահանգների թիվը եղել է վեց (Վան, Էրզրում, Դիարբեքիր, Բիթլիս, Տրապիզոն, Սեբաստիա), Խարբերդի հետ՝ 7, բացի դրանից՝ առանձին եղել է Կիլիկիան՝ որպես Ադանայի վիլայեթ։ Պատմական Մեծ Հայքի նահանգներից ևս, Արևմտյան Հայաստանում չեն գտնվել 12-ը. Այրարատը ամբողջությամբ մտել է Երևանի նահանգի և Կարսի մարզի, Սյունիքը՝ Երևանի և Ելիզավետպոլի նահանգների, Արցախը և Ուտիքը՝ ամբողջությամբ Ելիզավետպոլի նահանգի, Գուգարքը՝ ամբողջությամբ Թիֆլիսի նահանգի ու Կարսի մարզի, իսկ Փայտակարանը՝ Բաքվի նահանգի մեջ։ Պարսկահայք նահանգը և Վասպուրականի արևելքը եղել և մնում են Իրանի կազմում, այսինքն՝ Թուրքիայի կազմում եղել են Մեծ Հայքի նահանգներից 6-ը, իսկ Տայքը և Վասպուրականը՝ մասամբ։ Անգամ եթե հաշվել Փոքր Հայքի նահանգները՝ դարձյալ 12 թիվը չի դառնում։

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանի վկայությամբ՝ մարդիկ կան, որ ասում են` այդ 12 սյուները Արևմտյան Հայաստանի 12 վիլայեթներն են կամ 12 առաքյալները, իրականում նրանք փորձել ենք մի քանի տարբերակ` չորս, ութ, տասնվեց սյուներ, բայց ամենագեղեցիկը եղավ տասներկուսով[3]։ 30 մետր տրամագծով շրջանաձև դասավորությամբ 12 հսկա խոնարհված քարերը որևէ կապ չունեն Թուրքիայի 12 վիլաեթների հետ. սալերը կարող էին լինել 6 կամ 9։ Իսկ Սգո պատը կառուցվեց, որովհետև հուշահամալիրի ձախ հատվածում ընդհանուր կառույցին խանգարող բնակելի տներ կային, պարզապես երկար պատով բնակարաններն անջատվեցին Հայոց Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողից[4]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

Ամեն տարի ապրիլի 24-ից հաջորդող օրերին հարյուր հազարավոր ծաղիկներ, որ բերվում էին Հուշահամալիր, տեղափոխվում էին աղբարկղներ և այրվում։ Սկսած 2010 այդ ծաղիկները հավաքում են և թերթիկները անջատում ցողունից։ Ցողուններից այնուհետև պատրաստում են պարարտանյութ՝ Հուշահամալիրի տարածքում հողի համար, իսկ թերթիկներից պատրաստում վերամշակված թուղթ, որը այնուհետև օգտագործվում է Ցեղասպանության թանգարանում։

Այս արարողությունը իր մեջ է միավորում երկու գաղափար՝ ծաղիկների վերածումը լուռ վկաների և շրջակա միջավայրի պահպանման գաղափարը։ Ավանդաբար, արարողությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ 2015 թվականին արարողությունը ընդգրկում էր երկու օր՝ ապրիլի 27ը և ապրիլի 28ը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ մեծ քանակությամբ ծաղիկների պատճառով։[5]

1970 ականերին լուսանկարիչ Նեմրութ Բաղդասարյանը, հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրն ցանկացել այնպես լուսանկարի որ հուշարձանի սյուներից լույս թափացի դուրս, և այդ ամենիչի համար նա օգտագործել որսորդական լուցկի[6]:

Լուսանկարներ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]

Արտաքին Հղումներ[խմբագրել]


Ծանոթագրություններ և նշումներ

  1. http://www.genocide-museum.am/arm/Description_and_history.php
  2. Ծիծեռնակաբերդը` աղոթատեղի և ուխտավայր
  3. Սյուների թիվը պատահական է
  4. Ծիծեռնակաբերդ. Հուշակոթողի մասին միֆերն ու իրական պատմությունը
  5. http://armenpress.am/eng/news/802611/flower-gathering-event-to-be-held-at-armenian-genocide-memorial-on-april-27-28.html
  6. Ծիծեռնակաբերդի հուշարձանը եւ որսորդական լուցկին:ՄեդիաՄաքս: Վերցված է՝ 17 Հունիսի 2015
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png