Երևանի ֆիզիկայի ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երևանի ֆիզիկայի ինստիտուտ
YerPhI.jpg
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ
Անվանված էԱրտեմ Ալիխանյան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Կայքyerphi.am
Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ

Ա.Ի. Ալիխանյանի անվան Ազգային Գիտական Լաբորատորիա, հետազոտական և զարգացման ինստիտուտ, որը գտնվում է Երևանում, Հայաստան։ Այն հիմնադրվել է 1943 թ.-ին, որպես Երևանի պետական համալսարանի մասնաճյուղ Աբրահամ Ալիխանով և Արտեմ Ալիխանյան եղբայրների կողմից։ Այն հաճախ կոչվում է ԵրՖԻ հապավումով։ 2011 թ. սեպտեմբերի 1-ին ՀՀ Կառավարության որոշմամբ «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորվել է «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի ֆիզիկայի ինստիտուտը (ԵրՖԻ) հիմնադրվել է 1944 թ.-ին, որպես Երևանի պետական համալսարանի մասնաճյուղ՝ Աբրահամ Ալիխանով և Արտեմ Ալիխանյան եղբայրների կողմից։ Ավելի ուշ, Արագած սարի վրա ստեղծվեցին 2 տիեզերական Ճառագայթների կայաններ՝ «Արագած» (3200 մ) և «Նոր Ամբերդ» (2000 մ)։

1963 թ.-ին ինստիտուտը տեղափոխվել է Խորհրդային Միության Ատոմային էներգիայի պետական կոմիտեի ենթակայության տակ։ Ինստիտուտի պատմության մեջ կարևոր ուղենիշ հանդիսացավ 6 ԳէՎ էներգիայով էլեկտրոնային սինքրոտրոնի շինարարությունը, որը ավարտվեց 1967 թ.-ին, դառնալով առաջին մասնիկների արագացուցիչը Հայաստանում («ԱՐՈՒՍ»)։ Խորհրդային Միության փլուզումից հետո ԵրՖԻ-ը շարունակում է հետազոտությունները բարձր էներգիայի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ոլորտներում Հայաստանում և ամբողջ աշխարհում՝ օգտագործելով աշխարհի ամենամեծ արագացուցիչները և տիեզերական ճառագայթների դետեկտորները։ Այժմ ԵրՖԻ-ը ստացել է Ա. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի կարգավիճակ։

Գիտական գործունեության համառոտ նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի գլխավոր ձեռքբերումներից դարձան տիեզերական ճառագայթների մեջ պրոտոնների և նեյտրոնների հայտնաբերումը, ինչպես նաև առաջին վկայություններն այն մասին, որ գոյություն ունեն մասնիկներ մյուոնների և պրոտոնների միջև ընկած զանգվածներով։ Արագած սարի վրա՝ 3250 մ ծովի մակերևույթից բարձր, տիեզերական ճառագայթների կայանի հիմնադրումը Հայաստանում մասնիկների ֆիզիկայի զարգացմանը նպաստող քայլերից մեկն էր։ Այս կայանները մինչև այժմ հանդիսանում են ԵրՖի-ի Տիեզերական ճառագայթների բաժնի հետազոտությունների հիմնական բազան։ Վերջին ձեռքբերումներից են սուր ծնկի բացահայտումը սկզբնական միջուկների թեթև բաղադրիչների մեջ, էներգետիկ սպեկտրի նուրբ կազմությունների հետազոտությունները, արևի վրա արագացվող բարձր էներգիայի պրոտոնների գրանցումը և Արագածի Տիեզերական Միջավայրի կենտրոնի ստեղծումը 2000 թ-ին։

6 ԳէՎ էլեկտրոնային սինքրոտրոնի կառուցումը ավարտվել է 1967 թ-ին։ 1970-1991 թվականների ընթացքում սինքրոտրոնի էներգիան հասել է մինչև 4,5 ԳէՎ և փորձարարական ֆիզիկայի բաժինը ձեռք է բերել զգալի արդյունքներ, այդ թվում ուսումնասիրել է ֆոտոնների հադրոնիկ հատկությունները միջուկներում π- մեզոնների ֆոտոծնման ռեակցիաներում, նուկլոնային ռեզոնանսների կառուցվածքը բազմաբևեռային գիտափորձերում, միջուկային նյութի կառուցվածքը և հատկությունները, անցումային և կանալացման ճառագայթումների կարևոր հատկությունները։ Այս հաջողությունների շնորհիվ սկսած 1985 թ.-ից Երևանի ֆիզիկայի ֆիզիկոսները հաջողությամբ ընդգրկված են միջազգային մեծ համագործակցությունների մեջ։

ԵրՖԻ-ի ավանդական թեմաներից է եղել մասնիկներ գրանցող նոր դետեկտորների ստեղծումը։ Լայն կայծային խցիկները և անցումային ճառագայթման դետեկտորները, որոնք ստեղծվել են ԵրՖԻ–ում, աշխարհում փորձարարական տեխնիկայի մշակման լավ օրինակներ են։ Վերջին տարիներին Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտնականների խմբերը ակտիվորեն մասնակցել են արտերկրում միջանկյալ և բարձր էներգիայի ֆիզիկայի գիտափորձերին (JLab, DESY, CERN-LHC, MAX-lab, MAMI), ուսումնասիրելով մեզոնների և նուկլոնների կառուցվածքը, նուկլոնի էլեկտրամագնիսական փոխազդեցությունները, քվարկ-հադրոնային երկակիությունը, կարճ տիրույթի նուկլոն-նուկլոնային փոխհարաբերությունները, քվարկների հադրոնիզացիան միջուկային միջավայրում, ֆիզիկան ստանդարտ մոդելից դուրս, Հիգգս բոզոնի որոնումները, քվարկ-գլյուոնային պլազման, միջուկների և հիպերմիջուկների բաժանումը և տրոհումը և շատ այլ թեմաներ, ինչպես նաև մասնակցել են փորձարարական սարքավորումների կառուցմանը և զարգացրել ծրագրային միջոցներ տվյալների ձեռքբերման և վերլուծության համար։ Տեսական բաժինը ունեցել է խոշոր ձեռքբերումներ հետևյալ ոլորտներում. B-մեզոնի ֆիզիկա, QCD և հարակից ուղղություններ, նեյտրինոյի ֆիզիկա, քվանտային դաշտային տեսութուն, լարային/M-տեսության, ինտեգրվող մոդելներ, վիճակագրական ֆիզիկա, խտացված վիճակ և քվանտային տեղեկատվություն։ Այս արդյունքները միջազգայնորեն ճանաչված են և ունեն բարձր հղելիություն։

1980-ականների կեսերին ԵրՖԻ-ում մշակվել է ստերեոսկոպիկ մոտեցման հայեցակարգ գերբարձր էներգիայի գամմա ճառագայթների աստղաֆիզիկայի մեջ՝ օգտագործելով բազմակի պատկերային Չերենկովյան աստղադիտակները (IACT). Այս գաղափարը շատ հաջող իրագործված է IACT համակարգում (HEGRA). Առաջին հաջողությունից հետո, հայ ֆիզիկոսները հաջողությամբ մասնակցել են IACT համակարգերի շահագործման մեջ Կանարյան կղզիներում (Magic) և Նամիբիայում (Hess). Երկար տարիների ընթացքում, ԵրՖԻ Կիրառական ֆիզիկայի բաժանմունքը հաջողությամբ ուսումնասիրում է նոր լայնաշերտ լազերային նյութերի էլեկտրոն-էներգետիկ կառուցվածքը՝ սինքրոտրոնային ճառագայթման սպեկտրի տարբեր շրջաններում։ Այդ հետազոտությունները իրականացվել են DESY-ում և կշարունակվեն MaxLab- II –ում (Շվեդիա)։

Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) վերջին տարիներին զգալիորեն ամրապնդել է Հայաստանի գիտության առաջատարի իր կարգավիճակը՝ բարձր գիտական վարկանիշ ունեցող ամսագրերում տարեկան հրատարակում է երկրի ամբողջ գիտական հրատարակումների ավելի քան 30%–ը։ Հայաստանի ամբողջ գիտական արդյունքների վրա կատարված հղումների 70%–ը ըստ Thomson Reuters հեղինակավոր պարբերականի բաժին է ընկնում ինստիտուտի աշխատանքներին։ ԵրՖԻ-ի հոդվածների վրա հղումների քանակի հսկայական առավելությունը բացատրվում է նաև գիտական ամսագրերի առավել բարձր ազդեցության գործոնով, որտեղ ԵրՖԻ-ի գիտնականները հրատարակում են իրենց հետազոտությունների արդյունքները։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵրՖԻ-ը ունի վեց բաժանմունքներ և համակարգչային կենտրոն։ Ինստիտուտը ունի նաև գիտա-արտադրական արհեստանոցներ։ Հետազոտությունների հիմնական ուղղություններն են՝

  • տարրական մասնիկների ֆիզիկա
  • միջուկային ֆիզիկա
  • տիեզերական ճառագայթների ֆիզիկա և աստղաֆիզիկա
  • տեսական ֆիզիկա
  • կոնդեսացված նյութերի ֆիզիկա
  • ռադիոկենսաբանություն
  • իզոտոպների հետազոտություն և արտադրություն
  • համակարգչային ցանց, հաշվողական տեխնիկա
  • կրթական ծրագիր

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտեմ Ալիխանյան (1943-1973)
  • Անդրեյ Ամատունի (1973-1992)
  • Ռուբեն Մկրտչյան (1992-2001)
  • Հրաչյա Ասատրյան (2001-2008)
  • Աշոտ Չիլինգարյան (2008-2018)
  • Անի Ապրահամյան (2018-ներկա)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]