Երևանի բուսաբանական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի բուսաբանական այգի
Բուսաբանական այգու մուտքը
Տեսակբուսաբանական այգի
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԵրևան
Հիմնվել է1935
Մակերես0.8 կմ քառակուսի
ԿառավարումՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Հանրային մատչելիությունայո
Երևանի բուսաբանական այգիը գտնվում է Հայաստանում
Երևանի բուսաբանական այգի
Երևանի բուսաբանական այգիը գտնվում է Երևանում
Երևանի բուսաբանական այգի

Երևանի բուսաբանական այգի, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի կազմում ընդգրկված գիտական, էկոկրթական, ուսումնական և ռեկրեացիոն նշանակության հաստատություն, որի գործունեության հիմնական նպատակն է Երկրագնդի տարբեր բուսաաշխարհագրական տարածաշրջաններից բարձր գեղազարդ և տնտեսապես արժեքավոր բուսատեսակների ներմուծումը, ցուցադրական գիտական հավաքածուների ստեղծումը, էկոլոգիական նոր պայմաններին դրանց հարմարողականության բացահայտումը, առավել հարմարված տեսակները քաղաքների և բնակավայրերի կանաչապատման մեջ ներդրումը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1935 թվականին անվանի գիտնականներ՝ Ա.Կ. Մաղաքյանի, Ա.Ա. Հախվերդովի և Ն.Վ. Միրզոևայի կողմից (տարածքը՝ 80 հա, 1100 բուսատեսակ)։

ՀՀ ԳԱԱ Բուսաբանության այգու տարածքում հողամասի տարբեր էքսպոզիցիոն մանրապուրակներում ներկայացված են բուսաբանաաշխարհագրական տեսանկյունից մի շարք հետաքրքիր տեսակներ, ինչպես նաև վայրի դեղատու, տնտեսապես արժեքավոր, գեղազարդ և բազմաթիվ այլ տեսակներ։ Բացի այդ, կոլեկցիոն հողամասում ներկայացված են Հայաստանի մշակովի բույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տեսակ /30 ցեղից/` հատիկավորներ, հատիկաընդավորներ, բանջարաբույսեր, հատապտղայիններ, համեմունքային և այլն։

Երևանի կիսաանապատային գոտում գտնվող այգում ստեղծված հարուստ ու բազմազան բուսական հավաքածուները ծառայում են որպես ուսումնական բազա հանրապետության կրթական հաստատությունների, առաջին հերթին ԲՈՒՀ-երի տվյալ մասնագիտությամբ ուսանողների համար։ Այգին հանդիսանում է նաև յուրահատուկ ռեկրեացիոն օջախ` մայրաքաղաքի և հանրապետության բնակչության համար։

Այստեղ ներկայացված են նաև մի շարք հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ (մոտ 70 տեսակ, որոնցից 38 ներառվել են ՀՀ Կարմիր գրքի նոր հրատարակության մեջ). Հողամասում աճեցվող հազվագյուտ տեսակներից են՝

  • Galanthus alpinus
  • Centaurea erivanensis
  • Astragalus paradoxus
  • Onobrychis hajastana
  • Ribes armenum
  • Iris elegantissima
  • Iris grossheimii
  • Triticum araraticum
  • Triticum urartu
  • Zelkova carpinifolia

Հողամասի մոտ 4 հա տարածքում ստեղծված է նաև Հայաստանի բուսական համակեցությունների թվով 16 մոդելներ (արհեստական ցենոզներ), որոնց մեջ կան նաև այն խմբավորումները, որոնք բնության մեջ գտնվում են անհետացման եզրին (ավազուտներ, աղուտներ, համմադա, շիբլյակ, ջրաճահճային ցենոզներ և այլն)։

Նշված խումբ բուսատեսակների գիտական հավաքածուների ստեղծումը բուսաբանական այգիներում և դրանց էկոլոգիական հարմարողականության բացահայտումը ex situ պայմաններում ունի չափազանց կարևոր գիտական և գործնական նշանակություն։

Վերջին տարիներին համալրվել ու հարստացել են բուսաբանական այգու դենդրոհավաքածուները, արևադարձային ու մերձարևադարձային բուսական ֆոնդը (շուրջ 30 տեսակ), ծաղկային բույսերինը 12 նոր գեղազարդ անվանումներով։ Բարեկարգվել և գեղազարդ ձևավորվել է կոլեկցիոն վարդանոցի մերձակա մոտ 1 հա տարածքը, որտեղ տնկվել է 40 անվանում ներկայցնող ավելի քան 1000 հատ ծառաբույս, մեծ մասը պարտիզային ձևեր։

Երևանի Բուսաբանական այգու միջազգային կապերն ընդգրկում է աշխարհի շուրջ 40 բուսաբանական գիտական հաստատություն։

Ջերմատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի բուսաբանական այգում մինչև 1992 թվականը գործում էր ջերմատուն, որտեղ ներկայացված էին արևադարձային և մերձարևադարձային բույսերի 1260 տեսակ։ Այժմ տեսականու թիվը հասնում է 300-ի։

Դենդրարիում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի բուսաբանական այգու կազմի մեջ մտնում է նաև 4 դենդրարիում։ Դենդրարիումը կամ դենդրոպարկը հողամաս է, որտեղ տեղաբաշխված են բաց գրունտի պայմաններում աճող ծառերի, թփերի և փաթաթվող բույսերի հավաքածուներ, որոնք ստեղծվում են կարգաբանական, աշխարհագրական, էկոլոգիական, գեղազարդիչ և այլ հատկանիշներով։ Երևանի բուսաբանական այգու դենդրարիումը ստեղծվել է էկոլոգաաշխարհագրական սկզբունքով։ Այստեղ տեղաբաշխված են Կովկասի, Ղրիմի, Սիբիրի, Արևելյան Ասիայի (Չինաստան, Ճապոնիա, Կորեա, Հեռավոր Արևելք), Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի դենդրոֆլորաների ներկայացուցիչներ։

Վարդերի կոլեկցիոն հողամաս «Rosarium Helveticum »[խմբագրել | խմբագրել կոդը]

1980թ-ին Բուսաբանական այգու վարդերի հավաքածուն կազմում էր մոտ 300 սորտ։ 1990-ական թվականներին Հայաստանում տնտեսական և էներգետիկ ճգնաժամի հետևանքով Բուսաբանական այգու էքսպոզիցիոն-ցուցադրական վարդերի հավաքածուն մյուս կանաչ տնկարկների հետ մեկտեղ լուրջ վնասներ կրեց և միայն 2011թ-ին Հայաստանում գտնվող Շվեյցարական դեսպանության ֆինանսական աջակցությամբ, հնարավոր եղավ ստեղծել վարդերի էքսպոզիցիոն հողամասը (2000 քառ.մ) և ի պատիվ Շվյեցարիայի, այն անվանվեց “Rosarium Helveticum”:

2011 թ-ից ի վեր Երևանի Բուսաբանական այգում իրականացվում է վարդերի տարբեր սորտերի ներմուծում և կլիմայավարժեցում Բուսաբանական այգու հողա-կլիմայական պայմաններին` նպատակ ունենալով բացահայտել դրանց հարմարողականությունը։

Ներկայումս վարդանոցում առկա է 27 սորտի վարդ, որոնք ընդգրկված են հետևյալ խմբերում՝ թեյա-հիբրիդային, պոլիանտ կամ բազմածաղիկ վարդեր, ֆլորիբունդա, պուրակային վարդեր, փաթաթվող վարդեր։

Նշված բոլոր սորտերը լավ հարմարվել են Բուսաբանական այգու կտրուկ փոփոխվող կլիմայական պայմաններին և ձմռան ծածկոցի տակ (խորը բուկլիցի դեպքում) նորմալ ձմեռում են։

«Հայաստանի ֆլորա և բուսականություն» էքսպոզիցիոն հողամաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1954 թ. Հայաստանի նշանավոր բուսաբաններ Ա.Ա. Հախվերդովի և Ն.Վ. Միրզոյեվայի կողմից։

Հողամասի էքսպոզիցիան արտացոլում է բուսաբանական այգու մշակության պայմաններում վերարտադրված Հայաստանի բուսական աշխարհի հիմնական հատկանիշները. 1,5 հեկտար տարածքում ստեղծվել են Հայաստանին առավել բնորոշ բուսական համակեցությունների մոդելները (արհեստական ցենոզներ)։ Բուսականության յուրաքանչյուր մոդելի համար ընտրված է հավաքածուի համապատասխան տաքսոնոմիական կազմ։

Հողամասում ներկայացված են ինչպես լայն տարածում կամ բուսաբանական ու աշխարհագրական առումով հետաքրքրություն ներկայացնող տեսակներ, այնպես էլ հազվագյուտ կամ անհետացող բուսատեսակներ (մոտ 70 տեսակ), էնդեմիկներ, տնտեսապես արժեքավոր (դեղատու, եթերայուղաին, գեղազարդ և այլն), մշակաբույսերի վայրի ցեղակիցներ և շատ այլ տեսակներ։ Այս հողամասում է գտնվում Հայաստանի վայրի պտղատուների հավաքածուն, որը ներառում է 69 տեսակ՝ 29 ցեղ և 12 ընտանիք։

Հավաքածուն ներառում է տարբեր կենսաձև ունեցող բույսեր (միամյա, երկամյա և բազմամյա բույսեր, կիսաթփեր, թփեր, ծառեր) և կենսա-էկոլոգիական խմբեր. էֆեմերներ, հալոֆիտներ, գիպսոֆիտներ, քսերո- և մեզոֆիտներ, սուկկուլենտներ, մշտադալար, ջրային, ալպիական բույսեր։ Քանակական հարաբերակցությամբ էքսպոզիցիայում ներկայացված են ծառերի ու թփերի՝ 105, կիսաթփերի՝ 14, խոտաբույսերի՝ մոտ 500 տեսակ։

Հայաստանի ֆլորա և բուսականություն» էքսպոզիցիոն հողամասում հավաքածուի ստեղծման և ex situ պայմաններում հետազոտության իրականացման նպատակով 2016 թ-ին Արարատյան հարթավայրից բերվել են բույսերի 20 տեսակ, որոնք ընդգրկված են Հայաստանի Կարմիր Գրքում։  «Հայաստանի ֆլորա և բուսականություն» հողամասում իրականացվում է Հայաստանի բուսական բազմազանության մշակություն, հետազոտություն, ցուցադրում և ex situ պահպանություն։ Հավաքածուն ունի բնապահպանական, տեղեկատվական և մշակութային-կրթական արժեք, հանդիսանում է կրթական և փորձարարական բազա՝ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար, հետաքրքրություն է ներկայացնում էկո-զբոսաշրջության ոլորտում։

«Հայաստանի ֆլորա և բուսականություն» հողամասը առավել գունեղ և հետաքրքիր է այցելության համար գարնան և ամռան ամիսներին (մինչև հուլիսի կեսն ընկած ժամանակահատվածում) բույսերի մեծամասնության ծաղկման շրջանում։

Հնէաբուսաբանական թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսաբանական այգու տարածքում է գտնվում նաև հնէաբուսաբանական թանգարանը, որը հիմնադրվել է 2008 թվականին Ֆոլքսվագենի հիմնադրամի գերմանա-հայկական ծրագրի օգնությամբ։ Այստեղ ցուցադրված է բրածո բույսերի կենսաբազմազանությունը Հայաստանում` ներկայացված թխկիների, կաղնիների և բարդիների նմուշներով, ինչպես նաև սոսու ժամանակակից տերևների չափերի ու ձևի մեծ բազմազանությամբ։

Հայաստանի այլ բուսաբանական այգիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի Բուսաբանական այգուց բացի արժեքավոր գիտական կառույցներ են հանդիսանում նաև ԳԱԱ-ին պատկանող Բուսաբանականակ այգու Սևանի և Վանաձորի բաժանմունքները։ Հայաստանում կան նաև ինքնուրույն դենդրարիումներ. օրինակ՝ Ստեփանավանի «Սոճուտ», Վանաձորի «Վանաձոր», Իջևանի «Մերձարևադարձային», Բերդի «Սորաներ», Ախթալայի, Բագրատաշենի, Բյուրականի աստղադիտարանի և «Ջերմուկ» առողջարանի դենդրոպարկերը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։