Այբ դպրոց
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այբ (այլ կիրառումներ)
Այբ դպրոց | |
---|---|
Տեսակ | Հիմնական և ավագ դպրոց |
Կարգախոս | Իմա՛ և արա |
Հիմնադրված է | 2011[1] |
Տնօրեն | Դավիթ Սահակյան |
Աշակերտներ | 478 |
Դասարաններ | 1-12 |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Թբիլիսյան խճ. 11/11 |
Կայք | aybschool.am |
«Այբ» դպրոցը (պաշտոնական անունը՝ «Այբ կրթական հանգույց» հիմնադրամ) Երևանում գործող 12-ամյա հայկական դպրոց է։ Ստեղծվել է 2011 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ կրթության գաղափարի շուրջ միավորված տասնյակ բարերարների ֆինանսական աջակցությամբ, ովքեր սեփական ձեռքբերումներն ու հաջողությունները համարում են որակյալ կրթության արդյունք և կամենում միասնական ու համակարգված ներդրումներով ստեղծել բարձրորակ կրթական միջավայրեր։
«Այբ» դպրոցի առաքելությունն է ուսյալ, սեփական ակունքներին հաղորդ և ապագայի պատասխանատվություն ստանձնող սերունդների ձևավորումը։ Նպատակն է լինել 21-րդ դարի հայկական դպրոցի օրինակելի միջավայր և նպաստել հայկական կրթության մրցունակության մեծացմանն ամբողջ աշխարհում
Դպրոցի կարգախոսն է «Իմա՛ և արա»։
Գրաբարից թարգմանաբար նշանակում է՝ «Իմացիր և արարիր»։ Ճանաչողության և գործերի ներդաշնակեցումը, տեսականի և գործնականի ճիշտ համադրությունը կամ հավասարակշռությունը մեր կրթական փիլիսոփայության «ոսկե կանոնն» է։
«Այբ» ավագ դպրոցը ոչ պետական կրթության ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է․ աշակերտների ավելի քան 76%-ն ամեն տարի ստանում է ուսման վարձի փոխհատուցում (կրթաթոշակ) «Այբ»-ի կրթաթոշակային համակարգը թույլ է տալիս երեխաներին սովորել ավագ դպրոցում՝ անկախ ընտանիքի ֆինանսական հնարավորությունից։
Հոգաբարձուների խորհուրդն «Այբ» դպրոցի կառավարման բարձրագույն մարմինն է։ «Այբ» դպրոցը հիմնադրամ է` ոչ առևտրային, ոչ պետական կազմակերպություն, որը չունի սեփականատերեր, փայատերեր կամ բաժնետերեր։
ՀԽ ներկայիս կազմը սկսել է իր աշխատանքները 2021 թ․ դեկտեմբերի 1-ից և կպաշտոնավարի մինչև 2023 թ. նոյեմբերի 30-ը։ Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ գործարար ու բարերար Ռուբեն Հարությունյան։ Դպրոցի տնօրեն՝ Դավիթ Սահակյան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Այբ» կրթական հիմնադրամը ստեղծումից ի վեր (2006 թ.) իրականացրել է խորացված առարկայական դասընթացներ բարձր դասարանցիների համար, հիմնել է ժամանակակից ուսումնական լաբորատորիաներ Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներում, կազմակերպել միջազգային սիրված դպրոցական մրցույթներ Հայաստանում և Արցախում, անցկացրել ուսուցիչների վերապատրաստումներ, մշակել դասավանդման մեթոդաբանություններ, հայերեն թարգմանել աշխարհի լավագույն դասագրքերից որոշները, մշակել և փորձարկել կրթության մեկենասության և կրթական կառույցի կառավարման համակարգեր և այլն։ Այս բոլոր կրթական ծրագրերի ու նախաձեռնությունների փորձի վրա հիմնվելով՝ որոշում կայացվեց հիմնադրել նոր՝ արդի բոլոր կրթական պահանջներին բավարարող և հայկական դպրության լավագույն ձեռքբերումների վրա հիմնված հայկական դպրոց։
2011 թվականին բացվեց[2] «Այբ» դպրոցի առաջին բաղադրիչը՝ «Այբ» ավագ դպրոցը։ Դպրոցի բացումն ու հետագա բաղադրիչների կառուցումն ու գործարկումը ֆինանսավորել են անհատ բարերարներ աշխարհի տարբեր ծայրերից։ «Այբ» ավագ դպրոցը հայկական ոչ պետական կրթության ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է, որտեղ աշակերտներին շնորհվում է կրթաթոշակ (ուսման արժեքի փոխհատուցում) բարերարների նվիրատվություններից գոյացած կրթաթոշակային ֆոնդից։ Շնորհիվ սոցիալական բաղադրիչի՝ ուսումը «Այբ» դպրոցում հասանելի է բոլոր ընդունված երեխաներին։
2013 թվականին մեկնարկեց դպրոցի տարրական, իսկ 2014 թվականին՝ միջին բաղադրիչի գործունեությունը։
2013 թվականին Դիլիջանում «Այբ» կրթական հիմնադրամի և Հայաստանի Կենտրոնական բանկի համագործակցության շնորհիվ բացվեց «Այբ» դպրոցների ընտանիքին պատկանող երկրորդ դպրոցը՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցը։
2015 թվականին, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցությամբ, Երևանի «Այբ» և Դիլիջանի կենտրոնական դպրոցներին կից բացվեցին Հայաստանում առաջին երկու արհեստանոց-լաբորատորիաները՝ ֆաբլաբերը, որոնք թույլ են տալիս կրթությունը դարձնել կիրառական։
Ճարտարապետություն և միջավայր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Այբ» կրթական հանգույցը («Այբ» դպրոցը) կառուցելիս ճարտարապետական նախագծում հաշվի են առնվել դպրոցաշինության արդի զարգացումները և համաշխարհային փորձառությունը։ Ապագայում «Այբ» հանգույցը դառնալու է յուրատեսակ փոքրիկ կրթական ավան՝ իր բոլոր ենթակառուցվածքներով` դպրոց, ֆաբլաբ, գիտության ու տեխնոլոգիայի կենտրոն, եկեղեցի ու համայնքային կենտրոն, մանկապարտեզ, սպորտային համալիր, հանրակացարաններ, կանաչապատ տարածքներ և այլն։
Այն զբաղեցնում է 6,95 հա տարածք Երևանի Թբիլիսյան խճուղի 11/11 հասցեում։ Այսօր դպրոցն ունի երեք մասնաշենք՝ ընդհանուր 7000 մ² ուսումնական մակերեսով՝ զինված ու համալրված ժամանակակից ուսումնական տեխնոլոգիաներով, ռոբոտիկայի, քիմիայի, ֆիզիկայի և կենսաբանության լաբորատորիաներով, արվեստանոց-լաբորատորիայով, սպորտդահլիճով և համերգային դահլիճով։
«Այբ» համայնք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Այբ»-ի ամենամեծ հարստություններից մեկը նրա արժեքների և սկզբունքների շուրջ համախմբված մարդիկ են։ Միավորելով կրթությամբ կայացած և կրթության մեջ ներդրում կատարելու ցանկություն ունեցող մարդկանց՝ «Այբ»-ն այսօր աշխարհով մեկ սփռված վառ անհատների համայնք է, ովքեր պատասխանատվություն են ստանձնել՝ նոր սերնդին կրթությամբ իրագործվելու հնարավորություն տալու։
«Այբ» համայնքը՝ թվերով
- 478 աշակերտ
- 118 մանկավարժ
- 473 շրջանավարտ
- 1000-ից ավելի ծնող
- Ավելի քան 650 բարերար
Կրթական միջավայր և բարեկեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկար տարիներ աշխատելով Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի և Հարվարդի համալսարանի առաջատար ճարտարապետների ու գիտնականների հետ՝ մենք որոնել ենք այն գաղափարական միջավայրը, որը համահունչ է մեր կրթական փիլիսոփայությանը։ Մենք ձգտել ենք ստեղծել այնպիսի կրթական տարածություն, որը համակում է ապագայի հասանելիության զգացումով, բացում մարդու ներուժը՝ տրամադրելով սովորելու ու արարելու։ «Ստորակետ» ճարտարապետական ստուդիայի բացառիկ նախագծային լուծումները մարմնավորում են «Այբ»-ի կրթական գաղափարը։
«Այբ» դպրոցը՝ միջազգային ճարտարապետական հեղինակավոր մրցույթներում
- Build School Project 2019 Արխիվացված 2023-01-11 Wayback Machine. ոսկե դիպլոմ
- Проект Россия 2019. 1-ին կարգի դիպլոմ
- WAF 2019. եզրափակիչ փուլ
Ուսումնական ծրագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Այբ» դպրոցում ուսումնառությունն իրականացվում է միջազգային ճանաչում ունեցող հայալեզու «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրով, որը մշակել է «Այբ» կրթական հիմնադրամը՝ hամագործակցելով Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ։
- Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (UK NARIC) ճանաչել է «Արարատյան բակալավրիատ» հայալեզու կրթական ծրագիրը որպես բրիտանական խորացված մակարդակներին (GCE A Levels) և ամերիկյան Advanced Placement-ին (AP) համազոր։ Սա նշանակում է, որ հայ երեխաները Հայաստանում իրենց մայրենի լեզվով ստանում են միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան կրթություն, որը մրցունակ է համաշխարհային մակարդակով և իր որակով չի զիջում լավագույն այլ կրթական հարթակներին։
Արարատյան բակալավրիատի աշխարհագրությունն ընդլայնվում է տարեցտարի։
19 երկրի 149 համալսարան ճանաչել է ԱԲ դիպլոմը և/կամ ուսումնառության առաջարկ արել ԱԲ-ի շրջանավարտներին։
2021-2022 ուստարում «Այբ»-ի աշակերտների 17%-ն ընդունվել է արտասահմանյան բուհեր, և 80%-ը՝ տեղական։
Նախագծային ուսումնառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագծային ուսումնառությունը (Project-based learning) «Այբ» դպրոցում 2015 թ. ներդրված նորարարական կրթական մոդել է, որը հիմնված է «սովորել անելով» սկզբունքի վրա։ Այն կառուցում է ուսումնառությունը նախագծերի շուրջ։ Այս ծրագրի շրջանակում աշակերտները կազմում են թիմեր և իրականացնում մեծածավալ, երկարաժամկետ նախագծեր, որոնք ուղղված են իրական համայնքային խնդիրների լուծմանը։ Նախագծերի իրականացման արդյունքում աշակերտների մոտ զարգանում են մի շարք կարևորագույն հմտություններ, ինչպիսիք են թիմային աշխատանքը, բիզնես մտածելակերպը, պատասխանատվությունը, աշխատանքի պլանավորումն ու բաշխումը, ժամանակի կառավարումը, առաջնահերթությունների կարգավորումը և այլն։ Նախագծային ուսուցման շնորհիվ աշակերտները, փորձելով սեփական ուժերը այս կամ այն ոլորտում, կողմնորոշվում են նաև ապագա մասնագիտության ընտրության հարցում։
Ֆինանսական աջակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Այբ» դպրոցի հիմնական բաղադրիչը ոչ պետական կրթության ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է։ «Այբ» ավագ դպրոցում կիրառվում է կրթաթոշակային համակարգ[4]՝ նպատակ ունենալով ապահովելու տաղանդավոր երեխաների անկախությունը ծնողների ֆինանսական հնարավորություններից և հավասար հնարավորություններ տալու բոլոր ընդունված աշակերտներին։ «Այբ» հիմնադրամը հայթայթում է ֆոնդեր՝ անհատ բարերարների ու կազմակերպությունների նվիրատվություններից, որպեսզի որևէ աշակերտ, որ ընդունվել է «Այբ» ավագ դպրոց, չզրկվի այստեղ սովորելու հնարավորությունից ֆինանսական պատճառներով։ «Այբ» ավագ դպրոցի աշակերտների ավելի քան 76%-ն ամեն տարի «Այբ» հիմնադրամից ստանում է կրթաթոշակ (ուսման արժեքի փոխհատուցում)։
Շրջանավարտների ակումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեր շրջանավարտները դպրոցի կենսունակության անբաժան և ամենակարևոր մասնիկներից մեկն են։ Նրանք «Այբ»-ի ապագայի տեսլականի վառ ապացույցն են, որոնք դեռ նոր են ծիլեր նետել մեր հասարակության մեջ և նոր են սկսում ծաղկել՝ վարակելով շրջապատին իրենց արժեհամակարգով և ապագայի նկատմամբ հստակ պատկերա.ցումներով ու ձգտումներով։
Դպրոցի 11-ամյա պատմության ընթացքում «Այբ»-ը տվել է 473 շրջանավարտ (2022 թ. հուլիսի դրությամբ)։ Այսօր նրանք սովորում են Հայաստանի և արտերկրի հեղինակավոր բուհերում՝ բարձր պահելով դպրոցի անունը և «Այբ»-ի շրջանավարտի պատվավոր կոչումը։ Իսկ առաջին շրջանավարտներից շատերն արդեն իրենց հստակ տեղն են զբաղեցնում աշխատաշուկայում, ինչպես նաև՝ հիմնում են սեփական ընկերությունները։ «Այբ»-ի շրջանավարտները դպրոցն ավարտելուց հետո շարունակում են ակտիվ մասնակցել «Այբ» համայնքի կյանքին՝ մասնակցելով դպրոցի և հիմնադրամի կողմից իրականացվող մի շարք նախաձեռնությունների, ինչպես նաև համալրելով «Այբ»-ի կառույցների անձնակազմի շարքերը։
2021 թվականին կազմավորվեց «Այբ»-ի շրջանավարտների ակումբը, գրանցվեց որպես հասարակական կազմակերպություն, ձևավորվեց խորհուրդը և ընտրվեց ակումբի նախագահը։
Ակումբի առաքելությունն է՝
- ստեղծել սերունդների փոխօգնության ամուր շղթա,
- նպաստել փորձի և արժեքների փոխանակմանը,
- սատարել շրջանավարտների կայացմանն ու զարգացմանը,
- միավորել շրջանավարտների համայնքը դպրոցի և «Այբ» գաղափարի զարգացման շուրջ։
Մենտորության ծրագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենտորության ծրագիրն «Այբ»-ի գաղափարական հիմնաքարերից մեկն է։ Այն մեկնարկել է 2013 թ.-ին, երբ դպրոցն ավարտեցին «Այբ»ի առաջին սերնդի 17 շրջանավարտները։
Հիմնադիր բարերարները, որոնք իրենց հռչակեցին դեռ գոյություն չունեցող դպրոցի շրջանավարտներ, կամավոր ստանձնեցին ավագ ընկերոջ դերը և մենտորություն են իրականացնում արդեն 10-րդ սերնդի շրջանավարտների համար։ 2019 թ.-ին նրանց շարքերը որպես մենտոր համալրեցին «Այբ» դպրոցը 5 և ավելի տարի առաջ ավարտած շրջանավարտները՝ հիմք դնելով սերունդների միջև շարունակական փոխկապակցվածությանը։
Այսօր ունենք՝
- 75 շրջանավարտ մենտոր,
- 19 բարերար մենտոր։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Փաստեր և թվեր
- ↑ «Բացվեց «Այբ»-ը՝ 21-րդ դարի հայկական դպրոցը». mediamax.am. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Wikipedia & Education User Group
- ↑ Ուսման արժեք և ֆինանսական աջակցություն
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այբ կրթական հիմնադրամ
- Այբ դպրոց
- Արարատյան բակալավրիատի պաշտոնական կայք
- «Այբ» դպրոցի ավարտական հանդիսություն 2016
- Ayb Learning Hub 3D animation
- Ֆիլմ. Մեծ գործերը սկսվում են փոքր քայլերից
- Ֆիլմ «Այբ»-ի մասին, 2015
- «Այբ» դպրոցի հաշվետվություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այբ դպրոց» հոդվածին։ |
|