Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի (Երևան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մայր տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Դավանանք | ![]() |
Ներկա վիճակ | կանգուն |
Անվանված | Գրիգոր Լուսավորիչ |
Ճարտարապետ | Ստեփան Քյուրքչյան |
Հիմնադիր | Էդուարդո Էռնեկյան |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 20-րդ դար |
Կառուցման ավարտ | Սեպտեմբերի 23 2001 թ. |
Հիմնադրված | 1997 |
Բարձրություն | 54 մետր |
Գմբեթ | 3 |
Շինանյութ | Անիից բերված բաց նարնջագույն տուֆ |
Մակերես | 3.822 քմ մ² |
![]() | |
![]() | |
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի, Երևանի գլխավոր եկեղեցին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառուցվել է 1996–2001 թվականներին։ Ճարտարապետն է Ստեփան Քյուրքչյանը։ Կառուցումը մտահղացել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը։ 1989 թվականի հուլիսի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր խորհրդի և ճարտարապետական հանձնաժողովի համատեղ նիստում որոշվել է ի նշանավորումն Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի՝ «... մայրաքաղաք Երևանում կառուցել մի մեծաշուք եկեղեցի հայկական դասական ճարտարապետական ոճի հիման վրա, որտեղ շուրջ երկու հազար հինգ հարյուր հավատացյալներ կարողանան միատեղ աղոթել»[1]։ 1990 թվականին Երևանի քաղաքապետարանը Մայր եկեղեցու կառուցման համար Օղակաձև զբոսայգում, Երվանդ Քոչարի փողոցի հարևանությամբ հատկացրել է 1,5 հա տարածք։
1990 թվականի մարտի 31-ին Վազգեն Ա կաթողիկոսի օրհնությամբ հուշաքար է դրվել Մայր եկեղեցու կառուցման տեղում։ Իր խոսքում կաթողիկոսն ասել է.
![]() |
Իմ հայացքն ուղղելով դեպի մոտ ապագան, մոտ տասը տարի հետո, իմ հոգու աչքերով տեսնում եմ այն հոյակապ տաճարը, որ պիտի բարձրանա այստեղ, և սուրբ խաչը պիտի սլանա դեպի երկինք։ Հավանաբար ես այստեղ չեմ լինելու, բայց գուցե կհիշեք ինձ այդ օրը[2]։ | ![]() |
1990 թվականի ապրիլին հայտարարվել է Մայր եկեղեցու նախագծի մրցույթ. ներկայացվել է 33 նախագիծ Հայաստանի Հանրապետությունից և սփյուռքից։ 1991 թվականի փետրվարի մրցութային հանձնաժողովը մրցանակի է արժանացրել Ստեփան Քյուրքչյանի և Արտակ Ղուլյանի (Հ. Ասատրյանի մասնակցությամբ) նախագծերը։ Հեղինակներին հանձնարարվել է նախագծերն ըստ արված դիտողությունների վերամշակել։
1992 թվականի հոկտեմբերի 8-ին մրցութային հանձնաժողովը, Վազգեն Ա կաթողիկոսի մասնակցությամբ և հավանությամբ, ընտրել է Ստեփան Քյուրքչյանի նախագիծը։ 1996 թվականի փետրվարի 29-ին սկսվել են շինարարության նախնական աշխատանքները։ 1997 թվականի ապրիլի 7-ին, Աստվածածնի Ավետման տոնակատարության օրը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի հանդիսապետությամբ կատարվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հիմնարկեքը։ 2000 թվականի հունիսի 26-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանը օծել է եկեղեցու խաչերը, 2001 թվականի սեպտեմբերի 23-ին՝ եկեղեցին և մատուցել առաջին պատարագը։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին ծավալատարածական ամբողջություն կազմող, Անիի տուֆով երեսապատված տարբեր կառույցների համալիր է՝ բաղկացած եկեղեցուց, նրա հյուսիսարևմտյան կողմում՝ Սուրբ Տրդատ և հարավարևմտյան կողմում՝ Սուրբ Աշխեն մատուռներից, եկեղեցուն արևմուտքից կից գավթից ու զանգակատնից։ Համալիրում գերիշխող և նրա ճարտարապետական կերպարի հիմնական որոշիչ ծավալը կենտրոնագմբեթ եկեղեցին է՝ ամենախոշորը հայկական եկեղեցիների շարքում[3] (արտաքին չափերն են 58x58 մ, բարձրությունը մինչև խաչի տակ՝ 56 մ)։ Նրա հատակագծային ու ծավալային հորինվածքի հիմքը քրիստոնեական կրոնի խորհրդանշան խաչն է։
Ծածկն իրականացված է երկու զույգ փոխհատվող, երկաթբետոնե կամարների համակարգի միջոցով (կամարներն ունեն 38 մ թռիչք և միմյանցից հեռու են 16 մ), որի կենտրոնում բարձրանում է ութանիստ թմբուկով, հովանոցաձև վեղարով գմբեթը։ Ծածկի նման լուծումը հնարավորություն է տվել եկեղեցու ներսն ազատել առանձին կանգնած հենարաններից և ստանալ միասնական ներքին տարածություն։ 1800 մ2 մակերեսով աղոթասրահում կարող են միաժամանակ տեղավորվել 3000 մարդ, 1700-ը՝ նստատեղերով։ Ընդարձակ Ավագ խորանի (180 մ2 մակերեսով) երկու կողմերում տեղադրված են խոշոր ավանդատները։
Աղոթասրահի արևմտյան կողմում երգչախմբի ու երգեհոնի համար նախատեսված վերնահարկն է։ Եկեղեցու տակ, նրա ողջ մակերեսով, 4 մ բարձրությամբ կառուցված է ներքնահարկ, որտեղ գտնվում են սուրբ Գրիգոր Ա Լուսավորչի հուշահամալիրը, գրադարան, դահլիճներ՝ հանդեսների և դասախոսությունների համար, աշխատասենյակներ։ Նույն հորինվածքն ու նույն չափերն ունեցող Սուրբ Տրդատ և Սուրբ Աշխեն՝ կենտրոնագմբեթ մատուռները նախատեսված են ծիսակատարությունների՝ պսակադրության, մկրտության, հոգեհանգստի համար։ Դրանք խաչաձև են, հովանոցաձև վեղարով ութանիստ թմբուկ ունեցող գմբեթով (մատուռների բարձրությունը մինչև խաչի տակ՝ 29 մ) և ունեն եկեղեցիներին բնորոշ բաղադրամասեր։
Եկեղեցու և մատուռների միջև տեղադրված գավիթը նրանց միմյանց կապող հանգույցն է։ Ութանիստ սրահ է, որից մուտքեր կան դեպի եկեղեցու աղոթասրահ, վերնահարկ և ներքնահարկ, զույգ մատուռներ։ Գավթում են պահվում 2000 թվականին Նեապոլի Սուրբ Գրիգոր Հայի եկեղեցուց Գարեգին Բ Ներսիսյան Ամենայն հայոց կաթողիկոսի բերած Գրիգոր Ա Լուսավորչի մասունքները։ Գավթին արևմուտքից կից է քառակուսի հատակագծով զանգակատունը (8x8 մ), 22 մ բարձրությամբ աշտարակ, որը պսակվում է 5 մ բարձրությամբ ունեցող քարե թևավոր խաչով։
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը, ունենալով հայկական դասական ճարտարապետությանը հատուկ նկարագիր, միաժամանակ արդիական է և որևէ միջնադարյան եկեղեցու նմանակը չէ։ Կառուցվելով շրջակայքից 15 մ բարձր տարածքում՝ եկեղեցին դիտվում է քաղաքի հեռավոր կետերից, նաև Հանրապետության հրապարակից և իր խոշոր ծավալով ու տպավորիչ ուրվագծով հարստացնում է Երևանի կենտրոնի համայնապատկերը[4]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Էջմիածին», 1989, դ 7։
- ↑ «Էջմիածին», 1990, դ 1–2
- ↑ Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 325 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։
- ↑ Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 326 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարությունյան Վ., Խորան լուսո և հավատքի, «Էջմիածին», 1992, դ 8, 1993, դ 1–3:
- Վարդանյան Մ., Գործը՝ հավատքի հայելի... Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հիմնօրհնեքը, «Էջմիածին», 1997, դ 4–5:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի (Երևան) կատեգորիայում։ |