Վազգեն Ա Բուխարեստցի
| Վազգեն Ա Բուխարեստցի Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա 130-րդ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց | |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Եկեղեցի | |
| Տիտղոս | Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց |
| Ընտրվել է | 1955 թ. Ամենայն հայոց կաթողիկոս |
| Գահակալություն | 1955 – 1994 թվական |
| Իրավանախորդ | Գևորգ Զ Չորեքչյան |
| Իրավահաջորդ | Գարեգին Ա |
| Ծնվել է | 1908 սեպտեմբերի 20 |
| Ծննդավայր | ( |
| Մահացել է | օգոստոսի 18, 1994 (տարիքը 85) |
| Մահվան վայր | Վաղարշապատ, ( |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Բուխարեստի Միսաքյան-Քեսիմյան ազգային վարժարան; 1924 – 1926 թվական - Բուխարեստի առևտրական բարձրագույն վարժարան; 1936 թվական - Բուխարեստի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետ; 1937 թվական - գործնական մանկավարժության բաժին |
| Պարգևներ | |
Վազգեն Ա (ռումինահայ, աշխարհիկ անունն է՝ Լևոն Կարապետ Աբրահամի Պալճյան) (սեպտեմբերի 20 (հոկտեմբերի 3), 1908, Բուխարեստ, Ռումինիա[2] - օգոստոսի 18, 1994[1], Երևան, Հայաստան), Հայ Առաքելական Եկեղեցու 130-րդ Կաթողիկոս, հայագետ և Հայաստանի ազգային հերոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վազգեն Ա (ավազանի անունը՝ Լևոն-Կարապետ) Պալճյանը ծնվել է 1908 թվականի սեպտեմբերի 20-ին, կոշկակար Աբրահամ Կարապետի Պալճյանի‚ և ուսուցչուհի Սիրանույշ Մարգարի Պալճյանի (մինչև ամուսնությունը Մարգարյան) ընտանիքում: Մկրտվել է սեպտեմբերի 23-ին Բուխարեստի «Սուրբ Հրեշտակապետք» հայկական եկեղեցում Հարություն քահանա Սարգսյանի ձեռամբ: Նրան տրվել է նոր անուն` «Լևոն»[3]:
1916 թվականի ձմռանն Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով‚ Աբրահամ և Սիրանույշ Պալճյաններն իրենց որդու հետ միասին‚ ի թիվս Ռումինահայ բազմաթիվ ընտանիքների‚ դուրս են եկել Բուխարեստից և ժամանակավորապես հաստատվել են Օդեսայում:
Նախնական կրթությունը ստացել է Օդեսայի հայկական նախակրթարանում, որի տնօրենն էր արձակագիր Արմեն Շիտանյանը։ Զուգահեռաբար մասնավոր դասեր է ստացել մտավորական Աշոտ Սպանդարյանից:
1919 թվականի գարնանը ընտանիքը վերադարձել է Ռումինիա և վերահաստատվել Բուխարեստում: 1920 թվականի սեպտեմբերին Լևոն-Կարապետ Պալճյանը ընդունվել է գերմանական նախակրթարան «Էվանգելիշե շուլե» («Evangelishe Schule») չորրորդ դասարանը։ Այստեղ սովորել է չորս տարի։
1922 թվականին գործուն մասնակցություն է ունեցել «Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության» («Հ.Մ.Ը.Մ.») սկաուտական կազմակերպության և այլ մշակութային կազմակերպությունների աշխատանքներին‚ մինչև 1936 թվականը։ Հետո սովորել է Բուխարեստի Միսաքյան-Քեսիմյան ազգային վարժարանում, 1924 թվականի սեպտեմբերին ընդունվել է Բուխարեստի «Առևտրական բարձրագույն վարժարան»։ Կրթությունը տևել է չորս տարի: 1929 թվականի սեպտեմբերին աշխատանքի է անցել Բուխարեստի հայկական «Միսաքյան- Քեսիմյան» ազգային վարժարանում‚ որպես օգնական ուսուցիչ և քարտուղար, որտեղ աշխատել է մինչև 1943 թվականը։
մ1932 թվականի սեպտեմբերին ընդունվում է Բուխարեստի Պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետում` գլխավոր առարկաներ ընտրելով մանկավարժությունը‚ հոգեբանությունը և հասարակական գիտությունները։
1936 թվականին ավարտել է Բուխարեստի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետը, 1937 թվականին՝ գործնական մանկավարժության բաժինը։ Համալսարանական ուսումնառությանը զուգընթաց գրաբարի մասնավոր դասեր է անցնել պոլսահայ մտավորական Հակոբ Սիրունու մոտ։ Պաշտպանելով «Կարգապահության հարցը մանկավարժության մեջ» խորագրով իր ատենախոսությունը‚ ավարտել է Պետական համալսարանը‚ ստանալով ուսուցիչ-մանկավարժի վկայական։ 1936 թվականի մարտին սկսել է հաճախել Բուխարեստի Պետական համալսարանին կից՝ Տիտու Մայորեսկուի անվան փորձառական մանկավարժական ինստիտուտը‚ որն ավարտել է մեկ տարվա ընթացքում‚ ստանալով վկայական։
1930-ական թվականներից ռումինահայ գաղութի խնդիրներն արծարծել է «Մարտկոց» թերթում, որտեղ լույս է տեսել նրա առաջին` «Նոր սերունդին համար» հոդվածը (1933 թվական, No 73, Փարիզ) «Կ. Պալճյան» ստորագրությամբ: Ապա՝ Բուխարեստում իր հիմնած «Հերկ» մշակութային և հասարակագիտական ամսագրի 12 համարներում Լևոն-Կարապետ Պալճյանը հանդես է եկել բազմաթիվ խմբագրականներով. տասներկու համարից հետո‚ 1938 թվականի մայիսին‚ «Հերկը» դադարել է թողարկվել[3]։
1929–1943 թվականներին դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում, եղել հայ ռազմագերիներին օգնող կոմիտեի (1942-1944 թվականներ) կազմում։
Ձեռնադրություն և հոգևոր ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1943 թվականի կեսերին հոգեևորական գործունեության անցնելու նպատակով‚ Լևոն- Կարապետ Պալճյանը ազատվում է Բուխարեստի «Միսաքյան-Քեսիմյան» ազգային վարժարանի ուսուցչի պարտականություններից։ Սեպտեմբերին ռումինահայ թեմական խորհրդի առաջադրանքով‚ ռումինահայ թեմական խորհրդի անդամ Ռուբեն Իսրայելյանի կնքահայրությամբ ուղևորվել է Աթենք‚ ընկերակցությամբ Բուխարեստի հայոց եկեղեցու ավագերեց Տ. Իգնատիոս ավագ քահանա Քիլիմյանի‚ հոգևորական կոչում ստանալու համար։ Սեպտեմբերի 29-ը Աթենքի Սբ Կարապետ եկեղեցում հունահայ թեմի առաջնորդ Տ. Կարապետ Արքեպիսկոպոս Մազլըմյանի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերանվանվելով Տեր Վազգեն։ Նույն թվականի նոյեմբեր 28-ին Բուխարեստի հայոց թեմական պատգամավորական ժողովը Վազգեն վարդապետ Պալճյանին ընտրել է թեմի առաջնորդական տեղապահ, ապա` թեմի առաջնորդ (1947–1955 թվականներ)։ Դեկտեմբերի 21- ին‚ այդ ընտրությունը վավերացրել է Ռումինական կառավարությունը։
1945 թվականի հունիսի 6-ին Վազգեն վարդապետ Պալճյանն առաջին անգամ այցելում է հայրենիք‚ որպես թեմի պատվիրակության ղեկավար‚ Տ. Տ. Գեորգ կաթողիկոս Չորեքչյանի ընտրության և օծման առթիվ։ Հունիսի 10-ին‚ Մայր Աթոռում նրան ընդունել է Կաթողիկոս Գեորգ Չորեքչյանը, հունիսի 26-ին` Երևանում ընդունել է Հայկական Խորհրդային Հանրապետության Ժողկոմխորհի նախագահի տեղակալ Սահակ Կարապետյանը։ Հայրենիքում եղած օրերին եռանդուն մասնակցություն է ունեցել Համազգային-Եկեղեցական ժողովի աշխատանքներին։ Բուխարեստ՝ է վերադարձել հուլիսի 5-ին։
1948 թվականի մայիսի 23-ին վերադարձել է հայրենիք: Սբ Էջմիածնի Մայր Տաճարում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը նրան օծել է ծայրագույն վարդապետ, 1951 թվականի մայիսին՝ եպիսկոպոս։ 1954 թվականի դեկտեմբերի 31-ին ստանձնել է նաև Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդի պարտականությունները։ 1955 թվականին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։
Եկեղեցական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովետական Միության փլուզումից հետո նա լայն գործունեություն ծավալեց Հայ Առաքելական Եկեղեցու Էջմիածնի և Կիլիկիո ճյուղերի միավորման համար։

Մեծ է Վազգեն Ա-ի ավանդը Հայ եկեղեցու միասնության հաստատման, միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման ասպարեզում։ 1962 թվականին Հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, այնուհետև՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ։
Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելուց հետո, սփյուռքի համախմբվածությունը զորացնելու և հայրենիքի հետ կապերն ամրապնդելու նպատակով, շուրջ 30 հովվապետական այցելություններ է կատարել Հայ եկեղեցու թեմեր, միջեկեղեցական շրջանակներում հանդիպումներ ունեցել քույր եկեղեցիների հովվապետների հետ, արտերկրում ներկայացրել Հայ եկեղեցին ու հայ ժողովրդին։
1960 թվականին Վազգեն Ա-ն առաջին անգամ հայրապետական այցով եղել է Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, ապա Ֆրանսիայում: Վեհափառն այցելել է Միացյալ Նահանգների, Կանադայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրոգվայի և Փարիզի հայկական կենտրոնները: Հանդիպումներ է ունեցել նաև այդ երկրներին ղղեկավարների ու նախագահների հետ: Հոկտեմբերի 1-ին մեկնել է Մոսկվա, հանդիպել ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Կոսիգինի հետ[3]:

(1960 թվական, Բուենոս Այրես)[4]
1960 թվականին հուլիսի 29-ից մինչև սեպտեմբերի 9-ը Արգենտինայում, մասնավորապես, Բուենոս Այրեսում նրան ընդունել է Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակ Բաբկեն Ապատյանը և փոխնահանգապետ Արտուրո Գրոսետին: Վեհափառը Բուենոս Այրեսի ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցել է Սուրբ Պատարագ՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ: Այդ արարողությունը կենտրոնացած էր Սուրբ Մարիամի և հայ մայրերի մայրության վրա։ Նույն երեկոյան տոնը նշվել է Բուենոս Այրեսի Հայկական կենտրոնում, որտեղ մեծարվել է կաթողիկոս Վազգեն Ա-ի մայրը` Վեհամայր Սիրանույշ Պալճյանը, որն իր որդու հետ ապրում էր Սուրբ Էջմիածնի վեհարանում: Կաթողիկոսին է հանձնվել նրա մոր նկարազարդ դիմանկարը` որպես նվեր Նորին Սրբության Վեհամայր Սիրանույշ Պալճյանին[5]։
Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել «Վեհափառի» և «Վեհամոր» անուններով կնքված երկու Ավետարանները, Թորոս Ռոսլինի ծաղկած «Զեյթունի Ավետարանը» և «Մալաթիայի Ավետարանը», Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր, արժեքավոր վավերագրեր։
Դեռևս 1988 թվականի փետրվարի 25-ին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը։ Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը (1989), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը։
Եկեղեցաշեն գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վազգեն Ա Կաթողիկոսը ծավալել է եկեղեցաշին-վերականգնողական մեծ աշխատանքներ։ Վերանորոգվել են Մայր տաճարը, Էջմիածնի Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե, Սբ. Շողակաթ վանքերը, Գեղարդավանքը, Խոր Վիրապի վանքը, Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց, Երևանի Սբ. Սարգիս, Սբ. Զորավոր, Սբ. Հովհաննես, Բաքվի, Մոսկվայի, Դոնի Ռոստովի և Արմավիրի եկեղեցիները։ Մայրավանքի շրջակայքում կառուցվել են Նահատակաց հուշարձանը, Խրիմյան Հայրիկին նվիրված աղբյուր-կոթողը, Գալուստ Կյուլպենկյան վանատունը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը։ Վազգեն Ա-ի նախաձեռնությամբ և սփյուռքահայերի նվիրատվությամբ ժամանակակից սարքավորումներով վերազինվել է Մայր աթոռի տպարանը։
Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Մատենադարանին են հանձնվել «Վեհափառի Ավետարանը», «Վեհամոր Ավետարանը», Թորոս Ռոսլինի ծաղկած «Զեյթունի Ավետարանը» և «Մալաթիայի Ավետարանը», Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր ու արժեքավոր վավերագրեր։
1962 թվականին Հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, ապա՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ։ Վազգեն Ա-ն մասնակցել է կրոնական գործիչների՝ Հանուն խաղաղության, զինաթափման և ժողովուրդների միջև արդար հարաբերությունների հաստատման համաշխարհային համաժողովներին (Մոսկվա, Բեռլին, Հելսինկի)։
Կարևոր են նաև Վազգեն Ա-ի իմաստասիրական և հրապարակախոսական երկերն ու հայրապետական գրությունները, որտեղ, սկսած առաջին՝ «Նոր սերունդին համար» («Մարտկոց», 1933 թվական) հոդվածից, արծարծել է սփյուռքահայությանը հուզող խնդիրներ, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները և հայ ժողովրդի կյանքում Հայ եկեղեցու դերի ու առաքելության հարցերը։ Նրա գործերում նրբին անդրադարձ կա նաև մարդու ներանձնական ու հոգևոր-իմացական աշխարհին («Մուսա լեռան հայերը Ֆրանց Վերֆելի վեպին մեջ», «Խրիմյան Հայրիկ որպես դաստիարակ»)։ Հայաստանի աստիճանական վերականգնմանը նվիրված ձոն է «Հայրենի արևին տակ» ուղեգրական ակնարկաշարը։ Պատարագի արարողության ընթացքն ու խորհուրդը մատչելի բացատրություններով ներկայացված և ազգային տեսանկյունից վերիմաստավորված են «Մեր Պատարագը» գրքույկում։
Դեռևս 1988 թվականի փետրվարի 25-ին Հայաստանի հետ Արցախի վերամիավորման հարցով Վազգեն Ա-ն դիմել է ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային բարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը։ Հայրապետական առանձին տնօրինությամբ 1989 թվականին վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը, ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը։ Նրա ջանքերով վերստին սկսել են գործել Սյունիքի և Գուգարքի թեմերը։ Վեհափառ հայրապետն օրհնել է Հայաստանի նորոգ անկախությունը։
1992 թվականի մայիսի 28-ին հատուկ կոչով դիմել է Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներին՝ սատարելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծմանը։
Վազգեն Ա-ն իր օրհնած վերջին՝ վեցերորդ մյուռոնը (1991 թվականի սեպտեմբերի 29-ին) անվանել է Անկախության մյուռոն, որով և օծել է Մայր տաճարի Ավագ խորանի «Տիրամայրը Մանկան հետ» (նկարիչ՝ Գրիգոր Խանջյան) պատկերը՝ այն անվանելով Անկախության Տիրամայր։
2008 թվականին «Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության» մատենաշարով (գիրք ԺԶ) լույս է տեսել «Վազգեն Ա Պալճյան. Ամենայն հայոց կաթողիկոս (1908–1994)» փաստաթղթերի և վավերագրերի ժողովածուն։
Վազգեն Ա-ն պարգևատրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո Կյուրիի անվան (1962 թվական) և Խաղաղության պաշտպանության կոմիտեի (1968 թվական) ոսկե մեդալներով, Ռումինիայի «Հանրապետության աստղ» (1952 թվական), ԽՍՀՄ «Պատվո նշան» (1968 թվական) և Ժողովուրդների բարեկամության (1978 թվական) շքանշաններով։ Վազգեն Ա-ն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991 թվական), Հայաստանում առաջինն է արժանացել Ազգային հերոսի կոչմանը (1994 թվական)։ Վազգեն Ա-ի անունով կոչվել են Սևանի հոգևոր դպրանոցը և դպրոց՝ Վանաձորում, հուշարձաններ են կանգնեցվել Վազգենյան հոգևոր դպրանոցի բակում (2008 թվական) և Մայր աթոռ Աբ Էջմիածնում (2010 թվական, քանդակագործ՝ Ֆրիդ Սողոյան)։
2008 թվականի մայիսի 12-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հ.168 միջնակարգ դպրոցն անվանակոչվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվամբ։ 2014 թվականի սեպտեմբերի 19-ին դպրոցում հանդիսավոր կերպով տեղի ունեցավ երջանկահիշատակ Վազգեն Առաջինի կիսանդրու բացումը, որի հեղինակն է քանդակագործ Կարապետ Մխիթարյանը։
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]1974 թվականի հոկտեմբերի 4-ին մահացել է Վազգեն Ա-ի մայրը (1884-1974, հոկտեմբերի 4): Նա թաղված է Գայանե վանքի միաբանության գերեզմանատանը[6]:
| Նախորդ | Ամենայն Հայոց Կաթողիկոս | Հաջորդ |
| Գևորգ Զ (1945 – 1954) |
Վազգեն Ա (1955 - 1994) |
Գարեգին Ա (1995 – 1999) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Вазген I // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Սուրեն Շ. Վանեցի, ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ (ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ),
- ↑ «Արարատ» սկաուտական խմբի հիմնադրման 50-ամյակ (1956-2006), էջ 26. Բուենոս Այրեսի «Արիական հունձք» թերթի 1960 թվականի հրապարակումից
- ↑ The Armenian Apostolic Church In Recent Times 1955 - 1995, էջեր 57, 58
- ↑ Տիրամայր Սիրանույշ Պալճյանի մահվան տարելիցը, Էջմիածին (ամսագիր), 1975, էջեր 16, 17
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վազգեն Ա Բուխարեստցի - դասարան․ամ
- Վազգեն Ա-ի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ջեմալ Գյուրսելի հետ, այց Աթաթուրքի դամբարան. հուլիս 17, 1961 թ.
- «Դպրոց №168 | Երևանի համար 168 դպրոց». vazgen-a.net. Վերցված է 2025 թ․ նոյեմբերի 4-ին., Մեծ Վեհափառի անունը կրող դպրոց
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վազգեն Ա Բուխարեստցի» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վազգեն Ա Բուխարեստցի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| |||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Վազգեն Ա Բուխարեստցի
- Անձինք այբբենական կարգով
- Հոկտեմբերի 3 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Բուխարեստ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 18 մահեր
- 1994 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Ամենայն Հայոց Կաթողիկոսներ
- Հայաստանի ազգային հերոսներ
- 20-րդ դարի հայ կաթողիկոսներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Հայ հայագետներ
- Ռումինահայ կրոնական գործիչներ
- Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիի Խաղաղության ոսկե մեդալի դափնեկիրներ