Միսաքյան-Քեսիմյան ազգային վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միսաքյան-Քեսիմյան ազգային վարժարան
Տեսակդպրոց
Հիմնադրված է1847
Լուծարված է1965
Աշակերտներ85
Երկիր Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն

Միսաքյան-Քեսիմյան ազգային վարժարան, հիմնվել է 1847 թվականին, Բուխարեստում, Վարդերես Միսաքյանի նվիրատվությամբ, Միսաքյան ազգային վարժարան անունով։ Նախակրթարան էր (4 դասարան) մանկապարտեզի բաժնով։ Մայրենի լեզվից բացի դասավանդվել է ռուսերեն, ֆրանսերեն, հետագայում նաև՝ գերմաներեն։ Մի քանի անգամ փակվել և վերաբացվել է։ 1920-ական թթ․ բացվել են 5-8-րդ դասարաններ։ 1926 թվականին ռումինահայ Մարիամ Քեսիմի նվիրատվությամբ կառուցվել է երկհարկանի նոր շենք, և վարժարանը կոչվել է Միսաքյան-Քեսիմյան։ 1932 թվականին աշակերտների թիվը հասել է 405-ի։ 1939 թվականին դպրոցի համար կառուցվել է նոր մասնաշենք, բացվել է գիշերօթիկ բաժին, Խորհրդային Հայաստան կատարված ներգաղթից (1946-1948) հետո աշակերտների թիվը նվազել է (85)։ Միսաքյան-Քեսիմյան ազգային վարժարանը սկզբում պահվել է հանգանակություններից ստացված եկամուտներով, Ռումինիայում ժողովրդա-դեմոկրատական կարգեր հաստատվելուց հետո՝ պետական միջոցներով։ Փակվել է 1965 թվականին։

Տնօրեններ են եղել Վ․ Փափազյանը, Վ․ Մեշտուճյանը, Ա․ Տիրացյանը, Օ․ Պերպերյանը, Վ․ Գարակյոզյանը, Օ․ Վարդանյանը, Ե․ Տիրատուրյանը, ուսուցիչներ՝ Հ․ Սիրունին, Ե․ Արծրունին, Մ․ Գանթարճյանը, Մ․ Պուոուրյանը, Ե․Սարգսյան, Լևոն Կարապետ Պալճյանը (նույն դպրոցի շրջանավարտ, հետագայում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա), Զ․ Պլպուլը, Կ․ և Ս․ Գանթարճյանները, Ն․ Պալյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 608