Սևանի Վազգենյան դպրանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սևանի Վազգենյան հոգևոր դպրոց

Սևանի հոգևոր դպրանոց, ուսումնական հոգևոր հաստատություն: Հիմնադրվել է Սևանի թերակղզում, 1990 թվականին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի նախաձեռնությամբ, Վազգեն Ա Պալճյան Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ: Ի հիշատակ հայրապետի՝ հոգևոր դպրանոցը 1994 թվականին անվանակոչվել է «Վազգենյան»:

1990 թվականին Հայ եկեղեցուն վերադարձվել է Սևանի եկեղեցական համալիրը, այդ շարքում՝ Մկրտիչ Ա Վանեցի հայրապետի օրոք, 1897 թվականին շուշեցի մեծահարուստ Ավետիք Ղուկասյանի մեկենասությամբ կառուցված հոգևոր ընծայարանի շենքը: Սկզբնական շրջանում նորահաստատ դպրանոցի միակ մասնաշենքը 100-ամյա այդ կառույցն էր, որը ծառայեցվել է և՛ ուսումնական, և՛ կենցաղային նպատակների:

1992 թվականին ուսումնական մասնաշենքի է վերածվել դպրանոցին հանձնըված «Սևան» ազգային պարկի ակումբը: Վազգենյան դպրանոցը գիշերօթիկ, հնգամյա ուսումնական հոգևոր հաստատություն է, որի շրջանավարտները, ևս մեկ տարի ուսանելով Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարանում, անցնում են հոգևոր լիարժեք սպասավորության:

Ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրանոց կարող են ընդունվել միջնակարգ կրթությամբ երիտասարդները՝ հանձնելով ընդունելության քննություններ: Ստուգվում են նաև դիմորդների երաժշտական ընդունակությունները: Դպրանոցում դասավանդում են հոգևորականներ և հանրապետության բուհերի դասախոսներ: Ուսուցանվում են կրոնական առարկաներ՝ ընդհանուր աստվածաբանություն, Հին և Նոր Կտակարանների ներածություն և մեկնություն, Հայ եկեղեցու և Ընդհանրական եկեղեցու պատմություն, դավանաբանություն, վարք սրբոց, շարականագիտություն, հայրաբանություն, ծիսագիտություն, նաև՝ գրաբար, հայ ժողովրդի և ընդհանուր պատմություն, պատմական աշխարհագրություն, մատենագիտություն, ընդհանուր և հայ փիլիսոփայության պատմություն, հայ և համաշխարհային գրականություն: Մեծ ուշադրություն է դարձվում հայերեն, ռուսերեն, անգլերեն, հունարեն և լատիներեն լեզուների ուսումնասիրմանը, կապեր են հաստատվում տարբեր երկրների ուսումնական հաստատությունների հետ:

Սարկավագական առաջին ձեռնադրությունը դպրանոցում եղել է 1992 թվականին: Դպրանոցի առաջին շրջանավարտները (անդրանիկ ինը սարկավագներ) տվել է 1996 թվականին: Դպրանոցի գործունեությանը զորակցում են Արարատյան հայրապետական թեմի ամերիկահայ բարերարները. 1998 թվականին հիմնվել է «Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց» հիմնադրամը, Սևանի թերակղզում ընթանում են Սուրբ Աստվածածին եկեղեցու, Սևանի վանական համալիրի, հոգևոր դպրանոցի նոր մասնաշենքերի շինարարական աշխատանքները: 2000 թվականին դպրանոցում ուսանել է շուրջ 50 սան[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 948-949 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]