Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Zoravor Surp Astvatsatsin Church.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ եկեղեցի
Երկիր Հայաստան Հայաստան
Տեղագրություն Հայաստան Հայաստան Երևան, Կենտրոն համայնք
Հասցե Ղ. Փարպեցու փող. 9բ[1]
Թեմ Արարատյան
Հոգևոր կարգավիճակ Գործող
Ներկա վիճակ Կանգուն
Ժառանգության կարգավիճակ ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան[1]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճ Հայկական
Կառուցման ավարտ 1694 թ
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի (Երևան)ը գտնվում է Հայաստանում
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի (Երևան)
Կոորդինատներ: 40°11′9.9600001000117″ հս․ լ. 44°30′34.560000099996″ ավ. ե. / 40.186100000027778378° հս․. լ. 44.50960000002777406° ավ. ե. / 40.186100000027778378; 44.50960000002777406
www.surbzoravor.am

Երևանի Սուրբ Անանիա Առաքյալ անապատ (Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի), կրոնական կառույց հին Երևանի Շահար քաղաքամասի

հյուսիսային կողմի այգեստանում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցու, 17-րդ դարի առաջին քառորդում Մովսես վարդապետը (ապագա Մովսես Գ Տաթևացի կաթողիկոս) Երևանի Ամիրգունա խանի հորդորով և քաղաքի բնակիչների ու վաճառականների միջոցներով ս. Անանիայի գերեզմանի վրայի մատուռի շուրջը հիմնել է անապատ և կառուցել պարիսպներով շրջապատված համալիր՝ բաղկացած ժամատնից, առաջնորդարանից, խցերից (բոլորն էլ՝ փայտածածկ): Այստեղ կազմավորված միաբանությունում ղեկավարվել են Սյունյաց Մեծ անապատի կանոնադրությամբ:

Այստեղ Մովսես վարդապետը հիմնել է նաև դպրոց: Անապատի և դպրոցի համբավը, ըստ Առաքել Դավրիժեցու, տարածվել է մինչև Հունաստան, Թուրքիա, Վրաստան, Պարսկաստան: 1635–1636 թվականներին՝ թուրք-պարսկական պատերազմի ժամանակ, ավերվել են անապատի բոլոր շինությունները, բացի մատուռից: Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսը 1637 թվականին քարով վերակառուցել է անապատի բոլոր շենքերը՝ հավելելով նաև սեղանատուն: 1679 թվականի հունիսի 4-ի երկրաշարժից անապատն ամբողջովին ավերվել է:

1693 թվականին Երևանի մեծահարուստ Խոջա Փանոսը մինչև հիմքերը քանդել է անապատի մատուռը և նույն տեղում սրբատաշ տուֆով կառուցել մեկ զույգ խաչաձև մույթերով եռանավ բազիլիկի հորինվածքով Սուրբ Աստվածածին եկեղեցին և նրա արևմտյան ճակատին կից՝ եռակամար բաց սրահ, որի կենտրոնում բարձրանում է զանգակատան վեցասյուն ռոտոնդան: Եկեղեցու ներսում, հյուսիսարևմտյան մույթի կողքից, սրահի հյուսիսային կողմում մուտք է բացվել դեպի Սուրբ Անանիայի թաղածածկ, ստորգետնյա ոչ մեծ դամբարանը:

1873 թվականին երևանցի մեծահարուստ Աֆրիկյան եղբայրների միջոցներով սուրբ Անանիայի գերեզմանի վրա կառուցվել է քառակուսի հատակագծով, երկհարկ, ութասյուն գմբեթով մատուռ, որի ներքնահարկում սրբի գերեզմանն է: Փակվել է եկեղեցու ներսից դեպի դամբարան տանող մուտքը, և մատուռի արևմտյան կողմից նոր մուտք է բացվել: 1889 թվականին երեսփոխան Մ. Սարգսյանի միջոցներով նորոգվել է եկեղեցին, հարավային կողմից նոր դուռ և ճակատներում ուղղանկյուն լուսամուտներ են բացվել, ներսում, արևմտյան կողմում՝ վերնասրահ շինվել:

1974–1978 թվականներին ֆրանսահայ բարերար Սարգիս Պետոյանի նվիրատվությամբ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգվել է, հատակը՝ մարմարապատվել, Ավագ խորանում սեղան է տեղադրվել, հյուսիսային որմում մկրտարանի ավազան շինվել, Ս. Անանիայի մատուռ-դամբարանի գմբեթը նորոգվել, շրջապատը բարեկարգվել:

Այժմ Երևանի Սուրբ Անանիա Առաքյալ անապատը քաղաքի Կենտրոն համայնքի գործող եկեղեցիներից է:

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1731 թվականին Ավետիք վարդապետը պատրաստել է տվել եկեղեցու խաչկալը: 1793 թվականին Գաբրիել հարյուրապետը նորոգել է եկեղեցու տանիքը: 1835 թվականին Սուրբ Անանիա Առաքյալ անապատը դադարել է մենաստան լինելուց, և նրա եկեղեցին դարձել է շուրջը բնակություն հաստատած մարաղացի գաղթականների համար ծխական եկեղեցի: Այնտեղ պահվող, հրաշագործ համարվող և «Զորավոր» կոչվող Ավետարանի անունով եկեղեցին սկսել է կոչվել Զորավոր Սուրբ Աստվածածին:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]