Jump to content

Երևանի 2800-ամյակի այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի 2800-ամյակի այգի
ՏեսակՀանրային
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԿենտրոն վարչական շրջան
Հիմնվել է2019
Բացվել էՄայիսի 10, 2019
Մակերես1.5 հեկտար
Անվանված էԵրևանի 2800-ամյակի այգի
ՍեփականատերԵրևանի քաղաքապետարան
Կառավարում«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ
Կարգավիճակըբաց է ամբողջ տարին
Երևանի 2800-ամյակի այգի is located in Հայաստան
Երևանի 2800-ամյակի այգի

Երևանի 2800-ամյակի այգի, հանրային զբոսայգի Երևանի Կենտրոն վարչական շրջանում, հայտնի նաև որպես Վարդանյանների այգի[1], որը բացվել է 2019 թվականի մայիսի 10-ին։ Այն բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանների նվերն է Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակի առթիվ[2];

Այգին շրջապատված է Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով։ Սկիզբ է առնում Ստեփան Շահումյանի հուշարձանի դիմացից և ավարտվում Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանի մոտ։

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կոթող

Այգու ներկայիս տարածքը ժամանակին եղել է Անգլիական այգու մաս՝ գտնվելով վերջինիս եզրային հատվածում։ 2002 թվականին՝ Իտալիայի փողոցի կառուցումից հետո, այս տարածքը որոշակի իմաստով կղզիացավ։ Տարածքի անբարեկարգ վիճակն ու խնամքի բացակայությունը հաշվի առնելով՝ այն հանրությանն այլևս չէր ծառայում որպես զբոսայգի։ Այդ ժամանակ այգու ծառերը հիվանդ էին, ծերացած և փտած[3], նստարանները մաշված և վնասված էին, իսկ շատրվանները՝ ավերված և չգործող։ Քաղաքի հենց այս հատվածում էլ 2018 թվականի սկզբին սկսվել և 2019 թվականին ավարտվել է Երևանի 2800-ամյակի այգու կառուցումը։ Այգու նախագծման աշխատանքները տևել են շուրջ կես տարի, իսկ կառուցման գործընթացը՝ մեկուկես տարի։ Համաձայն նոր ճարտարապետական նախագծի՝ կառուցման ընթացքում այգում փոխվել է ամեն ինչ։ Ամբողջությամբ փոխարինվել է անգամ այգու տարածքի հողը։

Այգու բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 2019 թ. մայիսի 10-ին։ Երևանի 2800-ամյակի այգին ամբողջությամբ կառուցվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի միջոցներով և ջանքերով։ Նախագծի հեղինակն է Կարեն Վարդանյանը։ Նախագծի ամբողջական իրականացման համար ընդհանուր առմամբ ծախսվել է 5 մլն 300 հազար ԱՄՆ դոլար[4]։

Զբոսայգու կառուցապատումից բացի` 2019 թվականից սկսած հետագա 99 տարիների ընթացքում «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամն իր միջոցներով հոգալու է նաև այգու ամբողջական խնամքի ու պահպանության ծախսերը[5]։

Կանաչ տարածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգու կանաչ տարածքն ընդհանուր առմամբ կազմում է 7500 ք/մ[6]։ Այգում կան 70 տեսակի 369 ծառեր։ Այգում տնկելու համար ներմուծվել են 250 ծառեր, որոնք Հայաստանի համար առանձնահատուկ և էկզոտիկ են և հատուկ ընտրվել են Հայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմաններին համապատասխան։ Այգին երկու կողմից շրջապատված է թփերից բաղկացած բուսական ցանկապատով։ Կանաչ տարածքները ոռոգվում են ավտոմատացված կաթիլային և ցնցուղային ավտոնոմ համակարգերով։ Այգու այցելուներին անհարմարություն չպատճառելու համար ոռոգումն իրականացվում է բացառապես գիշերային ժամերին։

Այգու շատրվանների գործարկումը սկսվում է յուրաքանչյուր տարի մայիսին և դադարում հոկտեմբերին՝ կախված եղանակային պայմաններից[7]։ Ամեն օր բոլոր շատրվանները միանում են ժամը 11:00-ին և գործում մինչև ժամը 24:00-ն, մայիսին և հոկտեմբերին՝ մինչև ժամը 21:00-ն: Շատրվանների լույսերն ավտոմատ միանում են երեկոյան՝ մթնելիս, և անջատվում ժամը 24:00-ին:

Այգում կան ութ տեսակի բազմագույն լուսավորությամբ գրանիտապատ ավազանով շատրվաններ՝ հետիոտնային, վերասլաց ջրաշիթերով, պտուտաձև, փրփրացող, կամարաձև, պարող, ալիքաձև և դինամիկ օրորվող։ Այգու բոլոր շատրվանների ավազանները կառուցված են երկու գույնի գրանիտե սալերով։ Գրանիտե սալերի վրա փորագրված են հայկական ավանդական զարդանախշեր։

Հիմնական շատրվանային համալիրը բաղկացած է երկու կողմից հնգական ավազան և 2800 ջրաշիթեր ունեցող շատրվաններից, որոնք զարդարված են հայկական նախշերով՝ պատրաստված ալյումինից։ Համալիրի երկու ծայրերում տեղադրված են ցայտաղբյուրներ։ Տաս ավազաններից յուրաքանչյուրի գրանիտե և ալյումինե նախշերի դիզայնն ինքնատիպ է և չկրկնվող։

Շատրվանային համալիրի կենտրոնական հատվածի ավազանում տեղադրված է վարդագույն կվարցիտից պատրաստված քարտեզ, որի վրա փորագրված են Երևանի 12 վարչական շրջանների անվանումները։ Քարտեզը շրջապատված է 12 դինամիկ փրփրուն շատրվաններով և 4 պտուտակաձև ջրաքթերով։

Այգում կառուցվել է նաև 30 շիթով ջրային կամար։ Այցելուների կողմից հյուսված հավատալիքների համաձայն՝ կամարաձև շատրվանի տակով անցնելն առողջացնում է[8]։

Այգում ստեղծվել է նաև փոքրացված մասշտաբով Երևանի իրական քարտեզի տեսքով սև գրանիտե փորագիր հրապարակ` 45 վերասլաց ջրաշիթերով շատրվանով։ Այն համալրված է չորս սենսորներով, որոնց միջոցով հպումով հնարավոր է փոխել շատրվանի դինամիկան։ Երեկոյան ժամերին հրապարակը շրջապատվում է գետնի մակերեսից պարբերաբար դուրս եկող և գույնզգույն լուսավորմամբ մառախուղի շղարշով։ Քարտեզի վրա կապույտ գրանիտով ներկայացված է Հրազդան գետն իր չորս կամուրջներով։

2025 թ. Միքայել և Կարեն Վարդանյանների 330 միլիոն դրամ ֆինանսավորմամբ՝ Երևան քաղաքի քարտեզով հատվածում շատրվանները վերափոխվել են երաժշտականի՝ հագեցած լուսային և երաժշտական բեմադրված նոր ծրագրով, որն ուղեկցվում է հանրահայտ հայկական ստեղծագործություններով: Ծրագիրը լինում է ամռան ամիսներին, երեկոյան ժամերին[9]: Բեմադրության համար օգտագործվում է 7 տեսակի 59 ջրաշիթ, ամենաբարձր շիթի բարձությունը 15 մետր է։ Փորագիր հրապարակի պարագծով դիզայներական լուծումներով պատրաստված 8 հենասյուների վրա տեղադրված են հզոր ակուստիկ համակարգեր[10]:

Երևանի 2800-ամյակի այգու շատրվանների գեղեցիկ տեսքը և այցելուների հարմարավետությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով կառուցվել է ստորգետնյա գերհզոր կառույց՝ շատրվանների տեխնիկական սպասարկման համար՝ իր ավազաններով, խողովակների ու պոմպերի գերժամանակակից համակարգերով։

Այգու 5420 քմ ընդհանուր մակերես ունեցող սալահատակը պատրաստված է 10 սմ երկարությամբ, 10 սմ լայնությամբ և 5 սմ հաստությամբ թվով 500 հազար հատ 7 գույնի գրանիտե սալիկներով[11]։ Այգու սալահատակի նախշերը գրեթե ամբողջությամբ կրկնօրինակված են հին հայկական ավանդական գորգերի նախշազարդերից, իսկ նախշերի մի մասն էլ արտապատկերում է Էրեբունի ամրոցի ուրարտական ժամանակաշրջանի նախշազարդերը։

Սալահատակի կենտրոնական հատվածը զարդարում է հայկական գորգարվեստի նախշերով ուղեգորգը։ Ուղեգորգն ունի երկարավուն ու նեղ կառուցվածք, որի հիմքում շեղանկյունազարդ խոշոր հորինվածքների իրար կցված շարանով բնորոշվող գորգերի գեղազարդման համակարգն է։ Այս դեպքում խոսքը «Ճարտար» տիպի գորգերի գեղազարդման համակարգի մասին է։ Ներկայացված է «Խնձորեսկ» տիպի ուշ շրջանի վիշապագորգերի հիմնական հորինվածքը, որը բաղկացած է բարու և չարի հավերժական պայքարը ներկայացնող արևի խորհրդանշանից ու դրան շրջապատող վիշապի ութ ոճավորումներից։ Բարու հաղթանակն ու կյանքի հավերժության գաղափարը պատկերում են արևի խորհրդանշանից սկիզբ առնող «կենաց ծառ» նախշազարդերը։ Խոշոր շեղանկյունազարդի կենտրոնում տեղակայված է 1680 թվականին գործված «Գուհար» վիշապագորգի կենտրոնական վարդակի գծայնացված տարբերակը, իսկ անկյունները զարդարված են «Մասյացոտն» տիպի ուշ շրջանի վիշապագորգերին հատուկ ոճավորված վիշապապատկերներով ու «Ճարտար» տիպի գորգերին բնորոշ աստիճանաեզր շեղանկյունազարդերով։

Այգու տարածքում տեղադրված են 7 բրոնզաձույլ արձաններ[12], որոնք պատվիրված և պատրաստված են հենց Երևանի 2800-ամյակի այգու համար։ Այգու մուտքի հատվածում տեղադրված են Էրեբունի պատմական ամրոցի որմնանկարների նմանությամբ պատրաստված ցլի և առյուծի բրոնզաձույլ արձաններ։ Երևանի հատակագծի տեսքով շատրվանի չորս անկյուններում առկա ավազանների մեջ տեղադրված են երեխաների չորս բրոնզաձույլ ջրային արձաններ («Երևակայություն», «Հոգատարություն», «Անաղարտություն», «Երջանկություն»)։ Իսկ Երևանյան լիճը պատկերող հատվածում տեղադրված է նավակով երեխայի արձան («Մանկություն»)։

Արձանները խորհրդանշում են 1970-1980-ականների Երևանի մանուկների կերպարները։

Այգու տարածքում տեղադրված արձանները պատրաստել է քանդակագործների խումբ, որը գլխավորել է Արմեն Սամվելյանը։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այգու տարածքում տեղադրված լուսասյուներ
Շատրվանների ալյումինե նախշեր
Այգու տարածքում տեղադրված նստարաններ
  • Այգու տարածքում տեղադրված են հատուկ այս այգու համար յուրահատուկ դիզայնով պատրաստված 76 նստարան, 62 աղբաման, 126 լուսասյուն։
  • Այգում գտնվող ճարտարապետական տարրերի գրանիտե մակերեսների վրա առկա զարդաքանդակներն ու ալյումինե նախշերը պատրաստվել են Ալեքսանդր Թամանյանի, Ջիմ Թորոսյանի, Ռաֆայել Իսրայելյանի, Ստեփան Քյուրքչյանի և Մարկ Գրիգորյանի ստեղծած հայտնի ճարտարապետական կոթողների նախշերի նմանությամբ։
  • Այգու վերջնամասում տեղակայված է Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը, որի քանդակագործն է Արա Շիրազը, իսկ ճարտարապետը՝ Ջիմ Թորոսյանը։ Հուշարձանը կանգնեցվել է 1980 թվականին։ 2020-2022 թթ. ընթացքում, Միքայել և Կարեն Վարդանյանների նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, իրականացվել են վթարային կարգավիճակում գտնվող հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները[13]։
  • Քամու ժամանակ շատրվանների աշխատանքը կարգավորելու համար այգում տեղադրված է քամու սենսոր, որի միջոցով, քամու ուժգնությունից կախված, կամարաձև շատրվանն անջատվում է, իսկ մնացած շատրվանների ջրային շիթերը ցածրանում են՝ այցելուներին չջրցողելու նպատակով։
  • Այգում տեղադրված է նաև Էրեբունի ամրոցի և Երևան քաղաքի խորհրդանիշներով զարդարված կոթող, որի վրա չորս լեզվով առկա է այգու մասին համառոտ տեղեկություն։
  • Ի շնորհիվ բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանների ֆինանսավորման՝ զբոսայգին հանդիսանում է Երևան համայնքի սեփականություն, և այգու տարածքում արգելվում է որևէ ձեռնարկատիրական գործունեություն։
  • Այգու մուտքն անվճար է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ««Վարդանյանների այգին» արդեն երեք տարեկան է». news.am. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  2. «Երևանի 2800 ամյակին նվիրված այգի կհիմնվի». armenpress.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  3. «Երևանի 2800 ամյակի այգու պատմությունը (ֆոտո)». news.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  4. «Երևանի 2800 ամյակի այգու պատմությունը (ֆոտո)». news.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  5. «Երևանում բացվեց 2800-ամյակի այգին․ ֆոտոշարք». www.aravot.am.
  6. «Երևանի 2800 ամյակի այգու կանաչ տարածքը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
  7. «Երևանի 2800 ամյակի այգու շատրվանները».
  8. «Երևանի 2800 ամյակի այգու շատրվանները». Առավոտ. 2019 թ․ հունիսի 27. Վերցված է 05․07․2019-ին.
  9. «Վարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից երգում ու պարում են».
  10. «Վարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից «երգում ու պարում» են».
  11. «Երևանի 2800-ամյակի այգու սալահատակը». Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  12. «Երևանի 2800 ամյակի այգու արձանները».
  13. «Միքայել և Կարեն Վարդանյանները 136 մլն. դրամ են տրամադրել Մյասնիկյանի վթարային արձանի հիմնանորոգմանը». news.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 13-ին.