Երևանյան լիճ, Երևանյան ծով, Երևանի լիճ, արհեստական ջրամբար Երևանի հարավ-արևմուտքում Հրազդանի կիրճում՝ 908 մ բարձրության վրա։ Մակերեսը 0,65 կմ2 է, միջին խորությունը՝ 8 (առավելագույնը՝ 18 մ), ջրի ծավալը՝ 4,8 միլիոն մ3, օգտակարը՝ 0,7 միլիոն մ3[1]։
Կառուցվել է Հրազդանի հոսքը կանոնավորելու և ջրերն օգտագործելու նպատակով։ Պատվարը հողային է՝ երեսպատված երկաթբետոնե սալիկներով, երկարությունը՝ 480 մ, առավելագույն բարձրությունը՝ 29 մ։
Կամրջի դեր է կատարում Երևանի աջափնյա և ձախափնյա շրջանների միջև։
Ոռոգման ջուրը բաց է թողնվում աջ ափին կառուցված հատակային ջրթողքի միջոցով։ Լճի աջ ափի երկարությամբ (364 մ) կառուցվել է խրամատային ջրընդունիչ՝ լողացող մարմինները հեռացնելու նպատակով։ Լճի ափերը մասնակիորեն բետոնապատված են։ Երևանյան լիճը մեծ նշանակություն ունի շրջապատի միկրոկլիմայի և քաղաքային հանգստի գոտու ձևավորման համար։ Կանոնավորվել է Հրազդանի վերին հոսանքի ազատ հոսքը, լճից սկսվում են Էջմիածնի և Փարաքարի ջրանցքները։ Ձմռանը հազվադեպ սառցակալում է։ Լճում կան ձկներ (կողակ, ծածան, կարպ) և խեցգետնազգիներ։
Կառուցվել է 1970 թվականին՝ նախկին Նոր Կողբ գյուղի տարածքում[2]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 40 — 150 էջ։