Նորք-Մարաշ (վարչական շրջան)
| Երկիր | |
|---|---|
| Կարգավիճակ | Երևանի վարչական բաժանում |
| Մտնում է | Երևան |
| Վարչական շրջանի ղեկավար | Միքայել Օհանյան |
| Հիմնական լեզու | հայերեն |
| Բնակչություն | 13,800 մարդ (2026) |
| Ազգային կազմ | հայեր (98․5%—99%) այլ ազգեր (1% — 1.5%) |
| Տարածք | 4.76 կմ² |
| Հիմնադրված է | 1996 թ. |
| Ժամային գոտի | UTC+4 |
| 40°10′27″N 44°32′27″E / 40.174167°N 44.540833°E | |
| yerevan.am/en/districts/nork-marash/ | |
Նորք-Մարաշ, Երևանի 12 վարչական շրջաններից մեկը։ Այն գտնվում է քաղաքի արևելյան հատվածում՝ Նորքի բարձունքի վրա, որը հանդիսանում է Կոտայքի սարահարթի հարավարևմտյան լանջերի բնական շարունակությունը։
Վարչական շրջանը հյուսիսից և արևելքից սահմանակից է Նոր Նորք, հարավից՝ Էրեբունի, իսկ արևմուտքից՝ Կենտրոն վարչական շրջաններին։
Ձևավորվել է պատմական երկու բնակավայրերի՝ Նորք գյուղի և 20-րդ դարի առաջին կեսին Կիլիկիայի Մարաշ քաղաքից գաղթած հայերի հիմնադրած Նոր Մարաշ թաղամասի միավորումից։
Նորքի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորքի տարածքում դեռևս 20-րդ դարի սկզբին պահպանված էին նախաուրարտական կամ ուրարտական շրջանի բերդի փլատակներ՝ Ադվեսաձորի եւ Ըերդաձորի մեջ։ Պահպանվել էին նաև կավի թրծոցներ, որտեղ ստեղծվում էին կավե կաթսաներ։ Նորքի հին բնակչությունը զբաղվել է կավի թրծմամբ ու դրա պատճառով թուրքալեզու իշխանները գյուղը կոչել են Չյոլմեկջի՝ այսինքն կավագործների բնակավայր։ Նորքը զրկվել է իր հին բնակչությունից Շահ Աբբասի կողմից 1605 թվականին իրականացված բռնագաղթի ժամանակ։ Բռնագաղթին այս տարածքում խուսափել են միայն Քանաքեռ ու Փարաքար գյուղերը։ Հետագա բնակչությունը սերունդներն են եղել հին Նախիջևանի Նորս գյուղից այստեղ ներգաղթած 7 ընտանիքների, ովքեր իրենց հետ ներմուծել են նաև բնակավայրի անվանումը, որն իր հերթին հնչյունափոխել է իր վերջին ս-ն ք-ի[1]։
Պարսկական տիպապետության տակից դուրս գալուց հետո ու Ռուսական կայսրության մաս կազմելուց հետո Նորքը մաս է կազմել Երևանի օկրուգի, սակայն բնակիչների խնդրանքով 1837 թվականի մայիսի 22-ին միացվել է Երևան քաղաքին որպես առանձին թաղամաս։ Պատճառը նրանում էր, որ գյուղը տնտեսապես կապված է եղել քաղաքին, իսկ բնակիչները դժվարացել են գավառի գյուղացիների վրա դրված պարտականությունները, ծառայություններն իրականացնել ու հատուցել բոլոր տուրքերը[1]։
Նորքում կառուցված են եղել մի շարք եկեղեցիներ՝ Մառինոսի Սբ. Աստվածածին, Սբ. Ստեփանոս, երկու Ծիրանավոր Սբ. Աստվածածին եկեղեցիներ, Սբ. Սարգիս և Զուդրի Սբ. Հակոբ, որոնցից 20-րդ դարի սկզբին կանգուն էր միայն Մառինոսի Սուրբ Աստվածածինը։ Վերջինիս կառուցման թիվը հայտնի չէ։ Հայտնի է, որ այն հիմնովին ավերվել է 1679 թվականի երկրաշարժի ընթացքում։ Ըստ Կարո Ղաֆադարյանի՝ մինչ երկրաշարժը այն իրենից ներկայացրել է չափսերով մեծ եկեղեցի։ Գտնվել է երևանցի անվանի ձեռնարկատեր Տեր-Ավետիքյանների ամառանոցային այգու մոտ։ 1900-ականների սկզբներին Տեր-Ավետիքյանցների հանգանակությամբ եկեղեցին վերակառուցվել է։ 1930-ականներին մասնակի պայթեցվել է՝ խորհրդային տարածքում այլ կրոնական կառույցների ոչնչացման հետ զուգահեռ։ 1990-ին կրկին սկսվում է վերակառուցումը, ու եկեղեցին վերաբացվել է 1995-ին[1]։
Առողջապահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչական շրջանի տարածքում գործում են հանրապետական նշանակության մի շարք առողջապահական հաստատություններ։ Դրանց թվում է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը, որը տարածաշրջանային մասնագիտացված կլինիկա է սրտաբանության և սրտային վիրաբուժության ոլորտում։ Շրջանում է տեղակայված նաև «Նորք» վարակիչ կլինիկական հիվանդանոցը, որը հանդիսանում է Հայաստանի ինֆեկցիոն հիվանդությունների բուժման և կանխարգելման հիմնական բժշկական կենտրոններից մեկը։ Բացի այդ, այստեղ են գործում տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի Նորքի տուն-ինտերնատը, ինչպես նաև տարածքային պոլիկլինիկաներ ու մասնավոր ստոմատոլոգիական կլինիկաներ։
Հեռուստատեսություն և կապ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորք-Մարաշը հանդիսանում է Հայաստանի հեռահաղորդակցության և հեռուստառադիոհեռարձակման կենտրոնական հանգույցը։ Նորքի բարձունքին են տեղակայված Հայաստանի հանրային հեռուստաընկերության կենտրոնական մասնաշենքն ու նկարահանման ստուդիաները։ Այստեղ է գտնվում նաև 1977 թվականին շահագործման հանձնված Երևանի հեռուստաաշտարակը (311.7 մետր բարձրությամբ պողպատյա ցանցավոր կառույց), որն ապահովում է մայրաքաղաքի և Հայաստանի զգալի հատվածի հեռուստատեսային ու ռադիո ալիքների հեռարձակումը, ինչպես նաև բջջային ու ռադիոկապի ազդանշանների տարածումը։
Կրթություն և մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչական շրջանում գործում է կրթական և արտադպրոցական հաստատությունների ցանց։ Հանրակրթության ոլորտում գործում են հիմնական և ավագ դպրոցներ (օրինակ՝ № 60 և № 157 դպրոցները), ինչպես նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններ։ Արտադպրոցական և մշակութային ոլորտում ծառայություններ են մատուցում երաժշտական դպրոցը, մարզադպրոցները և պատանեկան ստեղծագործական կենտրոնները, որոնք իրականացնում են մշակութային ու մարզական ծրագրեր։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հուշարձան՝ նվիրված Արցախյան ազատամարտին
- Նորք-Մարաշի ընդհանուր համայնապատկեր
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Շահազիզ, Երվանդ (2003). Հին Երևանը. Երևան: Մուղնի. ISBN 99941-33-01-2.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նորք-Մարաշ (վարչական շրջան) բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||