Երևանի մետրոպոլիտեն
Երևանի մետրոպոլիտեն | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | մետրոպոլիտեն |
Երկիր |
![]() |
Քաղաք | Երևան |
Բացման տարեթիվ | մարտի 7, 1981 |
Գծերի երկարություն | 12,1 կմ |
Երկաթուղագծի լայնություն | 1520 mm track gauge |
Կայարանների քանակ | 10 |
Գծերի քանակ | 1 |
Ուղևորահոսքը մեկ օրում | 40000 |
Ուղևորահոսքը մեկ տարում | 14929100 |
Անվանված է | Կարեն Դեմիրճյան |
![]() | |
http://www.yermetro.am/ | |
Underground of Yerevan Վիքիպահեստում |
Երևանի Մետրոպոլիտեն (պաշտոնապես՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն), Երևանի մետրոյի ցանցն է։ Կառուցումն սկսվել է 1972 թվականին, գործարկվել է 1981 թվականին և ընդլայնվել մինչև 1996 թ.։ Գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ։ Աշխատողների թիվը 2005 թվականի տվյալներով կազմել է 1.129 մարդ։
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորհրդային Միությունում մետրոպոլիտեն ունենալու հնարավորությունը խիստ սահմանափակ էր և շուրջ 16 խոշոր քաղաքներ մերժում էին ստացել մետրոյի շինարարություն սկսելու հարցում:
Միջազգային պրակտիկայում ընդունված էր մետրո կառուցել 1 մլն. և ավելի բնակչություն ունեցող քաղաքներում: Այդ չափանիշով Երևանում ընդհանրապես մետրո չէր կառուցվի: Այստեղ անհրաժեշտ էին բոլորովին այլ մոտեցումներ, հիմնավորումներ, փաստարկներ: Եվ այդ փաստարկները գտնվեցին․ մայրաքաղաքի փողոցների ծանրաբեռնվածությունը տրանսպորտով, խցանումները, քաղաքի ընդլայնման հեռանկարները, բարդ ռելիեֆը` խոր իջվածքներով, բնական խոչընդոտների առկայությունը, բնակլիմայական պայմանները և այլն: Կարեն Դեմիրճյանի հանձնարարությամբ «Հայպետտրանս» նախագծային ինստիտուտը տնօրեն Վլադիմիր Դանդուրովի գլխավորությամբ` (նա Միությունում մեծ ճանաչում ունեցող լավագույն մասնագետներից էր) պատրաստեց «ստորգետնյա արագընթաց» տրամվայի փոխարեն մետրոպոլիտեն կառուցելու անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթերը։ Կարեն Դեմիրճյանին հաջողվեց Մոսկվայում ստորգետնյա տրամվայի որոշումը վերափոխել մետրոյի շինարարության որոշման: Նա կոտրում է միջազգային պրակտիկայում ընդունված կարծրատիպը, ապացուցելով, որ Երևանում ստորգետնյա տրանսպորտի կարիքն ավելի շատ է և կառուցումը անհրաժեշտ, քան 1 մլն և ավելի ազգաբնակչություն ունեցող քաղաքներում: Այդպիսի դժվարությամբ ձեռք բերվեց Մոսկվայի համաձայնությունը, և 1977թ. հոկտեմբերի 6-ին հրապարակվեց ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն կառավարության որոշումը Երևանի մետրոպոլիտենի շինարարության մասին:[1]
Ստորգետնյա տրանսպորտի շինարարությունը սկսվել էր դեռևս Անտոն Քոչինյանի օրոք` որպես ստորգետնյա տրամվայ, նաև որպես քաղաքացիական պաշտպանության օբյեկտ` տեղական բյուջեյով: Կառուցվել էր թունել «Բարեկամություն» և «Մարշալ Բաղրամյան» կայարանների միջև: Սակայն ֆինանսների բացակայության պատճառով շինարարությունը դադարել էր:[2]
Բուն շինարարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1978թ. հունվարից սկսվեց Երևանի մետրոյի շինարարությունը, այն իրականացնում էր «Հայթունելշին վարչությունը Լիոնիդ Հարութունյանի գլխավորությամբ: Մետրոյի շինարարությունը մի ամբողջ հերոսական էպոպեա էր, աննախադեպ սխրագործություն: Հեշտ չէր ճեղքել Երևանի ընդերքը առատորեն հոսող ստորգետնյա ջրերի առկայության պայմաններում:Այն համամիութենական և ինտերնացիոնալ կառույց էր համարվում: 1977 թվականին կոմունիստական կուսակցությունը որոշում կայացրեց սովետական այլ քաղաքներից (Մոսկվա, Լենինգրադ, Մինսկ, Թբիլիսի) օգնության կանչել նման աշխատանքների փորձ ունեցող մասնագետների։ Երևան գործուղվեցին Միության 7 քաղաքների լավագույն մասնագետները, մետրոշինարարները:[2]
Լենինգրադի մետրոշինարար, սոցիալիստական աշխատանքի հերոս Միխայիլ Տիխանովիչն այս ոլորտում ռեկորդ էր սահմանել` մեկ ամսում 1000 մ հորատանցում կատարելով: Նա շատ զարմացավ Երևանում իր ցույց տված արդյունքի վրա, մեկ ամսում հորատանցում էր ընդամենը 30 մետր:
Երևանի մետրոյի շինարարությունը հազիվ թե հաջողվեր իրականացնել, եթե հանրապետության ղեկավարությունը այդքան նվիրվածությամբ ձեռնամուխ չլիներ այդ հզոր կառույցի իրականացման գործում:
Կարեն Դեմիրճյանը, Ֆադեյ Սարգսյանը, Մուրադ Մուրադյանը, Լ. Ներսիսյանը միշտ այցելում էին շինարարություն: Ղեկավար անհատի հեղինակությունը որոշիչ դեր էր կատարում: Կարեն Դեմիրճյանի պահանջկոտությունը և կազմակերպչական բարձր ունակությունները, բանիմացությունը, առաջարկություններն ու հիմնավորումները ընդունելի էին բոլորի կողմից: Մետրոյի շինարարությունը լարված գործ էր, բայց հետաքրքիր: Ես այդ շինարարությունում գործնականում լինում էի ամեն օր, պատահում էր` նաև գիշերը»,- իր հարցազրույցում ասել է Կարեն Դեմիրճյանը:
Բացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մետրոպոլիտենը բացվեց 1981 թ. մարտի 7-ին։ Հետագա տարիների ընթացքում այն ընդլայնվեց դեպի քաղաքի հարավային մասերը։ Մետրոպոլիտենի կառուցումն ու ընդլայնումը կատարվել է Կարեն Դեմիրճյանի ղեկավարության օրոք և նրա անմիջական հովանավորությամբ։ Վերջին կայարանը (Չարբախ) շահագործման է հանձնվել 1996 թ.։ 1999 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանի մետրոպոլիտենը կոչվեց հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ահաբեկչական գործողության ժամանակ սպանված Կարեն Դեմիրճյանի անունով։[3]
Կառուցման բարձր որակի շնորհիվ մետրոպոլիտենը 1988-ի կործանարար երկրաշարժի ժամանակ չկրեց որևէ լուրջ վնաս, և շարունակեց գործել արդեն իսկ հաջորդ օրը։ Սակայն երկրաշարժը դարձավ մետրոպոլիտենի ընդլայնման աշխատանքների դադարեցման գլխավոր պատճառներից մեկը՝ դադարեցվեցին Աջափնյակ և Դավիթաշենի թաղամասերում մետրոյի կայարանների կառուցման աշխատանքները, քանի որ հանրապետության ամբողջ շինարարական ռեսուրսները ուղղվել էր ավերված շրջանների վերականգմանը։[3]
1990-ականների սկզբի ճգնաժամի ընթացքում հասարակական տրանսպորտի միակ տեսակն էր, որ չէր դադարեցրել իր աշխատանքը։
Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հատվածը | Բացման ամսաթիվը |
---|---|
Բարեկամություն - Սասունցի Դավիթ | 1981 թ. Մարտի 7 |
Հանրապետության Հրապարակ | 1981 թ. Դեկտեմբերի 26 |
Սասունցի Դավիթ - Գործարանային | 1983 թ. Հուլիսի 11 |
Գործարանային - Շենգավիթ | 1985 թ. Դեկտեմբերի 26 |
Շենգավիթ - Գարեգին Նժդեհի Հրապարակ | 1987 թ. Հունվարի 1 |
Զորավար Անդրանիկ | 1989 թ. Դեկտեմբերի 2 |
Շենգավիթ - Չարբախ | 1996 թ. Դեկտեմբերի 26 |
N.B Շենգավիթ-Չարբախ երթուղին գործում է որպես առանձին ծառայություն։
- 1972 թ.՝ Սկսվում է Երևանի մետրոյի շինարարությունը։
- 1981 թ. Մարտի 7՝ Շահագործման է հանձնվում Բարեկամություն - Սասունցի Դավիթ հատվածը։
- 1981 թ. Դեկտեմբերի 26՝ Բացվում է Լենինի Հրապարակ կայարանը։
- 1983 թ. Հուլիսի 11՝ Շահագործման է հանձնվում Սասունցի Դավիթ - Գործարանային հատվածը
- 1985 թ. Դեկտեմբերի 26՝ Շահագործման է հանձնվում Գործարանային - Շենգավիթ հատվածը։
- 1987 թ. Հունվարի 1՝ Շահագործման է հանձնվում Շենգավիթ - Սպանդարյան Հրապարակ հատվածը։
- 1988 թ. Դեկտեմբեր՝ Սպիտակի երկրաշարժից հետո դադարեցվում են Աջափնյակ և Դավիթաշեն թաղամասերում մետրոյի կայարաններ կառուցելու աշխատանքները։
- 1989 թ. Դեկտեմբերի 2՝ Բացվում է Հոկտեմբերյան կայարանը։
- 1996 թ. Դեկտեմբերի 26՝ Շահագործման է հանձնվում Շենգավիթ - Չարբախ հատվածը։
- 1999 թ. Դեկտեմբերի 28՝ Երևանի մետրոյին տրվում է Կարեն Դեմիրճյանի անունը։
- 2011 թ. Հուլիսի 1՝ Մետրոյի ուղեվարձը սահմանվում է 100 դրամ։
Վերանվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1992-ին՝ Հայաստանի անկախացումից և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վերանվանվանվել են Երևանի մետրոպոլիտենի կայարաններից մի քանիսը։
Կայարանը | Նախկին անունը | Տարիներ |
---|---|---|
Մարշալ Բաղրամյան | Սարալանջի | 1981-1982 |
Հանրապետության Հրապարակ | Լենինի Հրապարակ | 1981-1992 |
Գարեգին Նժդեհի Հրապարակ | Սպանդարյան Հրապարակ | 1987-1992 |
Զորավար Անդրանիկ | Հոկտեմբերյան | 1989-1992 |
Թվեր և փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1981-ի դրությամբ տարեկան 14 միլիոն մարդ էր օգտվում մետրոյից, 1987 թ. այդ թիվն արդեն հասնում էր 31 միլիոնի (որը կազմում էր բոլոր տրանսպորտային միջոցներով կատարվող ուղևորահոսքի 9 %-ին)։ 2001-ին այդ թիվը կազմում էր 15,5 միլիոն երթևեկող։ 2008-ին մետրոն 18 միլիոն ուղևոր է տեղափոխել, 2011-ին՝ 17 միլիոն։ Ներկայումս մետրոյից օրական օգտվում է 50-ից 60 հազար մարդ։
- Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթ, Գործարանային և Չարբախ կայարանները վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։
Կայարանները[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուսանկար | Կայարանի անունը | Մուտքը/ելքը | Խորությունը | Շահագործման հանձնելու ամսաթիվը |
---|---|---|---|---|
![]() |
Բարեկամություն | Բարեկամության հրապարակ | 1981 թ. Մարտի 7 | |
![]() |
Մարշալ Բաղրամյան[4] | Մարշալ Բաղրամյան պողոտա, Սիրահարների այգի | 1981 թ. Մարտի 7 | |
Երիտասարդական | Իսահակյան և Աբովյան փողոցների խաչմերուկ | 1981 թ. Մարտի 7 | ||
![]() |
Հանրապետության հրապարակ[5] | Կառավարության 3-րդ մասնաշենք | 1981 թ. Դեկտեմբերի 26 | |
![]() |
Զորավար Անդրանիկ[6] | Տիգրան Մեծի պողոտա, Խորենացու և Ագաթանգեղոսի փողոցներ | 1989 թ. Դեկտեմբերի 2 | |
![]() |
Սասունցի Դավիթ | Երկաթուղային կայարան | Վերգետնյա | 1981 թ. Մարտի 7 |
![]() |
Գործարանային | 1-ին մաս | Վերգետնյա | 1983 թ. Հուլիսի 11 |
![]() |
Շենգավիթ | Շենգավիթ | 1985 թ. Դեկտեմբերի 26 | |
![]() |
Գարեգին Նժդեհի հրապարակ[7] | Գարեգին Նժդեհի հրապարակ | 1987 թ. Հունվարի 1 | |
![]() |
Չարբախ | Չարբախ | Վերգետնյա | 1996 թ. Դեկտեմբերի 26 |
- Կայարանների կառամատույցներն ունեն մոտ 100 մ երկարություն, ինչը հնարավորություն է տալիս օգտագործել մինչև հինգ վագոնից կազմված գնացքներ։ Ներկայումս օգտագործվում է 81-717 տիպի երկու վագոններով 13 գնացք (12-ը հիմնական ուղու վրա և մեկը՝ Չարբախ-Շենգավիթ գծի վրա)։ 81-714 տիպի վագոնները չեն կիրառվում 2000-2001 թթ. տնտեսական պատճառներով։
- Գնացքների երթևեկության հաճախականությունը բանուկ ժամերին մոտ հինգ րոպեն մեկ է, իսկ այլ ժամերի՝ մինչև 15 րոպեն մեկ, գնացքների շարժման միջին արագությունն է 35 կմ/ժ։
- Երևանի մետրոլոպիտենի տարեկան բյուջեն 2002-ին կազմել էր 1 միլիարդ 440 միլիոն ՀՀ դրամ։ Այդ գումարից 800 միլիոնը տրամադրվել է պետության կողմից, իսկ մնացած մասը գոյացել է տոմսերի վաճառքից, այլ առքուվաճառքից և գովազդից։
- Տոմսի գինը 2011 թ. հուլիսի 1-ից 100 դրամ է (մինչ այդ եղել է 50 դրամ)։
«Բարեկամություն» մետրոյի կայարան
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երևանի մետրոպոլիտենի խորհրդանշական բանալին, պահվում է Երևանի պատմության թանգարանում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ռուդիկ Գևորգյան, «Ձիաքարշից մինչև մետրոպոլիտեն», Երևան, 2003 թ.
- ↑ 2,0 2,1 Ռիմա Դեմիրճյան, «Հիշատակ», Երևան, 2012
- ↑ 3,0 3,1 Մուրադ Մուրադյան, «Երևանի քաղաքապետեր», Երևան, 2012
- ↑ Մինչև 1982 թ.՝ Սարալանջի
- ↑ Մինչև 1992 թ.՝ Լենինի հրապարակ
- ↑ Մինչև 1992 թ.՝ Հոկտեմբերյան
- ↑ Մինչև 1992 թ.՝ Սպանդարյան Հրապարակ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երևանի մետրոպոլիտեն կատեգորիայում։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |