Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եղիշե Չարենցի տուն-թանգարան
Եղիշե Չարենցի տուն-թանգարան..jpg
Տեսակկենսագրական թանգարան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան[1]
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՄաշտոցի պողոտա 17, Երևան, ՀՀ
Հիմնադրված է1964
ՏնօրենԱնահիտ Ասատրյան
Կոորդինատներ: 40°10′44.39″ հս․ լ. 44°30′51.74″ ավ. ե. / 40.1789972° հս․. լ. 44.5143722° ավ. ե. / 40.1789972; 44.5143722


Եղիշե Չարենցի տուն-թանգարան, Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Երևանում։ Հիմնադրվել է 1964 թվականին Երևանի այն բնակարանում, որտեղ 1935-1937 թվականներին ապրել է Չարենցը։ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին թանգարանի մուտքի մոտ տեղադրվել է Չարենցի դիմաքանդակը (քանդակագործ՝ Գետիկ Բաղդասարյան)

ՀՍՍՀ Հայաստանի նախարարների խորհրդի 1964 թ. փետրվարի 8-ի որոշմամբ հիմնադրվեց Չարենցի տուն-թանգարանը: Տասը տարվա հավաքչական աշխատանքներից հետո այն իր դռները բացեց 1975 թվականի հունվարին։ 1987 թվականին Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ շենքը ենթարկվեց մասնակի փոփոխության և Հայաստանի կառավարության որոշմամբ թանգարանի տարածքն ընդլայնվեց։ Թանգարանն ընդգրկում է 626,3 քմ տարածք, այդ թվում՝ չարենցյան ժամանակների նմանությամբ վերականգնված հուշատունը։ Չարենցի տուն-թանգարանի հիմնական ֆոնդում ցուցակագրված է 8000-ից ավելի ցուցանմուշ։ Այս տունը Չարենցի մտերիմների հիշողության մեջ մնաց իբրև հյուրընկալ օջախ, ուր հաճախ վայելում էին չոր մրգերի ու արեւելյան քաղցրավենիքների  «դաստախունը»:

Մյուս հարկաբաժիններում ցուցադրվում են Չարենցի և նրա ժամանակակիցների հետ առնչվող իրեր, լուսապատճեններ, գեղանկարներ և այլն։ Թանգարանի այժմյան ցուցադրության հեղինակը Ռոբերտ էլիբեկյանն է, նախկին ցուցադրությունը հեղինակել էր Կամո Նիգարյանը։ Թանգարանի ամենանվիրական հատվածը հուշատունն է՝ մեմորիալ բնակարանը: Բնակարանը կահավորված է արևելյան ու եվրոպական իրերի համադրումով: Աշխատասենյակի նկարագիրը պատկերված է Չարենցի «Հերոսի հարսանիքը» դրամայում (1937 թ.). «Տեսարանը՝ սենյակ, գրասեղան, սեղանի լամպ՝ կարմիր թավշյա լուսամփոփով: Վառված է միայն այդ լամպը եւ նրա լույսով կիսաղոտ կերպով լուսավորված սենյակում, բացի սեղանից, ուրվագծվում են գրադարակներ, Ջիոտտոյի հայտնի ֆրեսկայի մի մասի արտատպությունը, որը ներկայացնում է Դանտեին և  Պետրարկային՝ դրախտում: Դիմացի պատին, այսինքն գրասեղանի ետևը՝  չինական պաննո, դեղին թավշի վրա դրված հսկայական բրոնզյա Բուդդայի գլուխը՝ դեղին, պսպղուն այտերով, ծուռ ու նշաձև աչքերով և հեգնական շրթունքներով»: Պահպանվել է սենյակի կահավորանքը՝ գրասեղանի, թախտի, գաղտնապահարանի, Աբգար աղայից ժառանգած գորգերի, չինական պաննոյի, Բուդդայի բրոնզե արձանիկների, «Ունդերվուդ» գրամեքենայի, Լոնարդո դա Վինչիի, Ֆրա Անջելիկոյի, Ջիոտտոյի գործերի վերատպությունների համադրումով[4]:

Ցուցասրահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին ցուցասրահ՝ ներկայացվում են Չարենցի և նրա ժամանակակիցների քանդակները
  • Երկրորդ ցուցասրահ՝ նախատեսված է թանգարանի միջոցառումների և ժամանակավոր ցուցահանդեսների համար
  • Երրորդ ցուցասրահ՝ ներկայացնում է Չարենցի կյանքն ու գործունեությունը
  • Հուշատուն

Հուշատան մաս կազմող՝ Չարենցի աշխատասենյակի և հյուրասենյակի պատերը զարդարված են չինական պաննոներով: Պաննոներում դրվագներ են չինական հեքիաթներից:

Եղիշե Չարենցի գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիշե Չարենցի անձնական գրադարան
Եղիշե Չարենցի անձնական գրադարան

Եղիշե Չարենցի անձնական գրադարանը գտնվում է թանգարանի հուշային մասում: Ըստ բանաստեղծի դուստր Արփենիկ Չարենցի՝ 1930-ական թվականներին գրադարանում եղել է մոտ 6000 գիրք: Չարենցի ձերբակալությունից հետո գրքերի մեծ մասը ոչնչացվել է: Այժմ գրադարանում կա 1422 գիրք: Գրադարանը ներառում է հայերեն, ռուսերեն, օտար լեզուներով հազվագյուտ արժեքավոր գրքեր տարբեր մասնագիտությունների, արվեստի տարբեր ճյուղերի, կրոնների վերաբերյալ[4]:
Չարենցը գրադարանում ունեցել է հայերենով ընտիր գրականություն՝ Մովսես Խորենացի, Փավստոս Բուզանդ, Գրիգոր Նարեկացի, Նահապետ Քուչակ, Ներսես Շնորհալի, Սայաթ-Նովա, Լեո, Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Ավետիք Իսահակյան, Միսակ Մեծարենց, Բահաթուր Բահաթրյան և այլն, ուսումնասիրել է հին հունական, եվրոպական, ռուս գրականություն, լինելով հին արևելքի արվեստի ու գրականության գիտակ՝ անձնական գրադարանը հարստացրել է Ավրելիուսի, Մարսել Պրուստի, Ասվագոշայի, Լուիջի Պիրանդելլոյի, Կոնստանտին Բալմոնտի, Ֆրեյդի, Շտեյների, Բելիի, Նիկոլայ Գոգոլի, Պուշկինի, Շպենգլերի, Թագորի ստեղծագործություններով[4]:
«Գրքերի շարքում իրենց առանձնակի տեղն ունեն «Старые годи» հանդեսի 1907-1916 թթ. 25 հատորները[4]:

Անձնական գրադարանում շատ գրքեր կրում են բանաստեղծի ինքնագրերը, լուսանցքներում առկա են Չարենցի ձեռքով արված նշումներ, որոնք արտահայտում են բանաստեղծի վերաբերմունքը գրքերի հանդեպ: Չարենցի անձնական գրադարանում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Համլիկ Թումանյան, Ավետիք Իսահակյան, Գարեգին Բես, Խաչիկ Դաշտենց, Մ. Մազմանյան, Ռ. Թերլեմեզյան, Ա. Բելի, Ա. Գատով, Յու. Յանովսկի և ուրիշ հեղինակների մակագրություններով գրքերը:

Գրադարանը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու Չարենցի մտաշխարհի, նրա հոգևոր հետաքրքրությունների, Չարենց երևույթի մասին:

Ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտասահմանյան շրջագայությունից բերված ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է: Տուն–թանգարանում հատկապես ուշագրավ են Եղիշե Չարենցի արտասահմանյան ճանապարհորդությունից (1924-1925 թթ.) բերված իրերը, արվեստի յուրօրինակ նմուշները: Չարենցի տան հյուրասենյակում են գտնվում ինը գրավյուրաներ՝ Տոյոկունիների շարքը:

Չարենցը և եգիպտական դիմակը[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականին արված հայտնի դիմանկարը, որ ներկայացվել է նաև Վիեննայի ցուցահանդեսում: Նկարի համար անհրաժեշտ է եղել ընդամենը երկու հանդիպում՝մեկական ժամով:1932 թվականի երկերի հրատարակության ժամանակ Եղիշե Չարենցն օգտագործեց իբրև իր «Երկերի» նկար: Ետևում երևում է կապույտ թաշկինակի վրա եգիպտական դիմակով նկարը, որ Սարյանը մեկնաբանում է իբրև «հմայիլ, ճակատագրի, հավերժանալու մարդկային ձգտման խորհրդանիշ»: Նկարի բնօրինակը գտնվում է ԳԱԹ-ում, իսկ Հենրիկ Սիրավյանի արտանկարը՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում:

«Մահաթմա Չարենց» գեղանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահաթմա Չարենց

Ռուբեն Զարյանը իր հուշերում գրում է. «Մի օր Չարենցը խնդրեց Բաժբեուկ Մելիքյանին՝ նկարել իրեն հնդկական ձևով, ծալապատիկ նստած: Այս շրջանում Հնդկաստանի մասին շատ էր կարդում, խոսում էր Գանդիի մասին, անդրադառնում էր բուդդիզմին, իոգերին, խոսում էր նրանց ուսմունքից: Հաճախ էլ նայում էր Բուդդայի արձանիկին, և կարծես մոռացած, թե մարդ կա շուրջը՝ խոսում էր վերացած, հոգով և մտքով տեղափոխված Գանգեսի ափերը: Մյուս օրը եկա՝ նկարն ավարտված էր և արդեն պատից կախված, տակն էլ խոշոր տառերով գրված՝ «Մահաթմա Չարենց»[4]: Չարենցի նկարի վերևում գրված է.

«Ինձ

Դու դեռ անփորձ ես, վոգով, դեռ թույլ ես, Չարե՛նց.-

Վարժի՛ր վոգիդ, յեղի՛ր մոգ, իոգ ու արեգ,

Ինչպես Գա՛նդին Մահաթմա՝ հնդիկն հանճարեղ...

25.I. 1936.»

Գծանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին Աղավնի Մեսրոպյանը 22 րոպեում նկարում է Չարենցին : Նկարում Եղիշե Չարենցը կիսադեմով է, թասակով: Նկարի վրա կա Չարենցի ստորագրությունը: Նկարի աջ անկյունում նկարչուհու մակագրությունն է. «Աղավնի ‖-1937 (նկ. 22 րոպե) «Բռազնիկի» առթիվ…. Յերևան, Նոր բնակարան»:[4]

Չարենցի պատեֆոնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիշե Չարենցի պատեֆոնը

1934 թ. Չարենցի ձերբակալությունից հետո բանաստեղծի կինը՝ Իզաբելլա-Կոդաբաշյանը, երեխաների ապրուստը հոգալու համար որոշում է վաճառել որոշ իրեր: Նա խնդրում է ընտանիքի բարեկամ Ռեգինա Ղազարյանին վաճառել Չարենցի պատեֆոնը՝ ինը ձայնապնակներով: Ռեգինան այդ խնդրանքով դիմում է Անժելա Մկրտումյանին, որի տանը բնակվում էր: Բանաստեղծի ձերբակալությունից մի քանի ամիս անց աքսորվում է նաև կինը: Երևանից Մոսկվա է մեկնում Ռեգինա Ղազարյանը, և պատեֆոնը մնում է Անժելա Մկրտումյանի մոտ: Անցնում են տարիներ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Երևան է վերադառնում Ռեգինան: Հետաքրքրվելով պատեֆոնի ճակատագրով՝ տեղեկանում է, որ Անժելան մահացել է, և պատեֆոնը, որպես քրոջ իր, գտնվում է նրա եղբոր՝ Ալբերտ Մկրտումյանի մոտ: Պատեֆոնի պատկանելության մասին Ռեգինայի բացատրությունները և այն վերադարձնելու խնդրանքները մնում են անպատասխան: 1999 թ. սեպտեմբերի մի օր Չարենցի պատեֆոնը հայտնվում է Երևանի «Վերնիսաժ»-ում: Այն վաճառքի էր հանել Ալբերտ Մկրտումյանը: «Վերնիսաժ»-ում շրջելիս Ռեգինա Ղազարյանի բարեկամներից Հրանտ Բաբանյանը պատահաբար տեսնում է պատեֆոնը և վաճառողից տեղեկանում, որ այն Չարենցինն է: Հ. Բաբանյանը Ռեգինայից պարզում է վաճառողի հայտարարության հավաստիությունը, գնում է պատեֆոնը և նվիրում Ռեգինա Ղազարյանին: Վերջինս էլ պատեֆոնը հանձնում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանին[4]:

Բուդդայի արձանիկների հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիշե Չարենցը ուսումնասիրել է բուդդայական ուսմունքը և իր տանը կան Բուդդայի՝ տարբեր չափերով արձանիկներ:

Բուդդայի գլուխը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուդդայի գլուխը Չարենցը գնել է Թիֆլիսից: Քանդակը փայտե պատվանդանի վրա է՝ կիսափակ աչքերով, շուրթերը ժպտուն-հեգնական, ականջները՝ երկար-ակոսավոր բիլթերով, հոնքամիջին խոշոր խալով և գանգուր, գագաթին գմբեթարդ ելուստե սանրվածքով: Այս քանդակը միշտ եղել է Չարենցի աշխատասենյակում, գրասեղանի ետևի պատվանդանի վրա:[4]

Թանգարանի տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նվարդ Բաղդասարյան (1975-1983 թթ.), թանգարանի հիմնադիր տնօրենը եղել է Նվարդ Բաղդասարյանը, որը թանգարանը ղեկավարել է 1975-1983 թվականներին: Նրա պաշտոնավարման վերջին տարում թանգարանի տարածքը վերափոխվել և ընդաձակվել է: Նախագծի հեղինակ, ճարտարապետ Կարեն Ալեքսանյան, ցուցադրության պլանի հեղինակներ՝ տնօրեն Նվարդ Վարդանյան, բանասիրական գիտությունների թեկնածու՝ Անահիտ Չարենց:
  2. Էմմա Բուդաղյան (1983-1989 թթ.), մշակութաբան, արվեստաբան, թանգարանի երկրորդ տնօրենը։
  3. Լիլիթ Հակոբյան (1989-2016 թթ.), թանգարանի նախկին աշխատակից, ղեկավարել է թանգարանի գործունեությունը մինչև 2016 թ․։ Նրան աշխատանքային երկարամյա կենսափորձի և մշակույթի զարգացման գործում մեծ ավանդի համար շնորհվել է «ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ» կոչումը:
  4. Անահիտ Ասատրյան (2016 թվականից առ այսօր), բանասիրական գիտությունների թեկնածու, բանաստեղծ, Գրողների միության անդամ։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը կազմակերպում է բազմաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ ցուցահանդեսներ, գրական-երաժշտական երեկոներ, դասախոսություններ, թեմատիկ դասեր, համերգներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, պոեզիայի օրեր, չարենցյան ընթերցումներ և այլն։ Թանգարանը անցկացնում է թեմատիկ դասախոսություններ, ժամանակավոր ցուցահանդեսներ: Չարենցի տուն-թանգարանը համայն հայության ամենանվիրական վայրերից է։

Չարենցի սենյակը «Ինտուրիստ» հյուրանոցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարենցի աշխատասենյակը Ինտուրիստ հյուրանոցում

2016 թվականին Չարենցի տուն-թանգարանի հետ համատեղ «Ռոյալ Գոլդեն Թուլիփ Երևան» (նախկինում՝ «Ինտուրիստ») հյուրանոցում բացվել է Չարենցի սենյակը։ Այդ սենյակում 1928 թվականից մինչև 1935 թվականը բնակվել է Չարենցը։ Չարենցը բնակվել է սկզբում երկրորդ հարկի 21 համարում: Նրա պատշգամբը նայում էր Աստաֆյան, այժմյան Աբովյան փողոցին: Այստեղ է գրել «Գիրք ճանապարհի» բանաստեղծությունների ու պոեմների ժողովածուն:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի վկայագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Charents Museum certificate.jpg

1997 թվականին թանգարանի ֆոնդերը հարստանում են. «International Star Registry» ներկայացուցչության կողմից թանգարանին հանձնած մի վկայագրով, ըստ որի՝ մեկ աստղ երկնքում կոչվել է «Եղիշե Չարենց» անունով: ՀՀ արտաքին գործոց նախարարության կողմից թանգարանին հանձնվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Ֆեդերիկո Մայորեի ուղերձը՝ Չարենցի ծննդյան 100-ամյակի առթիվ:

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է նախկին Սունդուկյան 6, այժմ՝ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 17 շենքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Monuments database — 2017.
  2. Չարենց 115։ Երևան: «Աստղիկ գրատուն» հրատարակչություն։ 2012։ էջ 120։ ISBN 978-9939-840-07-9 
  3. «Եղեգնյա գրչով. գրական Երևան | Եղիշե Չարենց»։ Журнал ЖАМ։ Վերցված է 2018-01-27 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Եղիշե Չարենցի տուն թանգարան, Երևան, «Պերա Պրինտ» ՍՊԸ, 2008, 104 էջ, ISBN 978-99941-874-0-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Garni.jpg ՀՀ պատմության և մշակույթի
անշարժ հուշարձան , օբյեկտ № 1.6/174
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 673 CC-BY-SA-icon-80x15.png