Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան (1).jpg
Տեսակհուշային թանգարան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՎայրԵրևան
ՀասցեԶարոբյան 3, Երևան, ՀՀ
Հիմնադրվել է1978
ՏնօրենԱրմինե Գրիգորյան
Կայքakhachaturianmuseum.am
Map
Map

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, հիմնադրվել է 1978 թվականին։ Տուն-թանգարանը ստեղծվել է Մարշալ Բաղրամյան պողոտայի և Պլեխանով (այժմ՝ Զարոբյան) փողոցի հատման հատվածում գտնվող այն առանձնատան հիման վրա, որը 1947 թվականին Արամ Խաչատրյանին նվիրել էր Խորհրդային Հայաստանի կառավարությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միահարկ առանձնատունը (ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյան) բաղկացած էր հինգ ընդարձակ սենյակներից և ուներ տնամերձ այգի։ Այն տուն-թանգարանի վերածելու ՀԽՍՀ մինիստրների խորհրդի որոշումը կայացվել էր 1976 թվականի հուլիսի 21-ին՝ դեռևս կոմպոզիտորի կենդանության օրոք։ Նա առիթ էր ունեցել ծանոթանալու ապագա տուն-թանգարանի շենքի նախագծի էսքիզներին, որ ստեղծել էր ճարտարապետ Մարկ Գրիգորյանը և նախագծի ալբոմի տիտղոսաթերթի վրա գրի էր առել իր դիտարկումներն ու առաջարկությունները։

Ճարտարապետ Մարկ Գրիգորյանի մահից հետո թանգարանի շենքի նախագծային աշխատանքներն ավարտել է ճարտարապետ Էդուարդ Ալթունյանը։

Aquote1.png Ուզում եմ ասել, որ ինձ համար շատ դժվար էր թղթի վրա արված գծագրով պատկերացնել ապագա տուն-թանգարանը։ Արտաքինից այն շատ գեղեցիկ էր ու համոզիչ, իսկ ներքին դասավորությունն ու ձևավորումն ավելի դժվար էր պատկերացնել։ Նախագիծն, ընդհանուր առմամբ, ինձ դուր եկավ և ես կուզենայի հաստատել այն ...»։
- Արամ Խաչատրյան, 29 հունվարի, 1978 թ., Մոսկվա[1]
Aquote2.png


Արամ Խաչատրյանի երևանյան բնակարանում հիմնականում ապրել են մայրը, եղբայրը՝ Վաղինակը ընտանիքով։ Ինքն էլ Հայրենիք այցելելիս հանգրվանել է այս տանը, ընդունել հյուրերին, աշխատել, ի մի բերել Հայաստանի տարբեր շրջաններից ստացած տպավորությունները։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան (20).jpg

Առանձնատունը պահպանվել է անփոփոխ, իսկ նրան համալրող տուն-թանգարանի երկհարկանի շենքը կառուցվել է այգու տարածքում։ Պահպանվել է մի փոքրիկ ներքին բակ, ուր Արամ Խաչատրյանի ծննդյան 105-ամյակի օրը կանգնեցվեց հուշաղբյուր՝ ճարտարապետներ Սարգիս Գուրզադյանի և Ս. Բարսեղյանի նվերը թանգարանին։ Շենքի ճակատային մասում վեր խոյացող հինգ կամարները կամերտոն են հիշեցնում։

1984 թվականի հունվարի 23-ին բացվեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի առաջին ցուցադրությունը։

Տուն-թանգարանում հավաքվել են ավելի քան 18 հազար արժեքավոր առարկաներ՝ լուսանկարներ, նամակներ, գրքեր, նոտային ձեռագրեր, ստեղծագործությունների տարբեր հրատարակություններ, ֆիլմեր, ձայնագրություններ, անձնական իրեր, փաստաթղթեր, ազդագրեր, բուկլետներ։ Տուն-թանգարանի խնդիրն է հավաքածուի առավելագույն ամբողջականացումը, հավաքածուն անվտանգ պահպանելը և պատշաճ մակարդակով հանրությանը ներկայացնելը։ Թանգարանում իրականցվող գիտաֆոնդային աշխատանքներն ուղղված են կոմպոզիտորի կյանքի ու ստեղծագործության խոր ուսումնասիրմանը։ Թանգարանը զբաղվում է կոմպոզիտորին վերաբերող նյութերի հրատարակմամբ։ Հավաքածուի նյութերի հիման վրա արդեն լույս են տեսել Արամ Խաչատրյանի նամականին 3 հատորով՝ հայերեն և ռուսերեն, թանգարանի բուկլետը, պարբերաբար հրատարակվում են թանգարանի նոր ցուցադրության գովազդային բուկլետները։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան (4).JPG

Թանգարանի գիտաշխատողներն Արամ Խաչատրյանի կյանքին ու գործունեությանը նվիրված գիտաժողովներում հանդես են գալիս հոդվածներով, որոնք նաև տպագրվում են լրագրերում ու պարբերականներում։

Տուն-թանգարանի առաջին տնօրենն է եղել հանրապետության վաստակավոր ուսուցիչ Գոհար Հարությունյանը, ներկա տնօրենն է դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը։

2015 թվականին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը դարձել է Երաժշտական թանգարանների և հավաքածուների ասոցիացիայի անդամ[2]։

Առաջին հարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հարկում հուշատունն է, ֆոնդադարանը, գրադարանը, աշխատասենյակները։ Ճեմասրահից ոլորապտույտ աստիճանները տանում են երկրորդ հարկ, ուր 10 ընդարձակ և լուսավոր ցուցասրահները նախատեսված են մշտական ցուցադրության համար։

Երկրորդ հարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ հարկում են նաև ձայնադարանը և համերգասրահը։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուն-թանգարանում կազմակերպվում են միջոցառումներ՝ փառատոներ, հուշ-երեկոներ, մրցույթներ, հանդիպումներ մշակույթի անվանի գործիչների հետ, կազմակերպվում են ցուցահանդեսներ, հնչում են հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների պրեմիերաներ։

Տուն-թանգարանի գործունեության նոր ձեռնարկումները քննարկում է թանգարանի գիտական խորհուրդը, որի կազմում են անվանի երաժիշտներ, երաժշտագետներ։ 2006 թվականին ՀՀ կառավարությունը ձեռնարկել է տուն-թանգարանի շենքի հիմնավերանորոգումը, 2008 թվականի հունիսի 6-ին բացվել է տուն-թանգարանի նոր մշտական ցուցադրությունը։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Երևանի Զարոբյան 3 հասցեում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]