Կասկադ համալիր
| Տեսակ | ճարտարապետական կոթող, արվեստի կենտրոն |
|---|---|
| Երկիր | |
| Տեղագրություն | Երևան և Կենտրոն վարչական շրջան |
| Հասցե | Թամանյան փողոց 10, Երևան և Tamanjanova 10, Jerevan0009 |
| ԲԾՄ | 1020 մետր |
| Ճարտարապետական ոճ | խորհրդային մոդեռնիզմ հայկական ազգային ճարտապետական տարրերով |
| Բարձրություն | 302 մետր |
| Լայնություն | 50 մետր |
| Հարկեր | 5 |
| Շինանյութ | տրավերտին, կաթնագույն տուֆ |
| Սեփականատեր | Երևանի քաղաքապետարան |
| Կառուցման սկիզբ | 1971 |
| Հիմնադրված է | 1980 |
| Բացված | 2009 (որպես Գաֆեսճյան արվեստի կենտրոն) |
| Ճարտարապետ | Ջիմ Թորոսյան, Սարգիս Գուրզադյան, Ասլան Մխիթարյան |
| Կառուցման ավարտ | 1980 |
| Վերանորոգվել է | 2002-2009 թթ Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամի կողմից |
| Կարգավիճակ | մասնակի կառուցված, համալիրի վերին հատվածը ավարտված չէ |
![]() | |
![]() | |
| Պաշտոնական կայք | |
Կասկադ համալիր, ճարտարապետական և կոթողային համալիր Երևանում, որը բազմամակարդակ աստիճանավանդակային կառույց է՝ պատշգամբներով, շատրվաններով, քանդակներով և ցուցասրահներով։ Համալիրը քաղաքի կենտրոնական մասը կապում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բարձունքների հետ և հանդիսանում է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի Երևանի գլխավոր հատակագծով ամրագրված քաղաքաշինական առանցքի կարևոր տարր։
Այն քաղաքի խորհրդանիշներից մեկն է, ամենաշատ այցելվող զբոսաշրջային վայրերից մեկը և կարևոր հանրային տարածք։
Ընդհանուր տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կասկադը բաղկացած է հինգ հիմնական հարթակներից, որոնք միացված են աստիճաններով և ներքին շարժասանդուղքներով։ Նրա ընդհանուր երկարությունը մոտ 302 մետր է, աստիճանների քանակը՝ 572։ Համալիրը համատեղում է խորհրդային մոդեռնիզմի տարրերը հայկական ճարտարապետության ավանդական տարրերի հետ, այդ թվում՝ դեկորատիվ բարձրաքանդակներ և խորաքանդակներ՝ խաչքարերի տարրերով, խաղողի որթատունկերի, նռան, Կենաց ծառի և այլ խորհրդանիշների ավանդական պատկերների զարդապատկերներով։ Կառույցի նյութերը կաթնագույն տուֆն ու տրավերտինն են։
Վերին հարթակից բացվում է Երևանի և Արարատ լեռան համայնապատկերային տեսարան։ Համալիրում տեղակայված են ցուցասրահներ, շատրվաններ, հանգստի գոտիներ և Ջերարդ Գաֆեսճյանի անվան ժամանակակից արվեստի կենտրոնը։ Սանդուղքների երկու կողմերում քանդակների այգիներ են, որտեղ ներկայացված են ժամանակակից քանդակագործների ստեղծագործությունները, այդ թվում՝ Ֆերնանդո Բոտերոյի (Սև կատու, Ծխող կին), Ժաումե Պլենսայի (Ստվերներ), Բարի Ֆլանագանի (բրոնզե ճագարներ) և Լին Չադվիքի (երկրաչափական պատկերներ):
Կասկադի մոտակայքում կան բազմաթիվ սրճարաններ և ռեստորաններ, ինչպես նաև այստեղ պարբերաբար անցկացվում են համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ և փառատոններ, հատկապես տարվա տաք ամիսներին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կասկադի գաղափարն առաջին անգամ հայտնվել է Երևանի գլխավոր հատակագծում, որը մշակվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից 1920-ական թվականներին։ Նա երազում էր քաղաքի կենտրոնը կապել Քանաքեռի հյուսիսային բլուրների հետ՝ պատշգամբների, ջրվեժների ու ծաղկանոցների համակարգի միջոցով։ Սակայն այդ ժամանակ նախագիծը համարվեց չափազանց հավակնոտ և ֆինանսավորում չստացավ։
1967 թվականին Քանաքեռի բարձունքի գագաթին կանգնեցվեց «Վերածնված Հայաստան» հուշարձանը՝ դրանով իսկ ավարտելով քաղաքի գլխավոր «հյուսիս-հարավ» հատակագծային առանցքը։ Դրա տեղադրումից հետո գաղափար առաջացավ ստեղծել աստիճանավոր համալիր, որը կկապեր քաղաքի կենտրոնը այս հուշարձանի հետ։
1970-ականների սկզբին ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գուրզադյանը և Ասլան Մխիթարյանը սկսեցին Կասկադի նոր նախագծի մշակումը։ Սակայն Թորոսյանն այն տեսնում էր ոչ թե որպես ուտիլիտարիստական կառույց, այլ որպես բազմաֆունկցիոնալ հանրային տարածք, որտեղ ճարտարապետությունը, բնությունն ու արվեստը փոխազդում են միմյանց հետ։ Նա նախագծին ավելացրեց ցուցասրահներ, համալիրի ներսում թաքնված շարժասանդուղքներ, բակեր և պատշգամբներ, որոնք ստեղծում են հարմարավետ հանգստի գոտիներ և քանդակների այգի՝ ժամանակակից արվեստի տարածք բաց երկնքի տակ:
1974 թվականին համալիրի առջև կանգնեցվեց Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Արտաշես Հովսեփյանը և ճարտարապետ Սեդա Պետրոսյանը։
Կասկադի շինարարությունը սկսվեց 1980 թվականին։ Սակայն 1980-ականների վերջին՝ Սպիտակի երկրաշարժի, ԽՍՀՄ փլուզման և Արցախյան ազատամարտի պատճառով, շինարարական աշխատանքները կանգնեցին։
2002 թվականին Հայաստանի կառավարությունը որոշեց վերակառուցել Կասկադի առկա մասերը և ավարտել դրա անավարտ հատվածները: Նախագիծը նախաձեռնեց հայ-ամերիկյան բարերար Ջերարդ Գաֆեսճյանը, որը ճարտարապետ Դեյվիդ Հոթսոնի հետ համագործակցելով նախագծեց 2009 թվականին բացված և Գաֆեսճյան արվեստի կենտրոն դարձած թանգարանը: Նա համալիրի վերակառուցմանը նվիրաբերեց 128 միլիոն դոլար:
2011 թվականին Կասկադի վերևում բացվեց «Ազնավուր» կենտրոնը։
2019 թվականի ապրիլին Կասկադի համահեղինակներից մեկը՝ Ասլան Մխիթարյանը, ներկայացրեց համալիրի վերին մասի ավարտման երկու նախագծային տարբերակներ։ Առաջինը նախատեսում էր կառույցի կենտրոնական մասում համընդհանուր համերգասրահի, ձախ կողմում՝ հյուրանոցի և աջ կողմում՝ 3000 տեղանոց բաց ամֆիթատրոնի կառուցում։ Երկրորդ տարբերակով առաջարկվում էր հյուրանոցը փոխարինել 1200 քմ մակերեսով թանգարանով, իսկ ամֆիթատրոնի փոխարեն նախատեսվում էր Շառլ Ազնավուրի անվան համերգասրահ՝ 1500 հանդիսատեսի համար։ Երկու նախագծերն էլ ներառում էին հանգստի գոտիներ, սրճարաններ և շատրվաններ, ներքին շարժասանդուղքի ընդլայնում, ինչպես նաև արևային մարտկոցների օգտագործում համալիրի ինքնավար էլեկտրամատակարարման համար։
2023 թվականի գարնանը Երևանի քաղաքապետարանը Կասկադի տարածքի մերձակայքում հատեց առողջ բազմամյա ծառերը և դրանց փոխարեն սակուրաներ տնկեց։ Ծառերի զանգվածային հատումը տեղի բնակիչների և այլ քաղաքացիների բուռն քննարկումների և դժգոհության առիթ դարձան։
2024 թվականի սեպտեմբերի 2-ից 29-ը «Ակտիվ քաղաքացի» առցանց հարթակում երևանցիներին ներկայացվեցին համալիրի ավարտման երկու տարբերակ՝ «Կասկադ այգիներ» և «Կասկադ մշակութային կենտրոն»։ Քվեարկությանը մասնակցեց ընդամենը 2030 մարդ։ 44.4%-ը քվեարկել է «Կասկադ այգիներ» տարբերակի օգտին, իսկ 55.6%-ը՝ «Կասկադ մշակութային կենտրոնի» օգտին։ Քվեարկությանը չմասնակցած երևանցիների մեծամասնությունը դեմ արտահայտվեց երկու նախագծերին՝ նշելով, որ երկուսն էլ թերություններ ունեն և չեն համապատասխանում քաղաքի ոգուն։ Հայաստանի ճարտարապետների պալատը նույնպես քննադատեց Կասկադի ավարտը և առաջարկեց Ջիմ Թորոսյանին անձամբ ղեկավարել նախագիծը։ Սակայն նախագիծը ստացավ պաշտոնական հավանություն. դրա կառուցումը գնահատվել է 20 միլիարդ 046 միլիոն դրամ (մոտավորապես 7.8 միլիոն ԱՄՆ դոլար) և նախատեսված է մոտ հինգ տարվա համար։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հին Կասկադը
-
Առաջին հարթակ
-
Երկրորդ հարթակ
-
Երրորդ հարթակ
-
Չորրորդ հարթակ
-
Տեսարան Կասկադից դեպի Երևանի կենտրոն
-
Երեկոյան Կասկադ
-
Գիշերային Կասկադ
-
Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը` Կասկադ համալիրի դիմաց
-
«Թեյնիկ»
-
«Սև կատու»
-
«Ծխող կին»
-
«Հռոմեացի զինվոր»
-
«Առյուծ»
-
«Ցատկող այծքաղներ»
-
«Կիվի»
-
«Փղեր»
-
«Նապաստակ-բռնցքամարտիկ»
-
«Ստվերներ»
-
«Պատ»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կասկադի պատմությունից
- «Շրջակայքը։ Կասկադ համալիր». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 29-ին.
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||

