Սանդուղք

Սանդուղք, գործառական և կառուցվածքային տարր, որն ապահովում է ուղղահայաց կապեր: Սանդուղքը բաղկացած է մի շարք աստիճաններից: Սովորաբար այս հասկացությունը կիրառվում է շինությունների այն տարրերը բնորոշելու համար, որոնք հանդիսանում են կրող կոնստրուկցիաներ: Հասկացությունն օգտագործվում է նաև ծառայողական մեքենաների (օրինակ՝ հրշեջ մեքենայի), ինքնաթիռների և ուղղաթիռների, պարանասանդուղքների, շարժասանդուղքների բարձրացնող տարրերի բնորոշման համար:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին սանդուղքներն ի հայտ են եկել առաջին բնակավայրերի հետ մեկտեղ: Նախնադարյան մարդիկ, ընդօրինակելով կենդանիների փորձը, սար էին բարձրանում, այսպես կոչված, «այծի ճանապարհով», որը հիշեցնում է խորդուբորդ սանդուղք[1]:
Փայտե առաջին սանդուղքն ավելի քան յոթ հազար տարեկան է: 2004 թվականին ավստրիական Հալշտադտ քաղաքում՝ հնագույն աղի հանքավայրում, գիտնականները հայտնաբերեցին լավ պահպանված փայտե սանդուղք: Այն մինչ օրս հայտնի ամենահին սանդուղքն է: Պեղվել է միայն 6 մետր աստիճան: Աղի շնորհիվ հնագույն սանդուղքը լավ պահպանվել է: Գիտնականները նշում են, որ այն կառուցվել է մեր թվարկությունից 5000 տարի առաջ:
Սանդուղքի պատրաստման տեխնոլոգիայի մասին առաջին գրավոր վկայությունները եղել են մ.թ.ա. 4-1-ին հազարամյակների եգիպտական պապիրուսները: Եգիպտական բուրգերը դեպի երկինք գնացող հսկայական սանդուղք են:
Մայաների քաղաքակրթության սանդուղքները ծածկված էին հիերոգլիֆներով և հանդիսանում էին բուրգերի կարևորագույն տարրերը:
Ասորեստանի ճարտարապետության մեջ ավանդույթ կար կառուցել վեր բարձրանալիս: Մ.թ.ա. 521 թվականին Դարիայի ամրոցում կառուցված դեպի մեծ ապադանա տանող սանդուղքի պատերը զարդարված էին մարտիկների, առյուծների, ցլերի, գերիների խմբերի պատկերներով:
Հին հույները և հռոմեացիները, ովքեր կառուցել են կոլիզեումներ, ամֆիթատրոններ և տաճարներ, չէին կարող առանց զանգվածային աստիճանական կառույցների: Անտիկ տաճարները կառուցում էին վեր բարձրացրած հարթությունների՝ ստիլոբատների վրա, որոնք բաղկացած էին բազմաթիվ աստիճաններից: Երբեմն այդ աստիճաններն ունենում էին 2 մետրից ավելի բարձրություն:
Միջնադարում դղյակներն ունեին պաշտպանողական պատեր և աշտարակներ, որտեղ բարձրանում էին սանդուղքի աստիճաններով, և մութ նկուղներ, որտեղ ևս իջնում էին սանդուղքներով: Ստեղծում էին հատուկ աստիճանական հիլդիաներ, որոնք սերնդեսերունդ փոխանցում էին սանդուղքների կառուցման գաղտնիքները: Պտուտակաձև սանդուղքների պատրաստումը պահանջում էր մաթեմատիկական հատուկ հաշվարկներ:
Ֆրանսիայում գոթական շրջանում հատուկ ուշադրություն էին դարձնում սանդղավանդակներին, որոնք հաճախ կազմում էին շինության գլխավոր մուտքը:
Վերածննդի, կլասիցիզմի, բարոկկո, ռոկոկո, մոդեռն ժամանակաշրջաններում սանդուղքները կրում էին դարաշրջանի կնիքը, զարդարվում էին քանդակներով և ճարտարապետական այլ նմուշներով:
Անգլիացի պոետ, ճարտարապետ և դիվանագետ պարոն Հենրի Ուոթթոնը 1624 թվականին գրել է.
![]() |
Լավ սանդուղք պատրաստելը ճարտարապետական բարդ խնդիր է: | ![]() |
Նա խորհուրդ էր տալիս լավ լուսավորել սանդուղքը, որպեսզի ոչ ոք հանկարծ չսայթաքի, գլխավերևում բավականաչափ տեղ թողնել, որպեսզի «վեր բարձրացող մարդուն օդը բավականացնի», ընդգծում էր լայն աստիճանների և փոքրիկ թեքության նշանակությունը, քանի որ «ոտքերը վերելքի ժամանակ ավելի են հոգնում, քան վայրէջքի»:
Նյութերի մշակման մեթոդների զարգացմանը և նոր մեթոդների յուրացմանը զուգընթաց սանդուղքների արտաքին տեսքը և ձևավորումը փոփոխվել են[2]:
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոյություն ունեն սանդուղքների դասակարգման տարբեր չափանիշներ[3]:
Ըստ նշանակության[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հիմնական սանդուղք (նախատեսված են մարդկանց տարհանման համար), գլխավոր (ընդհանուր օգտագործման համար),
- օժանդակող սանդուղք,
- պահեստային (նախատեսված է վթարային-փրկարարական աշխատանքների համար),
- ծառայողական (նախատեսված է նկուղ կամ ձեղնահարկ մտնելու համար),
- տանիքի (նախատեսված է տանիքի և դրա տարրերի անվտանգ սպասարկման համար),
- ներբնակարանային սանդուղք (ծառայում է միևնույն բնակարանի տարբեր հարկերի կամ անհատական բազմահարկ տան մեջ հաղորդակցման համար),
- մուտքի և շքամուտքի սանդուղք,
- այգիների և զբոսայգիների սանդուղք,
- շարժասանդուղք (էսկալատոր):
Ըստ դիրքի[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ներքին սանդուղք՝ տեղակայված աստիճանավանդակում,
- ներքին բաց սանդուղք,
- արտաքին բաց սանդուղք[4]
- ներբնակարանային սանդուղք:
Ըստ պատրաստման նյութի[խմբագրել | խմբագրել կոդը]
- փայտե (ավելի հաճախ՝ կաղնի, սոճի, հաճարենի, մայրի, հացենի),
- բետոնե (քաղաքացիական և արդյունաբերական շինությունների մեծ մասում),
- երկաթբետոնե,
- աղյուսե,
- բնական քարերից,
- հանքանյութերից (կերամոգրանիտ, հախճասալիկ),
- մետաղական (պողպատ, ալյումինային համաձուլվածքներ, թուջ, պղինձ),
- պարանասանդուղք,
- ապակյա,
- պլաստմասսե,
- համակցված սանդուղք (օգտագործվում են տարբեր նյութեր՝ մետաղ-ապակի, մետաղ-քար, փայտ-մետաղ և այլն)[5]:
Սանդուղքի նյութի օգտագործումը պայմանավորված է դրա գործառնական նշանակությամբ և շահագործման առանձնահատկություններով:
Ըստ աստիճանատակի առկայության (բացակայության)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բաց (առանց աստիճանատակի),
- փակ (աստիճանատակով),
- կիսափակ (աստիճանատակով մասամբ փակվում է լույսը):
Ըստ մեկ հարկի շրջանակներում սանդուղքաբաժինների քանակի և դասավորվածության[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ուղիղ սանդուղքաբաժիններով,
- մեկ , երկու, երեք, չորս բաժնով,
- հատվող բաժիններով,
- բրգաձև,
- շրջադարձային,
- Г-աձև,
- П-աձև,
- S-աձև,
- պարուրաձև-պտուտակաձև,
- քառորդ պտույտով 90°,
- կես պտույտով 180°,
- շրջանաձև 360°,
- կորագիծ,
- համակցված:
Ըստ աստիճանների ձևի[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ուղիղ աստիճաններով,
- թեք աստիճաններով,
- պտուտակաձև աստիճաններով,
- անկյունային շրջադարձային սատիճաններով,
- «բադաքայլ» (աստիճանների դասավորվածության արդյունքում քայլը զուգորդվում է բադաքայլի հետ) կամ «սամբա» (այսպիսի սանդուղքով շարժվելը հիշեցնում է սամբա պարը. թեև այն շատ հարմարավետ չէ, բայց թույլ է տալիս տարածք խնայել) աստիճաններով[6]:
Ըստ կառուցապատման եղանակի[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հավաքովի,
- մեծ տարրերով,
- փոքր տարրերով,
- միաձույլ,
- մետաղական զոդվող և հավաքովի,
- տեսանելի մետաղով սանդուղք,
- մեկ կենտրոնական սանդղակալի վրա,
- հավաքովի "մոդուլային" սանդուղք ,
- երկու և ավելի սանդղակալների վրա,
- թաքնված մետաղական հիմնակմախքով,
- փայտով երեսպատված,
- մանրահատակով, լամինատով երեսպատված,
- տեսանելի մետաղով սանդուղք,
- փայտե սանդուղք,
- սանդղակալի վրա,
- համակցված:
Համաչափ և հարմարավետ սանդուղքների տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկփեղկ,
- ծալվող (բաղկացած է երեք, չորս և ավելի բաժնից, որոնք շարժելու դեպքում հարմարավետորեն դասավորվում են միմյանց վրա),
- հարմոնաձև (ծալքավոր) սանդուղք, պատրաստվում են միայն մետաղից,
- շարժական,
- բացովի,
- հենովի:
Հրդեհային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հրդեհային արտաքին սանդուղք (նախատեսված է հրդեհի մարման և վթարային-փրկարարական աշխատանքների իրականացման համար): Տարատեսակներն են.
- Հ1 - ուղղահայաց սանդուղք,
- Հ1-1 - առանց պատվարի (մինչև 6 մետր բարձրությամբ),
- Հ1-2 - պատվարով (6 մետրից ավելի բարձրությամբ),
- Հ2 - երթային սանդուղք 6:1-ից ոչ ավելի թեքությամբ[4],
- Հ1 - ուղղահայաց սանդուղք,
- ըստ պատվարի,
- ԱՍ - սանդուղքաբաժինների համար,
- ՀԱ - սանդուղքահրապարակների համար,
- ՈւԱ - ուղղահայաց սանդուղքների համար,
- ԱՃ - առանց ճաղաշարի տանիքի համար,
- ՃՏ - ճաղաշարով տանիքի համար,
- ըստ երեսարկման,
- Ա - համատարած ակոսավոր,
- վանդակավոր,
- Դ - դրոշմված տարրերով,
- Շ - եզրերի և շրջանաձև մասի վրա գծերով,
- Ե - եզրերի վրա մեկ ուղղությամբ արված գծերով,
- Ձ - հատած-ձգած մետաղից մասերով[7]:
Սանդուղքի կառուցվածքի մասնավոր դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հենովի, օգտագործվում է ձեղնահարկ կամ նկուղ գնալու, այգում մաքրություն անելու, վերանորոգման աշխատանքների ժամանակ: Հիմնականում պատրաստվում է բնափայտից, ալյումինային պարզեցված պրոֆիլներից կամ խողովակներից (հազվադեպ` պողպատե կոնստրուկցիաներից): Տեղադրվում է մեծ անկյան տակ` 60-75°:
- Ձեռնասանդուղք, ծառայում է վերջին հարկից ձեղնահարկ գնալու համար: Այսպիսի սանդուղքի լայնությունը շուրջ 60 սմ է: Պատրաստվում է պրոֆիլավորված մետաղից կամ 16մմ տրամագծով ձողից:
- Մոնտաժային սանդուղք, պարզեցված սանդուղք, որը հիմնականում օգտագործվում է բարձր հարկերում աշխատելիս կամ զոդման աշխատանքներ կատարելիս:
- Վայրէջքի սանդուղք (ամբարձչի), նախատեսված է կռունկով աշխատելու համար: Թեքության անկյունը 60° է:
- Այգե-պուրակային սանդուղք, օգտագործվում է բազմամակարդակային շինվածքներ բարձրանալու, ներքին բակ իջնելու համար:
- Նավասանդուղք, հատուկ սանդուղք է` նախատեսված մարդկանց նավ բարձրացնելու և իջեցնելու, ինչպես նաև մի տախտակամածից մյուսը տեղափոխելու համար:
- Պարանասանդուղք, օգտագործվում է տնտեսության մեջ, հրդեհի ժամանակ մարդկանց տարհանելու համար, ինչպես նաև մանկական սպորտային համալիրներում և կրկեսում: Այն կարող է ամբողջությամբ կազմված լինել պարանից կամ որպես աստիճաններ` կարող են հանդես գալ 25-30 մմ տրամագծով փայտե կամ մետաղյա կտորներ: Աստիճանների միջև հեռավորությունը սովորաբար կազմում է 30 սմ:
- Փոթորկասանդուղք, պարանասանդուղքի տարատեսակ է, որն օգտագործվում է նավ բարձրանալու համար[3]:
Կառուցողական տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Սանդուղքի կառուցվածքում կարելի է առանձնացնել մի քանի տարր[8].
- աստիճան,
- սանդղակալ,
- սանդուղքաբաժին,
- ճաղաշար,
- բազրիք,
- զարդաճաղ:
Սանդուղքը արվեստի և մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ծննդոցում նկարագրվում է Հակոբի սանդուղքը, որը գտնվում էր երկրի վրա և դիպչում երկնքին: Դեպի երկինք ձգվող սանդուղքի կերպարը մեկնաբանվել է Հովհան Կլիմաքոսի աշխատություններում: Նորագույն ժամանակաշրջանում սանդուղքի կերպարին անդրադարձել է Լեդ Զեփելին ռոք խումբը իր Stairway to heaven երգում:
- Մաուրից Կոռնելիս Էշերի աշխատանքներում հաճախ են հանդիպում օպտիկական պատրանքների վրա հիմնված, «անհնարին» պատկերներ ձևավորող սանդուղքներ:
- Սերգեյ Էյզենշտեյնի ֆիլմում կա դրվագ՝ կապված Պոտյոմկինյան սանդուղքի հետ: Այդ ֆիլմը համարվում է համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասականներից մեկը:
- Օլեգ Մենշիկովի հերոսը՝ Վոլոդյան, «Սանդուղք» ֆիլմում փորձում է անվերջ սանդուղքի միջոցով ելք գտնել կախարդված տանից:
Սիմվոլիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սանդուղքը դիտարկվում է նաև որպես խորհրդանիշ և կրոնական ծեսերի բաղադրիչ՝ ընդգծելով հարության կարևորությունը: Սանդուղքի համարժեք են հանդիսանում ոսկե թելը, երկրի առանցքը, համաշխարհային սարը, ծիածանը և այլն: Սանդուղքը թափանցում է տիեզերական երեք շերտերի մեջ՝ միացնելով աստվածների աշխարհը, մարդկանց և անդրաշխարհը: Այն կապված է ուղղահայաց շարժման հետ[9]:
Սանդուղքը խորհրդանշում է.
- անցում կեցության մի ձևից մյուսին,
- անցում դեպի գոյաբանական մյուս մակարդակ,
- հաղորդակցում Երկրի և Երկնքի միջև երկու ուղղությամբ,
- մատնանշում է հասանելիությունը իրականությանը, բացարձակին, տրանսցենդենտին՝ անցում կատարելով անիրականից իրականին, խավարից լույսին, մահվանից անմահությանը,
- երկինքը դարձնում է հասանելի, սակայն կարող է նաև հեռացվել. ի սկզբանե սանդուղքը գոյություն ուներ դրախտում և ապահովում էր մարդու և աստծո կապը, սակայն մեղսագործության արդյունքում այն անհետացավ,
- կամուրջ, կապված է անցման ծեսերի հետ,
- աստիճանական բուրգ, հաջողակ կարիերայի նշան («վեր բարձրանալ ծառայողական սանդուղքով»),
- դեպի վերև՝ քաջություն և արիություն, դեպի ներքև՝ վախկոտություն և ստորություն:
Կրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկյան հնդկացիների շրջանում ծիածանը սանդուղք է, որը հանդիսանում է մուտք դեպի այլ աշխարհներ:
Բուդդիզմում Շակյամունի սանդուղքը պատկերվում է վերին և ստորին աստիճանների վրա Բուդդայի հետքով: Շակյամունին Տուշիտայի երկնքից գնում է դեպի երկիր Ինդրայի բերած սանդուղքով:
Տիբեթում երկնքի հետ մարդու կապն ապահովվում է մու-ի միջոցով՝ թելեր, պարաններ կամ սանդուղքներ: Նախկինում տիբեթցիների մարմինները ձուլվում էին լույսին և մու-ի միջոցով բարձրանում երկինք: Սակայն մի անգամ մարդը պատահաբար թրով կտրեց մու-ն, և այդ օրվանից մարդիկ սկսեցին մահանալ, իսկ նրանց մարմինները՝ մնալ երկրի վրա:
Քրիստոնեության մեջ սանդուղքը համարվում է Քրիստոսի տանջանքների խորհրդանիշ:
Եգիպտացիների համար սանդուղքը համարվում է Գոռի խորհրդանիշը և գտնվում Ռա աստծո հովանավորության ներքո: Այն բարձրանում է նյութական աշխարհից և կապում Երկնքի հետ: Երկնքի աստվածուհին՝ Հաթորը, բռնում է սանդուղքը, որպեսզի բարի մարդիկ կարողանան բարձրանալ երկինք: Եգիպտական դամբարաններում հայտնաբերվել են սանդուղքի տեսքով հմայագրեր:
Հրեաների համար սանդուղքը մարդկանց հետ հրեշտակների միջոցով աստծո շփման միջոց է:
Իսլամում Մուհամմադ մարգարեի տեսած սանդուղքը հավատարիմներին տանում է աստծո մոտ:
Ճապոնացիների համար սանդուղքը կայծակի աստծո գործիք է, որը մատնանշում է Երկնքի և Երկրի շփումը:
Սիբիրյան ժողովուրդները համաշխարհային (շամանական) ծառը պատկերում էին սանդուղքի, ձողի կամ սյան տեսքով:
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միջնադարյան ամրոցների աշտարակներում պտուտակաձև սանդուղքները պատրաստվում էին այնպես, որ վեր բարձրանալը լիներ ժամ սլաքի ուղղությամբ: Դա արվում էր, որպեսզի ամրոցի պաշարման դեպքում պաշտպանողները ձեռնամարտի ժամանակ առավելություն ունենային, քանի որ աջ ձեռքով ավելի ուժեղ կարելի է հարվածել աջից ձախ, ինչը չէին կարող անել հարձակվողները: Բացի այդ, եթե հարձակվողը պաշտպանվելու համար օգտագործեր վահանը, ապա զենքը չէր կարողանա կիրառել[10]:
- 19-րդ դարում սանդուղքաբաժինների կամ պատվարների ճաղերի հիմքը ամրացնելու համար որպես ֆիքսող նյութ օգտագործում էին ծծումբը:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կասկադ համալիր (572 աստիճան[11]), Երևան, Հայաստան
Պարուրաձև սանդուղք, Վատիկանի թանգարան
Իսէ տաճար, Ճապոնիա
Ռուդհան ամրոց, Իրան
Պարուրաձև սանդուղք, Տեխաս
19-րդ դարի թատրոն Վայսենհորնում, Գերմանիա
Անվերջ սանդուղք, Մյունխեն, Գերմանիա
Փայտե պարուրաձև սանդուղք Սոլսբերիի տաճարում
Սանդուղք Շվեյցարիայի դաշնային պալատում
Պարուրաձև սանդուղք, Ալաբամա
Սանդուղք, Մինեապոլիս
Ար-դեկո ոճի պարուրաձև սանդուղք, Լյուբլյանա
Այլընտրանքային սանդուղք ժայռի վրա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Սպիտակ սանդուղք, Բրազիլիա
Թագուհու պալատի սանդուղքը, Գրինվիչ, Միացյալ Թագավորություն
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Terminology. Stairplace.co.uk. Retrieved on 2013-11-11.
- ↑ R.E. Putnam and G.E. Carlson, Architectural and Building Trades Dictionary, Third Edition, American Technical Publishers, Inc., 1974
- ↑ 3,0 3,1 «Banister»։ Merriam Webster dictionary։ Վերցված է նոյեմբերի 2, 2010
- ↑ 4,0 4,1 Технический регламент о требованиях пожарной безопасности. Статья 39. Классификация лестниц
- ↑ «Stair Safety: A Review of the Literature and Data Concerning Stair Geometry and Other Characteristics»։ Վերցված է նոյեմբերի 2, 2010
- ↑ «Stairs»։ BBC.co.uk։ հունվարի 23, 2001։ Վերցված է նոյեմբերի 2, 2010
- ↑ ГОСТ Р 53254—2009 ТЕХНИКА ПОЖАРНАЯ. ЛЕСТНИЦЫ ПОЖАРНЫЕ НАРУЖНЫЕ СТАЦИОНАРНЫЕ. ОГРАЖДЕНИЯ КРОВЛИ. Общие технические требования. Методы испытаний -М.:Стандартинформ, 2009 с.2
- ↑ James H. Monckton (1891). Moncktons One Plane Method Of Hand Railing and Stair Building, Copyright 1888. John Wiley & Sons. p. Plate 2, Figure 4
- ↑ «Vol. 4&5 (see pages 692&693)»։ Վերցված է օգոստոսի 14, 2012
- ↑ Арсенал: Средневековые замки и крепости
- ↑ The Cascade Complex. Cmf.am. Retrieved on 2013-11-11.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Neufert, Ernst (2000). Architects Data, 3rd, Blackwell Science, 191. ISBN 0-632-05771-8.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սանդուղքներ. նախագծման ասպեկտները zdanija.ru կայքում
- Սանդուղքի գծագրի կազմում
- Սանդուղքների հանրագիտարան
- Պտուտակաձև սանդուղք
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի հունիսի 21-ի օրվա հոդված: |