Արամի փողոց (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արամի փողոցից)
Jump to navigation Jump to search

Կոորդինատներ: 40°10′52″ հս․. լ. 44°30′41″ ավ. ե. / 40.1812° հս․. լ. 44.5114° ավ. ե. / 40.1812; 44.5114

Արամի փողոց
Համայնք(ներ) Կենտրոն վարչական շրջան
Սկիզբ Խանջյան փողոց
Ավարտ Մաշտոցի պողոտա
Երկարություն  մ
Լայնություն 10 մ
Հիմնված է 1837
Ստացել է անունը Ցարսկայա փողոց(1837-1919)
Արամ Մանուկյան փողոց (1919-1921)
Սպանդարյան փողոց (1921-1991)
Երևանի Ցարսկայա, այժմ Արամի փողոցը.gif
Արամի փողոցը 1922 թվականին

Արամի փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի անունով։ Զուգահեռ է Փավստոս Բուզանդի փողոցին։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանջյան փողոցի հարավարևելյան հատվածից ձգվում է դեպի Սարյան փողոցի հյուսիսարևմտյան հատված՝ իր մեջ ընդգրկելով Վերնիսաժի տոնավաճառը, Հայաստանի ազգային պատկերասրահի շենքը, Միսաք Մանուշյան զբոսայգին և հասնում մինչև Մաշտոցի պողոտա։ Նախկինում փողոցը շարունակվում էր մինչև գլխավոր փոստատուն, սակայն այդ հատվածը 2014 թվականին վերանվանվեց Կարեն Դեմիրճյանի անունով[1]։

Ժամանակակից Երևանի ամենահին փողոցներից մեկն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցարսկայա փողոցը մինչև 1919 թ.

Շահարի կամ Արարատյան հայկական թաղի տարածքում նոր թաղամասի կառուցումն սկսվել է 1837 թ.՝ դեպի Մանկական երկաթուղի տանող թունելների մոտից, որը պարսկական տիրապետության ժամանակ կոչվել է Խանի բաղեր կամ Խանբաղ, որովհետև այդտեղ են գտնվել Երևանի խանի այգիները։ Թաղամասի կառուցման ժամանակ ստեղծվեցին մի քանի նոր փողոցներ։ Դրանք էին Ամիրյան, Պուշկինի, Փավստոս Բուզանդի և Արամի փողոցները, որոնք պահպանվեցին ինչպես նահանգական հողաչափ Ստացկու կողմից 1856 թ. հեղինակած Երևանի առաջին հատակագծում, այնպես էլ հետագայում։

Փողոցը բացվել է 1837 թվականին և անվանվել Ցարսկայա՝ ի պատիվ Նիկոլայ I ցարի, ով այդ նույն տարում այցելում է Երևան և մի քանի օր ապրում Կոնդի ամենաբարձր կետում գտնվող տներից մեկում՝ մեծահարուստ Բակլաչովի տանը։ Դաշնակցական կառավարության տարիներին փողոցը կոչվում է Ազատության փողոց։ 1919 թվականին, Առաջին հանրապետության արտաքին գործերի նախարար Արամ Մանուկյանի մահից հետո փողոցը վերանվանվում է նրա անունով։ Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1921 թ. կոմունիստները վերանվանել են փողոցը Սուրեն Սպանդարյանի անունով։ 1991 թվականին, Հայաստանի անկախացումից հետո, փողոցը պաշտոնապես կոչվեց Արամի փողոց[2]։

Արամի փողոցը սկսվում է Հայաստանի ազգային պատկերասրահի հետնամասից՝ Երևանի Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի մոտից և ձգվում մինչև Սարյանի փողոց։ Սակայն այսօր այն ընդլայնվել է և Գլխավոր պողոտայից՝ Կառավարական 3 շենքի մոտից հասնում է մինչև Խանջյան փողոց։

Երբ Գորբաչովի կառավարման շրջանում սկսվեց կոոպերատիվ շարժումը, Արամի փողոցի սկզբնամասում բացվեցին Երևանի առաջին կոոպերատիվ խանութները։ Այդ հատվածը ամբողջությամբ կառուցապատված է եղել 19-րդ դարի հին սեփական տներով։ Մինչև 1988 թ. այդ տների բնակիչների մեծ մասը ադրբեջանցիներ էին։

Այդ սեփական տների կողքին մինչև 2000-ական թթ դեպի Աբովյան փողոց դուրս եկող հատվածում եղել է կարմիր փայտե պատշգամբով մի տուն, որը մինչև 19-րդ դարի սկզբին պատկանել է Երևանի ճանաչված դատավոր Քրիստափոր Տեր-Ղազարյանին։

Նույն հատվածում՝ դիմացի մայթին են գտնվում Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի ու Միջին արևելքի արվեստի թանգարանները։ 1906 թ. հենց այդ տարածքից է սկսվել Երևանի արական գիմնազիայի շենքի կառուցումը, որը ֆինանսավորել է հայ մեծ բարերար, նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանցը։ Այն ամբողջությամբ կառուցված էր սև տուֆից և բազալտից։ Թանգարանների այժմյան շենքը վերակառուցվեց Մարկ Գրիգորյանի և Էդուարդ Սարապյանի նախագծով:

Արամի և Աբովյան փողոցի հատման կետում է գտնվում Արամի 3 շենքը։ Այն կառուցվել է 1870-1880 թթ Սոֆի Մելիք-Օհանջանյանի կողմից։ Շենքը նախկինում ունեցել է ընդամենը մեկ հարկ։ Այնտեղ գտնվել են նրա խանութները։ Խորհրդային տարիներին շենքը հայտնի էր իր գրախանութով։ Տարիներ անց գրախանութը փակվեց, իսկ 1996 թ. շենքը սկսվեց վերանորոգվել։ Շենքի վերանորոգումից հետո այնտեղ նախատեսվում էր կրկին գրախանութ բացել, իսկ երկրորդ հարկում՝ պատկերասրահ։ Սակայն որոշվեց տարածքը կրկին հատկացնել խանութների։ Հետաքրքրական է, որ այսօրվա շենքը նախկինում Մելիք-Օհանջանյանի կառուցած շենքը չէ։ Ճարտարապետները վերակառուցելով այդ շենքը, որոշել էին վերակառուցել ոչ թե Մելիք-Օհանջանյանի, այլ 1900 թ. Վասիլի Միրզոյանի նախագծով կառուցված Արշակ Տեր-Զախարյանի և Նահապետ Տեր-Հարությունյանի եկամտաբեր տան պատկերը, որը գտնվել է Աստաֆյան և Նազարովյան փողոցների անկյունում։ Քանդվել է 1920 թ.։ Այսօր այդ վերանոչրոգված շենքում է գործում Սիլ գրուպն ու Ադիդաս սպորտային հագուստի և պարագաների խանութը[3]։

Հայֆիլմի շենքը

Դիմացի մայթում է գտնվել Մանկական աշխարհ հանրախանութի շենքը, որի ճարտարապետներն են եղել Արսեն Ահարոնյանը, Միքայել Մազմանյանը, Հովհաննես Մարգարյանն ու Գևորգ Քոչարը։ Այն կառուցվել է 1935-1937 թթ։ Առաջին հարկում գործել են մանկական բաժինները, որտեղ վաճառվել են խաղալիքներ, հագուստ, կոշիկներ, գործել է ապակեղենի բաժին, երկրորդ հարկում եղել է սրճարան, երրորդ հարկում վաճառել են կտորեղեն։ Շենքը վերակառուցվել է 2002-2003 թվականներին։

Արամի 7 հասցեում է գտնվում Փանոս Սողոմոնյանի բնակելի տունը։ Այն կառուցվել է 1882 թ.[4]։

Արամի 9 հասցեում է գտնվում Ֆադեյ Քալանթարյանի բնակելի տունը։ Շենքը կառուցվել է 1906 թ. ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով։ Սկզբում այն պատկանել է արքունի խորհրդական, հաշտարար, Երևանի քաղաքային դումայի պատգամավոր Ֆադեյ Քալանթարյանին։

1917 թ. դեկտեմբերին, երբ հայոց նորագույն պետականության հիմնադիր, նախկինում Վանի նահանգապետ Արամ Մանուկյանը Թիֆլիսից տեղափոխվում է Երևան, Ֆադեյ Քալանթարյանը նրան նվիրում է այն ժամանակ Ցարսկայա փողոցում գտնվող իր բնակարանը։ Այսպիսով, Արամ Մանուկյանն իր ընտանիքի հետ տեղափոխվում է այս շենք։ 1918 թ. նա հանդիպում է հայկական որբանոցի բժշկուհի Կատարինե Զալյանին, շուտով նրանք ամուսնանում են և բնակվում այս շենքում։[1]

Արամ Մանուկյանն այստեղ ապրեց 1 տարուց քիչ ավելի՝ 1917-1919 թթ։ Նա մահացավ 1919 թ. հունվարին՝ ծանր հիվանդությունից։

Ֆադեյ Թադևոսյանի բնակելի տան լուսամուտն ու զարդաքանդակները

Այս տանն է ապրել հայ անվանի ազգագրագետ, պատմաբան, մանկավարժ, գիտության վաստակավոր գործիչ Ստեփան Լիսիցյանը՝ իր ընտանիքի հետ։

2005 թվականից շենքի վերակառուցումը ներառված է Երևանի քաղաքապետարանի «Հին Երևան» ծրագրում, որի հեղինակը ճարտարապետ Լևոն Վարդանյանն է[5]։

Ֆադեյ Քալանթարյանի տնից քիչ վերև եղել է մի հագուստի արտել, որը գործել է 1940-ական թվականներից։ Արտելի դուռը նկարազարդված է եղել կնոջ ու տղամարդու այն ժամանակի համար նորաոճ հագուստով։

Արամի փողոցում են գտնվել Թադևոսյանների, Հախնազարյանների, Ասլանյանների, Վարդանյանների, Գյոզալյանների տները, որոնցից ընդամենը մի քանիսն է այսօր կանգուն։

Թադևոսյանները եղել են Երևանի մեծահարուստ ընտանիքներից մեկը։ Նրանք Արամի փողոցի վրա ունեցել են երեք բնակելի շենք։ Առաջինը պատկանել է Խաչատուր Թադևոսյանին (գտնվել է Արամի 34 հասցեում), երկրորդը՝ Գեղամ Թադևոսյանին (գտնվել է Արամի 36 հասցեում) և երրորդը՝ Ֆադեյ Թադևոսյանին (գտնվում է Արամի 44 հասցեում)։[4] Չնայած որ բոլորն էլ ներառված են Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, այսօր կանգուն է միայն Ֆադեյ Թադևոսյանի բնակելի տունը։ Գեղամ Թադևոսյանի շենքը գտնվել է Ֆադեյ Քալանթարյանի բնակելի տնից քիչ վերև՝ դիմացի մայթին։ Այդ շենքի հետնաբակում է գտնվել նաև Թադևոսյանների երշիկեղենի գործարանը։ Հետագայում Նույն շենքում 1920-1929 թթ ապրել է սովետական պետական և քաղաքական գործիչ Ասքանազ Մռավյանը։ 2000 թ. շենքը համարակալվեց և ապամոնտաժվեց։[4]

Նախկինում Արամի փողոցում է գտնվել Հայաստանում Վրաստանի դեսպանատունը։ Այսօր այն տեղակայված է Բաբայան փողոցում։

Արամի և Տերյան փողոցի անկյունում գտնվող աղյուսե շենքը 1923 թվականից պատկանել է Հայֆիլմ կինոստուդիային։ Այստեղ են ստեղծագործել Համո Բեկնազարյանը, Արտաշես Հայ-Արտյանը, Լևոն Իսահակյանը, Լաերտ Վաղարշյանը, Յուրի Երզնկյանը, Գրիգորի Մելիք-Ավագյանը, Հենրիկ Մալյանը, Ֆրունզե Դովլաթյանը և այլք։ Երբ [1978] թ. կառուցվեց նոր շենքը, կինոստուդիան տեղափոխվեց։ Շենքի տարածքում նկարահանվել է Տժվժիկ ֆիլմը։ Այդ նույն տարածքի տներից մեկում է ապրել նաև Նիկոլ Թեհմուրազյանը, Երևանի առաջին պիոներական շրջիկ փողային նվագախմբի հիմնադիրը։[3]

Արամի 44 հասցեում է գտնվում մեծահարուստ Ֆադեյ Թադևոսյանի բնակելի տունը։ 1910-ականների կառուցված այս շենքը պատկանել է Երևանում ալյուրի մատակարարմամբ զբաղվող գործարար և մեծահարուստ Ֆադեյ Իվանի Թադևոսյանին։ 1921 թ. հայ մեծանուն կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը այս շենքում բացեց երաժշտական ստուդիա։ Այդ ստուդիայի հիման վրա էլ 1923 թ. հիմնվեց Երևանի պետական կոնսերվատորիան։ Այն գործեց մինչև 1930 թ., հետո տեղափոխվեց Հանրապետության 37 շենք և կրկին վերադարձավ այս շենք՝ գործելով մինչև 1948 թ.։ Այստեղ են ուսուցանել Ռոմանոս Մելիքյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Նիկողայոս Տիգրանյանը, Սպիրիդոն Մելիքյանը, Կոնստանտին Սարաջևը և շատ ուրիշներ։ Ավելի ուշ այս շենքում է գործել հայկական պետական մանկավարժական հեռակա ինստիտուտը։[3]

Կառավարական երրորդ շենքը Գլխավոր պողոտայից, 2015 թ.

Այսօր այդ շենքում է գործում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը։

Շենքի դիմացի մայթին՝ Արամի 23 հասցեում է գտնվում Զարմայր Անդրեասյանի կողմից նախագծված և սև տուֆից կառուցված շենքը։ Այսօր այդ շենքում է գործում Հայ Փոքրիկ Երգիչներ միջազգային ասոցիացիան։

Արամի փողոցի և Եզնիկ Կողբացու փողոցի խաչմերուկում՝ Արամի 29 հասցեում գործում է խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանի խաչքարների մշակման արհեստանոցը։

Արհեստանոցի դիմաց եղել է տուֆից կառուցված և 160 տարվա պատմություն ունեցող մի շենք, որտեղ մինչև 2000-ականները գործել է Վետերան մանկավարժների ակումբը։

Արամի 54 հասցեում է գտնվում Բանկի շենքը։ 1902 թ. Վասիլի Միրզոյանի և Նիկոլայ Կիտկինի նախագծով կառուցված այս շինությունը ի սկզբանե երկհարկանի է եղել։ Շենքում գործել է Պետական բանկի երևանյան մասնաճյուղը։ 1918-1920 թթ շենքում գործել է Հայաստանի առաջին Հանրապետության պետական բանկը, իսկ խորհրդային տարիներին շենքը եղել է ֆինանսների ժողկոմատի տրամադրության տակ։ Շենքը վերակառուցվել է 1934 թ. ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով և ավելացվել երրորդ հարկը, ինչպես նաև Եզնիկ Կողբացու փողոցի վրա գտնվող շենքի երկրորդ թևը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բանկի շենքը դարձավ հոսպիտալ, իսկ հետո՝ հիվանդանոց։ Այսօր այստեղ է տեղակայված №2 բուժմիավորման հիվանդանոցն ու կլինիկան։[3]

Քիչ վերև՝ Արամի փողոցի և Մաշտոցի պողոտայի անկյունում է գտնվող շենքում է գործում Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը, որը կրում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկաբարձ-գինեկոլոգ Պարթև Մարգարյանի անունը։ Վերջինս 1942 թվականից 24 տարի շարունակ եղել է ինստիտուտի տնօրենը։ Կառուցվել է 1931-1938 թթ՝ ճարտարապետներ Մարկ Գրիգորյանի և Նիկողայոս Բունիաթյանի նախագծով։ Խորհրդային տարիներին այդ շենքում ստեղծվեց Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը, որն անվանախոչվել էր Նադեժդա Կրուպսկայայի անունով։

Ժամանակին Արամի փողոցի հատում էր Մաշտոցի պողոտան և ձգվում մինչև Սարյան փողոց։ 2014 թ. Մաշտոցի պողոտայից մինչև Սարյան փողոց ձգվող զուգահեռ փողոցներն անվանափոխվեցին պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի անունով։ Չնայած այդ որոշմանը, այսօր Եղիշե Չարենցի տուն-թանգարանի մոտից մինչև Սարյանի փողոց ձգվող հատվածը շարունակվում է կոչվել Արամի փողոց (տես Կարեն Դեմիրճյան փողոց (Երևան)

Վերնիսաժը Գլխավոր պողոտայում

Մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանից Գլխավոր պողոտայի երկայնքով մինչև Խանջյան փողոցը ձգվող հատվածում է գտնվում Կառավարական 3 շենքը, որտեղ տարիներ շարունակ տեղակայված են եղել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Առողջապահության, Բնապահպանության, Գյուղատնտեսության, Էներգետիկայի և բնական պաշարների (2016-ից՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն) և Քաղաքաշինության (2016-ից՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե) նախարարությունները[6]։ 2016 թ., երբ Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառուցվեց կառավարության նոր շենքը, մի քանի նախարարություն տեղափոխվեցին նոր շենք, մի մասն էլ այլ վայրերից տեղափոխվեցին Կառավարական 3 շենք[7]։ 2002 թվականից այս շենքում է գործում նաև Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը և Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը։ Վերջինս շինարարական աշխատանքների պատճառով 2008 թվականին Ամիրյան 2 հասցեում գտնվող շենքից տեղափոխվեց այստեղ՝ հետ վերադառնալու պայմանով[8]։

Շենքին կից գտնվում է Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանը։ Այն շահագործման է հանձնվել 1981 թ. դեկտեմբերի 26-ին։ Կայարանի, վերգետնյա և ստորգետնյա կառույցների համալիրների (ներառյալ շատրվաններն ու զարդաքանդակները) հեղինակն է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը, ում նախագծով կայարանի վերգետնյա հատվածը պետք է դառնար թանգարան բաց երկնքի տակ։

Արամի և Խանջյան փողոցների խաչմերուկում է գտնվում Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը։ Այն կառուցվել է 1980 թ. և սկզբում կոչվել Կինոյի տուն։ Հետագայում 1988 թ. վերանվանվել է և կոչվել հիմնադրի՝ Հենրիկ Մալյանի անունով[9]։

Մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանից մինչև Խանջյան փողոց է ձգվում Գլխավոր պողոտան։ Դրա մի հատվածը 2015 թ. վերանորոգվել և արդիականացվել է։ 2016 թ. մայիսի 25-ին այստեղ տեղադրվեց հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը[10]։ Այստեղ է գործում նաև Վերնիսաժը, որի տարածքը ևս գտնվում է արդիականացման և բարեկարգման փուլում[11]։

Նշանակալի օբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]