Արտաշես Հայ-Արտյանը ծնվել է 1899 թվականին հոկտեմբերի 27-ին՝ Նախիջևանում։ Աշխատել է որպես բատրակ, այնուհետև Ղարսի հեռագրատանը որպես ցրիչ։ 1919 թվականին գալիս է Երևան և աշխատում է որպես զինվորական գրագիր։
1921 թվականին ավարտում է Երևանի Վարդան Միրզոյանի դրամատիկական ստուդիան։ 1922-1923 թվականներին սովորում է Մոսկվայի Ռուբեն Սիմոնովի ղեկավարած հայկական թատերական ստուդիայում։ Այնուհետև՝ 1923 թվականին սովորում է Պետական կինեմատոգրաֆիական տեխնիկումի դերասանական ֆակուլտետում։
1927 թվականին ավարտում է կինոինստիտուտը և շարունակում է աշխատել Մոսկվայի կինոստուդիայում, որտեղ և բեմադրում է «Պյոտր Իվանովիչ», «Ես փոքր չեմ» և «Հոտաղ» ֆիլմերը։
1931 թվականին ավարտում է ВГИК-ի երկամյա բարձրագույն ռեժիսորական դասընթացները (Ղեկավարներ՝ Սերգեյ Էյզենշտեյն և Աբրահամ Ռոմ)։
1935 թվականին Հայ-Արտյանը աշխատանքի է հրավիրվում Հայկինո։ 1937 թվականին նա թողարկում է իր առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը՝ «Կարո»-ն, որի սցենարը գրել էր ինքը՝ դրամատուրգ Ս. Տայցի հետ՝ Ա. Գայդարի «Դպրոցը» վիպակի մոտիվներով։
1940 թվականին էկրան է բարձրանում Հայ-Արտյանի երկրորդ գեղարվեստական ֆիլմը՝ «Մեր կոլխոզի մարդիկ»։ Այնուհետև երկար տարիներ Հայ-Արտյանը ստիպված է լինում զբաղվել կրկնօրինակումներով։ Եվ միայն 1955 թվականին նրան հնարավորություն է տրվում նկարահանել «Պատվի համար» գեղարվեստական ֆիլմը, որը ցուցադրվում է Մոսկվայում՝ 1956 թվականին Հայ արվեստի և գրականության տասնօրյակի օրերին։
Հայկինոյում բեմադրած հենց առաջին՝ «Կարո» ֆիլմում, Հայ-Արտյանը ցույց տվեց իր ռեժիսորական ունակությունները։
Իր երկրորդ՝ «Մեր կոլխոզի մարդիկ», ֆիլմում Հայ-Արտյանը խորացնում է հեղինակի նպատակը՝ ցույց տալով կոլտնտեսական երիտասարդության ձգտումը դեպի գիտությունն ու տեխնիկան։ Ընտրելով կինոկոմեդիայի ժանրը՝ ռեժիսորին հաջողվում է ստեղծել կենսուրախ և աշխույժ մի ֆիլմ, պատկերել գյուղի հին ու նոր մարդկանց՝ իրենց համագործակցության մեջ։
«Պատվի համար»-ում Հայ-Արտյանը հանդես է գալիս որպես կլասիկ երկի հաջող էկրանավորող։ Օգտագործելով կինոյի հնարավորությունները, նա կարողացել է բացահայտել դրամատուրգի մտահղացումները, ավելի բազմակողմանիորեն տալ միջավայրը, ավելի ցայտուն կերպով բնորոշել ֆիլմի հերոսներին։ Անշուշտ, ռեժիսորական վարժ աշխատանքի արդյունք են այն դրվագների նկարահանումները, ուր ցույց է տրված նավթի շատրվանը, Սուրենի զեխ կյանքը, փաստաթղթերը և այլն։
Հայ-Արտյանը մահացել է 1978 թվականի ապրիլի 13-ին Հայաստանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 154)։