Ռեժիսոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեժիսոր Հերբերտ Բրենոն դերասանուհի Ալլա Նազիմովայի հետ War Brides կինոնկարի վրա աշխատելիս, 1916

Կինոռեժիսոր կամ ռեժիսոր, մասնագետ, որը ղեկավարում է ֆիլմի կամ այլ տեսանյութի նկարահանման գործընթացը։ Ռեժիսորը տեսային իրականացնում է սցենարը, ղեկավարում է տեսանյութի արտիստիկ և դրամատիկ ասպեկտները, նաև ուղղորդում նկարահանման աշխատանքային անձնակազմին և օգնում դերասաններին սցենարին ու տեսանյութի էսթետիկային համահունչ աշխատանքի մեջ։

Որոշ դեպքերում ֆիլմի ռեժիսորը չունի մեծ ազդեցություն դերասանների վրա, դա կապված է մեծ նախագծերին հատուկ պրոդյուսերի առկայության և նրա պատասխանատվության աստիճանից։ Այս դեպքերում պրոդյուսերն ունի ավելի մեծ ձայնի ազդեցություն և սցենարի մշակման և ֆիլմի վերջնական մոնտաժի մեջ, հաճախ նաև ռեժիսորի հետ կոնֆլիկտի գնով։ Ռեժիսորների և պրոդյուսերների հաճախակի կոնֆլիկտի պատճառ է հանդիսանում պրոդյուսերների «կոմերցիոն» աշխատելաոճն ու եզրը, ինչը չի կարելի ասել ռեժիսորների մեծամասնության մասին։ Նրանց համար ֆիլմի կամ տեսանյութի էսթետիկ և գեղարվեստական արժեքը գերակշռում է քաղաքական և ֆինանսական արժեքներից։

Հեռուստատեսային սերիալների, ծրագրերի և շոուների ռեժիսորների աշխատանքային պատասխանատվությունն ավելի քիչ է քան կինոռեժիսորներինը, այս դեպքերում գործադիր-պրոդյուսերի կողմից արդեն նախագծված և հաստատված է տեսանյութի ոճը, կոնցեպցիան և հետագա զարգացումը, այս պայմաններում ռեժիսորի գործն ավելի նմանվում է կատարողականի քան ստեղծագործականի։ Հետևաբար մեծ էկրանի համար աշխատող՝ ավելի ստեղծագործական պատասխանատվություն կրող ռեժիսորների հոնորարները զգալիորեն բարձր են հեռուստատեսային ռեժիսորներից։

Պատասխանատվություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինգմար Բերգմանը լուսավորության վրա աշխատելիս, ըստ երևույթի ռենգենային ժապավենը ստուգելիս

Ռեժիսորը պատասխանատու է ֆիլմի կամ տեսանյութի գրեթե բոլոր ստեղծագործական ասպեկտների համար։ Նա ստեղծում է ֆիլմի տեսքը, որոշում թե ինչպես և ինչը պետք է ցուցադրվի, ինչ գույն պետք է ունենա և թե ինչ սերնդի, տարիքի և նախասիրության տեր հանդիսատեսի համար է տվյալ նյութը։ Կարճ ասված ռեժիսորը ֆիլմի պատմողն է։ Նա պատասխանատու է այնպիսի մանրամասների համար ինչպիսիք են՝ տեսախցիկի տեսանկյունը, օպտիկական էֆեկտները, լուսային դիրքորոշումը, դեկորացիաների դիզայնը և դրանց ստեղծման համար համապատասխան խմբի վարձակալումը, համակարգչային հատուկ էֆեկտների մասնագետների հետ աշխատանքը և այլն։ Ռեժիսորը պատասխանատու է դերասանների ընտրության՝ քասթինգի, նրանց խաղի ուղղորդման համար։ Հիմնականում ռեժիսորը մասնակցում է նաև ֆիլմի սցենարային, ֆինանսական, այնուհետև մոնտաժային և հետարտադրական աշխատանքներին։

Տարբեր ռեժիսորներ ունեն իրենց աշխատանքային ոճն ու մոտեցումները, համենայն դեպս նրանք այն կապող օղակն են աշխատանքային խմբի (օպերատորների, պարուսույցների, դիմահարդարողների, համակարգչային մասնագետների և այլն) և դերասանների միջև։ Աշխատանքի ցանկալի արդյունքը բոլոր ռեժիսորների մոտ նույնն է՝ գտնել դերասանների լավագույն խաղի և տեսքի օպտիմալ ներկայացում՝ իմաստի, տեղի, իրադարձության և սցենարային համապատասխանության հարաբերությամբ։ Ռեժիսորները հաճախ օգտագործում են նկարված ուղեցույցեր, նկարահանման ընթացքն ավելի պատկերովոր տեսնելու և տեսախցիկների տեսանկյունները հեշտությամբ ուղղորդելու նպատակով։

Ռեժիսորները մեծ աշխատանք են վարում նաև տեսանյութի հետարտադրական շրջանում։ Մոնտաժային մասնագետի կամ խմբագրի հետ որոշելով թե որ կերպարին ինչ մոտեցման կադրը, ինչ տևողությամբ պետք է ցուցադրվի և այլն։ Ռեժիսորը որոշում է նաև ընդհանուր տեսանյութի գունաուղղման ընթացքը՝ թե ինչ գունային գամմայով պետք է մատուցվի նյութը, տաք թե սառը, համապատասխան տեսանյութի ասելիքի էմոցիոնալ կողմին։ Ռեժիսորները հաճախ մասնակցում են նաև տեսանյութի ձայնամշակմանն ու երաժշտական ընտրությանը, այդ ընթացքը ղեկավարող կա նաև առանձին մասնագիտություն՝ ձայնառեժիսուրան։

Կինոռեժիսուրայի մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթոդները բազում են, սկսնակ ռեժիսորն ինքն էլ կարող է իր սեփական մեթոդը կիրառել, կարևորը ոչ թե մեթոդներն են այլ դրանց արդյունքը՝ լավ ֆիլմը կամ տեսանյութը։ Ստորև օրինակ են բերված մի քանի մեթոդներ տարբեր հանրահայտ ռեժիսորների կողմից կիրառվող։

  • Ներկայացնել ընդհանուր թեման և թույլ տալ դերասաններին իմպրովիզել երկխոսություններն ու գործողությունները։

Տվյալ մեթոդը կիրառում են հետևյալ ռեժիսորները՝ Ջոն Կասավետես, Քրիստոֆեր Գեսթ, Սփայք Լի, Վիմ Վենդերս, Ժան Լյուկ Գոդար, Միկլոս Ժանքսո, Ջուդ Ապատով, Ռոբերտ Ալտման և Ֆեդերիկո Ֆելլինի։

  • Ղեկավարել գործողության և խոսքի ամեն ասպեկտը՝ հետևելով նախապես հաստատված սցենարին։

Տվյալ մեթոդը կիրառում են հետևյալ ռեժիսորները՝ Սթիվեն Սփիլբերգ, Ջեյմս Քեմերոն, Ջորջ Լուկաս, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա, Սթենլի Կուբրիկ, Դևիդ Ֆինչեր և Ալֆրեդ Հիչքոք։