Ծնվել է 1945 թվականին Դյուսելդորֆ քաղաքում, Գերմանիա։ Օբերհաուզենի գիմնազիան ավարտելուց հետո բժշկություն (1963-1964) և փիլիսոփայություն (1964-1965) է սովորել Ֆրայբուրգում ու Դյուսելդորֆում։ 1966 թվականին մեկնել է Փարիզ՝ նկարիչ դառնալու նպատակով։ Արվեստի ակադեմիայի ընդունելության քննությունը չի անցել, փոխարենը դարձել է փորագրիչ Մոնպառնասում ապրող ամերիկացի արվեստագետ Ջոնի Ֆրիդլանդերի արվեստանոցում։ Այս ընթացքում տարվել է կինոյով. տեղի կինոթատրոնում օրական հինգ ֆիլմ էր դիտում։ 1967 թվականին վերադարձել է Գերմանիա և աշխատանքի անցել United Artists կինոընկերության Դյուսելդորֆի գրասենյակում։ Այդ տարվա աշնանն ընդունվել է Մյունխենի հեռուստատեսության և կինոյի բարձրագույն դպրոցը։ 1967-1970 թթ., սովորելուն զուգընթաց, կինոքննադատ է աշխատել FilmKritik պարբերականում, ապա՝ Sddeutsche Zeitung մյունխենյան օրաթերթում, Twen magazine-ում և Der Spiegel-ում։ Համալսարանը «Ամառը քաղաքում» լայնամետրաժ 16 մմ-անոց սև-սպիտակ ֆիլմով ավարտելուց առաջ մի շարք կարճամետրաժ ֆիլմեր է նկարահանել։ Կինոկարիերան սկսել է որպես 1960-ականների վերջին Նոր գերմանական կինոյի ներկայացուցիչ՝ 1970 թվականին ասպարեզ եկած «Ամառը քաղաքում» իր ռեժիսորական երախայրիքով։ Վենդերսի ստացած մրցանակների թվում են Վենետիկի ՄԿՓ-ի «Ոսկե առյուծը»` «Իրերի վիճակը» ֆիլմի համար (1982), Կաննի կինոփառատոնում Ոսկե արմավենու ճյուղը՝ «Փարիզ, Թեքսաս»-ի համար (1984), և լավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակը՝ «Ցանկության թևեր»-ի (1987) համար։ 1989 թվականին ՓարիզիՍորբոնի համալսարանի, իսկ 2005 թվականին Բելգիայի Լուվենի կաթոլիկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում է ստացել։ 2005 թվականին արժանացել է Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի պատվավոր «Ընձառյուծ» մրցանակին։ Մի շարք վավերագրական ֆիլմերի հեղինակ է։ Դրանցից ամենահիշարժաններից են ««Բուենա Վիստա» ակումբը»` կուբացի երաժիշտների մասին, և «Մարդու հոգին»` ամերիկյան բլյուզի մասին։ Բազմաթիվ երաժշտական տեսահոլովակներ է նկարահանել U2 խմբի մասնակցությամբ, ինչպես, օրինակ, «Stay (Faraway, So Close!)»-ը, և մի շարք գովազդային հոլովակներ հեռուստատեսության համար։ Վենդերսը Համաշխարհային կինոյի հիմնադրամի վարչության անդամ է։ Այս նախագիծը, որի հիմնադիրը Մարտին Սկորսեզեն է, նպատակ ունի գտնելու և վերանորոգելու համաշխարհային կինոյի վաղուց մոռացված ֆիլմերը։ 1996 թվականից Վենդերսը Եվրոպական կինոակադեմիայի նախագահն է, ինչպես նաև Համբուրգի արվեստի քոլեջի պրոֆեսոր։ Ապրում ու ստեղծագործում է Բեռլինում և ԱՄՆ-ում։ «Պինա» ֆիլմից առաջ՝ 2009 և 2010 թվականներին, նկարահանել է 2 կարճամետրաժ եռաչափ ֆիլմ։