Կաննի կինոփառատոն
Կաննի կինոփառատոն | |
---|---|
![]() | |
Տեսակ | կինոփառատոն |
Վայր | Կանն |
Կայք | festival-cannes.com |
Cannes Film Festival Վիքիպահեստում |
Կաննի միջազգային կինոփառատոն (ֆր.՝ Festival international du film de Cannes), կինոփառատոն, որը անցկացվում է ամեն տարվա մայիս ամսին Ֆրանսիայի Կանն քաղաքում։ Համարվում է ամենահեղինակավոր կինոփառատոններից մեկը[1][2]։
Առաջին անգամ անցկացվել է 1939 թվականին, իսկ կանոնավոր կերպով սկսել է անցկացվել 1946 թվականից սկսած։
Կինոփառատոնի գլխավոր մրցանակը «Ոսկե արմավենու ճյուղն» է (Palme d’Or ), որը շնորհվում է ժյուրիի կողմից ընտրված տարվա լավագույն ֆիլմին։ Մի քանի անգամ այն շնորհվել է միաժամանակ մեկից ավելի ֆիլմերի։
Մյուս մրցանակներից են Գրան պրիները լավագույն դերասանի, ռեժիսորի և սցենարիստի համար, Ժյուրիի հատուկ մրցանակ, Ոսկե արմավենու ճյուղը լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար, «Ոսկե տեսախցիկը» լավագույն դեբյուտային ֆիլմի համար և այլն։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիայում միջազգային կինոփառատոն անցկացնելու գաղափարի ծագումը կապվում է Վենետիկի կինոփառատոնի ժողովրդականության մեծանալու հետ: Իտալական կինոփառատոնի ձևաչափը 1930-ական թվականներին սկզբում ու կեսերին եղել է վիճելի: Ֆրանսիան ու Եվրոպայի՝ կինոաշխարհում առաջատար մյուս երկրները վատ էին ներկայացվում, ի տարբերություն կազմակերպիչ երկրի: 1938 թվականին անցկացված Վենետիկի 6-րդ կինոփառատոնը, որտեղ գլխավոր մրցանակներից մեկին արժանացավ Լենի Ռիֆենշթայլի «Օլիմպիա» ֆիլմը, ավարտվեց սկանդալով: Որպես Հիտլերի վարչակարգի՝ կինոփառատոնի ընթացքին միջամտելու դեմ ուղղված բողոքի նշան՝ ամերիկյան ու բրիտանական պատվիրակությունները լքել են ֆորումը: Արդյունքում ֆրանսիական կողմը որոշել է անցկացնել իր կինոփառատոնը, որ կունենա անկախ ժյուրի, և բոլոր երկրները պատշաճ ներկայացված կլինեն[3]:
Առաջին անգամ կինոփառատոնն անցկացվելու էր 1939 թվականի սեպտեմբերին: Ֆորումի անցկացման նախաձեռնողը եղել է Ֆրանսիայի կրթության նախարար Ժան Զեյը: Ժյուրիի պատվավոր նախագահ է նշանակվել Լուի Լյումիերը: Ծրագրում ներառվել են ամերիկյան «Հրաշագործը Օզ երկրից» (անգլ.՝ The Wizard Of Oz) և խորհրդային «Լենինը 1918 թվականին» ֆիլմերը: Սակայն կինոփառատոնի բացման արարողության անցկացմանը խանգարել է Եվրոպայում սկիզբ առած Երկրորդ համաշխարհային պատերազմը[4]: Կինոփառատոնն առաջինանգամ անցկացվել է 1946 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 5-ը Լազուր ափում գտնվող Կանն առողջարանային քաղաքում: Կինոփառատոնի ծրագրում ամենաառաջինը ներկայացվել է խորհրդային «Բեռլին» վավերագրական ֆիլմը, որի ռեժիսորն է Յուլի Ռայզմանը:
Իր ներկայիս մասշտաբն ու ժողովրդականությունը կինոփառատոնը ձեռք է բերել 1951 թվականից հետո, երբ մի քանի տարի ժյուրիի նախագահ է եղել Ժան Կոկտոն[3]: 1952 թվականից կինոփառատոնն անցկացվում է ամեն տարվա մայիսին[5] Փառատոնների ու վեհաժողովների պալատում (1968 թվականին ուսանողական խռովությունների պատճառով կինոփառատոնն ընդհատվել է, և մրցանակների հանձնման արարողություն տեղի չի ունեցել):
Կինոփառատոնը մշտապես գտնվում է զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Փառատոնին մասնակցում են համաշխարհային կինոյի տարբեր գործիչներ: Այն ժողովրդականություն է վայելում նաև պրոդյուսերների շրջանում, ովքեր այնտեղ նախապատրաստում են նոր նախագծեր կամ վաճառում արդեն եղածները:
Մրցութային ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցուցադրությանը մասնակցող ու հաղթող ֆիլմերի ընտրությունը կատարվում է մի քանի փուլով: Պաշտոնական և ոչ պաշտոնական ցուցադրությունների թեկնածու կարող է դառնալ ցանկացած ֆիլմ, որ բավարարում է նախնական պայմաններին: Ընտրության ներկայացված ֆիլմերը պետք է նկարահանված լինեն Կաննի կինոփառատոնին նախորդող տասներկու ամիսների ընթացքում և մասնակցած չլինեն կինեմատոգրաֆիական այլ ֆորումների մրցութային ծրագրերին:
Ֆիլմերի տևողությունը՝
- Կարճամետրաժ ֆիլմ – մինչև 15 րոպե՝ ներառյալ տիտրերը,
- Լիամետրաժ ֆիլմ՝ 60 րոպեից ավելի[Ն. 1]:
Մինչև 1970-ական թվականների վերջը երկրներն իրենք են ֆիլմերը ներկայացրել փառատոնին մասնակցելու համար, սակայն ներկայում դրանք ընտրում են փառատոնի ներկայացուցիչները[6]:
Հատուկ հանձնաժողովը մրցութային ծրագրի պահանջներին համապատասխան թեկնածուների շարքից ընտրում է նրանք, որոնք պետք է մասնակցեն[Ն. 2].
- Կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրին: Այդ ծրագրից ժյուրին ընտրում է «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկրին,
- «Հատուկ հայացք» ծրագրին,
- Կարճամետրաժ ֆիլմերի ծրագրին,
- Սինեֆոնդասյոն (Cinefondation) ծրագրին (ուսանողական կինոնկարների ծրագիր),
ինչպես նաև կինոփառատոնի մրցութային, պատվավոր ու ոչ մրցութային այլ ծրագրերի:
Խաղարկային ֆիլմերից բացի գլխավոր մրցանակին արժանացել են նաև վավերագրական ֆիլմեր («Ֆարենհայթ 9/11», «Լռության աշխարհում», ֆր.՝ Le Monde du silence):
2008 թվականին Կաննի կինոփառատոնի բյուջեն կազմել է շուրջ 20 մլն եվրո:
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Плахов А. С. Глава 1. Страсти под пальмами — Каннский кинофестиваль // Под знаком F. Кинофестивали: художественная публицистика. — М.: Д Графикс, 2006. — С. 9—113. — ISBN 5-9900507-1-2
- ↑ Forbes. Jill; Street, Sarah (2001)։ European Cinema: An Introduction։ London: Palgrave Macmillan։ ISBN 0-333-75210-4
- ↑ 3,0 3,1 The Classic French Cinema, 1930-1960 By C. G. Crisp / p223
- ↑ В условиях беспрецедентных мер безопасности открывается 59-й Каннский кинофестиваль // newsru.com, 17 мая 2006 , ссылка проверена 30 ноября 2008
- ↑ Ըստ պաշտոնական կայքի տվյալների
- ↑ «Александру Сокурову нашли пару» № 67(3643) от 20.04.2007 Андрей Ъ-Плахов. Газета «Коммерсантъ»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կաննի կինոփառատոնի պաշտոնական կայքը(ֆր.)(անգլ.)
- Կաննի կինոփառատոն(անգլ.) Internet Movie Database կայքում
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կաննի կինոփառատոն կատեգորիայում։ |
|