Ֆադեյ Քալանթարյանի բնակելի տուն
Ֆադեյ Քալանթարյանի բնակելի տուն | |
---|---|
Ֆադեյ Քալանթարյանի բնակելի տունը | |
Տեսակ | մշակութային արժեք և բնակելի տուն |
Երկիր | Հայաստան[1] |
Բնակավայր | Երևան և Կենտրոն վարչական շրջան |
Հասցե | Երևան, Արամի փողոց 9 |
Շինության ձև | Պատմամշակութային հուշարձան |
Մասն է | Փողոցի կառուցապատման հատվածներ. Ցարական փողոցը |
Ներկա վիճակ | Կիսաքանդ |
ՀՀ ՊՄԱՀ | 1.6/206.2 |
Aram Manukian's house in Yerevan Վիքիպահեստում |
Ֆադեյ Քալանթարյանի բնակելի տուն, հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Արամի փողոցում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը կառուցվել է 1906 թ. ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով։ Սկզբում այն պատկանել է արքունի խորհրդական, հաշտարար, Երևանի քաղաքային դումայի պատգամավոր Ֆադեյ Քալանթարյանին։
1917 թ. դեկտեմբերին, երբ հայոց նորագույն պետականության հիմնադիր, նախկինում Վանի նահանգապետ Արամ Մանուկյանը Թիֆլիսից տեղափոխվում է Երևան, Ֆադեյ Քալանթարյանը նրան նվիրում է այն ժամանակ Ցարսկայա փողոցում գտնվող իր բնակարանը։ Այսպիսով, Արամ Մանուկյանն իր ընտանիքի հետ տեղափոխվում է այս շենք։ 1918 թ. նա հանդիպում է հայկական որբանոցի բժշկուհի Կատարինե Զալյանին, շուտով նրանք ամուսնանում են և բնակվում այս շենքում[2]։
Արամ Մանուկյանն այստեղ ապրեց 1 տարուց քիչ ավելի՝ 1917-1919 թթ։ Նա մահացավ 1919 թ. հունվարին՝ ծանր հիվանդությունից։ Հայաստանի խորհրդայնացումից հետո շենքը ազգայնացվեց։
1924 թ. Հայաստանի կառավարության հրավերով Ստեփան Լիսիցյանը Թիֆլիսից ժամանում է Երևան։ Նա հաստատվում է այն ժամանակ Սպանդարյան կոչվող փողոցի այս շենքում։ Այստեղ են ծնվում Ստեփան Լիսիցյանի և նրա կնոջ՝ մանկավարժ Կատարինեի երեկ զավակները՝ արվեստաբան Լևոն Լիսիցյանը, նշանավոր ազգագրագետ Սրբուհի Լիսիցյանը և հայտնի պարուհի, հետագայում տնտեսագիտության դոկտոր Նազելի Լիսիցյանը։
Այս շենքում է բնակվել նաև Ստեփան Լիսիցյանի ավագ եղբայրը՝ Սահակ Լիսիցյանը, ով Կովկասի հայոց բարեգործական ընկերության վարչության անդամ էր[3]։
Այստեղ է բնակվել Արտեմի Այվազյանի Պետական ջազ նվագախմբի անդամ, պարող Գևորգ Օրդոյանը։
Հետպատերազմյան տարիներին այս շենքում է բնակվել նաև լուսավորության ժողկոմ Արուսյակ Խաչիկյանը և Հայաստանի ձկնային տնտեսության նախագահ Հակոբ Դանիելյանը։
Շենքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը երկհարկանի է։ Կառուցված է սև տուֆից։ Ունեցել է փայտյա պատշգամբ։
Պահպանվել են միայն դիմամասն ու պատերը։
Ներկայիս կարգավիճակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ շենքը ներառվել է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան[4]։
2005 թ. Երևանի քաղաքապետարանի որոշմամբ Արամի, Բուզանդի և Կողբացու փողոցների մի հատվածը օտարվեց։ Օտարված շենքերի ցանկում էր նաև Ֆադեյ Քալանթարյանի բնակելի տունը[5]։
Շենքերի օտարումից հետո` 2005 թվականից ի վեր շենքի վերակառուցումը ներառված է Երևանի քաղաքապետարանի «Հին Երևան» ծրագրում։ Այդ ծրագրով նախատեսվում է Գլխավոր պողոտայի տարածքում՝ Աբովյան, Բուզանդի, Կողբացու և Արամի փողոցներում վերականգնել 19-րդ դարին պատկանող և ապամոնտաժված շուրջ 15 շինություն։ 15 տարի քննարկվող այդ ծրագիրը պիտի ավարտին հասցվեր 5 տարվա ընթացքում, սակայն շինարարական աշխատանքները դեռ չեն սկսվել[6]։
ՀՀ կառավարության 2007թ. հունվարի 25-ի 108-Ն որոշմամբ` Արամի փողոցի մի շարք շինությունների զբաղեցրած հողամասերը, ներառյալ Ֆադեյ Քալանթարյանի բնակելի տունը, ճանաչվել են բացառիկ՝ գերակա հանրային շահ։ Շենքն ու հողատարածքը պատկանում են «Գլենդել Հիլզ» ընկերությանը[7]։
2017 թ. հունվարի 30-ին Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և Մնջախաղի պետական թատրոնի մասնակցությամբ շենքի բակում կազմակերպվեց ակցիա, որի նպատակն էր հանրության ուշադրությունը հրավիրել շենքի պահպանության խնդրին[8]։
Հասարակական և քաղաքական մի շարք կազմակերպություններ ու նախաձեռնություններ մի քանի անգամ հանդես են եկել շենքը վերանորոգելու և այն թանգարան դարձնելու առաջարկով[9]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Արամ Մանուկյանի տունը Երևանում
- ↑ «Փողոց» ծրագիր
- ↑ «Նարեկ Սարգսյանը խոստանում է հետևողական լինել Արամ Մանուկյանի տունը պահպանել-վերակառուցելու հարցում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
- ↑ ՎՏԱՐԱՆԴԻ` ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ՈՒ Ի´Ր ԿԵՐՏԱԾ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
- ↑ ««Հին Երևանի» ճարտարապետին զայրացրել է Արամ Մանուկյանի շենքի քանդման շուրջ աղմուկը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
- ↑ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ֆլեշբոմ՝ Արամ Մանուկյանի տան մոտ
- ↑ Բիզնես, թե՞ աբսուրդ. Արամ Մանուկյանի տունը քանդելու ահազանգի հետքերով
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆադեյ Քալանթարյանի բնակելի տուն կատեգորիայում։ |
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/206.2 |