Տուն (շինություն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տուն (այլ կիրառումներ)
Տեսակ | building type? |
---|---|
Շինանյութ | շինարարական նյութեր |
Կազմված է | Տանիք, պատ, պատուհան, դուռ, սենյակ, Հատակ, podval և Ձեղնահարկ |
Օգտագործվում է | տուն, ապաստան և housing? |
Տուն, շինություն, վայր, որտեղ բնակվում են մարդիկ և (ընտանի) կենդանիները։ Տուն են համարվում տարբեր կառույցներ՝ սկսած քոչվորական պարզունակ շինություններից մինչև փայտե, աղյուսե, երկաթբետոնե կամ քարաշեն բարդ ճարտարապետական կառույցները՝ համալրված կոյուղով, ջրմուղով, էլեկտրականությամբ և օդափոխության համակարգով[1][2]։ Սովորաբար տունը ծառայում է որպես պատսպարան վատ եղանակից, քնի, սերնդի խնամքի և հանգստի համար։ Տները բաղկացած են տարբեր տանիքային համակարգերից՝ որոնք պաշտպանում են բնակելի տարածքը տեղումներից։ Տները կարող են ունենալ դռներ, այդ թվում՝ գաղտնի, որոնք պաշտպանում են տան բնակիչներին և ունեցվածքը կողոպտիչներից կամ այլ անցանկալի մարդկանցից։ Արևմտյան մշակույթում սովորական տների մեծամասնությունը բաղկացած է մեկ կամ ավելի ննջասենյակներից և լոգարաններից, խոհանոցից և հյուրասենյակից։ Տունը կարող է ունենալ նաև առանձին ճաշասենյակ, իսկ Հյուսիսային Ամերիկայի որոշ մեծ տներ ունեն նաև ժամանցի ու հանգստի սենյակ։ Ավանդական գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող տներում ընտանի կենդանիներն ու թռչունները կիսում էին բնակելի տարածքը մարդկանց հետ։ Տանը բնակվող հասարակական միավորման ձև է ընտանիքը։ Տանը կարող են բնակվել նաև այլ միավորումներ կամ իրար հետ կապ չունեցող անհատներ։ Որոշ տներ նախատեսված են միայն մեկ ընտանիքի բնակության համար, մինչդեռ բազմաբնակարան տները՝ քաղաքային բնակավայրերում նախատեսված են բազմաթիվ ընտանիքների բնակության համար։ Տները կարող են ունենալ կից կամ օժանդակ շինություններ՝ ավտոտնակ, մառան, խորդանոց, որտեղ պահվում են այգեգործության պարագաներ և գործիքներ, ինչպես նաև ետնաբակ և պարտեզ, որոնք նախատեսված են ընտանիքի հանգստի և ժամանցի համար։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլերեն house բառը ծագել է հին անգլերենի «Hus» բառից, որը նշանակում է «կացարան», «օթևան», կամ «բնակարան», որն էլ իր հերթին ծագել է պրոգերմաներեն «husan» բառից, որի ծագումն անհայտ է[3]։ Նախասեմական լեզվում տուն բառն արտահայտվում էր «B» հիերոգլիֆի միջոցով։ Հիերոգլիֆը տարբեր կից լեզուներում հնչում էր «բայթ» կամ «բետ» և դարձավ հունարենի «բետա» տառը, որը և գործածում էին հռոմեացիները[4]։
Տարրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանրապես տուն նախագծող ճարտարապետները սենյակները նախագծում են ըստ այն մարդկանց պահանջմունքների, որոնք բնակվելու են այդ տանը։ Այդպիսի նախագծերը, որոնք հայտնի են որպես «ինտերիերի դիզայն», դարձել են բուհերում ուսումնասիրվող հիմնական նախագծեր։ Միացյալ Նահանգներում տան քառակուսաձև հատակագիծն ընդգրկում է բնակել տարածք և դուրս է թողնում ավտոտնակը և այլ ոչ-բնակելի հատվածներ, մինչդեռ Եվրոպական քառակուսաձև հատակագիծն ընդգրկում է նաև ավտոտնակը և մնացած ոչ-բնակելի տարածքները[5]։ Հարկերի թիվը կարող է ազդել տան քառակուսաձև հատակագծի վրա։
Մասեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ տներ ունեն մի քանի հատուկ գործառույթներով ընդարձակ սենյակներ և մի քանի փոքր սենյակներ զանազան այլ նպատակների համար։ Սրանք կարող են ներառել բնակելի, սնվելու, քնելու տարածքներ և (եթե առկա են համապատասխան հարմարություններ և ծառայություններ) առանձին կամ ընդհանուր լոգարան և սանիտարական հանգույց։ Որոշ մեծ առանձնատներ ունենում են նաև այնպիսի տարածքներ, ինչպիսիք են սպա-լոգարանը, ներսի լողավազանը, բասկետբոլի խաղադաշտը և ուրիշ «ոչ կենսական» հարմարություններ։ Ավանդական գյուղատնտեսական ուղղություն ունեցող տները կարող են ունենալ ընտանի կենդանիների համար հատկացվող տարածքներ. այսպիսի տներում ընտանի կենդանիներն ու թռչունները բնակելի տարածքը կիսում են մարդկանց հետ։ Սովորական բնակելի տների մեծամասնությունը առնվազն բաղկացած է հյուրասենյակից, ննջասենյակից, լոգարանից և խոհանոցից կամ սննդի պատրաստման համար նախատեսված այլ տարածքից։ Ամերիկյան տիպիկ քառակողմ տունը (ինչպես պատկերված է նկարում) բնորոշ է Միացյալ Նահանգների վաղ պատմական ժամանակաշրջանին։ Տունը հիմնականում կառուցվում էր կենտրոնական մասում սանդուղքով, շուրջը չորս սենյակ, որոնք կապված էին տան մնացած հատվածների հետ, իսկ ավելի ուշ շրջանի նախագծերում՝ նաև ավտոտնակի հետ։
Ինտերիերի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղնջական ժամանակաշրջանների տան և նրանց ներքին հրդարանքի մասին շատ բան հայտնի չէ, այնուամենայնիվ դա կարելի է համարել պարզագույն կացարանների ձև։ Հին հռոմեացի ճարտարապետ Վիտրուվիոսի տեսությունների համաձայն վաղ ճարտարապետական ձևը որպես փայտե շրջանակներով եզրավորված և ցեխե վերջավորություն կամ «տանիք» ունեցող խրճիթ[6]։ Ֆիլիպ Թաբորը հետագայում նշում է 17-րդ դարի հոլանդական տների ավանդը այսօրվա տների հիմնադրման մեջ։ «Ինչ վերաբերվում է տան գաղափարին, ապա տուն էր կոչվում հենց նիդեռլանդականը։ Այս գաղափարի բյուրեղացումը թվագրվում է հավանաբար 17-րդ դարի առաջին երեք քարորդներին, երբ հոլանդական Նիդեռլանդները կուտակել էր կապիտալի աննախադեպ և անզուգական քանակ, որն էլ դատարկվեց սեփական «տնային» տարածքում[7]»։
Համընդհանուր սենյակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարում հասարակության բարձր խավին պատկանող մեծ առանձնատները հարմարեցված էին տարաբնույթ միջոցառումների և արարողությունների համար։ Դեռ ավելին, այդպիսի տներում ապրում էին բազմաթիվ մարդիկ, ներառյալ ընտանիքի անդամները, ազգականները, վարձու աշխատողները, սպասավորները և հյուրերը[6]։ Նրանք մեծ մասամբ վարում էին համընդհանուր ապրելակերպ այնպիսի տարածքներում, ինչպիսիք էին Մեծ Սրահը, նախատեսված ճաշկերույթների և ընդունելությունների համար, կամ այսպես կոչված «Սոլար» սենյակը՝ նախատեսված համատեղ մահճակալների համար[8]։
Համակցված սենյակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]15-րդ և 16-րդ դարերում իտալական վերածննդի դարաշրջանի պալացոները բաղկացած էին բազմաթիվ իրար հետ կապված սենյակներից։ Ի տարբերություն գյուղական կալվածատիրական տների, պալացոները ունեին որևէ նպատակ չունեցող, սակայն շատ դռներից բաղկացած սենյակներ։ Այս դռները միավորում էին սենյակներ, որոնք, ըստ Ռոբին էվանսի, անջատ, բայց ամբողջովին համակցված բաժանմունքներով կառույցներ էին[9]։ Այսպիսի նախագիծը թույլ էր տալիս պալացոների բնակիչներին ազատ երթևեկել տնով մեկ՝ խախտելով անձնականի և անձեռնմխելիության սահմանները։ «Ներս մտնելով այդպիսի տներ, անհրաժեշտ է մի սենյակից մյուսն անցնել, ապա մյուսը, որպեսզի հասնես քեզ անհրաժեշտ սենյակը։ Այնտեղ, որտեղ օգտագործվում էին միջանցքներն ու սանդուղքները, իսկ դրանք անխուսափելիորեն գործածվում էին, դրանք գրեթե միշտ միացնում էին մեկ տարածքը մյուսին և երբեք չէին ծառայում որպես շարժման ընդհանուր բաշխիչներ։ Այսպիսով, չնայած ճարտարապետության ճշգրիտ պահպանմանը, որը դրսևորվում էր սենյակում սենյակի ավելացմամբ, առանձնատունը կամ պալացոն, զբաղեցվածության տեսանկյունից բաց նախագիծ էր՝ տան բազմաթիվ անդամների համար հազիվ տանելի բնակելի պայմաններով»[9]։ Այնուամենայնիվ, չնայած համընդհանուր լինելուն, տների այսպիսի բաց նախագծերը նպաստում էին բոլոր բնակիչների սերտ շփմանը և կապին[6]։
Միջանցք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սենյակների տարանջատման և մասնավոր տարածքների հետագա բարելավման վաղ օրինակ կարելի է համարել Չելսիի Բիֆորտ Հաուզում։ Այն նախագծել է անգլիացի ճարտարապետ Ջոն Թորպը, որն իր նախագիծը կոչել է. «Մի երկար անցուղի բոլորի համար»[10]։ Սենյակի և անցուղու տարանջատումը առաջ բերեց միջանցքի գործառույթ։ Այս նոր ճարտարապետական ընդլայնումն այդ ժամանակների համար հեղափոխություն էր և այն թույլ էր տալիս յուրաքանչյուր սենյակի ունենալ դուռ՝ որոնք էլ կապված էին միևնույն միջանքի հետ։ Անգլիացի ճարտարապետ Սըր Ռոջեր Պրատը նշում է. «Ամբողջ տան երկայնքով մեկ ընդհանուր անցուղի ունենալը հնարավորություն է տալիս քեզ պետք եղած սենյակը հասնելու համար չանցնել մի քանի այլ սենյակների միջով»[11]։ 17-րդ դարում բարձր են գնահատվել հասարակական ստրատիֆիկացումները, քանի որ ճարտարապետությունն ի զորու էր կրճատել սպասավորների թիվը։ Միջանցքները տան բնակչին առաջարկում էին մասնավոր՝ անձնական տարածքի առավել մեծ անձեռնմխելիություն և ինչպես հետագայում ավելացրել է Պրատը. «Սովորական սպասավորները անցուդարձ անելիս հնարավոր է, որ երբեք չերևային հյուրերի կամ տան բնակիչների աչքին»[11]։ Միջանցքների շնորհիվ հնարավոր դարձած այս սոցիալական տարանջատումը հասարակության հարուստ և աղքատ խավերի միջև բարձրացրեց միջանցքների դերը և ընդգրկումը 19-րդ դարի տների շինարարության մեջ։ Սոցիոլոգ ճարտարապետ Վիտոլդ Ռիբզիցկին գրում է. «Սկսվել էր տների ստորաբաժանումը ցերեկային և գիշերային, ինչպես նաև պաշտոնական և ոչ պաշտոնական գործածության տարածքների միջև»[12]։ Ընդհանուր գործածության սենյակները վերածվում էին մասնավորների՝ քանի որ դրանց միակ մուտքը ծառայում էր միայն կոնկրետ նպատակով սենյակ մտնելու համար[6]։
Առանց ծառայողների տուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համեմատած Անգլիայի և Վերածննդի դարաշրջանի ընդարձակ տների, 17-րդ դարի հոլանդական տները ավելի փոքր էին և այնտեղ բնակվում էին ընտանիքի ամենաշատը չորս կամ հինգ անդամ[6]։ Սա հնարավոր էր այն բանի շնորհիվ, որ հոլանդական տների բնակիչները իրենք էին պատասխանատվություն կրում տան և տնտեսության գործերի համար[6], ի հակադրություն սպասավորներից կախվածության և ըստ այդմ, այսպիսի տներում կենսակերպը կենտրոնացված էր ընտանիքում։ Հոլանդացիների համար կարևոր էր աշխատանքը տարանջատել տնային տնտեսությունից, քանի որ տունը դարձել էր շրջապատից մեկուսանալու և հարմարավետության վայր։ Այս կենսակերպը և տունը շատ ընդհանուր գծեր ունեն ժամանակակից տան և նրա բնակիչների կենսակերպի հետ։ Տների հատակագծերում սկսեցին ներառվել միջանցքներ, որպես անձնական տարածքը ընդհանուրից առանձնացնող կարևոր բաժիններ։ Մինչև 17-րդ դարի վերջը տների հատակագծերը նախագծվում էին արդեն առանց ծառայողական հարկաբաժինների՝ կիրառելով այդ գաղափարները ապագայի համար։ Սա նպաստավոր էր արդյունաբերական հեղափոխության համար՝ ավելացնելով գործարանային լայնածավալ արտադրությունը և բանվորների թիվը[6]։ Հոլանդական տան նախագիծը և դրա գործառույթները դեռ կիրառվում են այսօր։ Տան տարբեր բաժինների անուններ հաճախ կրկնում են այլ շինությունների բաժինների անուններ, սակայն դրանք հիմնականում հետևյալն են.
-
Ագարակ Բութանում
-
Տուն Կամբոջայում
-
Ավանդական տուն Կոլումբիայում
-
Ավանդական տներ Ֆազայում, Քենիա
-
Ավանդական գյուղական տուն Բանաույում, Ֆիլիպիններ
-
Տուն Սերբիայում
Տեխնոլոգիա և գաղտնիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տան ներսում տեխնոլոգիաների և էլեկտրականության ներմուծումը հարցականի տակ է դրել տան անձեռնմխելիության, մասնավոր տարածքի տպավորությունը, ինչպես նաև տան և աշխատավայրի տարանջատումը։ Տեսանկարահանող սարքերի և հաղորդակցության միջոցների տեխնոլոգիական առաջընթացը թույլ է տալիս հասկանալ անձնական սովորություններն ու մասնավոր կյանքը[6]։ Արդյունքում. «անձնականը դառնում է ավելի հանրային և աճում է փափագը պաշտպանված տնային կյանքի նկատմամբ, որը քայքայվում է լրատվամիջոցների անընդհատ ներկայությունից»,- գրում է ճարտարապետ Ջոնաթան Հիլը[6]։ Հաղորդակցության զարգացման արդյունքում փոխվել է նաև աշխատանքը։ «Տեղեկատվության հեղեղը»[6] արտահայտվում է աշխատանքի մեջ, երբ տանը հարմարավետորեն կարողանում ես ձեռք բերել տեղեկատվական ցանկացած հասանելիություն։ Չնայած կրճատվում է իրական շփումը, աշխատանքը կենսակերպից տարանջատելու ցանկությունն անփոփոխ է մնում[6]։ Ջոնաթան Հիլի «Անչափահաս ճարտարապետը» գրքում հեղինակը դեպի մասնավոր կյանք այս նոր ներխուժումը բնորոշում է որպես «էլեկրամագնիսական եղանակ»։ Բնական թե արհեստական, այս եղանակը մրցակից է մնում թե՛ տան ներսում, թե՛ տնից դուրս, մինչդեռ էլեկտրամագնիսական եղանակը ի վիճակի է ջերմացնել երկու դեպքում էլ[6]։ Մյուս կողմից, որոշ ճարտարապետներ տները նախագծում են այնպես, որ համատեղվի ուտելը, աշխատելն ու ապրելը։
Շինարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Նահանգներում տների շինարարության ժամանակակից տեխնոլոգիաները ներառում են թեթև կարկասային կոնստրուկցիա (այնպիսի տարածքներում, որտեղ հասանելի են փայտանյութի պաշարներ), հում աղյուս, կամ երբեմն կավ (այնպիսի չորային շրջաններում, որտեղ քիչ են փայտանյութի պաշարները)։ Որոշ շրջաններում գրեթե բացառապես օգտագործվում է աղյուս և քարհանքի ապար։ Ալյումինը և պողպատը որոշ չափով փոխարինել են ավանդական շինարարական նյութերին։ Գնալով առավել նախընտրելի շինարարական նյութերը սկսում են ներառել երկաթբետոն, փրփրային շերտատախտակ և թեթև կամ ծանր երկաթե տախտակներ։ Ամենից հաճախ մարդիկ տներ կառուցում են մոտակա ամենահասանելի շինարարական նյութից և հաճախ ավանդույթներն ու մշակույթն են կառավարում այդ նյութերի ընտրությունը, այնպես որ ամբողջ բնակավայրեր, քաղաքներ, շրջաններ և նույնիսկ երկրներ կարող են կառուցված լինել միևնույն հիմնական շինարարական նյութից։ Օրինակ, ամերիկյան տների մեծամասնությունը կառուցված է փայտից, բրիտանական կամ եվրոպական շատ տներ՝ քարից կամ աղյուսից, հայկական տների մեծամասնությունը՝ տուֆից և այլն։
1900-ական թվականներից սկսած տուն նախագծողներից որոշներն սկսեցին օգտագործել կիսաֆաբրիկատ շինանյութեր, որոնք հատկապես մեծ տարածում ստացան Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո։ Նախ ներքին փոքր սենյակներն էին կառուցվում, ապա ամբողջական հիմնական պատերը և հետո տեղափոխվում էին շինարարական հրապարակ։ Կիսաֆաբրիկատների օգտագործումը կապված էր անբարենպաստ եղանակի դեպքում աշխատուժը ծածկի տակ օգտագործելու հետ։ Վերջերս շինարարներն սկսել են համագործակցել շինարար-ճարտարագետների հետ, որոնք օգտագործում են համակարգչային գրաֆիկա՝ պողպատե կոնստրուկցիաներ նախագծելու համար, որոնք կայուն են ուժեղ քամիների և երկրաշարժերի նկատմամբ։ Այս նորագույն շինարարական նյութերն ապահովում են աշխատուժի խնայողություն, ավելի հետևողական որակ և հնարավոր արագացված շինարարական գործընթաց։ Վերջին տարիներին առավել քիչ գործածվող շինարարական մեթոդները մեծ ժողովրդականություն են ձեռք բերում։ Թեպետ լայնորեն չկիրառվելուն, այս մեթոդները հաճախ են գրավում տուն կառուցողներին և ակտիվորեն մասնակցում տան շինարարության գործընթացին։ Դրանք ներառում են.
- Կանեփաաղյուսային կոնստրուկցիաներ
- Կավափայտային կոնստրուկցիաներ
- Գեոդեզիական գմբեթներ
- Հարդի հակերի կոնստրուկցիաներ
- Ծղոտի և կավի կոնստրուկցիաներ
- Փայտե կոնստրուկցիաներ
- Կարկասային կոնստրուկցիաներ
Էներգաարդյունավետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից աշխարհում տների նախագծման մեջ կարևորվում է էներգախնայողությունը։ Տները ստեղծում են ածխածնի արտանետումների զգալի մասը (ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Միացյալ Թագավորությունում ածխածնի արտանետումների շուրջ 30 %-ը ստեղծում են տները)[13]։ Ներկայումս շարունակվում է էներգախնայող տների տեսակների և տեխնիկաների մշակումը։ Դրանք ներառում են «զրո- էներգիա ծախսող», «պասիվ-արևային», «ավտոնոմ» և «պասիվհաուզ» տների տեսակները։
Երկրաշարժից պաշտպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրաշարժերից պաշտպանության ինժեներական լուծումներից մեկը հիմքի մեկուսացումն է, որը լայնորեն կիրառվում է ժամանակակից ճարտարագիտության մեջ։ Հիմքի մեկուսացումը շենքի կառուցողական տարրերի համալիրն է, որն էականորեն բաժանում է շենքը ցնցվող գետնից՝ պաշտպանելով շենքի ամբողջականությունը[14] և մեծացնելով դրա սեյսմակայությունը։ Այս տեխնոլոգիան, որը սեյսմիկ տատանման հսկողության տեսակ է, կարելի է կիրառել թե՛ նոր կառուցվող շենքերում և թե՛ ավելացնել արդեն կառուցված շենքերի հիմքերին[15]։ Սովորաբար արտափորումը կատարվում է շենքի շուրջը և շենքն առանձնացվում է հիմքից։ Պողպատե կամ երկաթբետոնե հեծանները փոխարինում են հիմքի միացումներին, իսկ դրանց տակ մեկուսիչ թամբերը կամ հիմքի մեկուսիչները փոխարինում են հանված նյութին։ Հիմքի մեկուսացումը ոչ միայն ձգտում է սահմանափակել գետնի ցնցումների փոխանցումը շենքին, այլ նաև հիմքի վրա ամուր պահում է այն։ Այս տեխնոլոգիան կիրառելը պահանջում է հատուկ ուշադրություն այն հատվածներում, որտեղ շենքը շփվում է գետնի հետ, հատկապես մուտքերի, սանդղավանդակների և թեքահարթակների մոտ։ Հնդկեղեգը շատ ճկուն, երկրաշարժակայուն շինանյութ է, քանի որ այն ստացվում է արագ աճող բույսից։ Ասիայում հնդկեղեգի տարածվածությամբ պայմանավորված, դրանից կառուցված տները շատ տարածված են որոշ ասիական երկրներում։
Թափոնային շինանյութեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհի շատ երկրներում տները կառուցվում են թափոնային շինանյութերից։ Մանիլայի Պայատաս թաղամասում ետնախորշերի տների համար շինանյութ է ծառայում մոտակա աղբանոցի թափոնները[16]։ Դակարում աղբի և ավազի խառնուրդից բաղկացած հիմքի վրա կառուցված տները սովորական երևույթ են։ Աղբի և ավազի այդպիսի խառնուրդից կառուցված հիմքերը նաև օգնում են տները ջրհեղեղներից պաշտպանելու համար[17]։
Իրավական արտոնագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական կարևորություն ունեցող շենքերը կարող են ստանալ պետական, իրավական արտոնագրեր, կամ նրանց վրա կարող են տարածվել իրավական սահմանափակումներ։
Հայտնի տներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրերի և բնակարանների խտության աճին զուգընթաց, տները միմյանցից տարբերելու համար, մարդիկ տներին կամ հողատարածքներին հատուկ անուններ են տալիս և այդ անուններն, իրենց հերթին, կարող են ձեռք բերել զգալի զգացմունքային նշանակություն, ինչպես օրինակ Ֆորսթերի «Հովարդս Էնդի» տունը կամ Իվլին Վոյի «Վերադարձ Բրայթսհեդ» վիպակի ամրոցը։ Բացի հատուկ անուններից, տներին տրվում են նաև համարներ, որը տները միմյանցից տարբերելու առավել ընդհանուր և տարածված եղանակ է։
Ազգային տներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրագնդի տարբեր անկյուններում տեղական բնակչությունը ձևավորել է ազգային բնակարանների իրենց տեսակները։ Քոչվոր ազգերի մոտ դրանք, որպես կանոն, յուրդեր են, չադրներ կամ վիգվամներ, մինչդեռ լեռնային շրջաններում կառուցվում են տրուլլիներ, շալեներ կամ պալյասոներ։
- Գլխատուն (Հայաստան)
- Վիգվամ (Հյուսիսային Ամերիկա)
- Թիպի (Հյուսիսային Ամերիկա)
- Հոգան (Հյուսիսային Ամերիկա)
- Պալյասո (Իսպանիա)
- Տրուլլի (Իտալիա)
- Ֆանզա (Չինաստան)
- Չադր (Արաբիա, Հյուսիսային Աֆրիկա)
- Յուրդ (Ղազախստան, Ղրղզստան, Մոնղոլիա)
- Իգլու (Գրենլանդիա)
- Չում (Սիբիր)
- Յարանգա (Սիբիր)
- Ռոնդավել (Հարավաֆրիկյան Հանրապետություն)
- Շալե (Շվեյցարիա)
- Իզբա (Ռուսաստան)
- Հատա (Ուկրաինա)
- Մազանկա (Ուկրաինա)
- Սակլյա (Վրաստան)
-
Յուրդ
-
Պալյասո
-
Իզբա
Կենդանիների տներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդիկ հաճախ են տներ կամ բներ կառուցում ընտանի և վայրի կենդանիների համար և դրանք հաճախ լինում են բնակելի տների ավելի փոքր պատճեններ։ Ընտանի կենդանիների համար կառուցվող տներն ընդգրկում են թռչնանոցները, հավանոցները, շների բները, մինչդեռ գյուղական ագարակներում մարդիկ տներից ոչ հեռու կառուցում են գոմեր, փարախներ և ախոռներ։
Տները և խորհրդապաշտությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տները կարող են արտահայտել իրենց կառուցողների կամ բնակիչների կարծիքները, խոհերը, կամ այն հանգամանքները, որոնցում կառուցվել են դրանք։ Այսպես, ընդարձակ և մանրակրկիտ նախագծված տունը կարող է ծառայել որպես ակնհայտ հարստության նշան, մինչդեռ, համեստ և աչքի չընկնող տունը, կառուցված վերամշակված շինանյութերից, կարող է արտահայտել էներգախնայողության կարևորումը։ Պատմական առանձնահատուկ կարևորություն ունեցող տները (որոնց բնակիչները եղել են նշանավոր մարդիկ, կամ ուղղակի շատ հին տները), կարող են ստանալ պետական պահպանման արտոնագիր՝ որպես մշակութային ժառանգության օջախներ։ Այդպիսի տների պատերին տեղադրվում են հուշատախտակներ։ Մշակութային կարևորություն ունեցող տան օրինակ է Ալեքսանդր Շամշինի տունը Մոսկվայում։ Տան սեփականատիրությունը տնտեսագիտության մեջ արտահայտում է հարստության և բարեկեցության ընդհանուր չափանիշ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Schoenauer, Norbert (2000). 6,000 Years of Housing (rev. ed.) (New York: W.W. Norton & Company).
- ↑ «housing papers» (PDF). clerk.house.gov. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Online Etymology Dictionary». Etymonline.com. Վերցված է 2012 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Sacks, David (2004). Letter perfect: the marvelous history of our alphabet from A to Z. Random House Digital. էջեր 65–66. ISBN 0-7679-1173-3.
- ↑ Iyyer, Chaitanya (2009). Land Management: Challenges and Strategies (First Edition). Global India Publications Pvt Ltd. ISBN 978-9380228488.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 Hill, Jonathan, “Immaterial Architecture”, New York: Routledge, 2006.
- ↑ Tabor, Philip, "Striking Home: The Telematic Assault on Identity". Published in Jonathan Hill, editor, Occupying Architecture: Between the Architect and the User.
- ↑ «Manor House». Middle-ages.org.uk. 2007 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 4-ին.
- ↑ 9,0 9,1 Evans, Robin “Translations from Drawing to Building: Figures, Doors and Passages” London: Architectural Associations Publications 2005
- ↑ Summerson, John “The Book Of Architecture of John Thorpe in Sit John Soan's museum: 40th Volume of the Walpole Society” England: The Society 1964
- ↑ 11,0 11,1 Pratt, Sir Roger “Sir R. Pratt on Architecture” 1928
- ↑ Rybczynski, Witold (1987). Home: A Short History of An Idea. London: Penguin. էջ 56. ISBN 0-14-010231-0.
- ↑ «Energy Performance Certificates - what they are : Directgov - Home and community». Direct.gov.uk. Վերցված է 2012 թ․ հունվարի 4-ին.
- ↑ neesit (2007 թ․ ապրիլի 27). «YouTube – Testing of a New Line of Seismic Base Isolators». Youtube.com. Վերցված է 2012 թ․ հունվարի 4-ին.
- ↑ James M. Kelly, Professor Emeritus Civil and Environmental Engineering. «Base Isolation: Origins and Development». National Information Service for Earthquake Engineering, University of California, Berkeley. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Brown, Andy (2009). «Below the poverty line: living on a garbage dump». Real Lives. UNICEF. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին. «Slum houses, often made of materials scavenged from the dump site...»
- ↑ Nossiter, Adam (2009 թ․ մայիսի 2). «In Senegal, Building on Perilous Layers of Trash». The New York Times.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Housing through the centuries, անիմացիա «The Atlantic»-ի կողմից
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տուն (շինություն) կատեգորիայում։ |