Գլխատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գլխատուն (այլ կիրառումներ)

Գլխատուն, բոլորատուն, հացատուն, թոնրատուն և այլն, երդիկավոր գմբեթաձև ծածկով տուն։

Անցյալում եղել է Հայաստանի լեռնային ու նախալեռնային շրջանների բնակարանի հիմնական տիպը։ Օժանդակ կառուցվածքների առկայության դեպքում հանդիսացել է համակառույցի գերիշխող ծավալը։ Ունեցել է ցերեկային կացարանի, ննջարանի, խոհանոցի, ճաշասենյակի, երբեմն նաև տնտեսական և արտադրական նշանակություն։ Գլխատնում եղել են մարդկանց աշխատանքում և կենցաղում օգտագործվող բազմազան իրեր, մթերք, կահույք և կրակարան օջախ, թոնիր, բուխարի։ Իբրև գլխատուն Արծվանիկ գյուղում (Ղափանի շրջան), 19-րդ դարի պահարան ծառայող որմնախորշերից բացի այնտեղ հաճախ եղել է առագաստի խորշ կամ խոհանոցի դեր կատարող մեծ, խորշաձև բաժանմունք։ Վերջինս փոքր-ինչ բարձրացված հատակում ունեցել է առանձին թոնիր և գմբեթաձև, երդիկավոր ծածկ, երբեմն էլ կամարակապ մուտք։ Որոշ տեղերում (Շիրակ, Բարձր Հայք) այն հաճախ այնքան մեծ է եղել, որ, ձուլվելով գլխատանը, նրան տվել է երկգմբեթ դահլիճի տեսք։ Եղել են գլխատան գետնափոր, կիսագետնափոր և վերգետնյա տարբերակներ։ Վերջինը հիմնականում հատկանշական է 20-րդ դարին։ Գլխատան հնագույն օրինակները երևան են եկել Հայկական բարձրավանդակում, բրոնզի դարաշրջանում։ Նրա որոշ տարբերակներն առկա են եղել Վրաստանի հարավում, Ադրբեջանի լեռնային շրջաններում, Իրանում, Միջին Ասիայում և Հնդկաստանում։ Ճարտարապետական առումով ամենաուշագրավը գլխատան ծածկն է։ Տարածված ու բազմազան է եղել հատկապես փայտե կառուցվածքը։ Այն կազմվել է պատերին, սյուներին կամ կամարակապ հենարաններին դրված գերանակազմ, դեպի վեր աստիճանաբար նվազող կողմով քառանկյունիներից կամ բազմանկյունիներից, որոնց անկյունագծերը ընդհանուր առանցքների նկատմամբ մեկընդմեջ փոխում են իրենց դիրքը։ Տարբեր պատմա-ազգազրական շրջաններում գործածված անվանումներից տարածված են եղել ուղղանկյուն տարբերակի «խաչք», բազմանիստի՝ հազարաշեն, սողոմաքաշ և «ղառնավուճ» անունները։ Այդ երեք տիպերն ունեցել են կառուցվածքի բազմաթիվ տարբերակներ․ դրանց լավագույն նմուշներում քանդակվել ու փորագրազարդվել են դռները, սյուները, խոյակները, գերանները և որոշ կառուցամասեր։ Արվեստի կատարելության հասցված նմուշներ են եղել միջնադարյան պալատների՝ այդ սկզբունքով կառուցված առաստաղները։ Փայտե ծածկը դրսից պատվել է ջերմամեկուսիչ, անջրանցիկ, բուսական և հողե շերտերով։ Ավելի սակավ հանդիպող քարե, աղյուսե, բետոնե կամ նրանց խառնուրդով ստեղծված ծածկերը պատերի վրա բարձրացել են սահուն անցումներով։ Եղել են նաև քառակուսի հիմքից դեպի բոլորաձևը կատարվող տրոմպային և առագաստային փոխանցումով տարբերակներ։ Դրանք ծածկվել են շաղախի հիմքի վրա տեղադրված կղմինդրով, քարե սալերով, միայն շաղախով և սակավ դեպքերում՝ հողով։ Տիշյալ կառուցաձևերը որոշակիորեն ցույց են տալիս դասական կամ պաշտամունքային հայկական ճարտարապետության մեջ գմբեթների, երդիկավոր ծածկերի, դահլիճների, գավիթների և սեղանատների կառուցվածքի ժողովրդական ակունքները։ Գլխատան ամենապարզ շինությունը կազմված է եղել միայն կացարանից։ Հաճախ անասուններին նույնպես տեղավորել են այնտեղ՝ ցանկապատված մի անկյունում։ Մուտքի առաջ, ըստ բնապայմանների ու սովորույթների, եղել է նաև մի նախասենյակ կամ սյունավոր ծածկույթ կամ երկուսը միասին։ Ավելի բարդ համակառույցներում եղել են նաև օժանդակ բաժանմունքներ (մառան, մարագ, գոմ և այլն), որոնց մուտքը խիստ կլիմա ունեցող վայրերում (Բարձր Հայք, Շիրակ, Գեղարքունիք և այլուր) եղել է նախասենյակից՝ միջանցքից կամ ծածկած բակից։ Գլխատան մեծությունը կախված էր այնտեղ պատսպարվողների (գերդաստանի անդամների) քանակից և ունևորության աստիճանից։ Սոցիալ-տնտեսական յուրօրինակ կացութաձևի պահպանողականության պատճառով, նույնիսկ մինչև XX դ․ տարածված երևույթ էր բազմանդամ գերդաստանների պատսպարվելը մի հարկի տակ․ այդ պատճառով մեծ գլխատները ավելի քան 100 մ2 մակերես են ունեցել։ Կապիտալիստական հարաբերությունների ազդեցությամբ գերդաստաններից ընտանիքների անջատման հետևանքով այդ չափերն զգալի կերպով փոքրացել են։ Իսկ քաղաքային կյանքի ազդեցությամբ բնակելի համակառույցներում հանդես են եկել պատուհաններով լուսավորվող նախ մեկ, հետագայում ավելի թվով քաղաքատիպ սենյակներ, որոնց նշանակությունն աճելու հետևանքով փոխվել է գլխատան հիմնական կացարանի հատկացումը ու աստիճանաբար այն ստացել է օժանդակ նշանակություն և, ի վերջո, իսպառ վերացել։ Համակառույցի մյուս ակնառու մասը եղել է գոմից ոչ լրիվ մեկուսացած բաժանմունքը՝ գոմի օդան, որտեղ հավաքվել են անասնապահները, տղամարդիկ և հյուրերը։ Այնտեղ, պատերին կից, հանդիպակաց երկու նստաթմբերի միջև տեղավորված է եղել բուխարին (կրակնոցը)։ Պաշտպանական, տեղանքի նեղվածքի, հողի սեփականատիրական վիճակի և այլ պատճառներով գլխատների համակառույցները դասավորված են եղել չափազանց խիտ, նույնիսկ իրար կպած հոծ զանգվածներով։ Մի քանի ոլորապտույտ ճանապարհներով կամ բնական սահմաններով դրանք թաղեր են կազմել, որոնք հիշվել են այնտեղ ապրող ազգատոհմի անվամբ։ Համեմատաբար նոսր, բայց նույնպես անկանոն են կառուցապատվել դաշտային հին գյուղերի գլխատների համակառույցները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 98