Փայտե կոնստրուկցիաներ
Փայտե կոնստրուկցիաներ, ամբողջությամբ կամ առավելապես փայտից պատրաստված շինարարական կոնստրուկցիաներ (հեծաններ, ֆերմաներ, կամարներ, շրջանակներ, թաղեր, թաղանթներ և այլն)։ Փայտե կոնստրուկցիաների տարրերն իրար են միացվում թործերով, երիթներով, փայտե մեխերով, հեղույսներով, մետաղական ամրակների ներճնշումով, ինչպես նաև սոսնձումով։ Առավելություններն են՝ տեղական նյութերի օգտագործման հնարավորությունը, փոքր ծավալային զանգվածը և դիմացկունությունը բազմաթիվ ագրեսիվ քիմիական ներգործությունների նկատմամբ, փոխադրելիաթյունը, թերություններն են՝ նեխելիությունը և դյուրավառությունը։ Փայտե կոնստրուկցիաներ կիրառվում են արդյունաբերական, հասարակական, գյուղատնտեսական և այլ շենքերի վերնածածկերում, ինչպես նաև կամուրջներում, ուղանցներում, գծային էլեկտրահաղորդման հենարաններում և այլ կառույցներում։ Արտաքին պայմաններում շահագործման համար նախատեսված Փայտե կոնստրուկցիաներ տոգորում են հականեխիչ միջոցներով (հակամանրէային ազդեցությամբ օժտված քիմիական նյութեր)։ ժամանակակից շինարարությունում գլխավորապես տարածված են սոսնձած Փայտե կոնստրուկցիաներ, որոնց հիմնական առավելությունը ինդուստրիալ պատրաստման հնարավորությունն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |