Շինարարական նյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շինանյութեր, շենքերի, կառույցների, ճանապարհների կառուցման և հարդարման համար օգտագործվող նյութեր։ Ըստ ծագման՝ շինանյութերը լինում են բնական (օրինակ, քարային շինանյութեր, փայտանյութեր) և արհեստական (օրինակ, ցեմենտ, բետոն, աղյուս)։ Ըստ կիրառման բնագավառի՝ շինանյութերը բաժանվում են որմնանյութերի, տանիքանյութերի, կապակցանյութերի, մեկուսանյութերի, երեսապատման, դրվագման, սանիտարատեխնիկական, ճանապարհաշինական և այլ նյութերի։ Ըստ քիմիական բաղադրության շինանյութերը ստորաբաժանվում են երկու հիմնական դասի՝ անօրգանական (քար, ավազ, կիր, ցեմենտ, գաջ, մետաղ, ապակի և այլն) և օրգանական (փայտ, պլաստմասսա, բիտում, օլիֆ և այլն)։ Ըստ ֆիզիկական վիճակի՝ շինանյութերը լինում են պինդ (հիմնականում) և հեղուկ։ Պինդ շինանյութեր կարող են լինել խիտ կամ ծակոտկեն (օրինակ, փքած պեռլիտ, գազասիլիկատ)։ Շինանյութերի որակը բնորոշվում է ծավալային կշռով (բնութագրում է ծակոտկենությունը, հետևաբար և ջերմահաղորդականությունը), գազանցիկությամբ (էական նշանակություն ունի շենքի օդափոխության համար), անջրանցիկությամբ (կարևոր է, հատկապես, հիդրոտեխնիկական կաոույցների համար), սառնակայունությամբ (արտահայտվում է ջրահագեցած շինանյութերի բազմակի սառեցմանն ու սառնահալմանը դիմադրելու ունակությամբ), հրակայունությամբ և այլն։ Երեսապատման նյութերի համար կարևոր է նաև արտաքին տեսքը։ ՀԽՍՀ-ում արտադրվում են գրեթե բոլոր տեսակի շինանյութեր։ Առանձնապես մեծ է բնական քարային շինանյութերի արտադրությունը։ Բազմագույն հրաբխային տուֆերն օգտագործվում են որմնաքարի և երեսապատման սալերի ձևով հանրապետությունում և նրա սահմաններից դուրս՝ ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում։ Կան տուֆի արդյունահանման և մշակման մի շարք խոշոր ձեռնարկություններ (այդ թվում հանրահայտ Արթիկտուֆ կոմբինատը)։ Բազալտային խմբի ապարները կիրառվում են ոչ միայն շենքերի երեսապատման համար, այլև քաղաքաշինության մեջ՝ որպես սալաքար, մայթերի եզրաքար և սանդղաքար։ Արտադրվում են նաև տարբեր գույնի մարմարի, տրավերտինի և գրանիտի շինվածքներ։ Կազմակերպված է բնական ծակոտկեն լցիչների՝ պեմզայի, հրաբխային խարամի և ջարդած տուֆի խոշոր արտադրություն։ Նշանավոր են «Անիպեմզա», Կարմրաշենի հրաբխային խարամի և Աղավնատան տուֆային լցիչների կոմբինատները։ Արագածի պեռլիտի գործարանի արտադրանքը օգտագործվում է ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև արտահանվում է։ ՀԽՍՀ-ում կան նաև ցեմենտի երկու խոշոր գործարան (Արարատում և Հրազդանում), գաջի գործարան (Երևանում), խեցեգործական, փայտամշակման, ապակու, ներկանյութերի, բետոնե և երկաթբետոնե շինվածքների բազմաթիվ գործարաններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 498 CC-BY-SA-icon-80x15.png