Մոդուլ (ճարտարապետություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոդուլ (այլ կիրառումներ)

Մոդուլ (լատ.՝ modulus - չափ) ճարտարապետության մեջ պայմանականորեն ընդունված չափ, որին բազմապատիկ են շենքի (համալիրի) և նրա առանձին մասերի չափերը։

Տարբեր ժողովուրդների ճարտարապետական արվեստում որպես մոդուլ ընդունվել են տարբեր մեծություններ՝ կախված շենքի կառուցողական և կոմպոզիցիոն առանձնահատկություններից։ Կառույցի համար մոդուլ կարող են ընտրվել՝ նրա հիմնական չափումներից մեկը (գմբեթի տրամագիծը կամ դահլիճի կողմերից մեկը՝ Եվրոպայի և Միջին Ասիայի միջնադարյան գմբեթավոր կառույցներում), ճարտարապետական տարրերից որևէ մեկի չափը սյան կտրվածքի տրամագիծը, տրիգլիֆի (եռակոսիկի) լայնությունը՝ անտիկ օրդերային կառույցներում, կամ շինարարական տարրերից մեկի չափը (գերանի, աղյուսի երկարությունը)։

Մոդուլը՝ հայկական ճարտարապետության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական միջնադարյան գմբեթավոր կառույցներում, որպես մոդուլ հիմնականում ընդունված է եղել գմբեթային քառակուսու կողմի 1/ո մասը։ Որպես մոդուլ կարող է ընդունվել նաև երկարության որևէ չափ՝ ֆուտ, սաժեն, մետր և այլն, որն այս դեպքում անվանվում է գծային մոդուլ։

Մոդուլի կիրառում և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդուլի գաղափարը առաջացել է կառուցողական պահանջներից, այնուհետև դարձել կոմպոզիցիայի այն միջոցներից մեկը, որի շնորհիվ ճարտարապետական ամբողջությունն ու նրա առանձին մասերը բերվում են ներդաշնակության (օրինակ՝ անտիկ ճարտարապետական արվեստում ոսկե հատումը, Լե Կորբյուզիեի գործադրած մոդուլորը)։ Մոդուլի կիրառումը բնավ չի հանգեցրել բոլոր մեծությունների մեխանիկական հաշվարկի, ընտրելով արտահայտիչ հարաբերակցություններ, ճարտարապետները, հիմնվելով տեսողական ընկալման առանձնահատկությունների վրա, առանձին մասերի համաչափություններում որոշակի շեղումներ են կատարել։ XX դարի 2-րդ կեսին շինարարության ինդուստրիալ հավաքովի մեթոդի զարգացմանը զուգընթաց, որպես կառույցի հատակագծային ն կառուցվածքային տարրերի համաձայնեցման, նրանց միօրինականացման և ստանդարտի բերելու միջոց, առանձնապես տեխնիկական մեծ նշանակություն են ստացել հաստատուն գծային մոդուլները։ Հիմնական մոդուլը՝ 10 սմ չափով, նրա խոշորացված ածանցյալները (3 մոդուլ, 6 մոդուլ, 12 մոդուլ, 15 մոդուլ, 30 մոդուլ, 60 մոդուլ) և կոտորակային մոդուլներն իրենց կիրառման կանոնների հետ կազմում են մոդուլային համակարգ, որը սահմանված է սովետական, արտասահմանյան և միջազգային չափանիշներով և ստանդարտներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 666 CC-BY-SA-icon-80x15.png